[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Օրհան  Փամուք.  Իմ անունը Կարմիր է

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Օրհան Փամուք. Իմ անունը Կարմիր է

Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկի այս վեպը հայերեն լույս է տեսնում առաջին անգամ: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է գրքի նախաբանը: Թարգմանությունը` Արփի Աթաբեկյանի:

texekanq-pamuk

1

Ես հանգուցյալ եմ

Այժմ ես հանգուցյալ եմ՝ մի ջրհորի հատակին: Շատ է անցել այն պահից, երբ վերջին շունչս փչեցի, սիրտս վաղուց կանգ է առել, բայց իմ ստոր մարդասպանից բացի ոչ ոք չգիտի, թե գլխիս ինչեր են եկել: Իսկ նա՝ այդ զզվելին, որպեսզի համոզված լինի, որ ինձ սպանել է, լսեց իմ շնչառությունը, ստուգեց զարկերակս, հետո ոտքով հարվածեց կրծքիս, ինձ տարավ մինչև ջրհորը, նետեց ներքև:

Նախ գլուխս խփվեց ջրհորի քարերին և մաս-մաս եղավ, դեմքս, ճակատս, այտերս ճզմվեցին, ոսկորներս ջարդվեցին, բերանս լցվեց արյունով:

Չորս օր է՝ տուն չեմ գնացել: Կինս, երեխաներս ինձ են փնտրում: Աղջիկս անընդհատ արտասվում է, նայում է պարտեզի դռանը, բոլորի աչքը ճանապարհներին է, դռներին: Իսկապես դռների՞ն է, չգիտեմ: Գուցե արդեն համակերպվել են. ի՜նչ վատ է: Որովհետև երբ մարդ նման վայրում է, այնպիսի զգացում է ունենում, ասես դրսում կյանքը նախկինի պես շարունակվում է: Մինչև ծնվելս անսահման ժամանակ ունեի: Մահից հետո՝ անսպառ ժամանակ: Ապրելիս երբեք չէի մտածի այս ամենի մասին. լույսերի մեջ կանցկացնեի կյանքս, երկու սև ժամանակի միջև:

Երջանիկ էի, կարծես թե երջանիկ էի. հիմա եմ հասկանում՝ մեր փադիշահի նկարչական արվեստանոցում ամենալավ մանրանկար անողը ես էի, և չկար մեկ այլ ծաղկող, որ վարպետությամբ ինձ մի քիչ նման լիներ: Դրսում արած գործերով ամիսը իննսուն-հարյուր աքչե էի վաստակում: Այս ամենն, իհարկե, ավելի անտանելի է դարձնում իմ մահը:

Միայն նախշեր և մանրանկարներ էի անում. զարդարում էի էջերի եզրերը, շրջանակների մեջ գույներ, գունավոր տերևներ, ճյուղեր, ծաղիկներ, թռչուններ նկարում. ոլոր-մոլոր չինական ոճով ամպեր, մեկը մյուսին փաթաթված տերևներ, գույների անտառներ և նրանց մեջ թաքնված եղնիկներ, նավեր, փադիշահներ, ծառեր, պալատներ, ձիեր, որսորդներ էի նկարում… Հնում երբեմն ամաններ էի զարդարում. երբեմն մի հայելու ետևի մասը, գդալի ներսը, երբեմն Բողազիչիի որևէ ամառանոցի, որևէ տան առաստաղը, երբեմն սնդուկի կափարիչն էի զարդարում… Իսկ վերջին տարիներին աշխատում եմ միայն գրքերի էջերի վրա, որովհետև մեր փադիշահը շատ էր վճարում զարդանախշ գրքերի համար:


[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] 


Չեմ ասում, թե մահվանը հանդիպելուն պես հասկացա, որ փողը կյանքում կարևոր չէ. անգամ մահից հետո մարդ գիտի, որ փողը կյանքում կարևոր է:

Այժմ այս վիճակում գիտեմ, որ լսում եք իմ ձայնը և այս հրաշքին նայելով՝ ասում եք. «Հերիք է պատմես, թե որքան գումար ես աշխատել կյանքում: Պատմի՛ր, թե ինչ ես տեսնում այդտեղ: Ի՞նչ կա մահից հետո, որտե՞ղ է հոգին, ինչպիսի՞ն են դրախտն ու դժոխքը, այնտեղ ինչե՞ր ես տեսնում: Մահն ինչպիսի՞ բան է, մարմինդ ցավո՞ւմ է»:

pamuk-im-anun@-karmir-e-coverՃիշտ եք, մարդուն միշտ հետաքրքրում է, թե մահից այն կողմ ինչ կա: Զուտ այդ հետաքրքրությունից՝ արյունալի պատերազմներում դիակների արանքով քայլողների մասին պատմություններ են պատմվել… Հոգին ավանդող վիրավոր ռազմիկների մեջ մահացող և հարություն առնող մեկին կհանդիպեմ, նա ինձ կպատմի մյուս աշխարհի գաղտնիքների մասին: Այս մարդուն Թեմուրի զինվորները թշնամի կարծելով՝ թրի մի հարվածով երկու կես կանեն, նա էլ կկարծի, որ մահից հետո մյուս աշխարհում մարդ երկու մասի բաժանված է ապրում: Նման բան չկա: Անգամ կարող եմ ասել, որ կյանքում իրարից բաժանված հոգիներն այստեղ միանում են: Բայց չնայած անհավատների, այնկողմնային կյանքին չհավատացողների և սատանային հնազանդվողների պնդումներին՝ կա մի այլ աշխարհ, կա գոհունակություն: Ապացույցն այն է, որ այնտեղից ձեզ ձայն եմ տալիս: Մահացա, բայց ինչպես տեսնում եք, չեմ վերացել: Մյուս կողմից՝ ստիպված եմ ասել, որ Ղուրանում հիշատակված հոսող գետերով դրախտի արծաթե պալատներին, հասած մրգերով, մեծ տերևներով ծառերին, կույս գեղեցկուհիներին չհանդիպեցի: Մինչդեռ հիշում եմ, թե «Իրադարձություն» սուրահում պատմվող դրախտի այդ խոշոր աչքերով հուրիներին քանի անգամ եմ հաճույքով պատկերել: Իհարկե, չտեսա նաև ոչ միայն Ղուրանում նկարագրված, այլև Իբն-ի Արաբիի երազած, չափազանցրած կաթի, գինու, քաղցր ջրի և մեղրի այդ չորս գետերը: Այնկողմնային աշխարհի հույսերով և երազանքներով ապրող մարդկանց չեմ ուզում հուսահատեցնել, այդ պատճառով պետք է ասեմ, որ պատմածներս միայն իմ սեփական դրության հետ են կապված: Ցանկացած հավատացյալ մարդ, ով մահից հետո կյանքի մասին մի քիչ գաղափար ունի, կընդունի, որ իմ վիճակում գտնվող մարդու համար դժվար է տեսնել դրախտի գետերը:

Կարճ ասած՝ մանրանկարիչների և վարպետների շրջապատում Զարիֆ էֆենդի անունով հայտնի մարդը՝ ես, մահացել եմ, բայց հողին չեմ հանձնվել:

Այդ պատճառով էլ հոգիս ամբողջովին չի կարողացել լքել մարմինս: Դրախտ, դժոխք, որտեղ էլ որ լինի իմ ճակատագիրը, որպեսզի հոգիս կարողանա նրան մոտենալ, մարմինս պետք է դուրս գա կեղտի միջից: Այս արտասովոր դեպքը, որ կարող էր ուրիշներին էլ պատահել, իմ հոգուն ցավ է պատճառում: Չեմ զգում, որ գանգս մաս-մաս է եղել, որ մարմնիս կեսը սառույցի պես հոտում է կոտրվածքների և վերքերի մեջ, միայն զգում եմ, որ մարմինս լքելու համար հոգիս տառապում է: Կարծես ամբողջ աշխարհն իմ մեջ մի տեղ է կծկվել:

Այդ կծկվածության զգացումը կարող եմ միայն այդ յուրահատուկ մահվան պահին ունեցածս թեթևության զգացումի հետ համեմատել: Երբ անսպասելի հարվածից գանգս փշրվեց, անմիջապես հասկացա, որ այդ ստորն ուզում է ինձ սպանել, բայց չհավատացի, որ կկարողանա: Հույսով լի էի, բայց արվեստանոցի և տանս միջև եղած իմ խունացած կյանքն ապրելիս դա երբեք չէի զգացել: Մատներով, եղունգներով և ատամներով կրքոտ փաթաթվեցի կյանքին: Գլխիս ստացած մյուս հարվածների ցավերի պատմություններով չհոգնեցնեմ ձեզ:

Երբ ցավով հասկացա, որ մահանալու եմ, տարօրինակ թեթևության զգացում ունեցա: Այդ անցումային պահն ապրեցի այս թեթևության զգացումով: Այդ պահը նման էր նրան, երբ մարդն իր երազում ինքն իրեն քնած է տեսնում: Ամենավերջում իմ ստոր մարդասպանի ձնոտ, ցեխոտ կոշիկները տեսա: Աչքերս փակեցի, ասես քնելու էի և սկսեցի լողալ քաղցր երազների մեջ: Այժմ բողոքում եմ ոչ թե այն պատճառով, որ ատամներս բոված սիսեռի հատիկների պես բերանս են լցվել, դեմքս անճանաչելի է դարձել կամ որ ընկած եմ ինչ-որ ջրհորի հատակին, այլ որովհետև մարդիկ կարծում են, թե դեռ ողջ եմ: Այն, որ ինձ սիրող մարդիկ հաճախ իմ մասին մտածելով՝ կարծում են, թե Ստամբուլի մի անկյունում հիմարի պես իմ գործերով եմ զբաղված, անգամ՝ թե ուրիշ կնոջ ետևից եմ ընկել, իմ անհանգիստ հոգուն տառապանք է պատճառում: Թող հնարավորինս շուտ գտնեն իմ մարմինը, նամազ անեն և արդեն հողին հանձնեն: Եվ որ ամենակարևորն է՝ թող ինձ սպանողին գտնեն: Ուզում եմ իմանաք, որ մինչև այդ ստորը չգտնվի, անգամ ամենաշքեղ գերեզմանում անհանգիստ պտտվելու եմ, բոլորիդ կասկածամտություն եմ ներշնչելու: Գտեք մարդասպան այդ շան ծնունդին, ես էլ ձեզ մեկ առ մեկ կպատմեմ, թե մյուս աշխարհում ինչեր եմ տեսել: Բայց ինձ սպանողին գտնելուց հետո թող աքցանով խոշտանգեն նրան, ութ-տասը ոսկոր, նախընտրելի է՝ կրծքավանդակի ոսկորները, կամաց-կամաց ճզմելով ջարդեն, հետո էլ այդ զզվելի ու յուղոտ մազերը մեկ առ մեկ պոկեն՝ գանգամաշկի մեջ անցքեր բացելով:

Իմ հանդեպ այդքան թշնամանք ունեցող մարդասպանն ո՞վ է, այդքան անսպասելի ինձ ինչո՞ւ սպանեց: Հետաքրքրվե՛ք այդ ամենով: Աշխարհը լի է անարժան մարդասպաններով, դուք կասեք, ի՞նչ տարբերություն, եթե մեկը սպանվի: Ուրեմն ձեզ այս պահից ի վեր զգուշացնում եմ. իմ մահվան թիկունքում մեր հավատին, մեր ավանդույթներին, մեր աշխարհայացքին դեմ զզվելի դավեր են նյութում: Բացե՛ք ձեր աչքերը, ձեր հավատացած և ապրած կյանքի, իսլամի թշնամիներն ինձ ինչո՞ւ սպանեցին, իմացե՛ք, թե ինչ պատճառով կարող են ձեզ մի օր սպանել: Մեծ քարոզիչ էրզրումցի Նուսրեթ հոջայի ասածները մեկ առ մեկ իրականանում են: Եթե նույնիսկ մեզ պատահածները գրքի տեսքով գրառվեն, ասեմ ձեզ, որ անգամ ամենապրոֆեսիոնալ ծաղկողները երբեք ոչինչ չեն նկարի: Ճիշտ Ղուրանի պես (ինձ հանկարծ սխալ չհասկանաք), այս գրքի ցնցող ուժի պատճառն էլ այն կդառնա, որ այնտեղ ոչ մի նկար չկա: Կասկածում եմ, որ կհասկանաք դա:

Գրել կարծիք