C’est la vie. Այսպիսին է կյանքը

C’est la vie. Այսպիսին է կյանքը

Ներկայացումն ավարտեցինք կրկնակի ծափերով. վերջինը հրաժեշտի ու երախտիքի ծափեր էին:

Երկու հաստաբուն ծառերի արանքում ծվարած Համազգային թատրոնի գտնվելու վայրը մատնում էր ծաղկեպսակների շարասյունը: Բազմագույն ծաղիկներից և ոչ մեկի վրա գույն չկար: Կարծես անձրևը տարած լիներ անորակ ներկաջուրը: Համազգային թատրոնի բակում համազգային խոնարհում էր: Ամեն ինչ՝ սև: Ու հենց այդ մռայլությունն էր, որ ստվերել էր ծաղիկների գույները: Աշնան գետի պես հոսում էր բազմությունը: Սևազգեստ մարդկանց շարժը պղտոր ալիքների էր նման: Թատրոնի դռներն անսանձ գետի անպատեհ պատվար էին հիշեցնում, որ կոտրում է հորձանքի արագությունը: Ում ասես, որ չտեսա: Բարևների տարափի տակ գլուխս սկսեց պտտվել:

Ճիշտ, ինչպես ֆիլմերում, որ գյուղից եկած մեկը հայտնվում է մեգապոլիսի սրտում ու մարդկանց չդադարող ալիքի տակ սկսում պտտվել իր իսկ առանցքի շուրջը:

Մինչև փորձում էի մտաբերել՝ որտեղից եմ հիշում մեկի դեմքը, հայտնվում էր նույնքան ծանոթ մյուսը, ու սկսում էի սևեռվել յուրաքանչյուրի հագուստի՝ ինչ-որ բան հիշեցնող շտրիխների վրա: Ինչպես փրկօղակ, որից կախվում ու ապագադ ես բռնում: Բոլորը մի տեսակ տարիքն առած էին երևում: Նույնիսկ անկնճիռ կանայք: Ողջագուրվում էին, ինչպես Հավլաբարում: Թևթևակի խոնարհվում ու շրթունքների ժուժկալ պրկումով ժպտում էին: Գալիս էին մեկական, խմբով, իրար թևանցուկ, ձեռք ձեռքի բռնած: Էքսցենտրիկ արդուզարդը միանգամից վկայում էր, որ աղջիկները դերասաններ էին՝ Սոս Սարգսյանի ուսանողները գուցե: Ծառս լինող երիվարների պես մեկ էլ մարդիկ կանգ էին առնում. ինչ-որ մեկը հանդիպել էր տասը տարի չտեսած կուրսեցուն կամ խաղընկերոջը: Իրար շոյող խոսքերով ողջագուրվում էին. «Չհիշեցի՞ր. Հասմիկն է: Բայց չես փոխվել, Գուրգե՛ն, հայացքդ նույնն է, աչքերիդ արտահայտությունը՝ նույնպես»: Հարցականով ու կոկետ պատասխանն ակնկալելի էր. «Մի քիչ ծերացել եմ, չէ՞»: Նախորդ հետիոտնին հազիվ տեղը բերած սևազգեստ ու հախուռն մտքերի մեջ գլխահակ հայացքով կինը միանգամից ճանաչում է դեմ դիմաց կանգնած տղամարդուն: Գրկախառնվում են: «Նիհարել ես»,- առաջին արձագանքն է: Կինը հեռանում է: Տղամարդը բամբասում է. «Չի էլ ամաչում, թողեց-գնաց Ամերիկա, հիմա համ էնտեղից ա թոշակ ստանում, համ էստեղից»:

Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ այդ լայնիրան, բարձրահասակ, էժան, բայց հակառակը փաստելու հավակնությամբ կոստյումով և կանանց վրայով խայտուն աչքերը սահեցնող տղամարդն էլ հնարավորության դեպքում կվազեր բոլոր երկրների թոշակների ետևից: Բայց նրան բախտ չի վիճակվել:

Նա շարունակեց խոսել ու խոսել սևազգեստ տիկնոջ ետևից` մեծ ուրախությամբ չտեղավորվելով տղամարդուն վայել լակոնիզմի սահմաններում: Տիկինը կորավ բազմության մեջ, իսկ տղամարդուն ինքս կորցրի:

… Արևը փայլում էր, բայց չէր ջերմացնում: Համատարած սևն արտացոլվում էր երկնքում ու, ինչպես արցունքոտ թուխպերը, խեղդում լուրթ պարանոցը:

Ո՞վ կմտածեր, որ այդ անամոք սևից քեզ կարող էին շեղել հավաքարարները: Անպատեհ վառ նարնջագույն ու պայծառ կանաչ գույներով ճողփացող համազգեստը բոլորի անորոշ ու թափառող հայացքների համար հարմար կանգառ էր: Նրանք նստած էին դիմացի շենքի մուտքի եզրաքարերին ու տնտղում էին անցնող-դարձողներին: Նրանք առանձին էին, կատարվածը նրանցից հեռու էր, նրանք այդ հոգեհանգստի դիտորդներն էին և ոչ մասնակիցը: Արմունկով իրար թևթևակի հրում ու ինչ-որ մեկին էին ցույց տալիս, քրթմնջում էին իրար ականջի, զսպված ծիծաղում: Ճանապարհային նշանի պես բոցկլտացող իրենց հագուստը սգակիրներին գոնե մեկ անգամ իրենց անտարբերությունը տեսնելու հնարավորություն էր տալիս: Հերթը հասնողի բնազդով ու մարդկանց ճնշման տակ մտա թատրոն: Երկար միջանցքներն ուրվագծող վառ մոմերը կորուստ էին բուրում: Մի կողմից` ժամանում, մյուսից հեռանում էին սգադեմ հյուրերը: Նրանց մեջ շատ պաշտոնյաներ կային: Նաև նախկին:

Ու հենց նրանք էին ճանապարհի կեսին մոռանում, թե ինչի համար են սև հագել, երբ հանդիպում էին գործող մեկին:

Մարդկային հոսքն ուղղորդող սև թավշե հյուսքանման պարանների երկու կողմերից բարևի ձեռքեր էին մեկնվում: Այդ ողջույնը, իհարկե, բարևով չէր ավարտվում: Հազիվ առիթ էր նախկին պաշտոնի նոր ձգտումների համար: Թատրոնի հենասյան պես` բեմին վեհ նիրհում էր Սոս Սարգսյանը: Դեմքը խաղաղ էր ու հագեցած: Անցա գլխահակ, ափսոսանքով աղոթեցի հոգու խաղաղության համար ու առջևիցս գնացողի հետքերով դուրս եկա շենքից: Շտապեցի տիկնիկային թատրոն: 15 րոպեից սկսվելու էր Նարեկ Դուրյանի բեմադրած «Սե լա վի» ներկայացումը: Նախապես էինք գնել տոմսը` վարպետի մահից առաջ: Ներկայացումն ավարտեցինք կրկնակի ծափերով: Վերջինը հրաժեշտի ու երախտիքի ծափեր էին: Նահապետի համար: C’est la vie.


Հեղինակ՝ Արփի Հարությունյան

 

Գրել կարծիք