Բավականին արդիական գիրք է

Բավականին արդիական գիրք է «Լոտոն»։ Ներկայացնում է կյանքն այնպես, ինչպես որ կա՝ հաճախ խախտելով գրված ու չգրված խաղի կանոնները... Հավաքական կերպար Պողոսը բախտի բերմամբ թե պատահմամբ հայտնվում է այնտեղ, որտեղ չպետք է լիներ։ Կյանքի հատակում գտնվող մեկը ինքն էլ չհասկանալով ինչպես սկսում է ներկա լինել երկրի համար որոշիչ հանդիպումներին և ականատես է լինում՝ ինչպես են մարդիկ շողոքորթում՝ առանց մեղքի և ամոթի զգացումի։ Գիրքն անընդհատ լարված է պահում ընթերցողին՝ զուգահեռ 2 իրականություն ներկայացնելով։

Անարդարության պատճառով բանտում հայտնված Հարությունի և լոտոյի շնորհիվ ոսկե ձկնիկ բռնած Պողոսի զուգահեռ պատմությունները մտածելու տեղ են տալիս։ Մի կողմից հայրենասեր երիտասարդ, ով լավագույն տարիները բանտում անցկացնելուց հետո, արդարացվում է՝ ավելի մեծ խաղի մեջ ներքաշվելու համար, մյուս կողմից կյանքի լուսանցքում գտնվող մեկը, ում կարդացած գրքերը սահմանափակվում էին «Հովազաձորի գերիները»,«Անգլուխ ձիավորը» և «Վարդանանք»-ի կեսը կարդալով…

Մի կողմից մարդ,ով 40 տարի իշխանություն ունենալով հասկանում էր, որ դավադրությունը կազմակերպվում էր ոչ թե իր,այլ Պողոսի ու Պողոսի նմանների դեմ, մյուս կողմից մեկը, ով անգամ տղամարդկություն չուներ սեփական քայլերի համար պատասխան տալու։

Գիրքն ինձ գրավեց նաև մտքեր-խորհուրդներով, որոնցից կառանձնացնեի հետևյալը՝ Սևերի ու սպիտակների միջև տարբերություն դնելը մեծագույն մոլորություն է ոչ միայն շախմատի դեպքում։ Մարդիկ,Պողո՛ս, չեն լինում սև ու սպիտակ,լավ կամ վատ,խելացի կամ անխելք։ Ամեն ինչ շատ հարաբերական է։ Մարդիկ տարբերվում են իրենց ընտրությամբ.ի՞նչ են ընտրում  և ու՞մ են ընտրում։ Ի՞նչ են ընտրում՝ համացանցը,ինքնախաբեությունը թե՞ հավաքական կամքը։ Այդ երկընտրանքներն ամենուր են: Երբեմն այդ ընտրությունն ենթագիտակցաբար է: Մենք չենք էլ նկատում,որ ընտրում ենք: Իսկ երբ նույնիսկ ամենապարզ էակին կանգնեցնում ես ընտրության առաջ, կամ-կամ-ի դեմ հանդիման, նա հիմնականում մոլորվում է: Նա իր բոլոր մեծ որոշումները կատարում է ավանդույթի ուժով, իսկ փոքրերը՝ ցուցադրաբար ու ըստ պահի թելադրանքի: Նաիրյան մարդը բավարարված է զգում ոչ թե այն ժամանակ,երբ ինչ-որ բանի է հասել,այլ երբ դիմացինն իրենից հետ է ընկել,դժբախտ է կամ կարիքի մեջ: ***

Եթե ցանկանում ես ինչ-որ բանի հասնել, երբեք ու ոչ մի դեպքում չպետք է ցույց տաս քո զգացմունքները։ Զգացմունքն է,որ մեզ դարձնում է թույլ ու խոցելի։ Եվ ավելի վտանգավոր է,որ մեր զգացմունքները տեսնում են ուրիշները։ Ես հասկանում եմ,որ մեզ մոտ նաիրյան տաքարյունությունը երբեմն անհնար է դարձնում զսպել զգացմունքները,էլ ուր մնաց թաքցնել դրանք,բայց հավատա,որ որոշում կայացնող մարդը,ճակատագրական որոշում կայացնող մարդը պետք է սառնարյուն լինի։