Բացահայտ անեքսիայի ճանապարհին. Թուրքական զինուժի սիրիական գործողությունը

Բացահայտ անեքսիայի ճանապարհին. Թուրքական զինուժի սիրիական գործողությունը

Էրդողանը Հալեպում կառավարական զորքի հաջողությունից հետո հայտարարեց, որ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է Ասադի ռեժիմը տապալելու համար: newmag-ն ամբողջացրել է փաստեր ու հայտարարություններ, որոնք ցույց են տալիս սիրական Հալեպ նահանգում ու քաղաքում թուրքական հավակնությունները:

Նախ՝ պատմությունը. Արևելք-Արևմուտք խաչմերուկին Հալեպի նահանգի աշխարհագրական դիրքը ստրատեգիական է: Օսմանյան կայսրությունում տնտեսության զարգացման տեմպով նահանգի գլխավոր քաղաքը՝ Հալեպը, զիջում էր միայն Կ.Պոլսին: 1918-ին Խան Թումանի ճակատամարտում թուրքերի պարտությունից ու Առաջին համաշխարահային պատերազմի ավարտից հետո նահանգի տարածքն անցավ նորաստեղծ Սիրիական թագավորության վերահսկողության տակ: Անկարան մեծ հաշվով երբեք չի թաքցրել Հալեպի նահանգը վերադարձնելու հավակնությունը: 822 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանն այսօրվա վերջնական տեսքով գծագրվել է 1939-ին, երբ Թուրքիան անեքսիայի ենբթարկեց Հաթայ նահանգը:

Ի՞նչ են ասում. Թուրքիայի և Սիրիայի նախագահները: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հալեպում կառավարական զորքի հաջողությունից անմիջապես հետո հայտարարեց, որ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է Ասադի ռեժիմը տապալելու համար: Շտապեց ավելացնել՝ իր աչքը սիրիական հողի վրա չէ: Ասադի գլխավոր դաշնակից ռուսները արձագանքեցին՝ Թուրքիայի հետ այսպես չէին պայմանավորվել: Էրդողանը մեղմեց տոնը՝ վերահայտարարելով, թե այդ նույն թուրքական զորքի խնդիրը մեկ անձը չէ:


[ Արևելյան խոհանոց ]


Սիրիայի նախագահն առաջարկում է տրամաբանել՝ Հալեպը մոտ է թուրք-սիրիական սահմանին: Ահաբեկչական խմբավորումները կուտակվել են այստեղ, 4 տարի գոյատևում և ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, որովհետև լոգիստիկ աջակցություն ստանալու աղբյուրը մոտ է: Ասադի ձևակերպմամբ, Թուրքիան Արևմուտքի և Ծոցի երկրների դաշնակիցն է` նրանց սիրիական նախագծում: Հալեպում ընդդիմադիրների պարտությունն ու ոչնչացումը փորձում են կանխել հենց այդ պետությունները՝ ՄԱԿ-ում հրադադարի մասին բանաձևով, Գլխավոր վեհաժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով:

Հալեպում չափավոր կոչվող ընդդիմության հետևից Թուրքիայի ականջները երևացին, երբ 2015-ի օգոստոսին թուրքական լրատվական գործակալությունները հաղորդեցին՝ այդ չափավոր ընդդիմությունը որոշել է քաղաքի իրենց վերահսկած տարածքներում օրինականացնել թուրքական դրամական միավորի՝ լիրայի օգտագործումը: Իսկ քաղաքն ազատագրելու ռազմական գործողության ժամանակ հայտնաբերվեցին քիմիական նյութերի պահեստներ: Դրանցից մեկը հատկապես ուշագրավ էր: Քրդական ուժերի բացահայտած արտադրամասի պատին Թուրքիայի դրոշն է ու պաստառ, որը տեղեկացնում է՝ օգնություն են ստանում Եվրոպայի թուրքերի կոնֆեդերացիայից, ավելի հստակ՝ Շվեյցարիայի թուրքերից:

Հալեպից 30 կմ դեպի հյուսիս-արևելք Ալ Բաբ քաղաքն է, որը դեռ վերահսկում են զինյալ ահաբեկիչները: Այն վերահսկող ուժը որոշակի արժեքավոր վերահսկողություն է ունենում նաև Հալեպի ու շրջակա բնակավայրերի վրա: Այդ ուղղությամբ են շարժվում ռուսական օդուժն ու սիրիական կառավարական բանակը, ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը, և իհարկե, Թուրքիայի հարավային Քիլիս նահանգից շարժվող թուրքական ռազմատեխնիկան և անձնակազմը: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են այս գոտում թեժ մարտերի մասին,  Իսլամականները՝ թուրքերի կորուստների: Այս լուրերին հետևեց տեղեկությունը, որ դեպի Ալ Բաբ է շարժվել Թուրքիայի բանակի 300 հատուկջոկատային:

Թուրքիան ուրվագծում է նաև ավելի հեռու նպատակներ. օրինակ` քրդերի վարհսկողության տակ գտնվող Մանմբիջ քաղաքը գրավելը: Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն 2015-ի օգոստոսին էր հայտարարել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին, որը նպատակ ունի գոնե բացառել Սիրիայի տարածքում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների միավորումը:

Գրել կարծիք