Համարձակ, սուր և անկողմնակալ վեպ

Երբ դու փոխվում ես, աշխարհը քո շուրջ ևս փոխվում է: Եվ երբ աշխարհն է փոխվում , քեզանից ակնկալում է նույնը՝ ինքնակազմակերպվել և ադապտացվել ժամանակի թելադրանքին կամ կորչել քաոսի մեջ: Իսկ քաոսն ամենամեղմ բառն է, որ կարելի է օգտագործել նկարագրելու համար 1930-ական թվականներին նախկին ԽՍՀՄ-ի տարածքում տիրող իրականությունը. ավելի բնորոշ են սարսափ, ողբ, անճարություն, չմարող տագնապ, ապագայի հանդեպ հավատի կորուստ ու փլուզում բառերը:

Խորհրդային Միության պատմության ամենաարյունարբու ժամանակահատվածի մասին ընդունված չէ շատ խոսել: Կարելի է գտնել բազմաթիվ գրքեր, որտեղ խոսվում է Առաջին համաշխարհային պատերազմի մասին, էլ ավելի շատ ստեղծագործություններ են նվիրված Երկրորդ համաշխարհայինին, բայց այս երկու աղետների միջև ընկած մեկ այլ իրական աղետ չգիտես ինչու անտեսվում է: Գուզել Յախինան եկել է լրացնելու այդ բացը:

Իր համարձակ, սուր և անկողմնակալ վեպով նա ցույց է տալիս Իոսիֆ Ստալինի օրոք կատարվող բազմաթիվ վայրագություններն ու ապօրինությունները՝ մասնավորապես կուլակաթափման ծրագիրը: Այս ամենը մենք տեսնում ենք մի քանի աղավաղված ճակատագրերի պատմության ներքո՝ ամբողջ կյանքում միայն դառնություն տեսած երիտասարդ թաթար կնոջ՝ Զուլեյխայի աչքերով, բազմաթիվ կյանքեր փրկած և տիրող վայրագություններից խելագարված վաստակավոր բժիշկ Վոլֆ Կառլովիչի տեսանկյունից, սեփական ԵՍ-ը, սկզբունքներն ու արժեքները հեղափոխության զոհասեղանին դրած և այդ նույն հեղափոխության ռեժիմի կողմից դավաճանված ու լքված զինվորական Իվան Իգնատովի տեսանկյունից: Զուլեյխայի կերպարով հեղինակը ցույց է տալիս նաև թաթար կանանց բաժին հասած ծանր կյանքը:

Շատ նուրբ է նկարագրված նաև Զուլեյխայի` կրոնի հետ կապված ապրումները, այն թե ինչպես է մահմեդական կինը, ով ամբողջ կյանքում ստացել է խիստ կրոնական դաստիրակություն, սկսում հեռվանալ Աստծուց, ինչ ապրումներ ու մտքեր է ունենում դրա հետ կապված և այլն: Գիրքը նաև մարդու անկոտրուն տեսակի մասին է: Թե ինչպես կարող են ամեն ինչից զրկված, իրենց տներից քշված մարդիկ զրոյից կառուցել նոր համայնք, գտնել կյանքի նոր իմաստ, պայքարել բոլոր դժվարությունների դեմ և հաղթող դուրս գալ:

Հեղինակին հաջողվել է նաև ներկայացնելով իրականությունը չպարտադրել իր կարծիքը: Բոլոր կերպարները ստացվել են իրական՝ իրենց թերություններով, բացասական և դրական կողմերով, իրենց սկզբունքներով: Եթե Զուլեյխայի կամ Վոլֆ Կառլովիչի հանդեպ կարծիք ձևավորելը բարդ չէ, ապա Իվան Իգնատովի դեպքում իր արարքները կարելի է և՛ արդարացնել, և՛ դատապարտել: Այս կերպարն իրոք շատ բարդ և հակասական է ստացվել: Այս գիրքը կարդալու համար չէ, այս գիրքը զգալու, ապրելու, ստալինյան ռեժիմից տուժված միլիոնավոր մարդկանց կաշվի մեջ մտնելու ու նրանց ապրումակցելու և երբեք չմոռանալու համար է: Կարդացե՛ք, չեք փոշմանի:

Տարածել

Զուլեյխան բացում է աչքերը
Զուլեյխան բացում է աչքերը

Գուզել Յախինա

5800 ֏

Նկարագրություն

1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր:

Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:

Այլ կարծիքներ