Հրայր Թամրազյան. Տեսա՞ք ինչ եղավ

September 22, 2015

Այսօր ինտերնետը հեղաշրջման հարթակ է դարձել հայկական մեդիայի համար։ Անընդհատ հայտնվող ու չքացող լրատվական և անհատական կայքերը, ֆեյսբուքյան էջերը բացել են մեր մեդիայի հնարավորությունները, ազատագրել են նախկինում խիստ կաղապարված ու կարծրատիպային ոճավորումների մեջ ամփոփված լրագրությունը և լրագրողական պահպանողական մտածելակերպը, երբ հաճախ լավագույն հոդվածը համարվում էր գեղեցկախոսությունն ու գեղեցկագրությունը` համեմված համարձակախոսության որոշակի չափաբաժնով։ Ուրախ եմ, որ նոր սերնդի լրագրողները հաղթահարել են այդ կարծրատիպը։
Լրագրողական միտքն իսկապես ազատագրվել է իշխանություններից վախեցած կամ սեփականատիրական տարբեր շահեր ներկայացնող խմբագրի զսպող գրչից։ Որքան էլ քննադատենք այդ կայքերը՝ նկատի ունենալով դրանցում հայտնվող հրապարակումների որակը, մի բան ակնհայտ է. արագընթաց լրատվության՝ «այս պահին», «հենց հիմա», «հրատապ» հոսքերը կոտրել են տպագիր մամուլի ու ավանդական հեռարձակման վերահսկողության կապանքները։
Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են


Պետրոս Ղազարյանը Հնդկաստանում տեսածի մասին





Ավանդական անալոգային հեռարձակողները փաթեթավորում են սովորաբար հանրային կարևորություն ներկայացնող իրադարձությունը, ամփոփում այն հեռուստատեսային էկրանին՝ արկղի մեջ։ Գրաքննության բացակայության դեպքում հեռուստաալիքը հեռուստադիտողին հնարավորություն է տալիս ուղիղ հետևել իրադարձությանը, բայց նույնիսկ այդ դեպքում դիտակետը հաճախ անշարժ է լինում, սահմանափակում է իրադարձությանը, իրադարձության մասնակիցներին հետևելու հնարավորությունները։
Դրան հակառակ՝ ինտերնետ TV-ն անընդհատ շարժվող, իրադարձության հետ քայլող մեդիա է։ Տեսախցիկի շարժունակությունն անսահմանափակ է։ Այն կարող է քայլել, բարձրանալ, մագլցել, իջնել, հետևել իրադարձության ընթացքին, մասնակիցներին, իրադարձության ականատեսներին։
Ինտերնետ TV-ն դիտողին փոխադրում է իրադարձության վայր, հնարավորություն է տալիս շփվել հազարավոր այլ մարդկանց հետ, որոնք նույնպես դիտում են ուղիղ, մեկնաբանում են, կարծիք են հայտնում այդ իրադարձության մասին։ Հենց սա է մեդիահեղափոխության առանցքը՝ ոչ միայն հեռարձակողի և դիտողի միջև ինտերակտիվ կապի ստեղծում, այլ նաև դիտողների միջև փոխադարձ կենդանի կապի ապահովում, միմյանց հետ զրուցելու, հարաբերվելու հնարավորություն։ Հաճախ տեսնում եմ, որ մեր ինտերնետ TV հեռարձակողները փակում են զրուցարանը, չաթը։ Դա շատ սխալ քայլ է։ Պետք է բացել զրուցարանի բոլոր հնարավորությունները և ռեսուրսներ տրամադրել վիրավորանք պարունակող մեկնաբանությունները հանելու նպատակով։ Չպետք է վախենալ դիտողից, պետք է աշխատել ամեն գնով պահել նրան կայքում։
Ինտերնետ TV-ն մեդիայի այն տեսակն է, որը կարել է համարել մասնակցային։ Ավանդական հեռուստաէկրանը հետադարձ կապի հնարավորություն չի տալիս և, ամենակարևորը, հեռուստադիտողներին հնարավորություն չի տալիս շփվել միմյանց հետ։ Այլ բան է ինտերնետ TV-ն։ Ինտերնետ TV-ի էկրանի հարևանությամբ բացվում է այսպես կոչված չաթը կամ, եթե հայերեն ասենք, զրուցարանը, որտեղ մարդիկ հարյուրավոր մեկնաբանություններ են թողնում և իսկապես դառնում իրադարձության մասնակից։
Մենք չգիտենք, թե ուր կարող են տանել ինտերնետ TV-ի հնարավորությունները, բայց ակնհայտ է, որ դիտողի հետ շփվելն ու հարաբերվելը, դիտողների միջև կապ ստեղծելը այն ուղին է, որը անսահման հնարավորություններ է բացում մեդիայի առջև։ «Ազատություն TV»-ն այս առումով շատ մեծ քայլեր է կատարել Հայաստանում, և մեզ այժմ հետևում են այլ կայքեր, նաև ոչ ընդդիմադիր հայտնի հեռարձակողներ։ Մենք զգում ենք մեր մրցակիցների շունչը։ Մենք չենք մրցում տեղական լրատվամիջոցների հետ, բայց նրանք մրցում են մեզ հետ։ Դա մեզ շատ է ուրախացնում. դա նշանակում է, որ մենք նպաստում ենք Հայաստանի մեդիադաշտի զարգացմանը։