Սեդա Մուրադյան. Մեր երկրում պետք է զգանք որպես երկրի սանիտարներ

Սեդա Մուրադյան. Մեր երկրում պետք է զգանք որպես երկրի սանիտարներ

newmag-ը լսել է Հանրային լրագրության ակումբի և պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար, լրագրող Սեդա Մուրադյանի մոնոլոգը:

մոդա

Կուզեի, որ մեր հասարակությունում մշտապես մոդայիկ լիներ բարեկիրթ լինելը, ծառ չկտրելը, այլ տնկելը, արդար պետություն ու պետական համակարգ կառուցելը, անկախ ու արժանապատիվ մարդ դաստիարակելը, իսկապես պրոֆեսիոնալ մասնագետ դառնալու ձգտումը: Կուզեի մոդայիկ լիներ լավ սովորելն ու կրթություն ստանալը, կարդալը, ստեղծելը, տաղանդի ու նորարարության գնահատումը… Մոդան պարբերաբար կրկնվող, բայց ժամանակավոր երևույթ է: Իսկ ես ուզում եմ, որ մշտապես մոդայիկ լինեն այն ձգտումները, որոնք անարդարությունը մերժող, արժանապատիվ, պայքարող, անկախությունը գնահատող ու այն պահպանող, քննադատաբար մտածող, ստեղծող ու ստեղծագործ մարդկանցով լի էկոհամակարգի հիմքն են դնում:

նույն երազը

Փոքր հասակում միշտ երկու երազ էի տեսնում, երկուսում էլ բարձր տեղից դանդաղ ճախրելով իջնում էի: Ընդ որում` քանի մոտենում էի գետնին, այնքան ուժգնանում էր անկումը: Որոշ մասնագետներ ասում են, թե կրկնվող երազները հաճախ երազ տեսնողի ներսում եղած հարցերի արտացոլանքն են: Մինչև դրանց պատասխանները մարդն ինքն իր համար չի բացահայտում, երազները չեն դադարում այցելել իրեն: Սա, իհարկե, մեկնաբանություններից մեկն է միայն: Երազներ ուսումնասիրող հոգեվերլուծաբաններն էլ համոզված են, որ կրկնվող երազները չլուծված խնդիրների պատճառած անհանգստություններն են … Պարզ է, որ մեր երազները մեր մասին են: Տարիներ առաջ երկու անգամ նույն երազը տեսա, որտեղ տատիկիս էի փնտրում: Տատիկս վաղուց մահացել է, ես նրա հետ սերտորեն կապված եմ եղել … Ըստ ամենայնի` կարոտել էի իրեն, ու այդ կարոտն էլ երազում ինձ անհանգստացնում էր: Բայց վաղուց դադարել եմ կրկնվող երազներ տեսնել:

13633473_1112092112162239_1479493199_oպետք չէ հավատալ

Չեմ հավատում սին խոստումներին, որոնք գործողություններով չեն ամրապնդվում: Հավատ կարող է առաջացնել միայն խոստմանը համապատասխան գործողությունը:

ամենամեծ գաղտնիքը

Մի ամերիկացի պրոֆեսոր ասում էր, թե լրագրողի մասնագիտության գաղտնիքն այն է, որ մեզ աշխատավարձ են վճարում՝ ամեն օր մի նոր բան սովորելու համար. օգտվեք այդ հիանալի հնարավորությունից, ավելացրեք ձեզ գիտելիքը՝ գործատուի հաշվին: Ըստ իս, գաղտնիքն այն է, որ գաղտնիք չկա: Կան պարզապես կարևոր հատկություններ ու որակներ, որոնք պրոֆեսիոնալ լրագրողն ունի. հետաքրքրասիրություն՝ առանց դրա լրագրող լինել չես կարող, տեղեկությունն ու փաստը չաղավաղելուն հավատարմություն. սա՝ ազնիվ լրագրության նախապայմանն է, և, հասարակության պահապան շան դերում լինելու գիտակցում՝ առանց այս գիտակցման խիզախ լրագրություն չի լինում:

ներողություն խնդրելու արվեստը

Անկեղծորեն ու ազնվորեն ասված ներողությունն է, որ ազդեցիկ է, ու որից հետո է մարդն իրեն ավելի լավ ու թեթևացած զգում: Ներողություն խնդրելու ցանկությունը կամ կարիքը բխում է սխալի գիտակցումից, որը մեր մեջ առաջացնում է լարում, բացասականություն, մեղքի զգացում: Չասված ներողությունը մարդկանց բաժանում է: Ե՞րբ է ներողություն խնդրելու ճիշտ պահը, ի՞նչ բառեր պետք է գործածել, ինչպե՞ս սկսել, ի՞նչ ասել… հարցերի այս շղթան ծագում է, երբ մենք ներողություն խնդրելու կարիք ենք զգում: Դեղատոմսեր չկան, բայց դիմացինը միշտ զգում է, որ ասվածն իսկապես ազնիվ ու անկեղծ է, կամ ոչ:


[ Մոնոլոգ ]


քաղաքացիական պարտք

Քաղաքացիական պարտքը շատերն առաջին հերթին ասոցացնում են քաղաքական-հասարակական պրոցեսների հետ, ընտրություններին մասնակցելու հետ: Սա էլ է կարևոր: Քաղաքացիական պարտք եմ համարում նաև շրջապատող միջավայրը չաղտոտելը, ընդ որում և՛ բառիս բուն, կենցաղային, և՛ բովանդակային իմաստով: Մենք մեզ պետք է մեր երկրում զգանք որպես երկրի սանիտարներ: Ավտոմեքենայի պատուհանից տուփեր, սիգարետի մնացորդներ չնետենք, աղբը թափենք աղբի համար նախատեսված վայրում: Քաղաքացիական պարտք եմ համարում գռեհկության, անկրթության և տգիտության մերժումը:

հե՞շտ է սպասելը

Կարծում եք` հե՞շտ է սպասելը: Սպասելու համար իմաստուն համբերատարություն է հարկավոր: Ես բնույթով անհամբեր մարդ եմ, արագ եմ աշխատում, արագ եմ արդյունք ակնկալում: Եվ հաճախ զգում եմ իմաստուն համբերատարության կարիքն ու պակասը:

Գրել կարծիք