Կարեն Ղազարյան. Քաղքենիությունը սպանում է մեզ

Կարեն Ղազարյան. Քաղքենիությունը սպանում է մեզ

newmag-ը գրի է առել «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի մոնոլոգը ընկերների, քաղաքենի հասարակության ու լուրջ մարդկանց մասին:

ընկերներս

Ես շատ երջանիկ ու հարուստ մարդ եմ, որովհետև շատ լավ ընկերներ ունեմ: Ես չեմ ընդունում, որ ասում են` լավ ու վատ ընկեր, ճանապարհի ու տխրության ընկեր: Ընկերը կամ կա, կամ` չկա: Ընկերը մի տեսակ է լինում: Ընկեր հասկացությունն առաջին հերթին ինձ համար վերաբերմունք է: Մենք ընկերներով այնքան վաղուց ենք միմյանց ճանաչում, այնքան բան գիտենք միմյանց մասին, որ երբևիցե չենք կարող իրար զարմացնել որևէ բանով, օրինակ` թանկ մեքենա քշելով, կամ բրենդային հագուստ կրելով, մեր կարդացած գրքերով ու դիտած ֆիլմերով: Միակ բանը, որով կարող ենք միշտ իրար զարմացնել` միմյանց նկատմամբ վերաբերմունքն է: Ընկերության մեջ ամենակարևորը վերաբերմունքով զարմացնելն է: Ընկերդ ամեն անգամ պետք է զարմանա, թե որքան ուշադիր, նրբանկատ ու կարեկից ես այս կամ այն հարցում:

վախենում եմ

Մարդիկ կան, որ ասում են` ես վախ չունեմ: Պաշտպանվելու կամ վախերը թաքցնելու մի տեսակ է:  Յուրաքանչյուր նորմալ մարդ միշտ ինչ-որ մի բանից վախենում է: Տարբեր վախերի զգացումներ ունեմ, բայց ամենից շատ վախենում եմ վաղը երեխաներիս առջև պատասխան տալու համար: Այսինքն ինչ անում եմ կյանքում` ամենից առաջ մտածում եմ այնպես ապրել, որ կարողանամ երեխաներիս աչքերի մեջ նայել. այդ վախի պատասխանը կարողանալո՞ւ եմ տալ երեխայիս: Կառուցողական վախ է, որը նաև օգնում է ինձ ապրել: Եթե նմանատիպ վախեր մեր շատ ընկերներ, համաքաղաքացիներ, հայրենակիցներ ունենան, շատ բան կարող է դեպի լավը գնալ ու փոխվել:


[ Մոնոլոգ ]


քաղքենի

Քաղքենիությունն ամենածանր բանն է, ինչն այսօր մեզ շրջապատում է: Քանի դեռ դու աշխատանքի մեջ ես` լի ես էնտուզիազմով և փորձում ես ինչ-ոչ բաներ անել: Բայց մի պահ է գալիս, լճացում է լինում, ու սկսում ես հուսահատվել այդ քաղքենի վիճակից: Պետք է փորձել ճեղքել քաղքենիության պատնեշն ու առաջ գնալ: Եթե զարգացած փոքրամասնությունը չկարողանա մի քայլ առաջ տանել չզարգացած մեծամասնությանը, առաջընթաց չի լինելու, քաղքենիությունը սպանելու է մեզ: Իհարկե, չես կարող ռաբիս լսողին միանգամից Շոպեն առաջարկել, բայց եթե մեդիան մարդկանց որակյալ արտադրանք չմատուցի, հետ ենք գնալու: Սա կոչ է, պահանջ. նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցրել և այսօր կրում են մեդիա ոլորտի որոշ օղակների ստեղծման ու կոնտենտի պատասխանատվությունը, պարտավոր են քաղքենիությունից դուրս գալ:     

13833004_1112092115495572_1487206671_oնոր սերունդը

Ամենալավ բանը, ինչի մասին կարող եմ անվերջ խոսել: Հաճախ մարդիկ ասում են` ջահելությունը փոխվել է, լավը չէ: Ապուշություն է այն, ինչ ասում են: Շատ լավ ջահելություն ունենք, երեխեք ունենք: Երբ ինձ այդպիսի բան են ասում, հարցնում եմ` դուք երեխա ունե՞ք: Ասում են` այո: Հարցնում եմ` ինչպիսի՞ երեխա է: Պատասխանում են` այնքան լավն է: Կա՞ մի ընտանիք, որ ասի` իմ երեխեն վատն է: Չկա, չէ՞: Բոլորն ասում են` լավն են: Այդ դեպքում վատ սերունդը որտեղի՞ց է: Այլ հարց է, թե մենք ինչպես ենք նրանց դաստիարակում:

բամբասանք

Կարծում եմ, որ բամբասանքը անհետաքրքիր կյանք ունենալուց է: Եթե մարդը հետաքրքիր չի ապրում, ուզում է ինչ-որ բանի մասին ինչ-որ բան ասել, որ իր կյանքը գեղեցկացնի ու գույներ տա իր ապրածին: Խղճում եմ բամբասող մարդկանց, որովհետև իրենք խնդիրներ ունեն իրենց ներսում: Ես շատ թեթև եմ վերաբերվում բամբասանքին: Մարդիկ զարմանում են, թե ես ինչ թեթևությամբ եմ դրան նայում, հարցնում են` չե՞ս  նյարդայնանում: Ում մասին բամբասում են` նա էլ կլուծի իր խնդիրները, բայց նա, ով բամբասում է, չի լուծելու, որովհետև զբաղված է ուրիշի կեղտոտ սպիտակեղենը լվանալով: Բամբասելը հիվանդություն է, որը բուժման կարիք ունի: Պետք է այնպես ապրես,որ ինքդ քո առջև ազնիվ լինես: Իսկ եթե ազնիվ ես, ինչ ուզում են` թող բամբասեն:

կարծում եք` հե՞շտ է

Կարծում եք` հե՞շտ է այսօր ապրելը: Իմ 10 տարեկան տղան մեկ օրվա ընթացքում ավելի շատ ինֆորմացիա է ստանում, քան ես նրա հասակում` մեկ տարվա ընթացքում: Ուղեղս կարող է «եփվեր» այդ ժամանակ: Հիմա 10 տարեկան երեխան ինտերնետից, հեռուստատեսությունից ստացած ինֆորմացիան պետք է կարողանա ընկալել: Ինտերնետը «տանում է» երեխաներին: Հեշտ չէ: Նրանք կարողանում են այդ հսկայական ինֆորմացիան մարսել, ու ձևավորել աշխարհայացք` միաժամանակ մնալով հայ, դաստիարակված երեխաներ:

զգուշացեք լուրջ մարդկանցից

Շատ ճիշտ է ասված: Կանայք միշտ լավ են վերաբերվում ու ավելի լավ են ընդունում այն տղամարդկանց, ովքեր հումորի զգացում ունեն, ճիշտ են ընկալում հումորը: Եվ տղամարդիկ, շատ ավելի զուսպ են այն կանանց նկատմամբ, ովքեր չափից շատ հումորով են: Եթե մարդը զուրկ է հումորի զգացումից, ես զգուշանում եմ նրանից: Երբ ամեն ինչ շատ վատ է, փորձում ենք անեկդոտով, հումորով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հակառակ դեպքում ուղղակի կմեռնենք:

Գրել կարծիք