Մարջան Ավետիսյան. Այն կինոն, որի մասին ես երազում եմ, Հայաստանում չկա

Մարջան Ավետիսյան. Այն կինոն, որի մասին ես երազում եմ, Հայաստանում չկա

newmag-ը գրի է առել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարջան Ավետիսյանի մոնոլոգը սուրճի, դավաճանության ու կինոյի մասին:

առավոտյան սուրճ

Առավոտյան սուրճը  շատ կարևոր  է, առավոտն ավետող մի բան է: Արդեն երկար տարիներ ինձ սուրճ խմելու  ցանկությունն է արթնացնում, որովհետև ես շատ եմ սուրճ խմում, թեյ առհասարակ չեմ խմում, հիմնականում` սուրճ: Սուրճը նաև օրվա լավ տրամադրությունը ապահովող երևույթ է: Հիմնականում մենակ եմ խմում, եթե մայրս ինձ հետ չէ: Երբեմն էլ ընկերուհու հետ եմ խմում, եթե հասցնում է շատ շուտ գալ, որովհետև ես մեկ մեկ շատ շուտ եմ արթնանում: Հենց այդ սուրճի շուրջ էլ պլանավորվում է օրս:

13672581_1234313576579953_36019849_nսեր

Սեր բառին անմիջապես զուգակցվում է հարգանքը: Աչքիս առաջ ունեցել եմ օրինակներ, որ սեր եղել է, հարգանք` ոչ: Սեպի պես խրվել է իմ ուղեղում:  Հարգանքը պարտադիր է: Եթե ես դա չեմ զգում, սիրո մասին խոսելն ավելորդ է: Սերը միայն բառը չէ, կամ կողքիդ ինչ-որ մեկին ունենալու ցանկությունը, որը հաճելի է: Սերը ծայրահեղ նրբանկատություն է: Ոչ միայն ֆիզիկական կապ է սերը, այլ նաև նուրբ զգալը, դիմացինի հանդեպ հարգանքը:

դավաճանություն

Դավաճանությունն ինձ համար շատ ալեգորիկ բան է, որովհետև յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է այն ընկալում: Մեկի համար դավաճանությունն այն է, որ իր ընկերն ու ընկերուհին կարող են իր չսիրած մարդու հետ գնալ սուրճ խմելու, իսկ ինձ համար դավաճանությունը խոր իմաստ ունի: Ինձ դավաճանելու համար շատ երկար ժամանակ է պետք, ինձ շատ դժվար է դավաճանելը: Ոչ թե ինձ կխնայեն ու չեն դավաճանի, այլ երկար պիտի մտածեն` արժի՞ անել դա: Ինձ դավաճանողներ չեն եղել, ես հիմնականում ինքս եմ հեռացել: Համբերատար եմ, ու ամեն մանր բան դավաճանություն չեմ համարում: Ներում եմ ու սպասում, թե մարդը երբ կուղղվի: Եթե դավաճանություն է, չես կարող ներել: Ուստի շատ լուռ, առանց ավելորդությունների հեռանում եմ` կրկին չորակելով դավաճանություն:

նրան երբեք չեմ ների

Սա այն արտահայտությունն է, որ յուրաքանչյուր վիրավորված մարդ ասում է: Երբ վիրավորվում կամ նեղանում եմ ինչ որ մեկից, ասում եմ` ես երբեք չեմ ների: Բայց պետք չէ դա ասել, որովհետև ինչ-որ մի օր ներում ես: Ներելը հիմնականում ցավը մոռանալն է ժամանակի մեջ: Տարիներ հետո այնպիսի իրադարձություններ են լինում, կյանքը քեզ այնպիսի փորձությունների մեջ է գցում, որ հասկանում ես, որ դու վաղուց ներել ես անցյալում եղած ինչ-որ բան, որի համար կարծում էիր, թե չես ների: Երբ ավելի մեծ արհավիրք է քեզ սպասվում, կամ ընկնում ես այդ արհավիրքի մեջ, հասկանում ես, որ վաղուց ներել ես:


[ Մոնոլոգ ]


կարևորը աչքով չես տեսնի

Ես միշտ սխալվում եմ, երբեմն աչքովս տեսնում եմ, բայց սրտով ուրիշ բան եմ զգում: Եվ հակառակը: Հիմնականում տուրք եմ տալիս իմ զգացմունքներին, որոնք ինձ խաբում են, որովհետև դրանք  ինձ խանգարում են: Կյանքում շատ պարզ, հասարակ հարաբերություններում շատ դժվար է կողմնորոշվելը: Շատ էմոցիոնալ մարդ եմ ու աչքովս տեսածին երբեմն չեմ հավատում: Տողատակ եմ փնտրում, և այդ տողատակը փնտրելու արդյունքում ես միշտ կորուստներ եմ ունենում, փոքր վեճեր: Երբեմն մանրախնդիր եմ դառնում, հետաքրքիր չեմ դառնում մարդկանց համար, բայց այդ ամենը նաև ինքնաճանաչողություն է. ես փորձում եմ դրանից դասեր քաղել:

ժամանակակից կինոն

Շատ տարօրինակ է, որ տասը տարի առաջ ես երբեք չէի մտածի, որ ավելի շատ կսիրեմ կինոն, քան թատրոնը: Հիմա ես զգում եմ, որ կինոն ինձ ավելի հոգեհարազատ է: Այն կինոն, որի մասին ես երազում եմ Հայաստանում,  դեռ հեռավոր ապագայում է ինձ համար: Հատկապես երիտասարդները նկարահանում են ֆիլմեր, որոնք խորիմաստ են, փառատոնային, թեկուզ կարճամետրաժ: Նրանք մրցանակներ են շահում, բայց հենց վերադառնում են Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում ընկնում են փնտրտուքի մեջ, թե որտեղից հովանավոր գտնեն հաջորդ 15-րոպեանոց ֆիլմը նկարելու համար:

հարուստ և աղքատ եմ

Հարուստ եմ իմ ապրածով, հարուստ չեմ ֆինանսապես, հարուստ եմ այն ամենով, ապրել ու զգացել եմ, որովհետև այդ ամենն օգնում է ինձ: Մեծ հարստություն ու գանձեր կան այն «սնդուկում», որը ես 33 տարի ման եմ տալիս ինձ հետ: Այդ գանձերն այսօր նաև ինձ օգնում են իմ մասնագիտության մեջ, կյանքում: Աղքատ եմ գիտելիքով, ավելին կուզեի իմանալ: Կուզեի քիչ քնել և հասցնել շատ կարդալ, բայց չի ստացվում, շատ եմ հոգնում: Կուզեի ավելի շատ ժամանակակից գրականություն կարդալ, բայց չի հաջողվում: Վերընթերցում եմ այն գրողներին, որոնց ճանաչում եմ, նորից եմ կարդում իրենց ստեղծագործությունները, որովհետև ժամանակի հետ փոխվում են, մտածողությունդ է փոխվում, ու սկսում ես տողատակերը բացել: Դժվար եմ ընտելանում փոփոխություններին: Երևի դա է պատճառը, որ նոր գնած գիրքը պետք է շատ երկար մնա իմ սեղանին, մինչև որ մի օր բացեմ այն:

սփոփում

Երբ ծանր հոգեբանակն իրավիճակներ են լինում իմ կյանքում, որոնք դժվար է հաղթահարել, ես երևի թե սփոփվում եմ նրանով, որ սկսում եմ մտովի «հետ գնալ», շատ արագ «թերթել» այն, ինչ եղել է ու ինչ կա, վերաարժեվորում եմ այն ամենն, ինչ ունեմ, և միայն այդ պահերն են ինձ սփոփում:

ամենամեծ գաղտնիքը

Իմ մասնագիտության ամենամեծ գաղտնիքն անկեղծությունն է: Պետք է գտնել «բանալին», մոտ լինել կերտած կերպարին, մատների արանքով չնայել գործին: Պետք է պարզես, թե ինչպիսին է քո կերպարը, ինչպես է խոսում, ինչ պլաստիկա ունի, ու այդ ամենը պետք է անկեղծ անես:

 

Գրել կարծիք