Հովիկ Չարխչյան. Երբեմն ջանում ենք ապրել օրվա 25-րդ ժամով

Հովիկ Չարխչյան. Երբեմն ջանում ենք ապրել օրվա 25-րդ ժամով

Գրականագետ Հովիկ Չարխչյանի մոնոլոգը 50 տարվա իմաստնության և «չի կարելի»-ների մասին:

50 տարվա դիմագիծ

էական չէ, թե ինչպես ես վերաբերվում քո 50 տարվա գոյության փաստին: Էական է, թե ինչպես են այդ 50 տարիները վերաբերվում քեզ: Իսկ այդ վերաբերմունքից շատ բան է կախված: Կախված է քո 51-րդ տարին, 52-րդը: Ինձ համար 50-ն ընդամենը սիմվոլիկ թիվ է: Ու խոսքը ամենևին էլ այն մասին չէ, թե ես լավ եմ պահպանվել կամ վատ: Մենք ենք հորինել տարելից, տարեդարձ հասկացությունները: Բավական է ընդամենը ուշադրություն չդարձնել այդ ամենին, ու մոգական ամսաթիվը կդառնա շարքային մի օր, ու կհաջորդեն հաջորդ օրերը: Անցած 50 տարիներն ինձ համար մարդիկ են, հիշողություններ են, պատմություններ են, գործեր են, ձախողումներ են, թերություններ են: Այդ ամենն իմն է, իմ բեռն է: Ու ես ինչ էլ անեմ, երբեք չեմ կարող դրանից փախչել: Ես կարող եմ չնկատել, մարդիկ կարող են մոռանալ ամենը, բայց դա իր հետքը թողել է, չէ՞: Ու դա բավական է, որ ես անընդհատ ապրեմ անցած օրերի հիշողություններով, ու դրանք ինձ ուղեկից լինեն:

չի կարելի

Հրաշք կլինի, եթե մարդուն հնարավորություն տրվի երկրորդ անգամ ապրել: Սովորաբար մարդիկ խուսափում են խոսել թերությունների մասին: Բնական է, որ կյանքն ամբողջությամբ պետք է սայթաքումներով լինի, այլապես ինչպե՞ս կիմանաս, թե որն է ճիշտը: Շրջապատող մարդիկ չեն կարող որոշել` ճի՞շտ քայլ է դա, թե՞ ոչ: Դու պետք է քո մաշկի վրա դա զգաս, որ հասկանաս` արժե՞ր դա անել: Սխալներն ահավոր շատ են եղել, սայթաքումներն ահավոր մեծ են եղել, հետևանքները` նույնպես ու նույնիսկ ճակատագրական: Միակ բանը, որ ես ինձ չեմ ների, այն է, որ ես ճիշտ չեմ գնահատել իմ երիտասարդ տարիները: Ես հիմա գիտեմ, որ դա լավագույն շրջանն էր գործ անելու համար: Ոչ թե ապրելու, ոչ թե հաճույքներ վայելելու (դա էլ` իր հերթին, բնականաբար) բայց աշխատելու, ինչ-որ բան ստեղծելու, հոգևոր պաշար կուտակելու լավագույն տարիներն էին, որոնք քամուն տրվեցին: Շատ եմ ափսոսում այդ ամենի համար: Հիմա մենք երբեմն ջանում ենք ապրել օրվա 25-րդ ժամով: Այսպես ուզում ենք պոկել այդ մեկ ժամը ու իրագործել ինչ-որ բան, որ չկարողացանք անել նախկինում: Բայց այդ ջանքերը երիտասարդության տարիներին քամուն տրված ժամանակի հատուցումն են:

անդին

Երբ 36 տարեկան դարձա, փոխվեց իմ վերաբերմունքը մարդկային հարաբերությունների հանդեպ, այդ հարաբերություններն այլ կերպ սկսեցի գնահատել: Շրջադարձային էր ինձ համար: Մի շատ հետաքրքիր բան է մարդու հետ կատարվում. որոշակի շրջան քեզ համար բարձրագույն արժեք են այս, այս, այս բաները, բայց անցնում է մի որոշակի ժամանակաշրջան, ու դու հասկանում ես, որ հրապուրված ես եղել մի բանով, որ ընդհանրապես արժեք չի ունեցել, չէր էլ կարող ունենալ: Լավ, ես ինչպե՞ս էի տարված մի բանով, մինչդեռ դրա կողքին շատ ավելի հուսալի, շատ ավելի վստահելի մի հենարան կար: Այդ ամեն ինչը էլի քոնն է եղել, ոչ ոք չի կարող խլել դա քեզնից: Դու պարզապես չես նկատել դա: Ու ինչ-որ անհասկանալի, կասկածելի բաների հետևից ես ընկած եղել, որոնց վրա փորձել ես կառուցել կյանքդ, երազանքներդ, աշխատանքդ: Ու մի օր առավոտյան դու արթնանում ես ու տեսնում, որ այդ ավազե տնակը փլվել է, բայց ախր դու ունես քարե տուն` ամուր հիմքերով, որտեղ դու ընդամենը չէիր ցանկանում ապրել: Իմ կյանքում այդ սահմանագծերը եղել են, ու շատ լավ է, որ եղել են, որովհետև կարող էին նաև չլինել: Շատերի հետ է պատահում, որ այդ շրջադարձը չի լինում, ու ապրում են մոլորված` չհասկանալով, թե ինչի համար են ապրում: Իրականում կյանքին իմաստ են հաղորդում մարդիկ` իրենց գործունեությամբ, ապրելակերպով, աշխարհընկալումներով: Մե՛նք ենք փորձում ենք գույն հաղորդել մեր ծնունդից մինչև մահ ընկած բնական ընթացքին, որը կոչվում է կյանք:


ՄՈՆՈԼԳՆԵՐ


կիրթ սերունդ

Կիրթ, զարգացած մարդը հարգանքի է արժանանում, որովհետև լավատեսորեն հավատում ենք, որ նա իր ստացած գիտելիքները կօգտագործի լավ նպատակների համար: Ես ծնունդով գյուղից եմ: Ես գնում եմ մեր դաշտերը, որտեղ մարդիկ հող են մշակում, չունեն բարձրագույն կրթություն, երևի միջնակարգն էլ թերի է մնացել: Այդ մարդիկ հող են մշակում, բերք են ստանում. նրանք տասն անգամ ավելի շատ հարգանք են ներշնչում, քան մի պրոֆեսոր, որը նստած է իր աշխատասենյակում ու հիացած է իր պրոֆեսոր լինելու հանգամանքով: Մարդու դաստիարակությունը դասագրքերից չի գալիս: Մարդու ներքին դաստիարակությունը գալիս է շրջապատի, մարդկանց, հարազատների, լեռների հանդեպ վերաբերմունքից:

վաստակ և վարձք

Փողով կարելի է իրագործել շատ լավ բաներ, եթե երևակայությունդ կարողանաս գործի դնել: Ասում են` փողը վատ բան է, բայց փողը վատ բան է միայն այն դեպքում, եթե ծառայեցվում է վատ բանի: Լավ նպատակի ծառայեցվող փողը չի կարող վատը լինել: Ի վերջո, ի՞նչ է փողը` մեր աշխատանքի, մեր չարչարանքի վաստակը` արտահայտված ինչ-որ դրամանիշի վրա: Այսինքն` դրամը փաստում է մեր աշխատանքի, մեր չարչարանքի ծավալը: Չի կարող այն վատը լինել: Իմ աշխատանքը ինչո՞ւ պետք է վատը լինի: Ուրեմն փողի հանդեպ իմ վերաբերմունքը նույնպես պետք է լավը լինի: Այլ խնդիր է, թե ինչպես ես վաստակել այդ փողը: Լավ աշխատանքի միջոցով` լավ փող է: Հպարտացե´ք ձեր վաստակած փողով, եթե այն արդար եք վաստակել:

կուզեի նմանվել

Երկրագնդի վրա կա ընդամենը մի մարդ, որին մանկուց երազել եմ նմանվել, ու դա ինձ երբեք չի հաջողվել: Իմ հայրը: Հայրս ինձ համար ցանկությունների, երազանքների, մարդկային վերաբերմունքի բարձագույն շեմն է: Ես միշտ ձգտել եմ նմանվել հորս: Նաև այն հերոսներին, որոնց ես կերպարանավորում եմ իմ գրքերում: Եթե ես չապրեմ իրենց կյանքով, ուրեմն դրանք արհեստածին հերոսներ են: Նրանք մեռած հերոսներ են, չապրող հերոսներ: Երբ գրում էի «Չարենցի կրակոցը» գիրքը, ես շնչում էի իր հետ: Իր հետ ուրախանում էի, իր հետ տառապում էի, իր հետ զայրանում էի, իր հետ քայլում էի փողոցներով, իր հետ ընկնում էի անձրևի տակ, իր հետ վշտանում էի: Այդ ամեն ինչը հաճելի էր, գերագույն վայելք էր: Ստեղծագործական պրոցեսի վայելքը դա է երևի: Իհարկե, շատ հաճելի է այդ երկրորդ կյանքը` այն, որ ապրում ես քո ընտրած հերոսի կյանքով, ոչ թե պատահական մեկի, որը քեզ կցվել է:

տարիքի հետ

Երբ մեն-մենակ ես մնում ինքդ քեզ հետ, ու չկա ոչ ոք, որ քեզ գնահատի, հասկանում ես, որ դու ընդամնեը գյուղի փողոցով վազվզող երեխան ես: Ու այստեղ որևէ նշանակություն չունի տարիքը. հիսո՞ւն տարեկան ես, քառասո՞ւն ես, թե՞ 60 ես: Դու նույն երեխան ես, ու ոչ մի բան քո ներսում չի փոխվել: Արևի տակ, տաքացած ասֆալտին, թթենու վրա ինչ-որ քարեր կամ ծիրանի կուտ շպրտող երեխան ես ու ավելին չես: Ավելին դառնում ես կամ ձևանում ես այն ժամանակ, երբ մտնում ես կյանք կոչվող բեմ ու պետք է խաղաս քո դերը ոչ թե նրա համար, որ այն սրտովդ է, այլ որովհետև դա է հիմա կյանքի պահանջը: Երբ գյուղ եմ գնում, հագնում եմ հին, պատառոտված շորեր: Մեծ հաճույք է: Ես դա չեմ փոխի փայլուն կոստյումի հետ: Դու այնտեղ դու ես` քո վայրի տեսակով, քո բնական տեսակով, ինչպես կաս, ինչպես ծնվել ես, ինչպես սովորեցրել ու դաստիարակել են քեզ: Մնացածը «խաղ» է: Լավ նպատակի համար խաղ: Եթե դու ապրում ես հասարակության մեջ, պետք է խաղաս այդ հասարակության կանոններով:

HovikԵրկնային Հայր

Աստծո հետ իմ հարաբերությունները շատ բարդ են: Երբեմն հասկանում եմ Նրան, երբեմն` ոչ: Ես չեմ համարձակվում վիճել Նրա հետ, բայց չեմ էլ կարող թաքցնել իմ ներսում երբեմն-երբեմն ծագող կասկածները, անվստահությունը: Բայց դա շատ նորմալ է: Նույնիսկ հարազատ ծնողիդ հետ կարող ես վիճել, չհամաձայնել: Մենք հարազատներին ենք դու-ով դիմում, ուրեմն Նա շատ հարազատ է մեզ: Այդտեղ հարգելու կամ չհարգելու հարց չկա, մենք մեր հոր հետ ենք դու-ով խոսում, մեր զավակի հետ ենք դու-ով խոսում:

ահեղ դատաստան

Աստծուն ոչ մի բան չեմ ասի: Բացարձակապես: Ես ավելի շատ կլսեմ: Ես չգիտեմ` ինչ պետք է ասեմ, որ Նրան հետաքրքրեմ: Ես չէի ուզի իմ դատարկ խոսակցություններով զբաղեցնել Նրան: Ու նույնիսկ չեմ էլ պատկերացնում այդ հանդիպումը:

պետք է փոխել

Հայրենիք ասվածը քարտեզ չէ, հողատարածք կամ սար չէ: Հայրենիք ասվածը մարդն է: Չկա մարդը` չկա հայրենիքը: Եթե մենք բոլորս հավաքվեինք ու ապրեինք Անտարկտիդայում, այն կդառնար մեր հայրենիքը: Մարդիկ վերջին մի քանի տասնամյակներում շատ են փոխվել: Մարդկային ջերմ հարաբերությունները վերածվել են մարդկային գործնական հարաբերությունների: Վաղուց որևէ մեկը չի զանգել ինձ հենց այնպես, պարզապես: Երբ ինչ-որ մեկը զանգում է, ես գիտեմ, որ մի բան է ուզելու, խնդրելու կամ պահանջելու: Ու նույնն էլ քիչ-քիչ ես եմ դառնում: Որովհետև ստիպված ենք խաղալ այն կանոններով, որ այսօրվա կյանքն է թելադրում: Ես ապրում եմ 9-հարկանի շենքում, որտեղ իմ հարևաններին ընդամենը դեմքով գիտեմ: Այն էլ որովհետև հանդիպում ենք աստիճանահարթակում: Ես նույնիսկ չգիտեմ` ովքեր են, ինչով են զբաղբում, ովքեր են նրանց երեխաները: Երբ գյուղում էի ապրում, գիտեի բոլորին` նորածնից մինչև մեծահասակը: Գիտեի նրանց ուրախություններն ու վշտերը, ում աղջիկն ում հետ ամուսնացավ, ում տղան ումից բաժանվեց: Մի հսկայական ընտանիք էր, որտեղ կար անկեղծություն: Հիմա կարոտում եմ այդ հարաբերությունները: Մեր երկրում կատարվող բացասական երևույթները երբեմն հենց այդտեղ եմ փնտրում: Եթե լինեին այն նույն հարաբերությունները, կարծում եմ` շատ դժվարություններ շատ ավելի հեշտ կհաղթահարվեին: Պարզապես հիմա ամեն մեկս փակվել ենք մեր ամրոց-տան մեջ ու վախենում ենք այնտեղից դուրս գալ:

Գրել կարծիք