Գնել Նալբանդյան. Մեր երկիմաստ կյանքի երկակի ընտրությունը

October 22, 2016

Շենքերը, որոնցում անցնում է մեր կյանքը, սովետական են: Բնակարանները նույնպես: Զգեստը, որ կրում ենք, առավելապես կապիտալիստական է: Մեքենաները` նունպես: 
Մթնոլորտը, որ տիրում է մեր կապիտալիստական մեքենաներում, սովետական է, մեքենա նստած մարդկանց հարաբերությունները` նույնպես:: Փողոցները կարգի են բերված կապիտալիստորեն, ետնաբակերն անբարեկարգ են սովետականորեն: Ֆիլմերը, որ դիտում ենք ամեն երեկո, հիմնականում կապիտալիստական են: Անուրջները, որ պարուրում են մեզ գիշերները, հիմնականում սովետական են:



Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև`



Մեր ընկերները, որպես կանոն, սովետական են, թշնամիները նույնպես: Ժպիտը, որով մեզ դիմավորում է շվեյցարը, կապիտալիստական է, կասկածախառն արհամարհանքը, որով մեզ ընդունում է ավագ քննիչը, սովետական է: Մեր բանկերը կապիտալիստական են, մեր բանկերի բանկիրները սովետական:
Սովետական են մեր կառավարությունն ու նախարարները, խորհրդարանն ու պատգամավորները, դատարանն ու դատավորները, կուսակցություններն ու երիտկուսակցականները: Կապիտալիստական են մեր բիզնես ծրագրերը, բիզնես լանչերը, բիզնես կլասները: Կաշառակերությունը մեզանում սովետական է, կոռուպցիան` կապիտալիստական:
Մեր երկընտրանքը կապիտալիստական է, երկիմաստությունը` սովետական, դարաշրջանը` երկիշխանական:

newmag #35