Ո՞վ Է ստեղծել գողական բառարանը, որը ոստիկանները «քրեական բեսթսելլեր» են անվանում

May 18, 2017

Զոլոտոռուչկա մականունով նախկին գրպանահատ, 69-ամյա Զահուր Զագումովը ռուսալեզու քրեական բառարան է կազմել՝ ֆենի: 700 էջանոց օֆսեթ տպագրությունը  ոստիկանները  «քրեական բեսթսելլեր»  են անվանում: Հեղինակը դատապարտվել է 11 անգամ, ընդհանուր առմամբ 25 տարի անցկացրել է բանտում՝  գողության համար:
 - Հավանաբար, դուք պատանի տարիքից սկսել եք ժարգոնով խոսել: Ո՞րն է եղել առաջին ժարգոնային բառը, որը մտապահել եք ու սկսել  օգտագործել:
-Նախ ուղղեմ, ոչ թե պատանի  տարիքից, այլ մանկուց: Ես մեծացել եմ փողոցում, որտեղ բոլորը, այդ թվում, իմ հասակակիցները, խոսում էին ժարգոնով, ինչը հունից հանում էր  մեծահասակներին:Առաջին բառը եղել է «մանդրո»-ն՝ հացը: Միշտ ուտել էի ուզում,  ի դեպ մանդրո բառը սկսել է օգտագործվել դեռ 30-ականներից ու ամբողջ ԽՍՀՄ-ում:
12 տարեկանում անչափահասների հատուկ կենտրոնում էի գտնվում,  երբ դարձա 14 տարեկան, 3 տարով  դատապարտվեցի:  Ահա այդ  ժամանակ էլ ես ընդլայնեցի իմ  բառապաշարը: Մոտ 13 000 բառ  ու արտահայտություններ գիտեմ ֆենիով, բայց մոտ 6000-ն եմ օգտագործում: Դրանց մի մասը նախկինում էլ է օգտագործվել, ժամանակակից հանցավոր աշխարհում էլ:  
- Դուք 25 տարի բանտում եք անցկացրել, ինչի՞ համար եք 11 անգամ դատապարտվել:
-Միշտ դատապարտվել եմ գողության համար: Ես գրպանահատ էի: Առանց ավելորդ համեստության կասեմ, որ ինչ-որ ժամանակահատվածում ԽՍՀՄ-ի լավագույն գրպանահատն էի:
- Ինչպե՞ս եք սերտել գրպանահատի «արվեստը»:
-Չեմ կարծում, որ գրպանահատի մասին  դոկտորական դիսերտացիա լսելը հետաքրքիր կլինի: Մի հետաքրքիր դեպք կպատմեմ, որի շնորհիվ դուք ձեր հարցի պատասխանը կստանաք: Մի անգամ, երբ արդեն պատրաստվում էի մեկնել Բաքվից, տեղի  գրպանահատները մի բան խնդրեցին: Մի հայ կին կար, թմրադեղերի վաճառքով էր զբաղվում, հայտնի էր որպես Նելլի ջան, նրան շատերն էին պարտք, նաև գրպանահատները, և ես պետք է ամեն գնով այդ կնոջ մոտից գողանայի պարտքերի ցուցակը, որն այդ կինը կրծկալի մեջ էր պահում: Մի ամբողջ շաբաթ հետևեցի «զոհիս», իմացա նրա շաբաթվա գրաֆիկը, նույնիսկ մի քանի անգամ էլ տեսա, թե նա ինչպես է այդ ցուցակը թաքցնում կրծկալի ձախ մասում: Մի բան է, երբ ածելիով զգուշորեն պայուսակն ես կտրում, այլ բան՝ ձեռքդ մտցնես կանացի զգեստի տակ գտնվող ատլասից կամ շոլկից կրծկալի մեջ: Ես 10 զույգ տարբեր չափսերի կրծկալ գնեցի ու սկսեցի պատրաստվել:
Առավոտից երեկո, առանց տանից դուրս գալու պարապում էի, Նելլիի ջանի չափերի մի տղա էի գտել, նրան հագցնում էի այդ տարբեր չափսերի կրծկալները, վրայից զգեստներ,  ու փորձեր էի անում:
Մինչև հիմա, երբ հիշում եմ, ծիծաղս գալիս է, ընկերներս ասում էին մի անհանգստացի, եթե քեզ նույնիսկ չհաջողվի իրականացնել այդ օպերացիան, դու մեզ այնպես ես ուրախացրել քո այդ փորձերով, որ մինչև կյանքներիս վերջը չենք մոռանա: Բայց ես մեծ պատասխանատվությամբ էի մոտենում դրան: Ի վերջո, ինձ հաջողվեց թռցնել այդ ցուցակը:
 
- Եթե այդքան տաղանդավոր եք եղել,  ինչո՞ւ եք 11 անգամ բռնվել:
-Որովհետև այն ժամանակվա քննիչների մեջ էլ տաղանդավորներ կային: Կյանքում մի անգամ են ինձ տեղում բռնացրել, այն էլ, կարելի է  ասել, ես ինքս ինձ մատնեցի, որպեսզի ընկերոջս փրկեի:
- Այսօր կա՞ն «տաղանդավոր» գրպանահատներ:
-Համենայն դեպս ես չեմ լսել նրանց մասին: Ժամանակակից հանցավոր աշխարհի մոտեցումներն ու արժեքներն այլ են: Բառարան կազմելու գաղափարն ինձ մոտ ծնվեց այն ժամանակ, երբ ես սկսեցի պատմել իմ կյանքի պատմությունները և հասկացա, որ հասարակ մարդիկ չեն հասկանում:

- Այլ ազգերն ունե՞ն գողական բառապաշար:
-Ռուսաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ խոսում են գողական լեզվով:
Հաշվի առնելով, թե մեր բանտային լեքսիկոնն ինչ ճանապարհ է անցել, կարելի է պատկերացում կազմել ռուսական բանտի և դատապարտյալների մասին: Քանի դեռ գոյություն ունի բանտ, գոյություն կունենա նաև գողական լեզուն: Խոսակցությունները, թե այդ ամենն անցյալում են, իրականության հետ կապ չունեն:  
- Ամեն դեպքում, անհրաժեշտություն կա՞, որ սովորական մարդիկ իմանան այդ լեզուն: Չե՞ք կարծում, որ դուք դրանով քարոզում եք  բանտային վատ ավանդույթներն ու ժարգոնը:
-Ոչ մի քարոզ չկա: Մարդիկ պետք է տեղեկանան, որ նման աշխարհ գոյություն ունի, և որ երբեք չպետք է հայտնվեն այնտեղ: Բայց հարցին, թե գողական լեզուն կփրկի՞ ավազակների ձեռքն ընկած սովորական մարդուն, կպատասխանեմ՝ իհարկե ոչ, այն ավելի կվատացնի զոհի վիճակը, քանի որ գողերին բոլորըն են հարգում , իսկ թութակներին՝ ոչ ոք:

ՔԱՂՎԱԾՔ ԶԱՀՈՒՐ ԶԱԳՈՒՄՈՎԻ ԲԱՌԱՐԱՆԻՑ


Абажур - պահպանակ
Автомат — գրիչ կամ ներարկիչ
Агрессор — մանկապիղծ
Бажбан — մտավոր հետամնաց կամ պարզամիտ
Балабас — երշիկ
Балдоха (балдыня) – արև
Гастроли —հանցագործության նպատակով երկրով մեկ շրջելը
Кошелечный сходняк — գրպանահատների հավաք, որտեղ պարտադիր չէ, որ նրանց մեջ լինեն «օրենքով գողեր»
Лежнёвка — գերաններով պատրաստված ճանապարհ անտառում
Притухали —հանգստանալ
Свал по делюге —փաստաբանի միջնորդությամբ ազատ արձակվել
Хаза — բնակարան, որտեղ հավաքվում են հանցագործները
Шур - գող
Шура веники вязала — ծրգարերը ձախողվել են

Աղբյուրը