[Զինվորի օրագիր - 26] Ի՞նչ է կատարվում սահմանին լիալուսնի գիշերը և ո՞վ է Ճուտոն, որից այդքան սարսափում է հակառակորդը

July 13, 2017


  • Լիալուսինը վտանգավոր է ու օգտակար:


Այս արտահայտությունը գուցե շատերին պարադոքս թվա: Իրականում այդպես էլ կա: Ամսվա այդ օրերին դիրքերում հանգիստ են ու լարված: Երկուսի պատճառներն էլ կան, բացատրություններն էլ: Լիալուսնի ժամանակ հակառակորդն անհանգիստ է, արկածախնդիր ու ավելի ագրեսիվ: Նրանք պաշտում են լուսինն ու արբանյակի ամբողջական շրջանակը համարում իրենց հաջողության գրավականը: Այդ պատճառով էլ խախտում են հրադադարը, անկանոն կրակում, զվարճանում, նույնիսկ առաջնագիծը վերածում խրախճանքի հրապարակի:
Հայ տղաներին սա մտահոգում է, ավելի զգուշավոր դարձնում, կենտրոնացնում ուշադրությունը: Ընդ որում նույն ժամանակ անվտանգ ծառայությունն ապահովում է կրկին լիալուսինը: Այնպես է լուսավորում շուրջբոլորը, որ թվում է կեսօր է, մութը ուր որ է կընկնի և չի ընկնում: Այդ պատճառով էլ հակառակորդի ոտնձգությունները հայտնվում են հայերի տեսադաշտում, ձախողվում են: Ի վերջո նրանց սրբացրած լիալուսինը հեռանում է իրենց ողբերգական պարտությունից հետո:
Կարոյի պատմությունն է ու կենսափորձը: Նա էլ կիսվում է անցած ու փոփոխական գիշերներով, կրկնվող ու անփոփոխ ավարտներով: Արդեն սովորել են թշնամու գործելաոճին ու անհետաքրքիր, կանխատեսելի սցենարներին:  

  • Ճուտոն նրանց համար յոթգլխանի դև է:


Արցախի սահմանապահ զորամասերից մեկի զինվորն է: Նրան տեսնողները գուցե խղճան ու օգնելու պատրաստակամություն հայտնեն: Փոքրամարմին է, նիհար ու կարճահասակ: Ընդ որում այնքան, որ բոլորին է ներքևից նայում: «Կոլոտ կամանդիր» են ասում: Այսուհանդերձ նրա ծառայողական կենսագրությունը թերթողները միանգամից կսթափվեն ու կսկսեն պատկառանքով շփվել Արմավիրցի Ճուտոյի հետ:

  • Բոյը դիտակետի անցքին չի հասնում, բայց բոլորին տեսնում է:


Հենակետերն այնպես են կառուցված, որ մարտական հերթապահություն իրականացնողը պիտի առնվազն միջահասակ լինի, որ կարողանա դիտարկում իրականացնել, որ աչքերն այդ անցքին հավասար լինեն, մինչդեռ իմ զրուցակցի հասակը վերջին տվյալով մոտ 1.52 է, մի քանի ամիս առաջ են չափել: Զորամասում, հանրապետությունում ու գուցե տարածաշրջանում միակն է իր կառուցվածքով, գուցե միակն է նաև հնարավորություններով ու պատասխան գրոհները վարպետորեն իրականացնելով: Հերթապահություն իրականացնելիս ուղղանկյունաձև աղյուսը դնում է ոտքի տակ ու տարածքն աչքի տակ առնում:

  • Հակառակորդը տեսնի կարող է ասի, ազիզ ջան, կորել - մոլորվել ես:


Չի հասցնի: Հավատացեք այս մետրուկեսի մեջ մի ամբողջ հսկա է ամփոփված: Մարտական գործողությունների ընթացքում, երբ ընկերները վիրավորվել են, հենակետի այդ ուղղությունը վերցրել է իր հսկողության տակ ու կարողացել հարձակվողներից մի քանիսին վերացնել, առանց երևալու: Թե ինչպես, ընկերներն էլ, վերադասն էլ դժվարանում են նկարագրել, ինքն էլ լռում է: Գուցե պատմեին տուժածները: Այլևս չկան:
Կարոն կարողացել է վիրավոր ընկերներին փրկել, ուշագնացներին բերել չդիտարկվող, անվտանգ տարածք, զեկուցել միջադեպի մասին: Զենքը գուցե հենց իր քաշին է կամ մի քիչ պակաս, մինչդեռ կարողանում է բռնել, կրակել, զուգահեռ որոշել նոր սցենար անկոչների մուտքն էլ, ելքն էլ արգելափակելու համար: Ընդ որում անհրաժեշտ պահերին դաժանությունը հակադարձ համեմատական է մարմնի չափերին: Խաղաղ պայմաններում խելոք տղա է, բարի ու համեստ ժպիտով, երեխային բնորոշ միամտությամբ: Առաջին կրակոցը լսելուն պես դառնում է անկառավարելի ու անպարտելի:
Կարոն իր մասին այդպես էլ չխոսեց, պատմեցին ընկերները, կատակեցին, հետո լրջացան, հիշելով այն սխրանքները, որ Ճուտոյի հեղինակային սեփականությունն են: Նույնիսկ վաշտի հրամանատարն անկեղծացավ, այսպիսի տասը տղա ունենա, թշնամու մի ամբողջ գնդի կարող է վերացնել: Դիրքերում քնում, արթնանում է անձայն, ծառայությունն անցկացնում առանց մյուսներին խանգարելու ու ուշադրություն գրավելու, մարտի դաշտում բոլորին համախմբում է: Շարքային է, սակայն երբեմն շարքայիններն էլ, սերժանտներն էլ հրամանները հենց իրենից են ստանում: Կռվից հետո էլ դիտակետի իր քարի վրա խազերն ավելացնում է, քանի դիակ փռել է, այդքան էլ գիծ կտեսնեք: Առաջին քարը չէ, սակայն արդեն փոխելու ժամանակն է:


Զինվորի օրագրից.




  • Այսքան ուժեղ չեմ եղել: Իմ գրկում մեռածները սովորեցին սառնասիրտ լինել:


Ճուտոն լռում է երբ իրենից եմ հարցնում կամ ամեն ինչ մի կողմ է դնում, խոսում է զոհված ընկերների մասին, ցանկացած հարցի պատասխանելիս: Իրենից առաջ զորակոչվածների հետ հասցրել էր մտերմանալ, ջերմանալ, նույն արագությամբ էլ կորցրել էր մի քանիսին: Հասակը չէր փոխվել, բայց հասունացել էր օրերի ընթացքում, մազերն էին սպիտակել, մանկությունը թողել էր անցյալում: Կռիվը ջրբաժան էր դարձել՝ կյանքը մինչև այդ և այդ օրերից հետո: Ընդ որում զոհվածների դիերը պաշտպանել էր, խնդիրը կատարել, ծանր օրերն արագ ետևում թողել, մինչդեռ շաբաթներ էին տևել մինչև հաղթահարել էր սթրեսը: Զինընկերների թաղումներին մասնակցել էր, հետևել հեռվից, կիսափակ աչքերով: Հետո վերադարձել էր ծառայության, իրեն կարգի բերել, առաջնագիծ այցելել, ընկերների վրեժը լուծել արդեն հակառակորդի հաջորդ հարձակումների ժամանակ:

  • Ես զարմանում եմ, ովքեր են ուժ գտել զոհվածի տուն մտնել, ասել՝ Որդիդ չկա:


Նրա հետաքրքրությունը փոխանցվեց ինձ: Վերադարձա զորամաս, չկարողացա մոռանալ այս հարցը: Որոշեցի ինքս էլ պարզել, գտնել այդ մարդկանց ու զրուցել նրանց հետ: Առաջին հայացքից այդ գործից կհրաժարվի յուրաքանչյուրը, մինչդեռ սպան, իրավունք չունի խուսափել այդ պահից, առաջադրանքից, հրամանից: Չափազանց բարդ է այդ մասին նույնիսկ մտածելը, երբեմն նաև անկանխատեսելի, վտանգավոր, անդառնալի է դիմացինի վարքագիծը: Նրանք սև թուղթ տանողներն են:
Ամերիկյան հաջողված ֆիլմ կա այդ թեմայով: Կոչվում է «Taking Chance»: Շատ զգացմունքային կինո է, հատուկ ստեղծված երաժշտությամբ ու ռեժիսորական ազդեցիկ լուծումներով: Տևողությունը երկու ժամ է: Պատում է, թե ինչպես է զինծառայողը մահանում և գլխավորը, թե ինչպես են այդ մասին տեղեկացնում նրա ընտանիքին ու հարազատներին: Ընդ որում ավելի բարդ է այդ ամենը ցուցադրելը, քան պատմելը: Միացյալ նահանգներում գոյություն ունի հատուկ կառույց, որը զբաղվում է զոհվածների տներ այցելելով, նրանց այդ գույժը հայտնելով: Ընդ որում այդ ամենին նրանք պատրաստվում են, մասնակցում են դասընթացների, հանդիպում հոգեբանների ու փորձագետների հետ, սովորում մեկ նախադասությունը զգույշ հաղորդելու եղանակները: Կարևոր դրույթ է նաև զոհվածի մարմինը տուն հասցնելը, սովորական տեղափոխություն չէ, արարողակարգ է: Ֆիլմը Մեկ զինվորի պատմությամբ ներկայացնում է ամբողջ ընթացակարգը, թե ինչպես է զոհվածի համաքաղաքացին որոշում ինքն այդ պատասխանատվությունը ստանձնել ու անցնում է ամբողջ պրոցեսը: Խորհուրդ եմ տալիս դիտել:
Հայաստանում մի փոքր այլ է կամ ամբողջովին է տարբերվում: Երբեմն լինում են դեպքեր, երբ կորստի մասին ծնողն իմանում է լրատվամիջոցներից, մամուլից: Երբեմն սև թուղթը փոխանցում են միանգամից հորը, առանց մյուս անդամների՝ հետևանքներից խուսափելու համար, երբեմն էլ այցելում են տուն՝ ամբողջ ճանապարհին աչքի առաջ ունենալով հնարավոր արձագանքները: Կարգը հետևյալն է. Զոհի մասին հաղորդագրությունը ստանալուն պես տարածքային զինկոմիսարը հանձնաժողով է ստեղծում, կազմում ինքն է. տեղակալները, ենթասպաները:
Բացում են զոհվածի գործը, ծանոթանում ընտանեկան վիճակին, ընտանիքի կազմին, հետո գրում են մոտավոր տեքստը, թե ինչպես են փոխանցելու լուրը և գործի անցնում: Գնում են երկու սպա (մեկի համար բարդ է և տգեղ, երեքի դեպքում կարող են մեղադրել ավելորդ զգուշության համար, գուցե երեքով են եկել, որ չծեծվեն: Այդ դեպքում իրավիճակը կարող է արագ հունից դուրս գալ, հնարավոր է): Տան կամ շենքի բակում նախապես շտապօգնության կանչ են գրանցում, որ բժիշկները տեղում և պատրաստ լինեն անմիջապես միջամտելու համար:


Զինվորի օրագրից.



Դռան զանգը չեն տալիս: Ծեծում են մեկ, առավելագույնը երկու անգամ: Բարևում են ոչինչ չասող հայացքով, առաջանում են մի քանի քայլ, կանգնում են հյուրասենյակի սկզբնամասում ու գլխարկը հանելով արտասանում են. Ձեր որդին քաջաբար զոհվեց: Դանդաղ շարժումներից հետո բառերն արտասանում են անասելի արագությամբ ու լռում, սպասելով հաջորդ րոպեներին: Զարգացումները երկուսն են. մի դեպքում ծնողները հարձակվում են սպայի վրա, պահանջում ողջ առողջ վերադարձնել տղային, այնպես, ինչպես զորակոչել են: Մյուս դեպքում ուշագնաց են լինում: Այդ պահին օգնության են հասնում բժիշկները, զոհվածի որդուն, հարազատներին հսկողության տակ պահելու համար:
Սա գուցե սկիզբն է, սակայն ավարտը չէ, չի էլ ավարտվում, երբեք: Այսպիսի դեպքերում զինկոմիսարիատի աշխատակիցների պարտքը առաջիկա օրերին ու նաև տարիներին զոհվածի հարազատների հետ ինտենսիվ աշխատանքն է: Ամենածանր օրերին զբաղվում են հոգեհանգստի, հուղարկավորության վայրի, ծաղիկների, պատվոպահակախմբի տղաների մասնակցության, հոգեհացի հարցերով: Առավոտից երեկո աշխատում են հասցնել ամեն ինչ՝ զինվորական կարգով երիտասարդին հողին հանձնելու համար:
Հաջորդ օրերին հարազատների ու զինկոմիսարիատի անձնակազմի կապը դադարում է՝ մինչև տղայի մահվան 7-րդ, երբեմն նաև 40-րդ օրը: Այնուհետև սկսվում է հարաբերությունները վերակազմակերպելու հաջորդ փուլը: Սկսում են այցելություններն ու գրի առնում նրանց խնդիրները, սոցիալական պայմանները, օգնելու հնարավոր եղանակները: Այդ ժամանակ շփումն ավելի թեթևանում է, փոխըմբռնումը՝ գերակայում: Զինկոմիսարիատների տղաների զգուշությունն այս իմաստով չափազանց կարևոր է ու պարտադիր, որովհետև ծնողի ցանկացած արձագանքն էլ հասկանալի է, սպասելի:
Շատ են օրինակները, երբ ամիսներ անց ծնողները կարողացել են վիշտը վերածել ոգեկոչման ու նոր տողից սկսել կյանքը, լույս աշխարհ բերել ևս մեկ տղայի ու նրանից առնել կորցրած որդու կարոտը: Շատերն այդ դեպքից հետո բանակի կողքին են կանգնել, հասարակական կազմակերպություն հիմնել, զբաղվել զինվորների շահերի և իրավունքների պաշտպանությամբ: Վստահ եմ Մարգարիտա Խաչատրյանի մասին լսել եք, բանակում նրան «Մարոզ» են ասում: Որդին մահացել է 19 տարի առաջ, պաշտոնական վարկածով ծառայողական պարտականությունները կատարելիս, իր համար անհայտ պատճառներով: Այդ ժամանակ էլ ՀԿ է հիմնել ու մինչև այսօր հետևում է բանակային կյանքին՝ իր մտահոգություններն ու առաջարկները ներկայացնում բարձր ղեկավարությանը:
Թե ինչպես է պետք կազմակերպել զոհվածի ընտանիքի հետ կոնտակտը դժվարանում եմ ասել, սա բավանականին դժվար գործ է, որի համար պետք է մշակել կարգ,ստեղծել խումբ, նրանց պատրաստելու համար և նոր միայն գործուղել սև թուղթը փոխանցելու: Ընդ որում ավելի կարևոր է նրանց կորուստը մեղմել քաջալերելով ու աջակցելով:
Մի նախաձեռնություն կա: Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները՝ ապագա սպաները տարին հինգ անգամ՝ ամանորին, զոհվածի ծննդյան, մահվան, ՀՀ անկախության և բանակի կազմավորման օրերին այցելում են զոհվածների տներ, բարեկամություն հաստատում նրանց հետ: Ի դեպ, սա բավականին հաջողված փորձ է: Ինքս մի քանի անգամ առիթ եմ ունեցել ներկա լինել այդ հանդիպումներին: Զոհվածների ծնողներն իրենց որդուն փորձում են տեսնել անծանոթ կուրսանտի մեջ, այս տղաներն էլ պարտականությունը վերածում են առողջ ավանդույթի՝ մեղմելով ցավը, կիսելով վիշտն ու վերադարձնելով ծնողի կորցրած ժպիտը: Գուցե սա ոչ միայն նրանց առաքելությունն է: