Տեղի ունեցավ «Երջանիկները ընթերցում են և սրճում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

November 21, 2023

«Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Եվ գրող Անյես Մարտեն-Լյուգանն ընթերցողին որպես հոգեբան ցույց է տալիս՝ ինչպես հաղթահարել վիշտը, երբ կորուստն ու ցավն անհամատեղելի են կյանքի հետ։ Հեռուստաշնորհանդեսին հայերեն թարգմանության հեղինակը, խմբագիրն ու հոգեբանը ներկայացրել են՝ ինչու է գիրքն արդեն 10 տարի բեսթսելլեր Եվրոպայում։

Վեպում 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է ամուսնուն և չորսամյա դստերը: Ինչպես հաղթահարել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնելու մասին: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Հասմիկ Առաքելյանը։  

«Պարզ ու անկեղծ լեզվով այս գիրքն ամենևին էլ պարզունակ չէ։ Սա մի երիտասարդ կնոջ պատմություն է, որը գրված է հոգեբանի լեզվով ու որը ցույց է տալիս՝ ինչպես ազատվել կորուստի ցավից։ Գիրքը մեծ հաջողություն է բերել նաև գրողին։ Սա իր 11-րդ գործն է։ Օրերս եմ վերադարձել Ֆրանսիայից ու պետք է նշեմ, որ Փարիզի մետրոյի կայարանների պատերին փակցված էր Անյես Մարտեն-Լյուգանի նոր գրքի շապիկը։ Նա շատ ճանաչված գրող է»։

Հեռուստաշնորհանդեսին թարգմանիչը պատմեց, որ երբ գրողը սոցցանցում տեսել է, որ իր գիրքը թարգմանվել է հայերեն, միանգամից կապ է հաստատել Հասմիկ Առաքելյանի հետ ու շնորհակալություն հայտնել։  Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանն վեպը գրելիս գործի է դրել իր մասնագիտական բոլոր հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ` ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները։ Հոգեբան Իռեն Թաիրյանի բնորոշմամբ, գրողը նաև ցույց է տալիս սթրեսից հետո մարդու վերականգնման փուլերը.

«Ինչպես երկիրն է պատերազմից հետո ոտքի կանգնում, անտառը վերականգնվում հրդեհից, այնպես էլ մարդն է դանդաղ, դժվար անցնում այդ ճանապարհը։ Հենց այդ հետտրավմային վիճակն է ներկայացրել Լյուգանը։ Հերոսուհին փախչում է ինքն իրենից, հետո բոլորից, հեռուս հեռվում հանդիպում է մի մարդու, որը ևս ունեցել է նման տրավմա։ Կարեկցանքն էլ օգնում է հաղթահարել ցավը»։

Խմբագիր Մարգարիտ Սարգսյանի խոսքով, գիրքն ապրելու և կյանքը նորից սկսելու հնարավորություն է. «Ժամանակակից գրականություն է, որը ներկայացնում է ժամանակակից խնդիրներ, զգացմունքներ, հարաբերություններ։ Մեր առջև հայտնվում է 21-րդ դարի մարդը՝ ներփակված, լուռ, չշփվող։ Գրականության մեջ թեմաները նույնն են, էվոլյուցիա է ապրում մարդու վերաբերմունքը կյանքի ու հարաբերությունների նկատմամբ։ Այս ամենը կարելի է տեսնել գրքում»։  

Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: Գիրքը հասանելի է բոլոր գրախանութներում և Newmag.am կայքում։

Կարդացեք նաև