Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

October 1, 2022

Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը Հայաստանի հետ, արևմուտքի ինչի՞ն է պետք Հայաստանը, ո՞վ փրկության ձեռք կմեկնի Հայաստանին և ո՞ւմ է պետք ապավինել։ Newmag-ը ներկայացնում է նոր գիրք, որը տալիս է հենց այս հարցերի ամենահնարավոր պատասխանները՝ Տիգրան Հայրապետյան, «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»: Հայրապետյանի վերլուծությունները հաճախ նաև մարգարեություն են անվանում: Վերլուծաբանը տասնամյակներ առաջ տեսնում էր այն, ինչ կատարվում է այսօր՝ երեք տասնամյակ անց:

«Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում։ Տիգրան Հայրապետյանի գրավոր ժառանգությունը համակարգում է նրա կինը՝ Նազենի Ղարիբյանը՝ յուրաքանչյուր գրքում պահպանելով ժամանակագրությունն ու թեմաների շարունակական տրամաբանությունը. «Տիգրանն ունի 9 հազար էջից ավելի ժառանգություն, անդրադարձել է տարբեր թեմաների, թեմատիկան էլ շատ լայն է՝ Հայաստան, Ղարաբաղ, տարածաշրջան, արևմուտք, Ռուսաստան և որպեսզի համակարգված բան ստացվի, փորձել եմ առանձնացնել թեմաները և պահպանել ժամանակագրական զարգացումը»:

 

Տիգրան Հայրապետյանը վարպետորեն նկարագրում էր բոլոր այն վտանգները, որոնք աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների պայմաններում այսօր սպառնում են Հայաստանին՝ ընդգծում է Տիգրան Հայրապետյանի մրցանակի դափնեկիր, Հրանտ Տեր-Աբրահամյանը. «Ես շատ կուզենայի, որ շատ ավելի շուտ տպվեր նրա գրքերը: Հարցը այն չի, որ այստեղ բառացի ամեն ինչ գրված է, մարգարեություն է: Հարցն այն է, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր ժառանգությանը։ Միգուցե, եթե ավելի շոուտ հրատարակված լիներ, գուցե իրականության մի մասը, որ հիմա ուզում ենք հասկանալ հնթացս, գուցե ավելի շուտ նախապատրաստված լինեինք»։

 

Տիգրան Հայրապետյանը 90-ականների հայ քաղաքական մտքի ամենավառ դեմքերից մեկն էր: Մասնագետները նշում են՝ նրա մտքերը արդիական են նաև այսօր: Այսպիսի վերլուծությունների պակասն էլ զգացվում է՝ նշում է քաղաքագետ Ասպետ Գոչիկյանը. «Քաղաքագիտության մեջ կան անսպասելի երեւույթներ: Օրինակ, չէիք կարող երևակայել, որ կարող է լինել քովիդ: Ու դա փոխում է խաղի ընթացքը։ Լավ վերլուծաբանի առաքելությունն այն է, որ ինքը կարողանում է տեսնել այդ թրենդները ու նշում՝ ինչ սցենարներ կարող են զարգանալ»:

Պրոարեւմտյան-պրոռուսական վերլուծությունների շղթայում Տիգրան Հայրապետյանը առաջարկում է այլընտրանք: Երեք տասնամյակ առաջ վերլուծաբանը նշում էր՝ կա նաեւ այլընտրանք՝  նկատում է գրող Մարինե Պետրոսյանը. «Էսօր մենք անընդհատ խոսում ենք Ռուսաստա՞ն, թե՞ արեւմուտք. Ռուսաստանի՞ հետ լինենք, թե՞ արեւմուտքի: Տիգրան Հայրապետյանի ամբողջ դիսկուսը Միջին Արեւելքի մասին էր: Եվ էն մասին էր, որ մենք միջին Արևելքում ենք, և այդտեղից պետք է նայել արևմուտքին ու Ռուսաստանին»: 

 

Մասնագետները նշում են՝ 90-ականների քաղաքական միտքն ավելի հզոր էր: Եվ դրա ապացույցներից մեկն էլ հենց այս գիրքն է: Գիրք, որտեղ Տիգրան Հայրապետյանը ընդգծում է՝ Ռուսաստանին հուսահատ դիմումներն անիմաստ են, Արևմուտքի ողորմածությանն ապավինելն էլ՝ ինքնախաբեություն:  

Կարդացեք նաև