«Քաղաքներն այրվում են, մարդիկ մեռնում են կրակի մեջ». Կուրտ Վոնեգուտի հիշատակին

April 13, 2017

«Ուտոպիա 14 (Մեխանիկական դաշնամուր)», 1952


- Խնդիրը միայնությունն է ու որևէ խմբի չպատկանելը: Այստեղ առաջ ուղղակի խելագարվում էի միայնությունից ու մտածում էի՝ Վաշինգտոնում գուցե ավելի լավ լինի, որ այնտեղ գտնեմ մարդկանց, որոնցով երբևէ հիացել էի, ու նրանք գրավել էին ինձ: Փոլ, պարզվեց՝ Վաշինգտոնը Այլիումից տասն անգամ վատն է: Հիմար, ինքնասիրահարված, տգետ, երևակայությունից ու հումորից զուրկ մարդիկ: Իսկ կանայք՝ գորշ տիկիններ, որոնք գոյատևում են  իրենց ամուսինների փառքի ու կարողության հաշվին:   
- Լսիր, Էդ,- ժպտալով ասաց Փոլը, - Ամեն դեպքում լավ մարդիկ են:
- Իսկ ո՞վ լավը չէ: Երևի՝ ես: Ինձ կատաղեցնում է, որ նրանք բոլորից վեր են դասում իրենց, և այդ անիծված հիերարխիան, որը մարդկանց որակում է մեքենայի օգնությամբ: Այդպես վերևում հայտնվում են անգույն մարդիկ:

«Տիտանի ծովահարսները» 1959


- Ո՞վ եք Դուք:
- Ես դժբախտ պատահականությունների շղթայի զոհն եմ, ինչպես և բոլորս:
- Դժբախտ պատահականությունների շղթայի զո՞հ… Ահա՛ թե ինչ… Իսկ այդ պատահականություններից հատկապես ո՞րն եք համարում ամենանշանակալին:
- Պետք է մտածել:
- Ես կազատեմ Ձեզ այդ բեռից: Ամենամեծ դժբախտությունը, որ պատահել է Ձեզ հետ, այն է, որ լույս աշխարհ եք եկել:





«Մայր խավար», 1961


- Առաջ դա Հաշտության օրն էր, հիմա՝ Վետերանների:
- Դա քեզ հիասթափեցրե՞ց,- հարցրեց նա:
- Դա այնքան էժանագին է ու այնքան բնորոշ Ամերիկային, - ասաց նա,- Առաջ դա առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրն էր, բայց ողջերը չկարողացան զսպել իրենց ու չյուրացնել այն՝ իրենց վերագրելով զոհվածների փառքը: Այնքան բնորոշ է: Հենց այդ երկրում արժանի ինչ-որ բան է հայտնվում, այն ծվատում ու ցրում են ամբոխի մեջ:
- Դու ատում ես Ամերիկան, այնպես չէ՞:
- Դա նույնքան հիմարություն է, որքան այն սիրելը,- ասացի ես:- Ես չեմ կարող որևէ զգացում ունենալ նրա նկատմամբ, որովհետև «անշարժ գույքն» ինձ հետաքրքիր չէ:

«Օրորոց կատվի համար», 1963


Սկզբում Աստված ստեղծեց երկիրն ու դրան նայեց իր տիեզերական միայնությունից: Ու Աստված ասաց. «Կավից կենդանի էակներ կստեղծենք, թող կավը տեսնի, թե ինչ ենք արարել»: Ու Աստված ստեղծեց կենդանի էակներին, որոնք մինչև հիմա շարժվում են երկրի վրա, նրանցից մեկն էլ մարդն էր: Եվ կավի միայն այդ գունդը, դառնալով մարդ, կարող էր խոսել: Աստված ավելի մոտ եկավ, երբ կավից ստեղծած մարդը վեր ելավ, շուրջը նայեց ու խոսեց: Մարդն աչքով արեց ու բարեհամբույր հարցրեց. «Ո՞րն է այս ամենի իմաստը»:
- Մի՞թե ամեն ինչ պետք է իմաստ ունենա,- հարցրեց Աստված:
- Իհարկե, - ասաց մարդը:
- Այդ դեպքում առաջարկում եմ գտնել այդ իմաստը, - ասաց Աստված ու հեռացավ:

«Սպանդանոց համար 5 կամ երեխաների խաչակրաց արշավանքը», 1969


Ի՞նչ են սովորեցնում համալսարաններում: Այն, որ չկան ծիծաղելի, հիմար ու չար մարդիկ: Եվ իզուր: Ի՞նչ է սովորեցնում անիծված կյանքը: Այն, որ քաղաքներն այրվում են, իսկ մարդիկ, կարևոր չէ, հիմար, ծիծաղելի, թե չար, պարզապես մեռնում են կրակի մեջ: