Հովհաննես Մանուկյան. Քաղաքականությունից հնարավոր չէ հեռանալ

December 7, 2015

ընկերություն
Երբ տարիներն անցնում են, և դրանց հեռավորությունից ավելի հստակ ես զգում ընկերության կարևորությունը, ժամանակի ընթացքում պարզում ես, որ դադարել ես ձեռք բերել նոր ընկերներ և սկսել ես կորցնել որոշներին: Իմ կյանքում էլ այնպես եղավ, որ ընկերոջս կորցրեցի: Խորապես ազդվել եմ: Երկար պայքարում էի այդ մտքի դեմ ու ինքս ինձ համոզում էի, որ այդպես չէ: Ընկերությունն էգոիզմ չի հանդուրժում: Այն ինքնազոհողություն է պահանջում: Ընկերությունը հենվում է լսելու և հասկանալու ունակության վրա։
այգի
Հոգեկան ներդաշնակություն և հանդարտություն: Թերևս հնարավոր ամենաանդավաճան վայրն է, որտեղ կտրվում ես իրականությունից և խորհում ես փիլիսոփայական ու գլոբալ հարցերի մասին: Թուփ ու ծառ տնկելու, խնամելու, նորատունկի աճին հե-տևելու բերկրանքը երևի համեմատելի է միայն նորին ծնունդ տալու, արարելու հաճույքի հետ: Այգում աշխատելիս հաճախ պապիս եմ հիշում: Նա հողի մարդ էր՝ չհաշված պատերազմական հինգ տարիները, երբ ստիպված եղավ հողագործի շորերը փոխարինել զինվորական համազգեստով։ Վերադառնալուց հետո էլ դրանք չհանեց: Շատ վառ են տպավորվել պապիս զինվորական սապոգները, որոնք նրա ոտքերին էին անգամ ամռան տապին:
կարողացել եմ հրաժարվել
Հրաժարվել եմ իմ հանդեպ սխալ գործած մարդկանցից վրեժ լուծելու գայթակղությունից: Աշխատում եմ չկապվել սովորութային որևէ կապանքով, որ հեշտ կարողանամ հրաժարվել, երբ պահը գա: Մարդն իր կյանքում պիտի ամեն ինչ տեսնի ու անցնի։ Այդպես եմ հրաժարվել ծխելու վատ սովորությունից:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



փող
Պետք է կարողանաս հեշտ բաժանվել փողից՝ անկախ նրանից, թե ինչքան դժվար ես այն վաստակել: Նախ` ներքնակի տակ կամ թեկուզ բանկում պահած գումարը չի երջանկացնում։ Երկրորդ՝ ինչքան հեշտ ես բաժանվում, այնքան հեշտ է այն վերադառնում: Փողը հակասական սուբստանտ է. այն և՛ լավն է, և՛ վատը: Ըստ նպատակի և մոտիվացիայի` կարող է երջանկացնել կամ դժբախտացնել: