[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Ահմեդ Համդի Տանպինար. Խաղաղություն

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Ահմեդ Համդի Տանպինար. Խաղաղություն

Թուրք արձակագրի վեպը հայերեն լույս է տեսել առաջին անգամ: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է գրքի նախաբանը: Թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի:

Tanpiar

Այն օրից ի վեր, ինչ հորեղբոր որդի Իհսանը հիվանդացել էր, Մյումթազը փողոց դուրս չէր եկել: Բացի բժիշկ կանչելուց, դեղատնից դեղատոմսով դեղ գնելուց, հարևանի տնից հեռախոսով խոսելուց, այդ շաբաթ կամ հիվանդի կողքին էր եղել, կամ էլ իր սենյակում գիրք կարդացել, մտածել էր, փորձել էր մխիթարել զարմիկներին: Իհսանը երկու օր ջերմությունից, թուլությունից, մեջքի ցավերից էր բողոքում, հետո հանկարծ իմացել էին, որ թոքաբորբ ունի: Տանը վախից, անհանգստությունից, տխրությունից, անընդհատ խոսվող և հայացքներից չբացակայող սպասման պատճառով անկումային տրամադրություն էր:

Բոլորը քնում ու զարթնում էին Իհսանի հիվանդության պատճառած տխրությամբ:

Այդ առավոտ գնացքի սուլոցներն ու նոր տագնապները քնից կրկին տխուր արթնացրին Մյումթազին: Ժամը յոթն էր դառնոււմ: Մի պահ նստելով մահճակալի ծայրին` մտածեց: Շատ գործ ուներ անելու: Բժիշկն ասել էր, որ ժամը տասին է գալու, բայց ինքը պարտավոր չէր սպասել: Նախ պիտի հիվանդապահ գտներ: Քանի որ և՛ Մաջիդեն, և՛ հարսը` Իհսանի մայրը, անընդհատ հիվանդի մոտ էին, երեխաներն անտեր էին մնացել:

Ծեր ծառայողը Ահմեդի հետ մի քիչ զբաղվում էր: Սակայն Սաբիհային նայող էր պետք: Նախ և առաջ այնպիսի մեկը, որ հետը խոսեր: Մյումթազն այդ մասին մտածելիս ծիծաղեց փոքրիկ զարմուհու վրա: Տուն վերադառնալուց ի վեր նկատել էր, որ հարազատի հանդեպ սերն այլ որակ է ստացել.

– Սովորությո՞ւն է: Միշտ սիրում ենք նրանց, ովքեր մեր կողքի՞ն են:

Այս մտքերից ազատվելու համար կրկին վերադարձավ հիվանդապահի խնդրին: Մաջիդեի առողջությունն էլ այնքան լավ չէր: Անգամ զարմանում էր, թե ինչպես է կարողանում այդ հոգնածությանը դիմանալ: Մի քիչ տխրություն, հոգնածություն, ու նա կրկին ստվերի էր վերածվում: Այո, պիտի գնար ու հիվանդապահ գտներ: Կեսօրից հետո էլ պետք է հանդիպեր վարձակալող կոչվածի հետ:

Հագնվելիս մի քանի անգամ կրկնեց.

– Այդ մարդ կոչեցյալը:

Մանկության կարևոր փուլում մենակ մնացած Մյումթազն ինքն իրեն խոսելը սիրում էր.

– Եվ կյանք կոչվածն այլ բան է:

girq1Հետո կրկին մտածեց փոքրիկ Սաբիհայի մասին: Նրան դուր չէր գալիս, որ փոքրիկ զարմուհուն սիրում է միայն նրա` տուն վերադառնալու համար: Ոչ, նրան կապված էր այն օրից, ինչ վերադարձել էր: Հատկապես եթե հաշվի առնենք ծնունդի պայմանները, նրան երախտապարտ էր: Շատ քիչ երեխա կարող էր այդքան կարճ ժամանակում տուն մխիթարանք և ուրախություն բերել:

Մյումթազը երեք օր հիվանդապահի ետևից էր ընկել: Մի շարք հասցեներ էր վերցրել, զանգահարել էր: Սակայն մեր երկրում փնտրողը չի գտնում: Արևելքում պետք է նստես ու սպասես: Մի քիչ համբերություն, և ամեն ինչ կլուծվի: Օրինակ` Իհսանի լավանալուց վեց ամիս անց էլ մեկ-երկու հիվանդապահ անպայման կզանգեն: Բայց երբ պետք է լինում… Ահա այսպես էր հիվանդապահի խնդիրը: Ինչ վերաբերում է վարձակալին… Նրա խնդիրը մի այլ գլխացավանք էր: Իհսանի մոր` այդ խանութը վարձակալելուց ի վեր դա իրեն դուր չէր եկել: Սակայն տասներկու տարի չէր մտածել այնտեղից դուրս գալու մասին: Խեղճ մարդը երկու շաբաթ անընդհատ լուր է տալիս, խնդրում է, որ տղամարդկանցից մեկը կամ տիկինն անմիջապես իր մոտ գնան: Ամբողջ ընտանիքով չէին հավատում այդ պատմությանը: Անգամ հիվանդ ժամանակ, դողէրոցքի և ցավերի մեջ անգամ աշխատում էր: Որովհետև տնեցիները գիտեին, որ վարձակալներին հատուկ է չերևալ, թաքնվել, հնարավորինս քիչ և ուշ դուրս գալ տնից, անգամ եթե իրենց փնտրում են:

Մի քանի տարուց ի վեր պայմանագրի թարմացման, վարձը ստանալու գործերով զբաղվող Մյումթազը գիտեր, թե որքան դժվար էր նրան տեսնել խանութում: Երբ երիտասարդը մտնում էր խանութ, նա սև ակնոցը թալիսմանի, կախարդական զենքի պես դնում էր աչքերին, այդ ապակե վարագույրի ետևում անտեսանելի էր դառնում, այնտեղից էր պատմում շուկայի լճացման, կյանքի ծանրության, պետական ծառայողների` որոշակի աշխատավարձով երջանիկ ապրելու մասին, պետական ծառայողի գործը թողնելով` Էլքասիբու Հաբիլբուլլահ Հադիսին չհետևելու համար, այո՛, հենց նրա համար, որ Մարգարեի այս խոսքին չէր հետևել, սկսել էր առևտրով զբաղվել, զայրանում էր ինքն իր վրա: Ի վերջո`

– Պարո՛ն, իրավիճակը գիտեք, առայժմ հնարավոր չէ: Տիկի՛ն, խնդրում եմ, ինձ մի քանի օր էլ ժամանակ տվեք: Նա տանտեր չէ, մեզ լավություն է արել: Տա Աստված, որ տասնհինգ օր հետո գան, և՛ կպատվենք, և՛ մի կտոր բան կտանք,– այսպես ասելով՝ փորձում էր թեման փակել, բայց հենց երիտասարդը դուրս էր գալիս դռնից` տված խոստումից վախեցածի դողդոջուն ձայնով ասում էր.

– Տասնհինգ օրվա մեջ հնարավոր կլինի՞ որ, չգիտեմ…

Քանի որ չէր կարող ասել` «Եթե հնարավոր է, թող չգա, ոչ մեկդ մի եկեք, որպես ինչ եք գալիս: Այս փտած շենքում, այս տարօրինակ վանդակում նստելն ինձ քիչ է, ձեզ փող էլ պետք է տամ», այսպես էր ասում.

– Ավելի լավ է ամսվա սկզբում կամ եկող ամսվա կեսերին եկեք,– այսպիսով փորձում էր այդ խոսակցությունը հնարավորինս հետաձգել:

Հիմա այդ մարդը, որ չէր սիրում, երբ իրեն զանգում էին, ստուգում, անընդհատ լուր է ուղարկում, հարցնում, թե ինչպես են, տանտիկնոջ կամ պարոններից որևէ մեկին է խնդրում, որ գան, իրեն տեսնեն. խոսեն խանութի ետևի հին տան վերևի հարկի երկու սենյակի անխնամությունից և նորոգումից, պայմանագրի ուշացումից: Բնականաբար, զարմանալի էր:

Ահա այդ օրը Մյումթազը կեսօրից հետո էլ, ամեն ամսվա պես գնալու էր այնտեղ, ուր արդեն ամաչում էր ստանալ ոչ դուրեկան, անգիր արած պատասխանը: Բայց այս անգամ այլ գործ ուներ: Երբ նախորդ երեկոյան հարսն ասաց.

– Մյումթազ, գնա այդ մարդուն տես,– Իհսանն այս խոսքից հետո չկարողացավ ասել.

– Իզուր մի տանջվիր, գիտես ինչ է ասելու, զբոսնիր ու վերադարձիր:

Գամված էր այդ անկողնուն. կուրծքը դժվար բարձրանում-իջնում էր: Պարզ է, որ Իհսանը գիտեր` վարձակալի հետ այդ զրույցները նման են իմացածդ բանն անընդհատ կրկնելուն: Իսկ Մյումթազը չէր ուզում նեղացնել հարսին, որն անընդհատ մտածում էր վարձի մասին` որպես հոր ժառանգություն: Բացի այդ, այդ վարձի պատմությունը միասին ապրող մարդկանց կյանքում, ըստ Մյումթազի` Իհսան բեյի կղզում անեկդոտների պատճառ էր դարձել: Տուն վերադառնալուն պես ծեր կնոջն իր ստացած պատասխանները հայտնելուց հետո նա սկզբում զայրանում էր` «Դրա վիզը պետք է պոկել… հիմար», հետո կամաց-կամաց՝ բարեգութ ձայնով` «Խեղճ մարդ, առանց այդ էլ հիվանդ է», իսկ վերջում` «Հսկա տնից այդքանն է մնացել, թե չէ վաղուց կվաճառեի, կազատվեի դրանից»: Այսպիսի նախադասություններով ցույց էր տալիս, թե ժամանակին չստացած վարձը իր կյանքում ինչպիսի տխրության աղբյուր է, և դա բոլորի համար այդ գործի ամենազվարճալի մասն էր դառնում:

Մի օր մեծ հարսը որոշում է հերթական այցելությունը կատարել, և քանի որ լուսահոգի Սելիմ փաշայի աղջիկն առանց որևէ մեկի ուղեկցության չէր կարող փողոց դուրս գալ, Սկյուտարի Արիֆե հանըմին լուր են ուղարկում: Արիֆե հանըմը նշանակված օրը գալիս է, նրա գալուց երեք-չորս օր հետո որոշում են.

– Վաղը գնանք էդ մարդուն տեսնենք:

Հարևաններին է տեսակցում կամ Փակ շուկայով արագ անցնում է, և վերջապես մի օր իրերով լցված մի մեքենայով տուն է վերադառնում:

Միայն մի բան կա. նրա այցելությունը վարձակալին երբեք անիմաստ չի լինում, վարձի գոնե մի մասը անպայման վերցնում էր: Ե՛վ Մյումթազը, և՛ Իհսանը զարմանում էին այս հաջողության վրա:

Իհսանի մայրը Արիֆեին և՛ սիրում էր, և՛ չէր դիմանում շատախոսությանը: Երբ Արիֆե հանըմը երկար էր մնում տանը, մանկությունից ի վեր բոլորին հայտնի զայրույթը ուռչում, մեծանում էր: Վերջապես, երբ պահը գալիս էր, մեքենա էին կանչում, և Արիֆե հանըմը, առանց իմանալու, թե ուր է գնում, ճամփա էր ընկնում: Նախ և առաջ Սկյուտարի նավամատույցի ծեր աշխատողն ասում էր.

– Ցտեսություն, Արիֆե ջան… Ես քեզ նորից կզանգեմ, լա՞վ,– և կրկին վերադառնում խանութ:

Այսպիսի հոգեվիճակում գտնվող տանտիրոջն ինչ-որ բան բացատրելն իհարկե դժվար է: Չնայած խեղճ մարդը մի քանի անգամ նրա հետ էլ էր փորձել խոսել, ստամոքսի ցավերից էր խոսել: Սաբիրե հանըմը նախ և առաջ խորհուրդ էր տվել անանուխի թեյ խմել, հետո ավելի բարդ դեղ էր հուշել: Հետո, երբ կրկին հիվանդության մասին բողոքներ լսեց, հարցրեց.

– Ասածս դեղերը խմե՞լ ես:

Երբ մարդու բացասական պատասխանը լսեց, ավելացրեց.

– Ուրեմն էլ ինձ հետ հիվանդությունից չխոսես, եղա՞վ:

Վարձակալը երրորդ հանդիպման ժամանակ հասկացավ, որ զայրույթի և խղճահարության միջև տատանվող այդ տարեց կնոջից ազատում չկա: Դրա համար էլ հենց գալիս էր, սուրճը պատվիրում, սեղանի վրա կեղծավորությամբ մի քանի հաշիվ էր գրում, սուրճը վերջանալուն պես նրան մի ծրար էր տալիս ու ճանապարհում: Հետո կինը տաքսիով ման էր գալիս խանութներով, բոլորին պատշաճ նվերներ գնում և ստացած գումարը մինչև վերջին գրոշը ծախսելով՝ տուն էր վերադառնում: Ե՛վ Իհսանը, և՛ Մյումթազը այդ խանութը, վարձը, վարձակալին և անգամ նրա կցորդը դարձած Արիֆե հանըմին դիտում էին որպես ծեր կնոջ միակ զբաղմունքը, շքեղությունը, ազատ ժամանակը լցնելու միակ լուրջ խնդիրը, նրա մխիթարանքը:

Իհսան բեյի կղզում առանց այդ էլ ամեն ինչ լավ էր ընդունվում, ամեն ցնորք, հետաքրքրություն ընդունվում էր ծիծաղով ու ժպիտով: Կղզու տերն այդպես էր ուզում, հավատում էր, որ եթե այդպես լինի, բոլորը երջանիկ կլինեն: Նա այդ երջանկությունը քայլ առ քայլ, տարիներ շարունակ հյուսել էր: Բայց հիմա բախտի բերմամբ այն երկրորդ անգամ էր ապրում: Որովհետև Իհսանի հիվանդությունը ծանր էր: Մյումթազը մտածեց. «Այսօր ութերորդ օրն էր»: Նրան ասել էին, որ զույգ օրերն ավելի հանգիստ են անցնում:

Գրել կարծիք