[ Շարունակությունը՝ գրքում ] Էլֆրիդե Ելինեկ. Դաշնակահարուհին

February 21, 2016

Օրհան Փամուք. Իմ անունը Կարմիր է

  • Միգել դե Ունամունո. Մառախուղը




  • Պատրիկ Զյուսքինդ. Օծանելիք
  • Գյունթեր Գրաս. Թիթեղյա թմբուկը




  • Ժամանակն Էրիկայի շուրջն աստիճանաբար գիպսի պես կարծրանում է: Այն անմիջապես փշրվում է, երբ մայրը բռունցքով կոպտորեն հարված է հասցնում դրան: Նման դեպքերում Էրիկան նստում է՝ ասես իր նուրբ պարանոցի շուրջը ժամանակի գիպսե օրթոպեդիկ օձիքի փշրված մնացորդներով, և համոզում ինքն իրեն. ես արդեն պետք է տուն գնամ: Տուն գնամ: Էրիկան միշտ դեպի տուն է ուղևորվում, երբ նրան հանդիպում ես դրսում:
    Մայրը բացատրում է, որ Էրիկան իր սրտովն է այնպիսին, ինչպիսին կա: Դժվար նա դրանից ավելի լավը դառնա: Նա կարող էր, անշուշտ, իր ունակություններով հեշտությամբ ճանաչված դաշնակահարուհի դառնալ, եթե միայն ինձ՝ իր մորը, լիովին վստահեր: Սակայն Էրիկան, հակառակ մոր կամքին, երբեմն ընկնում էր ուրիշների ազդեցության տակ, ենթադրյալ տղամարդկային սերը սպառնում էր շեղել նրան ուսումից, նրա մեջ իրենց զզվելի գլուխներն էին բարձրացնում այնպիսի դատարկ բաներ, ինչպիսիք էին շպարանքը և զգեստները, և կարիերան ավարտվում էր՝ դեռ չհասցնելով թափ հավաքել: Այնուամենայնիվ, մի հաստատ բան գոնե կա. դաշնամուրի ուսուցչուհու պաշտոնը Վիեննա քաղաքի կոնսերվատորիայում: Եվ նա ստիպված չի եղել տարբեր մասնաճյուղերում ուսման և որոնումների տարիներ անցկացնել գավառական երաժշտական դպրոցներում, որտեղ այնքան հաճախ է խունանում երիտասարդ կյանքը գորշ փոշու մեջ, ուր պարոն տնօրենի շուրջը կուզեկուզ պտտվում է երիտասարդների արագ թևածող մի կույտ:
    Ա՜խ, այդ փառասիրությունը: Այդ անիծյալ փառասիրությունը: Էրիկայի փառասիրությունը միշտ մտահոգում է մորը և փշի պես աչքը ծակում: Այժմ Էրիկան ստիպված է սովորել աստիճանաբար  հաշտվել փառասիրությունից հրաժարվելու մտքին: Լավ է հիմա, քան ուշ, քանի որ ծերության շեմին, որը սարերի ետևում չէ, փառասիրությունը մի առանձնակի բեռ է դառնում: Ծերությունն ինքնին արդեն բեռ է: Ա՜խ, այդ Էրիկան: Մի՞թե երաժշտության պատմության լուսավոր գլուխները փառասեր են եղել: Ամենևին: Միակ բանը, որից Էրիկան պետք է հրաժարվի, փառասիրությունն է: Անհրաժեշտության դեպքում մայրն այդ նպատակի համար ամեն ինչ այնպես կհարթեցնի, որ ոչ մի անցողիկ բան չգրավի Էրիկային:
    Եվ ահա, այսօր էլ մայրիկը փորձում է աղջկա՝ ջղաձիգ սեղմված մատների միջից պոկել նոր զգեստը, սակայն այդ մատները չափազանց լավ վարժված են: «Բա՛ց թող,– ասում է մայրը,– տո՛ւր այստեղ: Դատարկ բաների հանդեպ քո տենչը պատժի է արժանի: Մինչ այժմ կյանքն է քեզ պատժել՝ քո հանդեպ անտարբեր լինելով, իսկ հիմա մայրդ է պատժում, որը նույնպես քեզ վրա ուշադրություն չի դարձնի, եթե անգամ զուգվես ու շպարվես՝ ինչպես ծաղրածու: Տո՛ւր այստեղ զգեստը»:
    Էրիկան անսպասելիորեն նետվում է դեպի իր զգեստապահարանը: Նրան համակում է մի մշուշոտ կասկած, որն արդեն մի քանի անգամ հաստատվել էր: Այսօր, օրինակ, դարձյալ ինչ-որ բան է պակասում՝ աշնանային մուգ-մոխրագույն զգեստը: Ի՞նչ է եղել: Այն վայրկյանին, երբ Էրիկան նկատում է, որ ինչ-որ բան պակաս է, արդեն հասկանում է, թե ով է մեղավորը: Խոսքը միայն մեկ անձի մասին է: «Ա՜խ դու, ստոր, ստոր արարած»,– կատաղած բղավում է Էրիկան իր վերադաս ատյանի վրա և բռնում մոր մուգ շիկահեր ներկված մազերը, որոնք արմատների մասում մոխրագույն են: Նաև վարսավիրն է թանկ, ավելի լավ է նրան չդիմել: Էրիկան է ներկում մոր մազերն ամեն ամիս վրձնով և «Պոլիկոլոր» ներկով: Այժմ Էրիկան քաշում է հենց այն մազերը, որոնք ինքն է անձամբ գեղեցկացրել: Նա կատաղած պոկում է մազերը: Մայրը ոռնոց է արձակում: Երբ Էրիկան բաց է թողնում մազերը, նրա ձեռքերում մազափնջեր են, որոնց նա նայում է լուռ զարմանքով: Քիմիան այդ մազերը լրիվ շարքից հանել էր, բայց նաև բնությունն այստեղ չէր շռայլել իր վարպետությունը: Էրիկան այդ պահին չգիտեր, ինչ անել այդ մազերի հետ: Վերջապես նա գնում է խոհանոց և աղբադույլի մեջ թափում այդ մուգ շիկահեր, կիսատ ներկված մազափնջերը:
    Մայրը կանգնած է՝ պակասած մազերով և հոնգուր-հոնգուր լաց լինելով հյուրասենյակում, որտեղ Էրիկան հաճախ մասնավոր համերգներ է տալիս, և այդ համերգներում նա ամենալավն է, քանի որ այդ հյուրասենյակում ոչ ոք, նրանից բացի, երբեք դաշնամուր չի նվագում: Մայրը դեռ պահում է նոր զգեստը դողացող ձեռքերի մեջ: Եթե նա ուզենա վաճառել այն, դա պետք է շուտով անի, քանի որ կաղամբի գլուխ հիշեցնող այս կակաչներով զգեստը կարելի է հագնել միայն մեկ տարի և ոչ ավելի: Մոր գլուխը ցավում է այն մասերում, որտեղից մազ էր պոկվել:
    Էրիկան վերադառնում է և հուզմունքից լալիս: Նա հայհոյում է մորը՝ անվանելով նրան ստոր, բայց և հույս ունի, որ մայրն անմիջապես կհաշտվի իր հետ: Եվ կանի դա ջերմ համբույրով: Մայրը երդվում է, որ Էրիկայի ձեռքը կչորանա, քանի որ նա մորը խփել է և մազերը քաշել: Էրիկան ավելի բարձր է հեծկլտում, քանի որ հիմա արդեն ցավում է եղածի համար. չէ՞ որ մայրը ոտքից գլուխ զոհաբերում է իրեն հանուն աղջկա: Ամենը, ինչ Էրիկան անում է մոր դեմ, անմիջապես ցավ է պատճառում նրան, որովհետև սիրում է մորը, որին գիտի ամենավաղ մանկությունից: Ի վերջո, Էրիկան, ինչպես և սպասվում էր, հաշտվում է՝ դառը լալով: Հաճույքով ու պատրաստակամությամբ մայրն էլ է հաշտվում, նա էլ չի կարող իր աղջկա վրա լրջորեն զայրանալ: «Ես հիմա մեզ սուրճ կեփեմ, որ միասին խմենք»,– ասում է Էրիկան: Ետկեսօրյա սուրճի բաժակի շուրջ Էրիկան է՛լ ավելի է ցավում արածի համար, և նրա զայրույթի մնացորդները վերանում են քաղցրաբլիթի հետ միասին: Զննում է մոր մազերի պոկված տեղերը: Նա չգիտի, թե ինչ ասի, ինչպես և չգիտեր, թե ինչ անել պոկված մազափնջի հետ: Նա էլի մի փոքր լաց է լինում. չէ՞ որ մայրն արդեն ծեր է և մի օր այլևս չի լինի: Չի լինի նաև Էրիկայի երիտասարդությունը: Ընդհանրապես, նաև այն պատճառով, որ միշտ ամենն անցնում է ու էլ դժվար վերադառնա:
    Մայրն էլ այժմ բացատրում է իր երեխային, թե ինչու հմայիչ աղջիկը կարիք չունի պճնվելու: Երեխան համամիտ է նրա հետ: Այդ բազում, բազում զգեստները կախված են պահարանում և ո՞ւմ են պետք: Էրիկան երբեք չի հագնում դրանք: Այդ զգեստներն աննպատակ կախված են միայն պահարանը զարդարելու համար: Մորը միշտ չի հաջողվում խոչընդոտել գնումներին, բայց այդ զգեստները հագնելու հարցում անսահմանափակ իշխանությունը պատկանում է մորը: Մայրն է որոշում՝ ինչ հագնի Էրիկան տնից դուրս գալիս: «Այդ տեսքով դու տնից դուրս չես գա»,– որոշում է մայրը, որը մտավախություն ունի, թե Էրիկան այդ տեսքով ուրիշների տուն կգնա անծանոթ տղամարդկանց հետ: Ինքը՝ Էրիկան էլ է որոշել երբեք չհագնել այդ զգեստը: Մայրական պարտքն է օգնել որոշումներ կայացնելիս և հեռու պահել սխալ քայլերից: Այդ դեպքում ստիպված չես լինի հետագայում տանջանքով ամոքել վերքերդ, որոնք կանխելու համար ոչինչ չես արել: Ավելի լավ է՝ մայրն անձամբ Էրիկային վերքեր պատճառի, իսկ հետո ինքն էլ հետևի դրանց բուժման ընթացքին:
    Զրույցը ափերից դուրս է գալիս  և ուղղվում այն կետին, ուր մաղձ է թափվում բոլոր նրանց վրա, ովքեր շրջանցում կամ սպառնում են շրջանցել Էրիկային ձախից և աջից: «Դրա կարիքը չկար, չպետք է թույլ տալ այն ամենը, ինչ նրանց խելքին փչում է: Բայց դու դեռ թույլ ես տալիս: Դու կարող էիր փոխարենը լավ արգելակ լինել, բայց դրա ճարպկությունը չունես, Էրիկա»: Եթե ուսուցչուհին վճռականորեն խոչընդոտի, ապա այդ երիտասարդ աղջիկներից ոչ մեկը, առնվազն՝ իր դասարանի, առաջ չի գնա ու չի անի դաշնակահարուհու կարիերա չպլանավորված ու անցանկալի ձևով: Դու ինքդ դրան չհասար, ինչո՞ւ պետք է հիմա ուրիշները քո տեղը լինեն, այն էլ՝ քո դաշնակահարական ախոռից:
    Էրիկան, դեռ շարունակելով հեկեկալ, ձեռքն է վերցնում այդ խեղճ զգեստը, և լուռ ու տխուր կախում պահարանում՝ մյուս շրջազգեստների, տաբատով զգեստների, կիսաշրջազգեստների, վերարկուների, զգեստների կողքին: Նա երբեք այդ բոլորը չի հագնում: Դրանք պետք է միայն կախված սպասեն, մինչ նա երեկոյան տուն գա: Այդ ժամանակ դրանք դուրս են հանվում, փռվում շուրջբոլորը, մարմնի վրա պահվում և նայվում: Չէ՞ որ դրանք բոլորն իրեն են պատկանում: Ճիշտ է, մայրը կարող է դրանք նրանից վերցնել և վաճառել, բայց չի կարող ինքը դրանք հագնել, քանի որ, ցավոք, շատ գեր է այդ նեղլիկ զգեստների համար: Դրանք չեն սազում նրան: Այդ բոլորը միայն Էրիկայինն են: Միայն իրենը: Իր սեփականը: Այդ զգեստը դեռ չի կռահում, որ հենց այս պահին ընդհատվեց իր կարիերան: Այն չօգտագործված կպահեն և էլ երբեք չեն հանի: Էրիկան ուզում է միայն ունենալ դրանք և նայել դրանց: Հեռվից նայել: Անգամ չի ցանկանում մեկ անգամ փորձել դրանք, նրան բավական է միայն այդ՝ կտորից և գույներից հյուսված բանաստեղծությունը իր առջև պահելն ու նազանքով շարժվելը: Ասես գարնանային քամին է ներս թափանցում: Էրիկան մինչ այդ փորձել է զգեստը նորաձևության խանութում և այլևս երբեք այն չի հագնի: Էրիկան արդեն չի էլ կարող հիշել զմայլանքի այն կարճ ակնթարթը, որը նա ապրեց զգեստը գնելիս: Այժմ նա ընդամենը ունի ևս մեկ անկենդան զգեստ, բայց որը, այնուամենայնիվ, իր սեփականությունն է:

    Գիշերը, երբ ամենքը քնած են, և միայն Էրիկան է միայնակ արթուն, և մինչ մարմիններով միմյանց կապված զույգի մյուս՝ թանկարժեք մասը՝ տիկին մայրիկը, երկնային հանգստությամբ երազներ է տեսնում տանջանքի նոր մեթոդների մասին, աղջիկը երբեմն՝ շատ հազվադեպ, բաց է անում պահարանի դուռը և զգուշորեն շոյում իր գաղտնի ցանկությունների ականատեսներին: Բայց այդ ցանկություններն այնքան էլ գաղտնի չեն, նրանք բարձրաձայն բղավում են, թե որքան են ժամանակին արժեցել, և ինչի է այժմ պետք այս ամենը: Գույները երկրորդ, երրորդ ձայներով ձայնակցում են: Որտե՞ղ կարելի է հագնել նման զգեստները, որպեսզի ոստիկանությունն այդտեղից քեզ դուրս չհրավիրի: Սովորաբար Էրիկան կրում էր կիսաշրջազգեստ և լայն սվիտր կամ ամռանը՝ բլուզ: Երբեմն մայրը վեր է թռչում քնից և բնազդորեն զգում. աղջիկը՝ այդ ինքնահավան դոդոշը, հաստատ նորից զմայլվում է իր զգեստներով: Մայրը դրանում լիովին համոզված է, անգամ եթե պահարանը, հանուն իր անձնական հաճույքի, չի ճռճռացնում դռները:
    Ամենից տխուրն այն է, որ զգեստների անվերջ գնումներն անորոշ ժամանակով հեռացնում են նոր բնակարան տեղափոխվելու ժամկետը, և, դրա հետ մեկտեղ, Էրիկային միշտ սպառնում է սիրո կապանքների մեջ ընկնելու վտանգը. չես հասցնի աչքդ թարթել, և սեփական բնիդ մեջ տղամարդ-կկու կգտնես: Առավոտյան՝ նախաճաշի ժամանակ, Էրիկային հարկ է մի լավ նախատել իր թեթևամտության համար: Չէ՞ որ մայրը երեկ կարող էր մազերը պոկելու ցավից հենց տեղում շոկից մեռնել: Էրիկայի համար պետք է վճարումների հստակ ժամկետներ սահմանել, թող իր մասնավոր դասերի քանակն ավելացնի:
    Այդ հավաքածուի մեջ, բարեբախտաբար, միայն հարսնացուի զգեստ չկար: Մայրը չի ցանկանում հարսնացուի մայր դառնալ: Նա ուզում է մնալ սովորական մայր, այդ կարգավիճակը նրան լիովին բավարարում է: Բայց այսօր կա այն, ինչ կա: Այժմ վերջապես պետք է քնել: Դա է պահանջում մայրը՝ ձայն տալով երկտեղանոց ամուսնական մահճակալից, բայց Էրիկան շարունակում է պտտվել հայելու առջև: Մայրական հրամաններն ազդում են նրա վրա՝ ինչպես կտցահարումները թիկունքին: Նա շոշափում է ևս մեկ երեկոյան շրջազգեստ՝ ծաղկավոր շրջակարվածքով: Այդ ծաղիկները երբեք մաքուր օդ չեն շնչել և ջուր էլ չեն ճանաչել: Այդ շրջազգեստը, ինչպես հավաստիացնում է Էրիկան, գնվել է քաղաքի կենտրոնի առաջնակարգ նորաձևությունների խանութից: Դրա որակը և մշակվածությունը կդիմանան մի ամբողջ հավերժություն, չափսերն էլ Էրիկայի մարմնին համապատասխան են: Քաղցրավենիքը և խմորեղենը չչարաշահե՛լ: զգեստին նետած հենց առաջին հայացքից Էրիկայի մեջ առաջացավ հետևյալ միտքը. սա ես կարող եմ տարիներ շարունակ հագնել, և այն մազաչափ անգամ չի կորցնի իր նորաձևությունը: Այս զգեստը դեռ շատ տարիներ կլինի նորաձևության արահետի վրա: Այս փաստարկը նա կպահի մոր համար: Այս զգեստը երբեք հնաոճ չի դառնա: Թող մայրը խղճի մտոք խոստովանի. չի՞ հագել նա արդյոք նմանաձև շրջազգեստ իր երիտասարդ տարիներին, հը,՞ մայրիկ: Նա իր սկզբունքներին հավատարիմ մնալու համար կժխտի դա: Էրիկան այնուամենայնիվ եզրակացնում է, որ շրջազգեստի ձեռքբերումը միանգամայն արդարացված է. ելնելով այն բանից, որ այս զգեստը երբեք չի հնանա, Էրիկան կկրի այն նաև քսան տարի անց ճիշտ այնպես, ինչպես այսօր:
    Մոդան արագ է փոխվում: Շրջազգեստն այդպես էլ կմնա չհագած, չնայած այն առաջվա պես կարծես նոփ-նոր է: Բայց ոչ ոք չի գալիս և չի խնդրում ցույց տալ այն: Նրա լավագույն ժամանակներն անցան աննպատակ և երբեք չեն վերադառնա, գուցե միայն մի քսան տարի անց:
    Աշակերտների մի մասը վճռականորեն պաշտպանվում է Էրիկայից, որը նրանց սովորեցնում է դաշնամուր նվագել, սակայն ծնողները համառորեն պահանջում են պարապմունքները շարունակել: Դրա հիման վրա ֆրոյլյայն Քոհութը՝ նրանց դաստիարակչուհին, կարող է նրանց հետ ավելի խիստ լինել: Իսկ դաշնամուրը մուրճահար նվագողների մեծ մասն իրեն խոնարհ է պահում և տարված է այն արվեստով, որին նրան վարժեցնում են: Նրանք պատկառանքով են վերաբերվում այդ արվեստին նույնիսկ այն ժամանակ, երբ այն արարում են այլ մարդիկ՝ լինի դա երաժշտական միությունում կամ համերգասրահում: Նրանք համեմատում են, ծանր ու թեթև անում, փոփոխում են, հաշվարկում: Էրիկայի աշակերտներից շատերն այլ երկրներից են, և տարեցտարի նրանց թիվն ավելի ու ավելի է մեծանում: Վիեննան երաժշտության քաղաք է: Միայն այն, ինչն արդարացրել է իրեն մինչև օրս, կարդարացնի իրեն նաև ապագայում: Վիեննայի ճերմակ, ճարպոտ որովայնից, որը լեփ-լեցուն է մշակույթով, ճարճատյունով դես ու դեն են թռչում կոճակները, և որովայնն այդ տարեցտարի ավելի ու ավելի սարսափելի է ուռչում՝ ինչպես ջրից դուրս չբերված ջրահեղձի դիակը:
    Պահարանն իր ընդերքում նոր շրջազգեստ է կուլ տալիս: Եվս մեկը: Մոր սրտով չէ, երբ Էրիկան տնից դուրս է գալիս: Այս զգեստը չափից դուրս գրգռիչ է, այն չի սազում երեխային: Մայրն ասում է, որ ինչ-որ տեղ պետք է սահմանագիծ անցկացնել: Էրիկան չգիտի, թե այժմ մայրն ինչ նկատի ունի: Մինչև ահա այստեղ և ոչ ավելի. ահա ինչ նկատի ուներ նա:
    Մայրն Էրիկային համոզում է, որ իբր նա՝ Էրիկան, նման չէ ուրիշներին, նա իր տեսակի մեջ միակն է, առանձնահատուկ: Մայրական հաշվարկը մշտապես հաջողվում է: Արդեն այսօր Էրիկան իր մասին ասում է, որ ինքն անհատականություն է: Նա հայտարարում է, որ երբեք և ոչ մեկին չի ենթարկվի: Եվ մարդկանց հետ էլ նա դժվար է լեզու գտնում: Այնպիսի երևույթը, որպիսին նա՝ Էրիկան է, լինում է ընդամենը մի անգամ և երբեք չի կրկնվում: Նրան՝ Էրիկային, ուրիշ ոչ մեկի հետ չես շփոթի: Նա ատում է ցանկացած տեսքի հավասարեցումը, օրինակի համար՝ վերցրեք թեկուզ դպրոցական բարեփոխումները, որոնք բացարձակապես հաշվի չեն առնում մանկական բնավորության առանձնահատկությունները: Էրիկան հնարավոր չի համարում, որ իրեն հավասարեցնեն ուրիշներին, թեկուզ նույնիսկ այդ մարդիկ իր գաղափարակիցներն են: Նրա տարբերությունը նրանցից կտրուկ աչքի է զարնում: Նա նա է: Նա այնպիսին է, որպիսին կա, և ինքն իր հետ ոչինչ չի կարող անել: Մայրը Էրիկայի վրա վատ ազդեցությունը հոտառությամբ զգում է այնտեղ, որտեղ անգամ նա ինքը նման բան չի նկատում, և ցանկանում է առաջին հերթին նրան պահպանել տղամարդու ազդեցությունից, որը նրան կձևափոխի: Քանի որ հասկանալի է՝ Էրիկան օժտված է անհատականությամբ, չնայած լի է հակասություններով: Էրիկայի մեջ հակասականությունը նրան մղում է զանգվածների մեջ տարրալուծվելու դեմ ուղղված վճռական բողոքի: Էրիկան վառ անհատականություն է, նա կարողանում է միայնակ հակադրվել իր աշակերտների լայն զանգվածներին, մեկը՝ ընդդեմ բոլորի, և նա կարողանում է վստահաբար իր ձեռքում պահել փոքրիկ նավի ղեկը, որը լողում է երաժշտական արվեստի ալիքների վրայով: Նրան չի բավարարում ոչ մի ընդհանուր դատողություն, որը նրան կհավասարեցներ ուրիշների հետ: Եթե աշակերտը նրան հարցնում է այն նպատակի մասին, որին նա ձգտում է, նա խոսում է արվեստի մարդասիրական էության մասին և այդ հասկացողության սահմաններում աշակերտներին է փոխանցում Բեթհովենից եկած Սուրբ Գրքի բովանդակությունը՝ փորձելով կանգնել երաժշտական հանճարի կողքին՝ պատվանդանի վրա:
    Ընդհանուր գեղարվեստական և անհատական-մարդկային կարգի պատկերացումներից Էրիկան դուրս է բերում արմատը. նա երբեք չի կարողանա ենթարկվել որևէ տղամարդու այն բանից հետո, երբ այդքան տարիներ ենթարկվել է մորը: Մայրը դեմ է այն բանին, որ Էրիկան երբևէ ամուսնանա, քանի որ, ասում է նա, իմ դուստրն այդքան դժվար է մերվում մարդկանց հետ և տանել չի կարողանում կախվածությունն ինչ-որ մեկից: Ոչինչ չես անի, այդպիսին է նա: Էրիկան չի կարող ընտրել կյանքի ուղեկից, քանի որ նա անկոտրում բնավորություն ունի: Եվ դրա հետ մեկտեղ, նա արդեն վաղուց երիտասարդ չէ: Եթե մեկը մյուսին չի զիջում, ապա ամուսնությունն արագ և վատ կավարտվի:
    – Ավելի լավ է՝ մնա այնպես, ինչպես կա,– Էրիկային ասում է մայրը: Վերջիվերջո, մայրն է Էրիկային դարձրել այնպիսին, որպիսին նա այժմ կա:
    – Դուք դեռ չե՞ք ամուսնացել, ֆրոյլյայն Էրիկա,– հարցնում է կաթնավաճառուհին, մսի կրպակի վաճառողն էլ նույն հարցն է տալիս:
    – Չէ՞ որ դուք գիտեք, ինձ ոչ ոք դուր չի գալիս,– պատասխանում է Էրիկան:
    Ընդհանրապես, նա ծնունդով ազդանշանային կայմասյուների ընտանիքից է, որ միայնակ կանգուն են մնում լայնարձակ տարածություններում: Նրանք այդքան էլ շատ չեն: Նրանք մեծ դժվարությամբ են բազմանում ու ծայրաստիճան հազվադեպ, ինչպես և իրենց կյանքն ապրում են ժլատ ու դժվար: Էրիկան միայն այն բանից հետո լույս աշխարհ եկավ, երբ մայրն արդեն քսան տարի է՝ ինչ ամուսնացած էր, այդ ամուսնությունը հորը հասցրեց խելագարության, այժմ նրան պահում են հոգեբուժարանում, որպեսզի շրջապատի համար վտանգներ չստեղծեն:
    Բարեվայելուչ լռություն պահպանելով՝ Էրիկան քառորդ ֆունտ կարագ է գնում: Բավարար է արդեն այն, որ հարազատ մայր ունի, նրան ոչ մի փեսացու պետք չէ: Հենց որ այդ ընտանիքում մի նոր սերունդ հասնում է հասունության, անմիջապես նրան բռնի կերպով մեկուսացնում են ու նրանից երես են դարձնում: Նրա հետ ցանկացած հարաբերություն դադարեցվում է, հենց որ նա, հասկանալի պատճառով, բացահայտում է իր անօգտագործելիությունն ու անպիտանելիությունը: Մայրը փոքրիկ մուրճով անջատում է ընտանիքի անդամներին և մեկը մյուսի ետևից նրանց հեռացնում է իր գրկից: Նա յուրաքանչյուրին կշռում է ու դեն նետում: Նման մոտեցման դեպքում չեն հայտնվի պորտաբույծներ, ովքեր մշտապես ինչ-որ բան են պահանջում, ինչը դեռ իրեն էլ կարող է պետք գալ: Մենք կմնանք մեզնով, ճի՞շտ է, Էրիկա: Մեզ ոչ ոք պետք չէ:
    Ժամանակն անցնում է, և մենք անցնում ենք նրա հետ միասին: Էրիկան, նրա նրբաճաշակ հագուստները, նրա մայրը ծածկված են ուրիշներից՝ ինչպես պանիրը ապակե կափարիչի տակ: Կափարիչը բացվում է, եթե ինչ-որ մեկը դրսից բռնում է նրա գլխիկից ու քաշում այն: Էրիկան նման է սաթի միջի միջատի՝ ժամանակից դուրս, տարիքից դուրս: Էրիկան պատմություն չունի, և նա ուրիշ պատմությունների մեջ չի խառնվում: Այս միջատը լիովին կորցրել է վազելու և սողալու ընդունակությունը: Էրիկան ապրում է անսահմանության կոճղակաղապարի մեջ տապակված: Նա ուրախ կլինի այս անսահմանությամբ կիսվել երաժշտություն ստեղծող ցանկացած անձի հետ, սակայն նա հանրաճանաչության առումով նրանցից ոչ մեկի հետ չի կարող համեմատվել: Էրիկան պայքարում է արևի տակ իր փոքրիկ տեղի համար, որպեսզի տեսադաշտից բաց չթողնի երաժշտական արվեստ արարողներին: Այդ տեղի համար ստիպված է պայքարել ողջ ուժով, քանի որ գրեթե ողջ Վիեննան ցանկություն է փայփայում հատկապես դրա վրա կառուցել առնվազն իր ամառանոցային ժամանակավոր կացարանը: Էրիկան իր ջերմեռանդության հրապարակում տեղադրում է արգելափակոց ու սկսում շինարարական փոսորակ փորել: Նա իր ուսմամբ ու ճշտակատարությամբ արժանացել է այդ տեղին: Վերջին հաշվով, Արարչին հետևելը արարման իր ձև է: Կրկնօրինակողն իր նվագի ճաշատեսակը համեմում է սեփական համեմունքներով, այնպիսիններով, որպիսին անձամբ ինքն է: Նա դրան ավելացնում է սեփական սրտի մի քանի կաթիլ արյունը: Կատարողը ևս ունի իր համեստ նպատակը՝ լավ կատարել:
    – Եվ այդուհանդերձ, նա պարտավոր է ենթարկվել ստեղծագործության ստեղծողին,– ասում է Էրիկան: Նա ինքնակամ խոստովանում է, որ դա իր համար մեծ խնդիր է առաջացնում: Քանի որ նա միաժամանակ և՛ ենթարկվում է, և՛ չի կարող ենթարկվել:
    Այդուհանդերձ, Էրիկան ունի մի գլխավոր նպատակ, որն ունեն նաև մյուս կատարողները. գերազանցել մնացած բոլորին: