Սոնա Ղազարյան. Մեզ հանրահավաք գնացող աղջկա կերպար է պետք

Սոնա Ղազարյան. Մեզ հանրահավաք գնացող աղջկա կերպար է պետք

Քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ղազարյանը newmag-ի հետ մենախոսել է պայքարող երիտասարդության, ֆեմինզիմի ու Երևանի գեղեցկության մասին:

ընկերներս

Շատ ընկերներ ունեմ: Հաճախ եմ զգում նրանց կարիքը, որովհետև շատերն այստեղ չեն, բայց այստեղ էլ լավ ընկերներ ունեմ: Ընկերներս շատ տարբեր բնագավառներում են աշխատում` քաղաքականություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Փորձում եմ միշտ տարբեր մարդկանց հետ շփվել և ընկերություն անել, որ աշխարհայացքս դրանից փոխվի, որովհետև ՏՏ ոլորտի մարդիկ այլ կերպ են մտածում:

Քաղաքականությամբ զբաղվող իմ ընկերներն ավելի ռադիկալ են, նրանցից միշտ ինչ-որ բան եմ սովորում:

արդեն վարժվել ենք

Մենք արդեն վարժվել ենք, որ պետք է ապրենք կարծրատիպերով: Ես ատում եմ կարծրատիպերը: Մարդիկ ստեղծում են դրանք ու սկսում ապրել: Նույնիսկ չեն էլ ապրում, այլ գոյատևում են: Ես միշտ փորձել եմ մի քիչ փոխել պայքարող երիտասարդի կերպարը: Երբ ես փոքր էի, հանրահավաք գնացող աղջկա կերպարն ինձ համար բացասական էր: Ամեն մեկս պիտի մեր կերպարը ստեղծենք, մենք չպետք է սոցիալական պրոդուկտ դառնանք: Ատում եմ, որ մարդիկ ապրում են սոցիալական ճնշման տակ:


[ Մոնոլոգ ]


մտքի ազատություն

Մտքի ազատությունը միշտ քաղաքականության հետ են ասոցիացնում: Բայց ես այլ կերպ եմ հասկանում: Չեմ սիրում, որ մարդիկ սեփական կարծիք չեն ունենում, ու չեմ սիրում, որ ուրիշի ազդեցության տակ են ընկնում: Աշխատում եմ կատարվածի մասին իմ կարծիքն ունենալ: Եթե չգիտեմ՝ ինչ է, կբացեմ, կկարդամ, բայց իմ կարծիքը պետք է վերջում ունենամ: Ազատության մեջ ես հենց մտքի ազատությունն եմ կարևորում: Ունենալ մտքի ազատություն և արտահայտել այն. ինձ համար դա է շատ կարևոր:

monologուժեղ անհատականություն

Ֆրիդան շատ կարևոր կերպար է ինձ համար. Ֆեմինիստ էր ու աննորմալ բաներ էր անում: Շատ ուժեղ անհատականություն էր:

Մարդիկ շատ շուտ են հանձնվում:

Ինձ համար իմ ծնողներն են ուժեղ անհատականություն: Հաճախ ուժեղ աղջիկներին չեն սիրում, բայց այդ մտքից էլ պետք է ազատվել:

իմ քաղաքը

Իմ քաղաքը Երևանն է: Միայն քաղաք չէ. Մարդկանց ու սիրելի վայրերի միասնությունն է: Երևանը շատ փոքր է ու լավն է: Երևանում միշտ կարելի է լավ ժամանակ անցկացնել: Երևանն աննկարագրելի գեղեցիկ է մանավանդ աշնանը:

Մարդիկ հաճախ նեղվում են Երևանի փոքրությունից, բայց Երևանն այն քաղաքն է, որտեղ գիտեմ` եթե այսինչ վայրը գնամ, հաստատ ընկերներիս կհանդիպեմ:

Սիրում եմ Միրզոյան գրադարանը շաբաթ առավոտյան արևի շողերի տակ. իմ ամենասիրելի վայրերից մեկն է: Կասկադն եմ սիրում, ու մի տեղ էլ կա, որ միշտ արևկող է: Ազատության հրապարակն եմ սիրում:

բարեկեցություն

Տարբեր տարիքներում բարեկեցությունը տարբեր կերպ եմ ընկալել: Տարիք կար, որ բարեկեցությունը համարում էի գումարը, գեղեցիկ ցուցափեղկերով խանութներից գնումներ անելը: Հիմա ինձ համար բարեկեցությունը հոգեվիճակ է, բայց այդ հոգեվիճակը գալիս է նրանից, որ լավ ժամանակ ես անցկացնում: Բարեկեցության նշան է, որ ես կարող եմճամփորդել:

Ճամփորդություն

Անցյալ տարի 13 քաղաքներ եմ այցելել: Ամեն քաղաք մի էմոցիա էր: Ինձ համար դրանից լավ բան չկա: Ես հիացած էի Տալլինով, Ռիգան դարձավ իմ ամենասիրելի քաղաքներից մեկը: Ամեն քաղաքի հետ փոխվում ես. մի նոր բան ես տեսնում, նոր մարդկանց հետ ես շփվում, աշխարհայացքդ է ընդլայնվում:

Մեր երիտասարդության խնդիրներից մեկն այն է, որ ճամփորդելը թանկ է: Շատ երիտասարդներ չեն կարողանում ճամփորդել, իսկ ճամփորդելն ինչ-որ չափով ինքնուրույնության նշան է:

Դու ժամանակ ունես քեզ հասկանալու, ճամփորդելիս թանգարան ես այցելում, շատ բաներ ես իմանում, տուն ես վերադառնում` սկսում ես տեսածիդ մասին ավելի շատ տեղեկություններ հավաքել: Ու փոխվում ես: Ոչ թե միանգամից, այլ ինքնաբերաբար: Ինձ համար ճամփորդելը երջանկություն է: Կուզեի ֆինանսապես ապահովված լինել միայն ճամփորդելու համար:

Գրել կարծիք