[Արևելյան խոհանոց] Քրդերի անկախության առաջին քայլերը. դրոշ Քիրքուքում և հանրաքվեի որոշում

April 11, 2017

Երբ մոլլա Մուսթաֆա Բարզանին՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկա նախագահի հայրը, 1946-ին հիմնեց Քուրդիստանի դեմոկտրատական կուսակցությունը, նրա հիմնական նպատակը քրդերի ինքնավարությունն էր: Երեք տասնամյակ անց նա հրաժարվեց պաշտոնից՝ իր որդի Մասուդի օգտին: Բարզանի կրտսերը հետևեց հոր քայլերին և մինչև 2000-ականներն անկախության մասին չէր խոսում: Այդ ժամանակ  Քրդական տարածաշրջանին սահմանադրական կարգավիճակ տրվեց ու միևնույն ժամանակ սրվեցին քրդերի և Իրաքի կառավարության հարաբերությունները:
Երբ քրդերը սկսեցին խոսել անկախության մասին, հիշեցին, որ 1922-ից մինչև 2003-ը՝ Սադամ Հուսեյինի կառավարման վերջին օրը, 2.500 քրդական գյուղեր են ավերվել, 182.000 քուրդ է սպանվել, 12.000-ն անհետ կորել: Եվ այսքանից բացի, 1988-ի մարտին քրդական Հալաբջա քաղաքում քիմիական զենքի կիրառման հետևանքով 5.000 քուրդ է սպանվել: Քուրդիստանում նաև ներքին խնդիրներ կան՝ խորհրդարանը չի գործում, կուսակցությունների միջև անվստահություն է, և հակառակ հարուստ ռեսուրսներին, տնտեսական խնդիրներ կան: Եվ այս խնդիրների լուծումը քրդերն այլևս Բաղդադում չեն տեսնում: Բարզանին խոսեց նաև քրդերի անկախության թիվ մեկ հակառակորդի՝ Թուրքիայի մասին: Բացատրեց՝ անկախանալու են միայն Իրաքի քրդերը և նրանք ոչ մի կապ չունեն Թուրքիայի քրդերի հետ: Նույնիսկ հույս հայտնեց, որ Թուրքիան կօգնի իրենց:






Եվ այսպես քրդերը սկսեցին պարբերաբար սպառնալ Բաղդադին անկախության հանրաքվեով: Բայց ամեն ինչ իրար խառնեց Իսլամական պետությունը, երբ 2014-ին ու մի քանի օրում գրավեց Իրաքի կեսը, նաև քրդաբնակ շրջանները: Այդ ժամանակ արդեն առաջնահերթն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելն էր, իսկ քրդերը միակ ուժն էին, որ կարող էին ծայրահեղականների դեմ ցամաքային մարտեր մղել: Քրդական փեշմերգան իսկապես կարողացավ զսպել ահաբեկիչներին: Ավելին՝ որոշ տեղերում ստիպեց նահանջել:
Ռազմական հաջողություններն անկախության հարցը նորից օրակարգ բերեցին ու ավելի քննարկվող դարձրեցին: Իսկ ամեն ինչ սկսվեց գազանավթային Քիրքուքում. բոլոր պետական շենքերի տանքիներին բարձրացվել են Իրաքյան Քուրդիստանի դրոշները: Բաղդադն ու Անկարան արձագանքեցին անմիջապես: Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադին կոչ արեց իջեցնել դրոշները: Թուրքիայի նախագահն ընդհանրապես չզսպեց զայրույթը՝ պահանջեց իջեցնել դրոշները: Անջատողական քրդերը զավթողական ծրագրեր ունեն, ասաց Էրդողանը:  
Ուշագրավ է նաև հենց քաղաքի ընտրությունը: Քիրքուքը միշտ եղել է արաբների, քրդերի և թուրքոմանների կռվախնձորը: Իրաքի վիճելի տարածքներից է և Բաղդադի, Էրբիլի ու Անկարայի միջև հակասությունների պատճառներից մեկը: 2014-ին օգտվելով ԻՊ ստեղծած իրավիճակից, քրդերն այնտեղ վերահսկողություն հաստատեցին ու քաղաքը Իրաքյան Քուրդիստանի անբաժան մասը հայտարարեցին: Դրոշ բարձրացնելը քրդերի երկրորդ վճռական քայլն էր: Դրանից հետո քրդական մի քանի կառույցներ խորհրդակցել են ու որոշել՝ անկախության հանրաքվե կանցկացնեն: Այս խորհրդակցության ժամանակ ևս մի կարևոր որոշում է կայացվել՝ հանրաքվեից առաջ հատուկ հանձնախումբ ստեղծել, որը կհանդիպի Քուրդիստանի տարածքում ապրող բոլոր էթնիկ խմբերի, Քուրդիստանի բոլոր հարևան պետությունների առաջնորդների հետ: Հանձնախումբը, իրականում դեռ չի ձևավորվել, բայց քրդերի մի խումբ արդեն մեկնել է Բաղդադ՝ բանակցությունների: Քրդերը փորձում են ամեն ինչ անել հանրաքվեն Բաղդադի համաձայնությամբ և առանց ավելորդ խնդիրների անցկացնելու համար: Այս ամենը նշանակում է, որ այս անգամ քրդերը լրջորեն են տրամադրված, բայց իրատեսությունը հավելում է՝ աշխարհաքաղաքական կենտրոններին, տարածաշրջանային գերտերություններին և հարևաններին համոզելու հարցում նրանք ջանքեր պետք է գործադրեն:
Որոշիչ կլինի Անկարայի արձագանքը: Քուրդ փորձագետները համոզված են՝ թեև Էրդողանը դեմ է Քիրքուքում քրդական դրոշին, հանրաքվեին թուրքական վերաբերմունքը բոլորովին այլ կլինի՝ ավելի հավասարակշռված: Քանի որ Անկարան և Էրբիլը քաղաքական հարաբերություններ ունեն և Քուրդիստանի նավթն արտահանվում է Թուրքիայի տարածքով: Թուրքիան կարող է նաև անկախ Քուրդիստանը դիտարկել որպես բուֆերային գոտի Իրանի տարածաշրջանային հավակնությունների դեմ: