Գրախանութի սեփականատերը, որ գրում է բեսթսելլերներ. հետաքրքիր փաստեր «Նոր օր» գրքի հեղինակի մասին (տեսանյութ)

March 20, 2024

«Նոր օր» գրքի հեղինակ Նիկոս Խրիսոսն ապրում է Աթենքում, որտեղ ունի հին գրքերի գրախանութ: «Նոր օր» վեպը գրել է 8 տարում: Նոր Կտակարանի հիմքի վրա կառուցված գիրքը պատմում է անօթևանների և նրանց հալածողների մասին՝ շոշափելով անօթևանների հիմնախնդիրը Եվրոպայում: Հույն գրողն Աթենքի ազգային համալսարանում ուսումնասիրել է կենսաբանություն:

Հույն ժամանակակից գրող, խմբագիր Նիկոս Խրիսոսը  ծնվել է Աթենքում: Արդեն քսան տարուց ավելի հին գրքերի գրախանութ ունի: Հենց գրախանութից էլ տեսակապով Նիկոս Խրիսոսը պատասխանեց Newmag-ի հարցերին. 

«Ես գրքերի մոլի երկրպագու եմ։ Ես ինձ ոչ թե գրող եմ համարում, այլ անընդհատ փնտրող, պրպտող մեկը, որը միշտ նոր բան է ուզում իմանալ գրքերից։ Գիրք սկսել եմ գրել հենց այդ նոր բան սովորելու, գտնելու ձգտումից։ Շատ բան չեմ կարող պատմել իմ մասին, չնայած շատ հետաքրքրություններ ունեմ, սիրում եմ ճանապարհորդել, ակորդեոն եմ նվագում։ Խանութը բացելուց առաջ կինեմոտոգրաֆիա եմ սովորել, զբաղվել եմ կինոյով»։  

2009 թվականին լույս է տեսել Խրիսոսի առաջին գիրքը՝ «Վերջին էջի առեղծվածը», իսկ արդեն 2018-ին՝ գրեց  «Նոր օր» վեպը, որը մեկ տարի հետո արժանացավ Եվրոպական Միության գրական մրցանակին: Գիրքը գրել է 8 տարում, որն էլ արժանացել է Եվրամիության գրական գլխավոր մրցանակին.

«Մանրամասն ուսումնասիրել էի անտունների թեման, ապրելակերպը տարբեր երկրներում, զրուցել եմ անօթևան մարդկանց հետ: Կան մարդիկ, որոնք գիտակցաբար են ընտրել անօթևանի կյանքը։ Իմ վեպում էլ կան հերոսներ, որոնք իրենք են որոշել այդպես ապրել: Անտունները մարդիկ են, որոնք գտնվում են եզրագծին ու անվերջ այդ եզրագծով էլ քայլում են, ի տարբերություն մեզ ու մեր կանոնավոր կյանքի։ Ցավոք, գիրքը գրելուց հետո, հիմա էլ  իրավիճակը չի փոխվել: Տարիների ընթացքում անտունների իրավիճակը եվրոպայում ավելի է վատացել, չկա պետական մակարդակով հոգածություն»։ 

Նիկոս Խրիսոսը Newmag-ին պատմեց նաև, թե ինչու է ընտրել վեպի, այսպես ասած, նոր կտակարանը հիշեցնող կառուցվածքը: Գրաքննադատները հաճախ են վեպի հերոոսներին նմանեցնում Հիսուսին ու իր աշակերտներին: Գրողը համաձայն է, հենց այդպես էլ եղել է մտահղացումը.

«Երբ սկսեցի գրել վեպը, երկար մտածում էի, թե ինչպես կառուցեմ պատումս, ինչպես ներկայացնեմ հերոսներին։ Այդ որոնումներում հասա Նոր կտակարանին ու ընտրեցի այդ կառուցվածքը։ Նոր կտակարանը երկու հազար տարի է կա, այն, որպես ստեղծագործություն, ունի իդեալական կառուցվածք, դարեր շարունակ մարդիկ կարդում են այն, իսկ հերոսների կյանքը ներկայացվում է այնքան կատարյալ ու հետաքրքիր, որ իմ այդ ընտրությունն ավելի շուտ հարգանքի տուրք է Նոր կտակարանին»:   

Նիկոս Խրիսոսը չի բացահայտում նոր գրքի թեման ու սյուժեն, բայց այն արդեն կա: Մինչև այդ, Newmag-ի ընթերցողներին խորհուրդ է տալիս կարդալ «Նոր օր» վեպը: Գեղարվեստական այս գործում իրադարձությունները տեղի են ունենում մի քաղաքում ու նավահանգստում, որի անունը հեղինակը չի տալիս, որպեսզի ամեն մի ընթերցող հասկանա վեպը, քանի որ հերոսներն ու նրանց ապրումները համամարդկային են ու կհուզեն ամեն մեկին՝ անկախ ազգությունից ու ունեցվածքից:  

Կարդացեք նաև