Եվրոպական 6 գիրք, որ Newmag-ը ներկայացրել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրով (տեսանյութ)
Տասը տարվա մեջ առաջին գրական հաղթանակը Հայաստանինն է՝ Newmag հրատարակչությանը։ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների 200-ից ավելի հրատարակչությունների հետ Newmag-ը ներկայացրել էր «Ճգնաժամի թեման եվրոպական գրականությունում» թեմայով իր ծրագիրը։
Newmag-ն առաջին հայկական հրատարակչությունն է, որը հաղթեց մրցույթում, հայերեն թարգմանեց ու հրատարակեց Եվրոպական միության գրական մրցանակի արժանացած վեց գիրք։ Վեպեր, որոնք հուզել, զարմացրել ու ցնցել են եվրոպացի ընթերցողին, որոնց հեղինակները դարձել են ամենաընթերցված գրողներն ու արժանացել համաեվրոպական ճանաչման։
Բուլղարիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Իսպանիա ու Շվեդիա. Վեց երկիր, վեց հեղինակ ու վեց վեպ, որոնք ներկայացնում են տարբեր ճգնաժամեր՝ տարիքային, սոցիալական, տնտեսական, քաղաքական ու պատերազմական։
Առաջին երկու գրքերը հրատարակվել են 2022 թվականի մայիսին։ Գերմանացի գրող Օյգեն Ռուգենի «Մարող լույսի ժամանկներում» վեպը Բեռլինի պատի փլուզման, նույն պատի պատճառով առաջացած անդառնալի բաժանումների ու իրարից հեռացած հարազատների մասին է։ Բեռլինը գրեթե կես դար Արևելքի ու Արևմուտքի բաժանած պատի երկու կողմերում նույն Գերդաստանի 4 սերունդներ են։ Վեպն արժանացել է բազմաթիվ մրցանակների, բեմադրվել է Բեռլինի թատրոնում։ Գրքի հիման վրա 2017-ին նկարահանվել է համանուն ֆիլմը։
Ֆրեդերիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը» վեպն անտանելի ծերուկի մասին է, որը կնոջ մահից հետո անընդհատ փորձում է ինքնասպան լինել։ ՝բայց նորահայտ հարևաններն անընդհատ խանգարում են նրան ու խնդրում կենցաղային հարցերում օգնել իրենց։ Բաքմանի գրքերը թարգմանվել են 30 լեզուներով։ «Ուվե անունով մարդը» Բաքմանի առաջին ու ամենահայտնի վեպն է։ Գիրքը բեսթսելլեր դարձավ Շվեդիայում, հետո ամբողջ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, 42 շաբաթ մնաց New York Times-ի բեսթսելլերների ցանկում։ Գիրքը բեմադրվել է, նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, որը ներկայացվել է Օսկարի։ Newmag-ի 2022 թվականի ամառային փառատոնին ներկայացվեց ևս երկու գիրք։
Համաեվրոպական բացահայտում դարձած անհավանական հուզիչ ու անսովոր վեպ՝ կարեկցանքի մասին։ Բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության ֆիզիկան» վեպի հերոսը դիցաբանական Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Միախառնվում են անցյալն ու ներկան, առասպելն ու իրականությունը։ Անցնելով մի ժամանակաշրջանից մյուսը, հեղինակը բացահայտում է արևելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ համաշխարհայինի հետևանքները։
Իսպանացի վիպասան Ֆերնանդո Արամբուրուն «Հայրենիք» վեպը գրեց, երբ բասկերի ահաբեկչական խմբավորումը հայտարարեց, որ դադարեցնում է զինված պայքարը։ Գրողը ցույց է տալիս, թե այդ ողբերգական ժամանակաշրջանում ի՞նչ է պատահել մարդկանց, ինչո՞ւ էին նրանք կողմ՝ սպանություններին, ինչո՞ւ էին համակրում բռնարարներին։ Եվ ի վերջո, Ինչո՞ւ էին լռում նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չէին: Վեպը երկու ընտանիքների մասին է։ խեղված ճակատագրեր, հանուն Անկախության պայքար, որն ուղեկցվում էր ահաբեկչությամբ ու մտերիմ ընտանիքների թշնամանքով։ 2023 թվականի նոյեմբերին լույս տեսան «Ստեղծարար Եվրոպա» ծրագրով հրատարակված վերջին երկու գրքերը։
Իտալացի գրող Ջիովանի Դոցինիի «Այստեղ պիտի մնայի» վեպը լույս է տեսել 2021-ին: Այն պատմում է վերջին տարիներին Եվրոպայի ամենածանր հիմնախնդիրներից մեկի՝ էմիգրանտների մասին։ Հեղինակը պատմում է հայրենի Պերուջայի մասին, որի չարացած բնակիչները համոզված են, որը էմիգրանտներն են մեղավոր ամեն ինչում։ «Այստեղ պիտի մնայի» վեպի հիմքում ներկարար Բրեգոլիսեի տասնվեց օր տևած մտորումներն են։
Հույն գրող Նիկոս Խրիսոսն իր մեծ ու շոկային «Նոր օր» վեպով պատմում է անօթևանների կյանքի մասին՝ բացահայտելով անտուն մարդկանց հիմնախնդիրը Եվրոպայում: Նոր կտակարանի կառուցվածքով ու իրական պատմությունների հիման վրա գրված վեպի առանցքում թափառական Սեբաստիանի ճակատագիրն է․ դեկտեմբերյան մի գիշեր նրան ողջ-ողջ այրում են։ Ողջակիզված անօթևանին ու նրա ընկերներին գրողը ներկայացնում է Հիսուսի ու նրա աշակերտների օրինակով:
«Ստեղծարար Եվրոպա» ծրագրով հրատարակված վեց գրքերն օգնում են հաղթահարել հետկորոնավիրուսային և հետպատերազմյան ճգնաժամը: Այս պատմությունները ցույց են տալիս, որ մարդիկ միայակ չեն մնում իրենց դժվարություններին դեմ հանդիման․ նրանց խնդիրներն ընդհանրական են ու միշտ հաղթահարվում են անձնական կամքով, քաջությամբ ու միասնաբար։
Եվրոպական ժամանակակից 6 վեպերից բացի, «Ստեղծարար Եվրոպա» Նախագծով Newmag-ը մեկ հայ գրողի գիրք էլ հայերենից թարգմանել է ֆրանսերեն և գերմաներեն: Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից հետո» վեպի գերմաներեն գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային փառատոնում։