Մեր լավագույն զրույցները էկրանին են, հույզերը օրագրից տեղափոխվել են ֆեյսբուք. թղթե նամակների վերացող մշակույթը

June 14, 2016

Ես միակ երեխան էի, որն օրվա վերջում ստուգում էր փոստարկղը: Բանն այն է, որ մայրս երբեք չի վստահել էլեկտրոնային փոստին, ֆեյսբուքին կամ ՍՄՍ-ներին: Մյուս երեխաները հաղորդագրություններ էին ուղարկում իրենց ծնողներին, իսկ ես փոստարկղի մոտ կանգնած նամակի էի սպասում:
Քոլեջն ավարտելուց հետո, երբ տեղափոխվեցի Նյու-Յորք, շատ ճնշված էի: Միակ բանը, որ անցավ մտքովս, մորս պես նամակներ գրելն էր… անծանոթներին: Հազարավոր նամակներ գրեցի: Ամեն տեղ թողնում էի դրանք՝ սրճարաններում, գրադարաններում, ՄԱԿ-ի շենքում… Դրա մասին նույնիսկ բլոգ գրեցի: Խոստացա, որ եթե ինչ-որ մեկը ձեռագիր նամակ ցանկանա, ես կգրեմ՝ առանց ավելորդ հարցերի: Մի գիշերում էլեկտրոնային փոստս վերածվեց այսպես ասած՝ կոտրված սրտերի կացարանի:

Միայնակ մայրը` Սաքրամենտոյից, ճնշված աղջիկը` Կանզասից, բոլորը խնդրում էին գրել իրենց:

Այսօր ես հիմնել եմ գլոբալ մի կազմակերպություն, որը զբաղվում է հենց այդպիսի նամակներով: Անծանոթ մեկը գրում է մեկ այլ անծանոթի, երբ նա ամենից շատ է սպասում այդ նամակին: Նրանք դա չեն անում երբևէ հանդիպելու կամ սուրճ խմելու ու միասին ծիծաղելու ակնկալիքով: Նրանք պարզապես գրում են իրար փոստով:


[ newmag x ted ]



Բայց գիտե՞ք՝ ինչն է ինձ հուզում: Այս նամակները գրել են մարդիկ, որոնք չեն էլ կասկածել, որ սիրահարված են թղթին: Նրանք իմ սերնդից են: Նրանք մեծացել են և հայտնվել մի աշխարհում, որտեղ թուղթ չկա:
Մեր լավագույն զրույցները էկրանին են, մեր ցավերը մենք օրագրից ֆեյսբուք ենք տեղափոխել և սկսել ենք ամեն ինչ տեղավորել 140 կամ ավելի քիչ նիշերի մեջ:

Խոսքն ամենևին էլ արդյունավետության մասին չէ: Երեկ մետրոյում էի: Նամակների այս զամբյուղը հետս էր: Մի մարդ հայացքը սևեռել էր վրաս, կարծես հարցնում էր. «Ինչո՞ւ ինտերնետ չես օգտագործում»: Եվ ես մտածեցի. «Գիտե՞ք ինչ կա, ես ոչ ստրատեգ եմ, ոչ էլ մասնագետ, ես պարզապես պատմություններ եմ պատմում»: Ես կարող եմ ձեզ պատմել մի կնոջ մասին, որի ամուսինը նոր է վերադարձել Աֆղանստանից, և նրա համար հեշտ չէ զրույց սկսել: Նա սիրային նամակներ է թաքցրել ամբողջ տնով մեկ՝ հասկացնելով ու ասելով. «Վերադարձի՜ր, եկ մոտս: Գտիր ինձ, երբ կարող ես»: Կարող եմ պատմել մի տղամարդու մասին, որը որոշել էր վերջ տալ կյանքին, ֆեյսբուքով հրաժեշտ էր տվել ընկերներին ու ընտանիքին:
Այսօր նա հանգիստ քնած է՝ նամակները գլխի տակ: Նամակներ, որոնք նա ստացել էր անծանոթից` ճիշտ ժամանակին:

Հիմա նամակ գրելը դարձել է արվեստ: Դժվար է նստել, վերցնի թղթի էջն ու ամբողջ հոգով մտածել ինչ-որ մեկի մասին: Ավելի դժվար է սա անել, երբ ինտերնետը միացրած է, այֆոնն է զրնգում, ու մենք միաժամանակ վեց զրույց ենք սկսել: Իսկապես արվեստի տեսակ է: Կարևոր չէ, թե սոցիալական քանի ցանցով ենք իրար կապված, մենք այս նամակները դեռ սեղմում ենք կրծքին ու գրկում ենք բառերը, որոնք ավելի ու ավելի բարձր են սկսում հնչել: Բառեր, որոնք մենք պետք է գրեինք մեր քույրերին ու եղբայրներին: Եվ նույնիսկ անծանոթներին: