«Բարձրաճաշակների» ռուսերենը կամ օտարամոլորության վերջին կաթիլը

«Բարձրաճաշակների» ռուսերենը կամ օտարամոլորության վերջին կաթիլը

Երբ ռուսերեն խոսելը ոչ թե օտար լեզվի իմացություն է, այլ «բարձր ճաշակի» խորհրդանիշ, իսկ ավելի ճիշտ՝ քաղքենիության ցուցիչ: newmag-ի սյունակագրի մտահոգությունները մեր իրականության ամենավատ երևույթներից մեկի՝ օտարամոլության հետևանքների մասին է:

Ընկերուհիս տղայի համար մանկապարտեզ էր փնտրում: Մի օր զանգեց, թե` Արփի՛, չեմ գտնում: Պարզվեց՝ փնտրածն է դեֆիցիտ: Հայաստանի մասնավոր մանկապարտեզներում աշխատում են ռուսախոս դաստիարակներ: Բայց ոչ թե այն պատճառով, որ հայախոսներ չկան, այլ որ ռուսախոսների պահանջարկն է մեծ: Տնօրեններն էլ որպես առաջնահերթություն կամ առավելություն հենց այդ հանգամանքն են մեջբերում ու վանում հայերենը նախընտրող մայրերին: Ընկերուհիս «պահանջարկ ստեղծող ծնողների» այդ ցանկում բացառություն էր: Հայալեզու միջավայր ու հայախոս դաստիարակ էր ուզածը՝ սովորական ու ավելի օրինաչափ մի բան, քան որ առաջարկվածն էր:

Նույնքան անօրինաչափ ու հիվանդագին սկզբունքին հավատարիմ ՝ Հայաստանում շարունակում են նախընտրել ռուսերենը խանութում, տանը, գործընկերների հետ պայմանավորվելիս, երեխայի կամ շան վրա բարկանալիս:

Սիրահարների այգում էի: Փոքրիկ ավազուտում 10-ից ավելի երեխաներ էին խաղում: Միմյանց հետ խոսում էին հայերեն, բահ ու փոցխ ուզում, գանգատվում, որ խաղալիքը կորել է, կամ որ ադիբուդիի աղջիկը դեռ չի եկել: Մի քանի րոպեից աղջիկը եկավ: Շփման լեզուն փոխվեց: Ծնողները միացան երեխաներին` ռուսերեն: Մի քանի վայրկյանում միջավայրը դարձավ ռուսախոս՝ արհամարհական շեշտադրմամբ, դիմացինին չզիջելու անկաշկանդ դրսևորմամբ ու հայախոսին չհարգելու անթաքույց ձգտումով: Հայերենը երևանյան պուրակում դադարեց լինել Հայաստանի բնականոն լեզուն:

Բարձրաճաշակության քողի տակ Հայաստանում ռուսերենն են նախընտրում նաև հեռուստացույց նայելիս:

Գոնե ուրիշների մոտ և այլոց համար: Վերջերս մի հավաքի ժամանակ խոսում էին մի հայ հաղորդավարի մասին: 18-ը հազիվ բոլորած ու անգամ դեմքի արտահայտություն ձևավորել չհասցրած հյուրերից մեկը, որ լուռ նստած էր ամբողջ զրույցի ընթացքում, մեկ էլ որոշեց խոսել: «Ես հայկական ալիքներ չեմ նայում»,- ասաց ու փորձեց որսալ գաղափարակիցների հիացմունքը՝ մյուսներից գերադասվելու համար: Կռվանը դարձյալ ռուսերենն էր:



2013-ի հուլիսի 14-ին Ռուսաստանում ողբերգական ավտովթար եղավ: 18 մարդ զոհվեց: Դեպքը, իհարկե, սարսափելի էր, բայց ոչ պակաս զգայացունց էր դրան հաջորդած պատմությունը: Ճաղերի ետևում հայտնվեց բեռնատար մեքենայի հայ վարորդը՝ կնոջ ծաղկավոր խալաթով: Ծանր կյանքի բացած վերքերը ճակատին պարզ ուրվագծված էին խորշոմների տեսքով:

Հրաչյա Հարությունյանը, ընտանիքը թողնելով Հայաստանում, մեկնել էր Ռուսաստան՝ փող աշխատելու: Չստացվեց:

Ու հիմա ոչ ռուս լինելու համար նրան այդ երկրում անարգում են` ի ցույց դնելով անպատվաբեր հագուստով ու ծաղրուծանակի նմանվող արգահատելի հեռուստատեսային լուսաբանմամբ:

Ռուսախոս հայերն էլ Հայաստանում լալահառաչ մեկնաբանություններով փնովում են Հայաստանն ու իշխանություններին` չնկատելով, որ իրենք իսկ լրացնում են ռուսական կայսերապաշտության ասիական համայնապատկերը:

Հեղինակ՝ Արփի Հարությունյան

Գրել կարծիք