[ Իրականում` ՈՉ ] Վանաձորում քաղաքական ճգնաժա՞մ է

December 15, 2016

Ընտրական նոր օրենսգրքի «թեստ դրայվից»` Վանաձորի ու Գյումրիի ՏԻՄ ընտրությունից պարզվեց, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների լոբբիստները գրեթե երկու տարի խորհրդարանական ու արտախորհրդարանական ամբիոններից հայտարարում էին, որ նոր կառավարման մոդելն այնպես են «թյունինգ» արել, որ բացառվելու է քաղաքական ճգնաժամը, բայց Վանաձորյան «թեստ դրայվից» հետո խաթարվեց մեխանիզմի ամբողջ փիլիսոփայությունը: 
Վանաձորի ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը եղած 33 -ից, ստացավ 13 մանդատ, երկրորդ տեղը զբաղեցնող «Լուսավոր Հայաստանը»` 10 մանդատ, «Հայկական վերածնունդը»` 5 մանդատ, ԲՀԿ-ն` 3, ՀՅԴ-ն` 2: Որպեսզի ՀՀԿ-ն կարողանար բացարձակ մեծամասնություն կազմել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել իր թեկնածուին, պետք է վերցներ առնվազն 16 մանդատ, բայց կոալիցիոն գործընկեր կուսակցությունների մանդատները միասին 15-ի էին հասնում:
Ընտրության արդյունքները պարզելուց հետո ընդդիմադիր կուսակցությունները միավորվեցին մանդատների քանակով երկրորդ տեղը զբաղեցնող «Լուսավոր Հայաստանի» շուրջ և խոստացան պաշտպանել Էդմոն Մարուքյանի եղբոր` Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ավագանու առաջին նիստին «մաֆիան» անցավ իր սև գործին` առավոտը բարի էր Մամիկոն Ասլանյանի համար, խաղից դուրս մնաց Քրիստ Մարուքյանը:
Մամիկոն Ասլանյանը քաղաքի բանալին նախորդ քաղաքապետից ստացավ` առանց ընդդիմադիր գործընկերների մասնակցության: Ընդդիմությունն այդպես էլ չգտավ ավագանու այն անդամներին, որոնք ծածուկ քվեարկեցին Հանրապետական թեկնածուի օգտին, ու մտավ խորը, երկարատև, նյարդային պայքարի մեջ:
Ավագանու առաջին նիստից հետո ընդդիմությունը որոշել է այնքան ժամանակ չներկայանալ նիստերին, մինչև կամ քաղաքապետը հրաժարական տա, կամ ծպտյալ իշխանամետները բացահայտվեն: Այդ օրից սկսած արդեն երրորդ անգամ Վանաձորի քաղաքապետարանի կայքում հայտնվում է ավագանու նիստերին մասնակցելու հրավերը, նիստի օրակարգը ու հետո` նիստին չմասնակցելու հայտարարությունը:
Մինչև հիմա հաստատված չեն Վանաձորի ավագանու կանոնակարգը, աշխատակազմի կանոնադրությունը, քաղաքապետարանի աշխատավարձի չափը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը, քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը, տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմը:
ՏԻՄ օրենքով ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների կեսից ավելին: Այստեղ կեսից ավելին ներկա չի լինում: Մեկ այլ դրույթով` ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Հոկտեմբերի 10-ից, երբ ավագանու առաջին նիստն էր, արդեն երկու ամիսն անցել է, նոր նիստ չի գումարվել: Ընդդիմադիրները մտադիր են այնքան բոյկոտել ավագանու նիստերը, մինչև քաղաքապետը հրաժարական տա, կամ նոր ընտրություններ նշանակվեն:

Բայց Վանաձորում  ճգնաժա՞մ է


Իրականում Վանաձորում քաղաքական ճգնաժամ չկա: Այն, ինչ տեղի է ունենում Վանաձորում, քաղաքական տեխնոլոգիաների գործադրում է: Ընդդիմությունը ծպտյալներին բացահայտելու իր տեխնոլոգիան է գործի դրել, իշխանությունը` դիմագրավելու իր տեխնոլոգիան: Բանն այն է, որ ծպտյալներին բացահայտելու ու պաշտոնը ամեն գնով պահելու գործողություններից այն կողմ քաղաքի տնտեսությունն է ու կառավարումը:
Պարզվում է, որ այս ընթացքում քաղաքային տնտեսությունը կաթվածահար չի եղել: Շենքերի տանիքները `ինչպես կաթում էին, շարունակում են կաթել, ճանապարհափոսերն էլ անվնաս` իրենց տեղում են: Գիշերային լույսերը, ինչպես չկային, այնպես էլ շարունակում չլինել: Հացը չի թանկացել կամ էժանացել: Տրանսպորտը կաթվածահար չի եղել: Քաղաքն ապրում է իր բնականոն հոգսերով:
Այսինքն, եթե 3 ամիս շարունակ ավագանու նիստ չի գումարվում և դրա պատճառով հասարակության համար ոչինչ չի փոխվում որևէ ոլորտում, ապա ո՞ւմ է պետք այդ ավագանին: Սա նշանակում է, որ ավագանու ինստիտուտը ձևական է, կիրառական նշանակություն չունի: Ի՞նչ ճգնաժամ կարող է լինել մի մարմնում, որի անօգուտ գործունեությունն ուղիղ համեմատական է իր իսկ հարկադիր անգործությանը:

Հիմա` Վանաձորում  քաղաքական ճգնաժա՞մ է


Մեծ հաշվով` այո, որովհետև առաջիկա խորհրդարանական ընտրությունները բոլորի խաղաքարտերը խառնել են իրար: Ուրիշ դեպքում ծպտյալները միանգամից կբացահայտեին իրենք իրենց, առանց վայրկյան իսկ մտածելու: Ի՞նչ կունենային կորցնելու: Բայց այս դեպքում եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ ինքնաբացահայտվի, առաջիկա ընտրություններում դա կազդի այդ ուժի վարկանիշի վրա: Հետևաբար ծպտյալների բացահայտմանը դեմ է ընդդիմադիր կուսակցությունների վերնախավը:
Այս իրավիճակը ձեռնտու է ընդդիմադիր քաղաքական ուժերին` մինչև խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունից հետո այլևս ոչ ոք ու ոչինչ չի զսպի ծպտյալ հանրապետականներին, և նրանք կարող են բացահայտվել: Մյուս կողմից` ավագանու թեկուզ բացարձակ մեծամասնությամբ հնարավոր չէ հրաժարվել քաղաքապետից, թեկուզ բյուջեն չի հաստատվել, թեկուզ երկու ամսից ավելի է` նիստեր չեն գումարվել: «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը քաղաքապետ փոխելու հնարավորություն չի տալիս: