The New Yorker. Ինչո՞ւ են քրդերը բոլորին ընդդիմադիր և կռվում բոլորի դեմ

The New Yorker. Ինչո՞ւ են քրդերը բոլորին ընդդիմադիր և կռվում բոլորի դեմ

Ինչո՞ւ է Սպիտակ տունը ցանկանում քրդերին փրկել իրաքյան ԻԼԻՊ-­ի­ց, երբ քրդերի նպատակն այլ էր:

Քրդական բանակի նախկին հրամանատար Նաջաթ Ալի Սալեհին հոկտեմբերի 8-ի երեկոյան կանչել էին Իրաքի հյուսիսային շրջանները գրաված քրդական ինքնավար բնակավայրերի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման: Պարտիզանական պայքարի մեծ փորձ ունեցող Բարզանին անհանգստացած էր. դրանից 24 ժամ առաջ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալներն ավերել էին քրդական տարածքները: Զինված գործողությունները սկսելով Իրաքի արևմտյան հատվածից ու գրավելով Մախմուր և Սինջար քաղաքները՝ նրանք կանգ էին առել մայրաքաղաք Էրբիլից 15 կմ հեռու գտնվող ավանում:

Քրդական բանակը տարածաշրջանում հայտնի էր իր վայրագությամբ, նրա զինյալներին անվանում էին փեշմերգա` մահապարտ. պարտությունը նրանց համար նվաստացում էր:

«Մենք լիովին անպատրաստ էինք դիմակայել նրան, ինչ պատահեց»,-ասաց ինձ Սալեհը:

Սադդամ Հուսեյնի դեմ պայքարող քրդական պատերազմի վետերան Սալեհը կրկին ծառայության էր կանչվել: Նրան հանձնարարված էր հետ վերցնել Մախմուր քաղաքը ու հետ մղել ԻԼԻՊ-ի զինյալներին: Աշխատելով շատ արագ՝ Սալեհը հավաքեց մի քանի հազար զինվորներին ու կարողացավ մեկ օր անց հետ վերցնել գրավված քաղաքը, իսկ հաջորդ մի քանի օրերի ընթացքում վերցրեց ևս 2 տասնյակ գյուղեր և քաղաքներ` գերի չվերցնելով ոչ մի զինյալի. միայն մահ:

ԻԼԻՊ-ի և քրդական բանակի բախումների ճակատը 1000 կմ երկարությամբ ձգվում է Իրաքի հյուսիսարևելյան հատվածում` հատելով Քուրդիստանի տարածքը, որի անկախության համար են քրդերը պատերազմում: Ամբողջ Մերձավոր Արևելքում ապրում է ավելի քան 300 միլիոն մարդ, որոնց մեջ քրդերը աշխարհի ամենամեծ էթնիկ խումբն են` առանց սեփական պետության: Իրաքյան Քուրդիստանում ապրում է այդ 300 միլիոնի մեկ քառորդը: Այն փակ տարածք է Թուրքիայի, Իրանի և Իրաքի արանքում: Բաղդադի կառավարության համար անընդունելի է քրդերի անկախացումը:

newyorker

ԻԼԻՊ-ի առաջխաղացումը քրդերի համար ռիսկային է, բայց նաև նոր հնարավորություններ է ընձեռում նրանց: ԻԼԻՊ-ի բանակը, դուրս գալով Սիրիական անապատից, հունիսին մոտեցավ Իրաքի երկրորդ քաղաքին` Մոսուլին: Իսլամիստական ուժերն իրենց վերահսկողությունը հաստատեցին այստեղ, իսկ իրաքյան բանակը փախուստի դիմեց` տարածաշրջանը թողնելով բախտի քմահաճույքին: Քրդերը, օգտվելով ստեղծված քաոսից, զավթեցին մեծ տարածքներ, որոնք պատկանում էին և´ Քուրդիստանին, և´ Իրաքի կառավարությանը:

Քաղաքական կլիման` ձեռք բերված նոր տարածքներով, անկախության համար խոստումնալից էր թվում: Տարածաշրջանը նաև նոր տնտեսական հզորություն էր ձեռք բերում վերջին տասնամյակում հայտնաբերված նավթի հսկայական պաշարներով: Բարզանին քրդական խորհրդարանին հուլիսին խնդրել էր պատրաստվել ինքնորոշման քվեարկության: «Եկել է ժամանակը, որ ինքներս որոշենք մեր ճակատագիրը, և պետք չէ սպասել, որ ուրիշները դա անեն մեր փոխարեն»,-ասել է Բարզանին:

2003 թվականից, երբ ԱՄՆ-ն, ավերելով Իրաք պետությունը, սկսեց միլիարդավոր դոլարներ ծախսել նորը կառուցելու համար, քրդերը նրանց նվիրյալ դաշնակիցներն էին: Երբ ամերիկյան ուժերը 2011 թվականին հեռանում էին Իրաքից, քրդական տարածքում ամերիկացի որևէ զինվոր չզոհվեց: Երբ Իրաքի մեծ մասը կործանման եզրին էր, միայն քրդական շրջանակները հասկացան ԱՄՆ նախագահ Բուշի երազանքը, հասկացան, թե նա ինչու էր հրամայել գրոհել Իրաքը` մեծ մասամբ ժողովրդավարական և աշխարհիկ, տնտեսապես բարեկեցիկ երկիրը: Նախագահ Օբաման «Times»-ին տված հարցազրույցում նշել էր, որ քրդական կառավարությունը «գործում է այնպես, ինչպես մենք կցանկանայինք տեսնել այն»:

Քրդական բանակը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ օդային և ցամաքային ուժերից: Նախագահ Օբաման օգոստոսին կարգադրել էր քուրդ զինյալներին զենք մատակարարել գաղտնի: Օգոստոսի վերջին քրդական ուժերն արդեն հետ էին գրավել ԻԼԻՊ-ին ենթարկված տարածքների մեծ մասը:

Օբաման հանրությանը դիմելիս շատ զգուշավոր էր, բայց ակնհայտ էր, որ նրա վարչակազմը քրդերից ակնկալում է երկու կարևոր և անհամատեղելի գործողություն: Առաջին՝ լինելով այս քարոզարշավում կարևոր դաշնակից` ոչնչացնել ԻԼԻՊ-ը` իր ռազմական ֆինանսավորմամբ և սարքավորումներով: Երկրորդ՝ դիմակայել առանձնացող իրաքյան պետությանը: Վաշինգտոնը հստակ ընկալում է, որ եթե տարիներով անկախության ձգտող Քուրդիստան պետությունը դառնա իրական, ապա Իրաքում ազգակերտման ամերիկյան 20-ամյա նախագիծը հօդս կցնդի: Քուրդ առաջնորդներն էլ քաջ գիտակցում են, որ ԻԼԻՊ-ի առաջխաղացումն ու Սիրիայում տարիներ ձգվող անկայունությունը տարածաշրջանը տանում են դեպի անհայտություն:

***

Նոսրին Աբդուլ Քադերը 1988 թվականի մարտի 16-ին իր ընտանիքի հետ քրդական Հալաբջա քաղաքում էր, երբ լսեց պայթյունների ձայնը: Սկզբում Սադդամ Հուսեյնի կառավարումը, ապա Իրանի դեմ պատերազմը միավորել էին քրդերին: Նրանք միավորվել էին իրենց արտաքին թշնամիների դեմ:

«Այդ օրն օդանավերը սովորականից ցածր էին թռչում, և ես նույնիսկ կարողանում էի տեսնել օդաչուներին, որոնք լուսանկարում էին մեր քաղաքը: Մենք ընտանիքով շտապեցինք նկուղ` սպասելով ռմբակոծության ավարտին»,-պատմում է աղջիկը:

Մի քանի րոպե անց Քադերը նկատեց, որ իր ընտանիքի անդամների աչքերը խիստ կարմրած են, ինչին հետևեց նկուղ լցվող տհաճ հոտը: Ռմբակոծության ավարտից հետո դուրս գալով փողոց՝ նա նկատեց այլայլված մարդկանց, որոնց քթից արյուն էր հոսում: Նրանք թունավորվել էին, իսկ ընտանի կենդանիները սատկած էին:

Քադերին շրջապատող մարդիկ անկենդան հայացքներ ունեին. աղջիկը սկսեց վազել անորոշ ուղղությամբ և հայտնվեց անհայտ վայրում անծանոթ մարդկանց հետ: Քաղաքից դուրս օդն առավել մաքուր էր և շնչելու համար պիտանի: Անծանոթների խմբի հետ շարունակելով ճանապարհը՝ Քադերը տեսնում էր մարդկանց ու կենդանիների անշնչացած մարմիններ, հանդիպում էր ցնորված մարդկանց, որոնք չէին գիտակցում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Թունավորումն իր հետևանքն էր թողել նաև 16-ամյա Քադերի վրա: Նա աստիճանաբար կորցնում էր տեսողությունը, մարում էր նաև հիշողությունը: Մի քանի օր անց Քադերն արթնացավ իրանական հիվանդանոցում: Աղջիկը կուրացել էր, բժիշկները չէին կարողանում կանգնեցնել ներքին օրգանների արյունահոսությունը: 20 օր անց աղջկա վիճակը կայունացավ, և միայն այդ ժամանակ նա գիտակցեց, որ իրենց քրդական փոքրիկ քաղաքը ենթարկվել էր քիմիական հարձակման:

42-ամյա Քադերին ես հանդիպեցի Հալաբջայի զոհերի հիշատակին նվիրված թանգարանում: Սադդամ Հուսեյնի կառավարությունը քրդերին թունավորել էր մանանեխի հիմք ունեցող գազով: 5000 մարդ էր զոհվել այդ օրը` ներառյալ Քադերի 17 բարեկամները: Սա Հուսեյնի կառավարման առավել հանցավոր դեպքերից մեկն էր: Նրա ռեժիմի անկումից հետո վերականգնվել էր մի ձայնագրություն, որում Հուսեյնի զարմիկ Ալի Հասան ալ-Մաջիդը հայհոյում էր միջազգային հասարակությանը` սպառնալով ոչնչացնել բոլորին:

Հալաբջայի բնակիչները մինչև օրս տառապում են քիմիական զենքի կիրառման պատճառով ձեռք բերած շնչառական հիվանդություններից:

«Այդ օրից հետո ես նորմալ կյանք չեմ ունեցել, քանի որ չեմ կարող գեթ մեկ օր ապրել առանց դեղի»,-պատմում է Քադերը:

Այդ հարձակումը վերապրած շատ կանանց պես Քադերը չէր կարողանում առողջ սերունդ տալ, քանի որ երեխաները ծնվում էին արատներով` չապրելով անգամ մեկ շաբաթ: Մինչև 2000 թվականը Քադերը բուժվում էր` անցնելով վերականգնողական կուրսեր: 12 տարի անց նա կարողանում է կրկին մայրանալ: Այժմ նա 3 առողջ երեխաների մայր է:

«Միակ բանը, որի համար ես աղոթում եմ, առողջ և պայծառ ապագան է իմ երեխաների համար. իմ ներսում գտնվող անձը վաղուց մահացել է»:

1988 թվականի իրադարձություններից հետո Քադերի համար գոհության պահը 2003 թ. դեկտեմբերին Սադդամ Հուսեյնի ձերբակալությունն ու մահն էին:

Քրդերի դեմ իրականացված բռնությունները Մասուդ Բարզանիին ազատել են Իրաքն արտաքին թըշնամիներից պաշտպանելու պարտականությունից: «Մենք ջանքերի գերլարումով կստեղծենք նոր Իրաք` հիմնված նոր սկզբունքների վրա»:

newmag5333_print

Իրաքը ստեղծվել է 1920 թվականին՝ ժամանակակից Մերձավոր Արևելքը ձևավորող հետպատերազմյան հակամարտության կարգավորման արդյունքում: Ի սկզբանե այն եղել է Օսմանյան կայսրության երեք նահանգների խառնուրդ` հիմնականում շիա բնակչությամբ հարավում, սուննիներով կենտրոնում և հիմնականում քրդերով բնակեցված հյուսիսով: Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի բազմաթիվ ազգություններ ստացել են պետություն, սակայն քրդերը բաժանվել են Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի միջև:

Բարզանին ծնվել է 1946 թվականին քրդերի պատմության մեջ անկախությանն ամենամոտ Մահաբադի Հանրապետությունում` Իրանի հյուսիսում գտնվող ինքնավար մարզում: Մահաբադը մեծ աջակցություն էր ստանում Խորհրդային միությունից, և երբ Կարմիր բանակը արևմտյան ճնշման ազդեցությամբ դուրս բերվեց այստեղից, քրդական հանրապետությունը փլուզվեց: Այդ ժամանակ Մուստաֆա Բարզանին` Մասուդի հայրը, քրդերի առաջնորդն էր: Նա ստիպված էր փախչել` թողնելով կնոջն ու նորածին որդուն: Նա իր ընտանիքի հետ միավորվեց միայն 12 տարի անց: Քրդերը մինչև օրս հիշում են Մուստաֆա Բարզանիի հերոսական կերպարը: Մասուդի համար հայրը հեռավոր մի կերպար էր, որին, թվում էր, իրենից բացի, բոլորը ճանաչում են:

Քուրդ ապստամբները 70-ականների կեսին Իրանի շահի, Իսրայելի և ԱՄՆ ԿՀՎ աջակցությամբ Իրաքի հյուսիսային շրջաններում ինքնավար մարզ ստեղծեցին: Խարիզմատիկ, բայց միամիտ Մուստաֆա Բարզանին ամերիկյան հետաքրքրությունը դիտեց որպես հաղթանակի երաշխիք:

«Իմ հայրը երբեք չի վստահել Իրանի շահին, բայց հավատում էր Ամերիկային»,-ասել է Մասուդը:

Շահը, 1975 թվականին մասնակի խաղաղություն հաստատելով Սադդամ Հուսեյնի հետ, դադարեց աջակցել քրդերին: Մուստաֆայի խորհրդական Մահմուդ Օսմանը հայտարարեց, որ շահն այդպես է որոշել, քանի որ մի մութ գործարքի հետևանքով քրդերը պարտվող կողմ են ստացվել: Շահի օրինակին հետևեցին նաև ԿՀՎ-ն և Իսրայելը: Իրաքյան բանակը տարածաշրջանում սկսեց հզորանալ, և սա քրդերին ստիպեց լքել իրենց բնակավայրը: Մի քանի ամիս անց պարզվեց, որ Մուստաֆա Բարզանին տառապում է թոքերի քաղցկեղով: Նա կյանքի վերջին ամիսներն անցկացրեց ԱՄՆ-ոմ: Նախքան իր մահը նա ԱՄն նախագահ Ջիմի Քարթերին գրել է. «Եթե անվերապահորեն չհավատայի ԱՄՆ-ին, կարող էի կանխել այն աղետը, որը բաժին հասավ իմ ժողովրդին»:

Քրդերի և ԱՄՆ հարաբերությունները շատ նման են ճոճվող նավակի: Այն տատանվում է ամեն անգամ, երբ Վաշինգտոնն աջակցում է քրդերին, ապա` դադարում աջակցել: Սրանց էլ հետևում են քրդերի երախտագիտությունն ու հետո էլ` անվստահությունը: Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի երիտասարդ աշխատակից Փիթեր Գալիբրեյթը 1987 թվականի սկզբին, կոլեգաների հետ պաշտոնական այցով լինելով Իրաքի քրդական հատվածում, անցել է նրանց ամայացած գյուղերով: Ամերիկյան ռազմական քարտեզներում պատկերված քրդական գյուղերը պարզապես չկային երկրի երեսին: Նրան թույլատրված չէր դուրս գալ մեքենայից: Այն, ինչին նա հանդիպեց կամ տեսավ ճանապարհին, պարզապես ցնցող էր. «Ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում քրդերի բնակավայրերում»:

Վերադառանալով ԱՄՆ՝ Գալիբրեյթը սկսեց ուսումնասիրել քուրդ քաղաքացիների զեկույցները, որոնք վերաբերում էին քիմիական թունավոր գազի հարձակման ենթարկվելուն: Իրան-իրաքյան պատերազմը նոր էր ավարտվել, և բոլորի համար պարզ էր, թե ով է գործածել քիմիական զենքը: «Սադդամը մտադիր էր քրդերի ցեղասպանություն իրականացնել»: Երբ Գալիբրեյթը և նրա կոլեգաներն այցելեցին իրաքյան սահմանը, պարզ դարձավ, որ քուրդ փախստականները տառապում են թունավոր գազի հետևանքներից:

Փիթեր Գալիբրեյթն ականատեսն էր «Anfal» քարոզարշավին: Այն իր անունը ստացել էր Ղուրանի մի սուրահից, ըստ որի՝ մարգարեի հետևորդները պետք է պայքար մղեն անհավատների բանակի դեմ: Սադդամ Հուսեյնը «Anfal» շարժումը ձևավորել էր 1987 թվականին` սկսելով քրդական գյուղերի ավերածություններից` նպատակ ունենալով ոչնչացնել բնակչությանը: Փիթեր Գալիբրեյթը, աշխատելով սենատոր Քլայբորն Փելի հետ, առաջ քաշեց Սադդամ Հուսեյնի ռեժիմի դեմ սանկցիաներ կիրառելու նախագիծը, որը մերժվեց Կոնգրեսում:

1990 թվականի օգոստոսին Սադդամն իր զորքին հրամայեց մտնել Քուվեյթ: Արևմուտքը նրա հանդեպ դարձավ խիստ անհանդուրժողական: Քուվեյթյան ներխուժումը միջազգային մեծ արձագանք ստացավ, ԱՄՆ գլխավորությամբ ռազմական միջամտություն սկսվեց: Իրաքյան զորքը Քուվեյթից դուրս բերելու ցամաքային օպերացիան գործադրվեց կայծակնային արագությամբ` ընդամենը 100 ժամում: Այդ ընթացքում ապստամբություններ բարձրացրեցին իրաքյան քրդերը և երկար ժամանակ ճնշումների ենթարկված շիա մահմեդականները: Քրդերին օժանդակում էին ամերիկյան պաշտոնյանները: Նրանք քրդերին ռադիոկապով հորդորում էին Սադդամ Հուսեյնի հետ հաշվեհարդար տեսնել:

Սադդամի բանակը, շարժվելով ամերիկյան ուղղաթիռների հետագծով, սարսափելի հակահարված տվեց ապստամբներին` սպանելով ավելի քան 150 000 շիաների: 2 միլիոն քրդեր ենթարկվեցին գազային հարձակումների` փախչելով Իրան և Թուրքիա: Տասնյակ հազարավորներն էլ ճանապարհին մահացան զրկանքներից կամ ռմբակոծություններից: Իրաքի հյուսիսում ծավալված ոճրագործությունների հետևանքով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը հրաժարվեց միջամտել դեպքերի ընթացքին՝ համարելով, որ դա կլինի միջամտություն Իրաքի ներքին գործերին: Մասուդ Բարզանին, որն իր հոր մահից հետո ղեկավարում էր Քուրդիստանի ժողովրդական կուսակցությունը, այդ դեպքերի ժամանակ մնացել էր մի քանի հարյուր զինվորականների հետ՝ Սադդամի օրեցօր ահագնացող դաժանության դեմ: Ջորջ Բուշն այդ ժամանակ ամերիկյան օդուժին հրամայեց Իրաքի հարավային և հյուսիսային հատվածներում ոչ թռիչքային գոտիներ սահմանել` սպառնալով ոչնչացնել ցածր թռչող իրաքյան օդանավերը:

Ոչ թռիչքային գոտիները հանգեցրեցին նրան, որ Սադդամ Հուսեյնը Բարզանիին հրավիրեց Բաղդադ` համաձայնության գալու նպատակով: Բարզանին միայնակ գնաց նրա գրասենյակ. «Այն հինգ րոպեների ընթացքում, երբ ես կանգնած էի այնտեղ` զրկված շնչելու ունակությունից, թվում էր՝ կմահանամ սրտի կաթվածից: Ի վերջո ասացի Սադդամին. «Ես անցել եմ արյան ծովի միջով»: Սադդամն այդ օրը ջերմ և հարգալից էր իմ հանդեպ: Նա անձամբ թեյ լցրեց իմ բաժակը` ասելով, որ իր թեյը թունավորված չէ: Մեր բոլոր հանդիպումների ժամանակ նա միշտ քաղաքավարի է եղել ինձ հետ: Բայց նրա գործողությունները… Սատանան անգամ չէր կարող նման արարքներ թույլ տալ իրեն»:

Սադդամի հետ գործարքը տապալվեց, սակայն ամերիկյան ինքնաթիռների և փեշմերգայի ճնշման տակ 1991 թ. հոկտեմբերին Սադդամն իր զորքը դուրս բերեց Քուրդիստանի տարածքից: Այն ժամանակ Արևմուտքում քչերն էին գիտակցում, որ Հյուսիսային Իրաքում ոչ թռիչքային գոտու ստեղծումով զարկ տրվեց քրդերի ինքնիշխանությանը: Քրդերը կարողացան 12 տարվա ընթացքում զարգացնել ինստիտուցիոնալ ենթակառուցվածքները: «Ոչ թռիչքային գոտին ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենաարդյունավետ գործիքներից մեկն էր»,-նշեց Գալիբրեյթը:

Քրդերն իրենց հնարավորությունն էին տեսնում դեռևս 1991 թ., երբ իրաքյան բանակը դուրս եկավ քրդական տարածքներից, և Բարզանին հայտարարեց քրդական խորհրդարանի կայացման մասին: Փոխվեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Բարզանին իր կյանքի ընթացքում առաջին անգամ մի կողմ դրեց զենքը: Այն ժամանակ իր մի ելույթում Բարզանին նշեց. «Մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ քրդերը խիզախ են ու հզոր մարտի դաշտում, բայց նաև կարողանում են հարգել օրենքները»:

ՀԵՂԻՆԱԿ` ԴԵԽԹԵՐ ՖԻԼՔԻՆԶ

Գրել կարծիք