Տեղի ունեցավ Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ)

February 22, 2024

Newmag֊ը ձմեռային 3-րդ փառատոնին ներկայացրեց Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում. գաղափարից, մինչև արժեքի ստեղծում» գիրքը։ Նախագծերի կառավարման վերաբերյալ հայերեն առաջին բովանդակությամբ գիրքը մեծ ուշադրւության է արժանացել ընթերցողների շրջանում։ Աստղիկ Սահակյանն այս ոլորտում ամենաճանաչված մասնագետն է։ 2014 թվականից սկսած դասավանդում է նախագծերի կառավարում, հինգ տարին ՝ ՀԱՀ–ում, այնուհետև առանձին, ունեցել է հազարավոր ուսանողներ, թրեյնինգներ է իրականացրել բազմաթիվ հայտնի կազմակերպություններում։

Newmag հրատարակչությունը «Նախագծերի կառավարում» գիրքը ներկայացրեց Արմենիա Հ/Ը «Բարի լույս» հաղորդման ժամանակ։ Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ Աստղիկ Սահակյանի նախկին ուսանող, նախագծերի կառավարման մասնագետ Երվանդ Հովհաննիսյանը պատմեց, որ ներկա է եղել Newmag winter fest 2024 ֊ին՝ գրքի շնորհանդեսին։ Երկու ժամ սպասել է հերթում, որպեսզի գնի Աստղիկի «Նախագծերի կառավարում. գաղափարից, մինչև արժեքի ստեղծում»  գիրքը. «Շատ տպավորված եմ և փառատոնով, և գրքի շնորհանդեսով։ Նախագծերի կառավարման մասին առաջին հայալեզու գիրքն է»։

Գրքի հեղինակի հետ Երվանդ Հովհաննիսյանը ծանոթ է 10 տարի։ Մասնակցել է Աստղիկ Սահակյանի PMP հավաստագրի դասընթացին. «Ցանկացած պրոցես, գործընթաց, տարբեր ոլորտներում կարելի է դիտարկել որպես նախագիծ։ Օրվա պլանավորումից մինչև հյուրերի ընդունում, ցանկացած գործընթաց կարելի է բնորոշել որպես նախագիծ։ Այս գիրքը նախագծերը ճիշտ կառավարելու կոմպոնենտներն ու գործիքներն է տալիս։ Աստղիկի դասընթացները շատ պարզ են, մատչելի են, երկար ժամանակ միայն անգլերեն էր մասնագիտական գրականությունը, հիմա կա նաև Աստղիկի հայերեն լեզվով գիրքը։ Գիրքը խորհուրդ կտամ  կարդալ բոլորին, այն արդյունավետ կլինի բոլոր ոլորտների մասնագետների համար»։  

«Նախագծերի կառավարում» գրքի գլխավոր գործընկերը Էվոկա բանկն է։ Էվոկա բանկի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը պատմեց, որ որոշել էին այս աշխատության գործընկերը դառնալ դեռ այն ժամանակ, երբ գիրքը միայն դեռ գաղափար էր. «Այս գիրքը օգտակար հմտություններ, լայն գործիքակազմ կտա բոլոր մասնագետներին՝ նախագծերի կառավարիչներին, մենեջերներին, բոլորին։ Գիրքը կօգնի հասկանալ մասնագետներին մասնագիտական ռիսկերը։ Այս գրքի նրբությունն ու առավելությունն այն է, որ միայն աշխարհի փորձը չէ, այլ Աստղիկի 15 տարվա փորձը, կատարած աշխատանքը։ Գրքում փորձառուների համար հաստատ նոր տեղեկություններ կլինեն, իսկ նորեկներն ուղղակի կսիրահարվեն այս մասնագիտությանը»։  

«Նախագծերի կառավարում» գիրքը նաև մարդկանց հետ աշխատելու հմտությունների մասին է։ Աստղիկ Սահակյանը խոսեց նախ գրքի վերնագրի մասին. «Նախկինում նախագիծը հաջողված էր համարվում, եթե տեղավորվում էր ժամկետում, տեղավորվում էր բյուջեում, բայց հիմա արդեն ասում ենք, որ նախագիծը պետք է ունենա շոշափելի արդյունք, արժեք պետք է ստեղծի հասարակության, ֆինանսական շուկայի կամ այլ ոլորտի համար։ Ես պլանավորում եմ, օրինակ, նաև իմ տղայի ծննդյան օրը։ Դա նույնպես նախագիծ է, որտեղ բախվում են տարբեր շահեր, տարբեր կողմերի հետ ենք աշխատում, պետք է գոհ լինեն բոլորը։ Դա նույնիսկ ավելի բարդ նախագիծ է, քան Հայաստան-Իրան անցակետի շինարարական այն նախագիծը, որն անում եմ այս պահին»։  

Աստղիկ Սահակյանն ասում է, որ նախագծերը իրականացնում են մարդիկ, իրականացվում են մարդկանց համար։ Իր գիրքը հենց այդ մասին է. «Ես գրքում պատմում եմ իմ նախագծերից, իմ քեյսերն եմ ներկայացնում, աբսուրդ իրավիճակներ ու զավեշտալի դեպքեր կան գրքում։ Իմ տարիների փորձը ես փոխանցել եմ նաև իմ ուսանողներին, դասվանդել եմ թինեյջերներից մինչև մարզպետներ»։    

Աստղիկ Սահակյանը պատմում է, որ Newmag հրատարակչության հետ աշխատել է մեծ հաճույքով։ Լարված շատ պահեր են եղել, հատկապես վերջին մեկ ամսում, քանի որ Միացյալ նահանգներում էր. «Հայտնի, մեծ ընկերություններն արդեն հասկացել են այս մասագիտության կարևորությունը, ընկերություններն իրենք են հրավիրում թրեյնինգներ անել իրենց աշխատակիցների համար։ Այս գիրքը նույնպես կօգնի դառնալ լավ մասնագետ։ Ես միշտ ասում եմ Նոյան տապանը նույնպես նախագիծ էր, ուղղակի չենք ասում, որ Նոյը PMP էր»։ 

Գիրքն արդեն մեծ պահանջարկ ունի։ Այն կարող եք գնել ինչպես newmag.am կայքում, այնպես էլ գրախանութներում։

Կարդացեք նաև