[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Պետեր Հանդկե. Դանդաղ վերադարձ տուն

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Պետեր Հանդկե. Դանդաղ վերադարձ տուն

Ավստրիացի հայտնի գրող Պետեր Հանդկեի այս ժողովածուն հայերեն լույս է տեսնում առաջին անգամ: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է գրքի նախաբանը: Թարգմանությունը գերմաներենից` Կարլեն Մատինյանի:

Handke

Զորգերի տունը այլ փոքրիկ շինությունների հետ տեղակայված էր սոճենու անտառում՝ Խաղաղ օվկիանոսի մերձափնյա նեղ շերտի վրա: Օվկիանոսի ու տների միջև արդեն փողոցներ չկային, միայն թփուտներ և ցածրադիր, խոտով ծածկված ավազաբլուրներ: Ճանապարհները, որոնք հատում էին անտառը, ուղիղ անկյան տակ իջնում էին դեպի օվկիանոսն ու կտրվում ավազաբլուրների դիմաց՝ գոյացնելով փակուղի. այնտեղից թվում էր, թե բոլոր տները գտնվում են անտառի խորքում, յուրաքանչյուրն իր մատույցով, որը գալարվելով անցնում էր ծառերի միջով: Բնահողը ավազոտ էր, դրա վրա, ոչ մեծ, մուգ շագանակագույն սոճիներից բացի, աճել էր, ինչպես տափաստաններում, բարձր պայծառ դեղնագույն խոտը, որը համատարած շերտով ձգվում էր լողափի երկայնքով: Ավազե առանձին լեզվակները, որ քշել-բերել էր քամին, այնքան հեռու էին խորացել անտառի մեջ, որ որոշ տեղերում գոյացել էին նոր, բացգույն ավազե հողապատնեշներ, որոնց վրա առաջացել էր նոր խոտածածկ, այն դեպքում, երբ ծառերից, որոնք արմատներով դեռևս կառչել էին հին բնահողին, երևում էին հաճախ միայն չոր ճյուղերը, որոնք դուրս էին ցցվել գետնի տակից: Շնորհիվ բուսականության, սակայն, այդ բոլոր ավազաբլուրները ժամանակի ընթացքում հանդարտվեցին և, ներկայացնելով այս տեղանքի միակ բարձունքները, վերածվեցին մանկական խաղերի սիրված վայրի, ճիշտ ինչպես անտառային տափաստանն իր խիտ, բարձր խոտով, որը հնարավոր չէր հնձել, քանի որ ամենուր ծառեր էին: Տները, չնայած դրանցից յուրաքանչյուրը գտնվում էր առնվազն հարևանների տեսադաշտի սահմաններում, դրանք բոլոր կողմերից շրջապատած անտառի պատճառով ճգնավորների խրճիթների տպավորություն էին թողում. դրանք բոլորը պատված էին բաց գույնի կոպիտ սվաղով, որի տակ, սակայն, թխթխկացնելիս, հայտնաբերվում էր ծառը, որն այստեղ օգտագործվում էր հնարավոր երկրաշարժերի պատճառով: Կից գտնվող ծովափնյա առավել բարձր հողատարածքը շուրջ տասը տարի առաջ տեղի ունեցած մի ուժեղ երկրաշարժի ժամանակ լրիվ ու ամբողջապես, իր բոլոր քարաշեն վիլլաների հետ մեկտեղ հայտնվեց ջրի տակ, իսկ հիմա այդ տեղում, որտեղ նկատելի էին վիլլաների աստիճաններն ու պատերի մասերը՝ խոտորնակի ճաքերով, որոնց միջից խելահեղորեն ճեղքում-դուրս էր գալիս նոր բուսականությունը, ձևավորվել էր ոչ մեկի կողմից չբնակեցված «երկրաշարժի զբոսայգի»:


[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միգել դե Ունամունո. Մառախուղը

Պատրիկ Զյուսքինդ. Օծանելիք

Ահմեդ Համդի Տանպինար. Խաղաղություն

Ալբերտո Մուսսա. Ձախ կողմի վարպետը

Միլան Կունդերա. Կեցության անտանելի թեթևությունը


Ինքնաթիռում երկինքը դեռ երկար ժամանակ մնում էր մեծ: Դեռևս գտնվելով հաճելի զգացողության ազդեցության տակ ընկերությունից նրանց հետ, ովքեր մնացել էին այնտեղ՝ ներքևում, Զորգերը, ողոքված, իրեն տեսավ կարծես թե երկթեք արկտիկական տանիքով տան եռանկյան մեջ դրոշմված ու սկսեց, հենց որ ինքնաթիռը օդ բարձրացավ, ինքն իրեն անձայն պատմել.

– Այս ամռանն ու աշնանը ես գտնվում էի Հեռավոր հյուսիսում:
Արևմտյան ծովափն արդեն այլ ժամային գոտի էր (երկու ժամով հետ), և երբ նա ժամանեց, արդեն մութ էր: Ահա, ոչ շատ վաղուց նա նայում էր, թե ինչպես է պղտոր տիղմը գլորվում լքված գետի միջով, բոլորովին վերջերս նա դեռ ճանապարհին էր շատ ուրիշների հետ մեկտեղ, ովքեր գտնվում էին մեծ ինքնաթիռում ոչ թե սովորական ճամփորդների կարգավիճակով, այլ, ինչպես և ինքը, տարբեր ինքնաթիռներով հասնում էին ինչ-որ տեղ ու կրկին իջնում: Դեռ բոլորովին վերջերս, երբ ինքնաթիռն անցավ վայրէջքի և լեռների ձյունապատ շղթայի բարձրությունից, հետևում թողնելով այն շրջանը, որտեղ բլուրները պարզորոշ երևացող աստիճաններով իջնում էին ցած, ուղղություն վերցրեց դեպի ծովափ, որը երփներանգվում էր ջրանցքներից, նա տեսավ թե ինչպես է մայր մտնում արևը օվկիանոսային տեսողական խաբկանքի մեջ: Եվ ահա, նա արդեն քայլում է օդանավակայանի արհեստական հատակի վրայով՝ թարս ու շիտակ շուռ տված դիտախցիկների կողքով, որոնք միասնական ամբողջություն էին ձևավորում միատեսակ աթոռների ու հանդիսատեսների հետ, ովքեր նստած էին այդ ձվաձև կաղապարների մեջ կորացած, և չնայած նա վաղուց էր այստեղ ապրում, միայն այժմ, հերթական անգամ վերադառնալով այս «ներքևի մարզերը» (այդպես էին Հյուսիսի նորաբնակներն անվանում երկրի մնացած բոլոր շրջանները), նա հայտնաբերեց այստեղ՝ մայր ցամաքում, որտեղ իբրև ապրում են ինքնակառավարման օրենքներով, պետության պարզորոշ հատկանիշներ, իսկ օդանավակայանի պայծառ լուսավորված շենքը նա պատկերացրեց որպես ռազմական գոտի (չնայած այստեղ ոչ մի զինվոր չէր երևում):
peterԿարծես ինքնաբերաբար նրա մոտ ստացվեցին երկու ինքնաբուխ հայացքներ. մի անգամ նա սկսեց, չնայած ոչ ոք չէր կարող իմանալ նրա ժամանման մասին, դիմավորողների ամբոխի մեջ փնտրել «ծանոթ դեմք», մյուս անգամ՝ երբ նա սկսեց ուշադրությամբ զննել չափազանց կարճ տաբատով և սպիտակ կոշտ-կաշվե կոշիկներով տղամարդուն, որն առավոտյան նրա հետ մեկտեղ նստել էր փոստային ինքնաթիռ, իսկ հետո նրա հետ մեկտեղ հայտնվում էր յուրաքանչյուր հաջորդ մեքենայի մեջ. միմյանց ոչ մի բառ չասելով՝ նրանք, այնուամենայնիվ, մեկ-երկու անգամ լուռ զվարճացան միասին, և Զորգերին դուր եկավ այն միտքը, որ ահա այժմվանից նրանք երկուսը՝ միշտ պատահաբար, մինչև իրենց կյանքի վերջը, և ընդ որում մշտապես լուռ՝ պետք է գնան նույն ուղով, նա դիտավորյալ դանդաղ էր մոտենում ելքին, որպեսզի հնարավորություն տա (կարևոր չէ, թե ում) տեսնել իրեն և գուցե գալ-հասնել:
Նա տաքսուց իջավ ավանի մոտ և ճանապարհի վերջին մասը գնաց ոտքով՝ տեղ-տեղ հայտնվելով լուսավորված հատվածներում, որտեղ լույսն ընկնում էր պատուհաններից, ծառերի հետևից դուրս գալով ճանապարհ, որը սովորաբար լուսավոր չէր, տներն անտառում թվում էին լուռ ու դրա հետ մեկտեղ՝ ամենուր այրվող լույսերի պատճառով հանդիսավոր: Նա գնում էր անսովոր ասֆալտի վրայով՝ միաձուլվելով իր մասին պատկերացման հետ՝ որպես մի անձի, որը ճառագայթում էր անանունություն, ամբոխի մեջ ազատ, ինչպես և ինքը, ցանկացած կոսմոպոլիտների ծագումներից, ովքեր վխտում ու քուն էին մտնում մեկնումի ու ժամանումի մակարդակների միջև, և քանի որ նրա համար, ով ժամանել էր ժամանակային այլ գոտուց, գիշերը դեռ վրա չէր հասել (ինչպես նաև այն պատճառով, որ թռիչքի այդ մի քանի ժամը նա անցկացրեց մեծամասամբ ամպերից վեր՝ պայծառ լույսի ներքո), նա դեռ աչքերի մեջ զգում էր ցերեկվա լույսն ու մթության մեջ աչքերը կկոցում, կարծես թե այն արհեստական էր:
Նա հարևաններից վերցրեց փոստը, արդեն քնած երեխաների մահճակալների մոտ թողեց իր հետ բերած խաղալիք սահնակներն ու հեռացավ փողոցի շների հաչոցների ուղեկցությամբ, տպավորության տակ հպանցիկ տեսած զարմանալիորեն անդեմ, աճող լուսնի, որը լուսավորում էր դեռ մի քանի ժամ առաջ (նախալուսաբացի մթնշաղի մեջ) այնտեղ, մեկ ուրիշ, աշխարհի այդքան հեռավոր մասի վերևում՝ վերադարձավ իր կացարանը, որը սարքավորված էր, ինչպես ամենուր, իբրև աշխատավայր, որպեսզի ընթերցի ստացած նամակները:
Նամակները շատ էին, շատ էին նաև նորությունները, բոլորը մեծ մասամբ հարգալից կամ գործնական, առանց սպառնալիքների ու թշնամական հարձակումների: Ոմանք, մտածելով նրա մասին, մտովի իրենց պատկերացնում էին բնաշխարհը: Նրանք ցանկանում էին, որ նա, «ով այդքան հեռու էր», լիներ ավելի մոտ:
Տան բոլոր վարագույրները կիպ փակված էին: Նա նստած էր վերարկուով, որը դեռ չէր արձակել: Ապակեպատ բարձր, տարողունակ պահարանում դրված էին կույտերով քարեր, կարծես թե դրանք հենց նոր բնության ընդերքից էին թափվել սենյակ և այդպես էլ մնացել էին ընկած ապակե դռների հետևում: Կապտավուն նեոնային լամպը պահարանի մեջ լուսավորում էր քարերի բեկորներն ու կամացուկ դզզում (դա միակ աղմուկն էր): Աթոռի նստատեղին դրված էին մնացել բարձերը նրանից, ով նստել էր այստեղ մի քանի ամիս առաջ: Հարևան մութ սենյակում, որի դուռը բաց էր, նկատվում էր մահճակալի հսկայաչափ թիկնակի ուրվագիծը, որի վրա մի ակնթարթ անշարժացավ կատուն՝ ականջները սրելով:

Գրել կարծիք