Մերի Հարությունյանի մոնոլոգը

September 10, 2015

օր ու գիշեր
Վերջի սկիզբ և սկզբի վերջ. արևածագի հետ սկսվող ու մայրամուտի հետ ավարտվող օր: Արևածագից մայրամուտ ձգվող օրվա հետ՝ նոր հույսեր ու հույզեր, նոր զգացողություններ և նոր հայացք բացվող ու հեռացող օրվան: Երախտագիտություն Արարչին՝ արևածագը կրկին տեսնելու և մայրամուտի հետ օրվա արածիդ ու չարածիդ համար հաշվետու լինելու հնարավորության համար:
ուշանալու վախը
Երբեմն պատահում է, որ ուշանում եմ, բայց, վստահաբար, խրոնիկ ուշացողներից չեմ, որոնք ամենուր և մշտապես ուշանում են: Չեմ սիրում սպասել և աշխատում եմ չսպասեցնել ուրիշներին. դա դիմացինի ժամանակը վատնելու, ինչ-որ չափով նաև դիմացինի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եմ համարում:
ճամփորդություն
Միջավայրի փոփոխություն, որ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ իրականացնել ու վերադառնալ նոր լիցքերով, նոր արժեքների, մշակույթի, քաղաքակրթության հետ առնչվելուց հետո աշխարհընկալման մեջ որոշակի փոփոխություններով՝ ավելի իմաստնացած ու հոգեպես հարստացած: Բայց, ամենակարևորը, հայրենիք վերադարձից հետո՝ ունեցածդ ավելի գնահատելու, նորովի արժևորելու, պահպանելու և օտարներին ներկայացնելու ցանկություն: Երբեք չեմ հոգնում ճամփորդելուց:



ՄՈՆՈԼԳՆԵՐ



կյանքս կտամ
Հայրենիքս ու հավատս, հանուն որոնց այսօր էլ 18-19 տարեկան մեր եղբայրները սահմանին իրենց կյանքն են տալիս, որպեսզի մենք հանգիստ ապրենք ու վայելենք Աստծո տված մեծագույն շնորհը` կյանքը: Ուրեմն յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի այդ զոհաբերությանը, որն արվում է մեզ համար, մեր հարազատների ու մեր պետության հավիտենականության: Հատկապես մեր օրերում, երբ վտանգն այնքա՜ն իրական է ու մոտ, չես կարող այլ կերպ մտածել: