Էդուարդ Քալանթարյան. Մեկնաբանական արվեստի ամենամեծ գաղտնիքը

October 22, 2015

ընկերներ
Լինում են պահեր, որ ժամանակը միայն ընկերներիս հետ եմ ուզում անցկացնել: Նրանք մեծ դեր ունեն իմ կյանքում: Առհասարակ ընկերների հետ կարելի է խոսել, քննարկել այն հարցերը, որոնց մասին հաստատ չես պատմի ծնողիդ կամ կնոջդ: Ընկերների հարցում իմ բախտը, իսկապես, բերել է: Մենք շատ նման ենք իրար ու հենց այդ պատճառով էլ լավ հասկանում ենք միմյանց: Բոլոր ընկերներիս մի ընդհանուր բան է կապում. տարիների ընթացքում հասկացել եմ, որ այդ կապող օղակը ես եմ:
ես տեսնում եմ նույն երազը
Բարեկամս որոշել էր իր տունն ինձ նվիրել, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այդ տունը ինձ չհասավ: Անցել են երկար տարիներ, բայց ես անընդհատ տեսնում եմ երազներ, որոնք կատարվում են այդ տանը: Երևի այդ երազի միջոցով կարոտս եմ առնում: Այնպես որ չեմ դժգոհում նույն երազը տեսնելուց:
ամենամեծ գաղտնիքը
Իմ մասնագիտությունը գաղտնիքներ շատ ունի: Հաճախ երիտասարդները հարցնում են` մարզական մեկնաբան դառնալու համար ինչ է պետք անել: Բացեմ ամենամեծ գաղտնիքը. պետք է կարողանալ դուր գալ ամենատարբեր ճաշակի մարդկանց: Սպորտում, հատկապես ֆուտբոլում նախասիրությունները միշտ տարբեր են, երկրպագուները տարբեր են: Ուրեմն պետք է գտնել ոսկե միջինը` տարբեր մարդկանց հավանությանն արժանանալու համար: Մեկնաբանական արվեստի ամենամեծ գաղտնիքը սա է:
ինչ կասեն մարդիկ իմ մասին
Կարիերայիս սկզբնական փուլում ինձ շատ մտատանջող հարցը մարդկանց կարծիքն էր: Ինչպես էլ խոսես եթերում, ինչ էլ ասես, լավ թե վատ բան անես, կգտնվեն մարդիկ, որոնք լավ կամ վատ բաներ կասեն: Տարիների ընթացքում սովորեցի ավելի պրոֆեսիոնալ մոտենալ այդ հարցին: Իհարկե, շրջապատի կարծիքը կարևոր է, ես հաճախ որպես խորհուրդ եմ դրանք ընկալում: Չեմ ուզում կոպիտ թվալ, բայց մեծ հաշվով, մեկ է, չեմ տանջվում այն մտքից, թե ինչ կասեն մարդիկ:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



փողկապ
Մի աշխատանքային ճամփորդություն փոխեց իմ ու փողկապի «հարաբերությունները»: Կիևում սեմինարի պիտի մասնակցեի ու մենակ էի: Հետևաբար փողկապս պետք է կապեի ինքս: Համացանցում նայեցի փողկապ կապելու օրինակներ. իհարկե, դրանք շատ են, բայց ամենատարածված ու հեշտ մի քանի ձև սովորեցի: Հիմա ես եմ կապում իմ փողկապը ու շնորհակալ եմ ճակատագրին այդ գործուղման համար, որն ինձ օգնեց տղամարդկանց գլխավոր խնդիրներից մեկը լուծել: