Սեքսը` խրճիթի պատուհանից

February 8, 2016

Չեմ մոռանում մորս դեմքը, երբ հարցրի` որտեղից եմ ծնվել: Ինձնից ավելի շատ էր շիկնել, ու ամոթից ճակատին քրտինքի մանր կաթիլներ էին առաջացել: Հասկացա, որ ինքս պետք է նրան անհարմար վիճակից հանեմ: Լռեցի ու, ինչպես էրոտիկ կամ պարզապես համբույրի տեսարաններով ֆիլմերի ժամանակ, գնացի խոհանոց` ջուր խմելու: Այլևս չհարցրի: Ես այդպես էլ այդ հարցի իրական պատասխանը չստացա ծնողներիցս:

Միայն տատիկս վերջակետ դրեց իմ հետաքրքրությանը, ընդ որում ամենամոլորեցնող ճանապարհով: Ասաց` գետն է բերել:

Երբ գյուղ էի գնում, նստում էի գետափին ու մտածում` ջուրը ո՞նց ընկա, բա որ խեղդվեի՞, բա որ տեղ չհասնեի՞: Ու այդպես մեր ընտանիքում չգտնվեց մեկը, որ կկանխեր իմ «բա որ»-ներն ու սխալ հետևությունները և քաջություն կունենար պատասխանելու կյանքի ամենաառանցքային հարցին` ինչպես են ծնվում մարդիկ:
Խորհրդային միությունում արգելված էր սեքսի մասին խոսելը: Մարդիկ խուսափում էին իրենց զգացմունքներն արտահայտել, լռում էին անգամ սեր խոստովանելիս, ամաչում էին նույնիսկ սեփական երեխային համբուրելիս: Մի խոսքով` սերն ամոթ բան էր այդ տարիներին: Բայց ամոթալի չէր գործարանները թալանելը, գործից փախչելն ու չմկրտվելը: Հենց այս տրամաբանությամբ, սովետի պարտադրանքին առանց այլևայլության ենթարկվելով, աշխարհին ոչ թե երկնաքերի, այլ ընդամենը գեղջկական խրճիթի պատուհանից նայելով, մեր ծնողները երկրին ժառանգեցին սեռապես անգետների մի սերունդ:
Եվ հենց այս սերունդը նվազագույն կամ խեղված պատկերացումներով կանգնեց ազատության ու ժուժկալության ճամփաբաժանին:

Ինչևէ, կցկտուր ինֆորմացիա ստացա բակի ամենաաչքաբաց աղջկանից: Սարսափ ֆիլմ հիշեցնող աղավաղված, այլաբանված ու անառողջ պատկերացումներով էլ մտա դպրոց: Անատոմիայի հայտնի դասը մենք էլ շրջանցեցինք, ուսուցիչն այդ էջին հասավ թե չէ, կարմրատակեց, աշակերտները խնդմնդացին, ու հարցը փակվեց: Այնքան զորեղ էր արգելանքի ուժը, որ նույնիսկ տանը թաքուն նկարները դիտելն էր դատապարտելի. բա որ մաման բռնացնի՞: Ու սա այն դեպքում, որ խոսքը դպրոցական դասագրքի մասին էր:





Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում պատանիների 80 տոկոսից ավելին սեքսի մասին իմանում է դրսից: Սեքսոպաթոլոգներն էլ վկայում են, որ իրենց դիմողների գրեթե 100 տոկոսի մոտ խնդիրն առաջացել է սեռական տգիտության պատճառով: Հենց այս ցուցանիշները հաշվի առնելով` ՀՀ ԿԳՆ-ն որոշում կայացրեց 2007-2008 ուստարվանից դպրոցներում ներդնել նաև «Առողջ ապրելակերպ» առարկան: Առավել բացմիտ հոգեբաններն ու իրատես սեքսոպաթոլոգները գոհ չեն. նրանք սեռակրթությունն ուզում են տեսնել առանձին առարկայով, որը պատասխան կտա բոլոր հարցերին` սեռական հասունացումից մինչև հաճույք:
Հարցերի ամբողջական պատասխանի կողմնակից են նաև ամենախաղաղասեր կառույցի հայաստանյան գրասենյակում` ՄԱԿ-ում: Բայց, դե՛, հասկանում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ բաց խոսել այն ամենի մասին, ինչը երկար տարիներ ծանր ու անթափանց վարագույրի ետևում է եղել:
Մի քանի տարի առաջ, հենց փորձել են այս վարագույրից ծիկրակել, պատկառելի պաշտոնյաներից մեկն ասել է. «Ուզում եք մեր երեխեքին այլասերե՞լ»:

Ու այսպես խնդրի կոմպրոմիսային լուծմամբ դպրոցում սկսեցին դասավանդել ոչ թե սեռական դաստիարակություն, այլ առողջ ապրելակերպ` ատամների խոզանակումից մինչև սեռական օրգանների տարբերակում, բայց ոչ սեքս ու հաճույք: Այսինքն` արդեն մի քանի տարվա շրջանավարտները հաստատ գիտեն, որ իրենց արագիլը չի բերել լույս աշխարհ: Բայց ոչ ավելին:

Հեղինակ՝ Արփի Հարությունյան