Կարեն Քոչարյան. Եկել է քաղաքային  Չկուլտուրայի ժամանակը

Կարեն Քոչարյան. Եկել է քաղաքային Չկուլտուրայի ժամանակը

newmag-ը լսել է քաղտեխնոլոգ, հաղորդավար Կարեն Քոչարյանի մոնոլոգը փողի, փողկապի, քաղաքային անկուլտուրա ժամանակների մասին:

փող

Փողն ինձ համար երբեք նպատակ չի եղել, միշտ եղել է միջոց: Ինձ համար միշտ փող վաստակելու ընթացքն է հետաքրքիր`անկախ նրանից, թե որ բնագավառում ինչ եմ արել: Ինձ համար ծանր կլինի, եթե երեխաս ինչ-որ հասարակ բան ուզի, բայց չկարողանամ գնել: Չեմ ուզի, որ երեխայի աչքը ինչ-որ մի բանի վրա մնա: Երևի թե այդտեղ է փողը դառնում ավելի զզվելի: Մնացած բոլոր պարագաներում փողը ոչինչ է:

հեգնանք

Շփվող մարդ եմ, գրեթե բոլորի հետ լեզու եմ գտնում` անկախ նրանից, թե ինչպիսի մարդ է իմ դիմաց: Միայն չեմ կարողանում շփվել լկտի մարդկանց հետ, ատում ու հեգնում եմ հենց նրանց, բայց հեգնանք չեմ սիրում: Լկտիությունը ինքնաբավ չլինելու, չկայացած ու անկիրթ լինելու հետևանք է: Հումոր շատ եմ սիրում, ինքս հումոր անում եմ, սիրում եմ, որ ինձ հետ են հումոր անում, թեկուզ նմանակելով, երբեք չեմ նեղանում, բայց հեգնանք չեմ սիրում: Հեգնանքի մեջ սնոբիզմի էլեմենտ կա, որը լկտիության պես մի բան է:



ժամանակակից կինոն

Ցավոք սրտի, շատ չեմ հետևում ժամանակակից կինոյին, նորմալ կինոյին, փառատոնային կինոյին, այն որ ժամանակին կոչվում էր եվրոպական` իտալական, փոքրբյուջետային: Հոլիվուդյան ֆիլմերին ինչ-որ ձևով  հետևում եմ: Գուցե շատ գեղեցիկ են նկարում, բայց… վերջին 15 տարվա մեջ օսկար ստացած ընդամենը երկու` «Բանականության խաղեր» և «Թագավորն է խոսում» ֆիլմերն եմ նայել որպես ֆիլմ, ոչ թե որպես շոու: Աշխարհում էլ նույն դեգրադացիան է, ինչ` մեզ մոտ: 21-րդ դարը գնում է դեպի անկում, կհասնի ինչ-որ պիկի, որն իմ կարծիքով մոտ է, ու նորից վերելք կսկսվի:

karenphoto1

քաղաքային կուլտուրա

Ծնվել ու մեծացել եմ Երևանում, բայց ինձ երևանցի չեմ համարում: Քաղաքային կուլտուրան նաև «խառոշի» տղերքն  ու հիպիներն էին ձևավորում, «Առագաստ» սրճարանը, «Արարատի» պադվալը, «Պապլավոկը»:  Երևանը Երևան էր` չգրվա՛ծ օրենքներով,  որոնք ավելի զորեղ էին, քան գրվածները: Դրանք էին ձևավորում քաղաքային կուլտուրան: Բայց այսօր չկա այդ ամենը: Եկել է քաղաքային Չկուլտուրան: Նախկինում ես չեմ տեսել տղամարդու, որը տրանսպորտում տեղ չզիջեր երեխաներին ու կանանց, չեմ տեսել տեսարան, որ աղջկան վիրավորեին ու ձեռք բարձրացնեին նրա վրա, ու ոչ ոք չմոտենար, չասեր` «Էս ի՞նչ ես անում, արա՛»: Ես չէի տեսել, որ մեր քաղաքում մեկը ոտքը սրճարանի աթոռին դներ ու կոշիկ կապեր: Ես չեմ տեսել շատ-շատ բաներ, որ այսօր եմ տեսնում:

փողկապի մասին

9-րդ դասարանում էինք, երբ պատմության նոր ուսուցիչ եկավ ու դասարանի տղաներին  առաջարկեց փողկապ կապել: Ինձ դուր եկավ. երևի այդ տարիքում ուզում ես մեծ երևալ: Հետաքրքիր է, շատ սիրելով փողկապը, ես չեմ սիրում փողկապ, հենց կապում եմ` սկսում եմ նեղվել: Երբ պետական աշխատող էի, պարտադիր փողկապ էի կապում, բայց 20 տարի առաջ դուրս եկա պետական աշխատանքից ու այլևս չվերադարձա: Փողկապը կաշկանդում է, պարտավորեցնում, իսկ ես ազատ մարդ եմ: Չնայած սիրում եմ փողկապ, փողկապը տղամարդուն տղամարդ է դարձնում:

փիլիսոփայորեն

Կրթությամբ ինժեներ եմ, սակայն հումանիտար մարդ եմ: Պրագմատիկ եմ ու շատ բաների փիլիսոփայորեն եմ նայում: Պրագմատիզմը տարիների հետ է եկել: Ես լավ ուսուցիչներ եմ ունեցել, ու ամենամեծ ուսուցիչը եղել է կյանքը: Ես ավելի շատ ռոմանտիկ եմ եղել, բայց պրագմատիզմը եկել է տարիների հետ: Ռոմանտիկան, սակայն, չի կորել: Ու չի կորել փիլիսոփայական մոտեցումը շատ հարցերում:



ձայն ի վերուստ

ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ հաղորդումը շատ եմ սիրում, այն իմ հոբբին է, նկարահանումների ընթացքում կտրվում եմ իրականությունից: Այդ ժամանակ մոռանում եմ ամեն ինչ, լիովին խաղի մեջ եմ մտնում: «Բարիկադի» մյուս կողմում եմ, վերևում չեմ: Ինձ շատ է դուր գալիս: Հետաքրքիր է, թե ինչ են պատասխանում: Երբ ճիշտ են պատասխանում, ես ձգձում եմ, որ սպասեն, կասկածեն` ճի՞շտ են պատասխանել, թե՞ ոչ: Այդ զգացողությունը հնարավոր չէ բացատրել, ես ապրում եմ այդ ամենը: Իմ կյանքում երևի թե երկու բանից եմ մեծագույն բավականություն ստացել, որն ի դեպ, ամենաքիչ փողն է ինձ բերում: Ես ամեն ինչ արեցի, որ հաղորդումը մտնի հայկական հեռուստատեսություն: ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ ու ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻ հաղորդաշարերն իմ հանգստությունն են:

ուշանում եմ

Չեմ սիրում ուշանալ, բայց ուշանում եմ: Ես երկար ժամանակ չէի ուշանում, հետո ազատ, գիշերային կյանքը բերեց դրան: Ես վաղուց բուի կյանքով եմ ապրում, ուշ եմ արթնանում, ինչից էլ գործերս ու օրս հետ են ընկնում: Ես ինքս ուշանում եմ ու չեմ սիրում ուշացող մարդկանց:

Գրել կարծիք