Ստեփան Սաֆարյան. Միկոյանի արձանի սինդրոմը

Ստեփան Սաֆարյան. Միկոյանի արձանի սինդրոմը

Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն»-ից Ստեփան Սաֆարյանը Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած կրքերի և, թե ինչու նիհիլիզմը Հայաստանում պետք է վերջ ունենա:

Պատմությունը երբեք չի դասվել ճշգրիտ գիտությունների շարքին: Փաստերին ու դրանց պատճառահետևանքային կապերին տրվող մեկնաբանությունները գիտական այդ հայեցակարգերին հաղորդել ու հաղորդելու են սուբյեկտիվ երանգ: Սակայն ԽՍՀՄ կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու մասին քաղաքային ավագանու ապրիլի 30-ի որոշման շուրջ ծավալվող պատմաքաղաքագիտական բուռն քննարկումները գերազանցեցին սուբյեկտիվիզմի մասին բոլոր պատկերացումները:

Հետխորհրդային Հայաստանի քաղաքական, իրավական, տնտեսական խոր նիհիլիզմը լրացվեց ևս մեկով՝ գիտական նիհիլիզմով:

Թերևս այստեղ տեղին է հիշել Նիցշեի հանրահայտ նիհիլիստական արտահայտությունը. «Չկան փաստեր, կան միայն մեկնաբանություններ»:

Խորհրդային հասարակագիտությունը, պատմագիտությունը առաջնորդվում էին հենց այդ սկզբունքով` «անցանկալի» փաստերը մերժել, թաքցնել ու շրջանցել և հրապարակ նետել ցանկալի մեկնաբանություններ, որոնց համար փաստեր կարող են նույնիսկ չլինել:

Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու կողմնակիցները և ժառանգները նրան գրեթե աստվածացնում են` որպես տիեզերական մասշտաբի գործչի. «Կարիբյան ճգնաժամի ժամանակ նա կանխել է երրորդ համաշխարհային պատերազմը», «զարգացրել է Խորհրդային Հայաստանի տնտեսությունը», «հայրենիքին մատակարարարել է սպառողական ապրանքներ», «ստալինյան բռնադատումից ու աքսորից փրկել է որոշ հայերի՝ Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Բաղրամյանին և իր ընկերներին»:

Միկոյանին վերագրվող հանցագործությունների ու հակահայկական դիրքորոշումների առնչությամբ էլ նրանք մերժում են ակնհայտ փաստերը. «Փաստաթղթերի տակ Միկոյանի ստորագրությունը չկա», «Դրանք կեղծիք են, Ստալինն օգտագործել է նրա ստորագրությունը», «Միկոյանը չէր կարող ընդդիմանալ Ստալինին», «Միկոյանը ոչինչ չէր որոշում», «Եթե չլիներ Միկոյանը, զոհերն ավելի շատ կլինեին», «Եթե Միկոյանը դեմ գնար, Ստալինը նրան ու իր ընտանիքին նույնպես կգնդակահարեր», «Այդ ամենը հերքել է պատմաբանների անկախ հանձնաժողովը», «Դրանց կողքին արվել են մեծ գործեր», և այսպես շարունակ… Բացատրություններ, որոնք «անզոր, անճար, անպաշտպան» Միկոյանին ամենևին չեն բնութագրում որպես տիեզերական գործչի:

Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշման նախաձեռնողները հաշվի են առել սոսկ նրա «ավանդն» ու «քաղաքական և պետական գործունեության բարդ ուղին»: Սա էլ մեկ այլ նիհիլիզմ է` փաստերը շրջանցելու տեսքով:

ԽՍՀՄ առաջին 4 առաջնորդների օրոք կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած, բռնակալ Իոսիֆ Ստալինի վստահությունը վայելած, նրա, Եժովի, Վորոշիլովի, Մոլոտովի ու այլոց հետ բազում ոճրագործությունների մեղսակից դարձած Անաստաս Միկոյանի կենսագրության սարսափազդու էջերը, բարեբախտաբար, վավերագրված են կա´մ նրա ստորագրությամբ, կա´մ նրա ձեռամբ գրված գրություններով և հեռագրերով: Այդ փաստերը ոչ միայն անողոք են Միկոյանի ու նրա հանցակիցների հանդեպ, այլև անգամ մեկնաբանության տեղ չեն թողնում:

Այսպես, Անաստաս Միկոյանը մանր, նյութապաշտական ու կարիերիստական շահախնդրությամբ 1919 թ. կասեցնել է տվել Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը՝ նրա անդամներին մեղադրելով «ազգայնամոլության» մեջ, քանի որ նրանք ձեռնամուխ էին եղել Կոմունիստական կուսակցության` Թուրքահայաստանի մասին դեկրետի (29.12.1917 թ.) իրականացմանը:

Նա դեմ է արտահայտվել «Մեծ» թե «Փոքր» Թուրքահայաստանի ստեղծմանը՝ դա համարելով «միջազգային հեղափոխության շահերին ու իմպերիալիզմի դեմ պայքարին հակառակ»:

CS0OCJNUYAAGSu01920 թ. Միկոյանն իր հեռագրերով, Ադրբեջանի բոլշևիկների հետ ընդունած որոշումներով Սևրի պայմանագրի նախաշեմին դեմ է արտահայտվել Ղարաբաղը և Զանգեզուրը Հայաստանին փոխանցելուն: Նա թշնամի է հռչակել Գարեգին Նժդեհին ու մինչև վերջ պայքարել նրա դեմ: 1921 թ., երբ օրակարգային հարց էր Արցախի և Նախիջևանի պատկանելության խնդիրը, Անաստաս Միկոյանի ստորագրությունը դրված է Նարիման Նարիմանովի նամակի տակ. Նարիմանովը Լենինին առաջարկում էր այդ երկրամասերը անպայման թողնել Խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո:

1937 թ. Ժողկոմխորհի նախագահի տեղակալ նշանակվելուց հետո Անաստաս Միկոյանի ստորագրություններն առկա են Եժովի կազմած զոհերի ցուցակների տակ: Նույն թվականին Հայաստանից գնդակահարված «դաշնակցական և այլ հակասովետական տարրերի» պլանային թիվը Միկոյանի խնդրանքով ավելացվել է 700 մարդով, Եժովի առաջարկով՝ 1500 մարդով` վերջնական թիվը հասցնելով 2000-ի: Հայաստանը կորցրել է ոչ միայն Եղիշե Չարենց, Ակսել Բակունց ու այլ երևելիների, այլև հազարավոր սովորական քաղաքացիների, որոնց պատմությունները միայն հարազատները գիտեն:

Միկոյանի գլխավորած հանձնաժողովը վճռեց նրա վաղեմի ընկերներ Ռիկովի և Բուխարինի ճակատագրերը. Միկոյանի ստորագրությունը նրանց մահապատժի որոշման տակ է: Իոսիֆ Ստալինի, Կլիմենտ Վորոշիլովի, Վյաչեսլավ Մոլոտովի և Անաստաս Միկոյանի ստորագրությունները դրված են նաև Կատինի անտառում 1940 թ. գարնանը 22000 լեհ սպաների գնդակահարելու հրամանի տակ:

Միկոյանը մեծ առնչություն է ունեցել նաև ԽՍՀՄ եվրոպական մասում բնակվող գերմանացիների, Ղրիմի թաթարների, չեչենների և մյուս հյուսիսկովկասցիների արտաքսման ու աքսորման հարցում:

1956 թ. նա մասնակցություն է ունեցել Լեհաստանում և Հունգարիայում հակախորհրդային ընդվզումների ճնշմանը, դեմ է արտահայտվել Երևանում ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցմանը: Եվ սա դեռ ամբողջը չէ:

Նա նույնիսկ չընդվզեց, երբ Ստալինի որոշմամբ աքսորվեցին իր զավակները` Սերգոն և Վանոն. նրանք «Կրեմլյան երեխաների» հետ «Կառավարություն» խաղն էին խաղացել. ընտրել էին ժողկոմներ, կառավարության ղեկավար: Կարճ ժամանակ անց նրանք հոր ջանքերով, այնուամենայնիվ, վերադարձան աքսորից: Միկոյանն իր հետ գերեզման տարավ մեծագույն գաղտնիքներից մեկը. այդ ինչպե՞ս միայն իրեն հաջողվեց խուսափել գնդակահարությունից, իսկ Բաքվի կոմունայի նրա բոլոր ընկերները սպանվեցին:

Անաստաս Միկոյանը խորհրդային ռեպրեսիվ վերնախավի դասական ներկայացուցիչ է: Նա կատարել է իր ընտրությունը հօգուտ բոլշևիկյան վերազգային գաղափարախոսության՝ մերժելով ազգային ինքնությունը և շահը, հօգուտ բռնաճնշումների ու մարդասպանության՝ բազմիցս թքելով մարդասիրության վրա, հօգուտ կարիերիզմի ու հարմարվողականության՝ զոհաբերելով սկզբունքայնության նշույլները:

Միկոյանի այդ ընտրությունը չափազանց տեսանելի է նրա ամբողջ կենսագրության մեջ, և կարիք չկա մեղմացուցիչ հանգամանքներ փնտրել, մեղադրել համակարգը, բայց ոչ իրեն, նրան ընտանյոք հանդերձ ներկայացնել որպես «համակարգի կամ հանգամանքների զոհ»: Խորհրդային պետական համակարգում, այն էլ առաջին չորս առաջնորդների օրոք զոհն այդքան երկար չէր կարող պաշտոնավարել:

Մինչդեռ Միկոյանի ու նրա հանցակիցների զոհերի թիվը միլիոններով է հաշվվում: Եվրոպական դատարանը Կատինի դեպքերը որակել է որպես ռազմական հանցագործություն: Իսկ Ռուսաստանի Դաշնության դատարաններից մեկն էլ ապացուցված է համարել ստալինյան բռնաճնշումներին մասնակից անձանց, նաև Անաստաս Միկոյանի մեղքը: Սա մի կողմ թողնելն ու արհամարհելն իրավական նիհիլիզմ է:

Միկոյանի արձանի շուրջ կրքերով Հայաստանում յուրօրինակ գաղտնազերծում է ընթանում: Հասարակության ավելի լայն շերտեր են տեղեկանում թե’ Անաստաս Միկոյանի անցյալի, թե’ իրենց նախնիներին աքսորելու, գնդակահարելու ու հետապնդելու հրամաններ արձակած ուղղակի և անուղակի պատասխանատուների մասին: Թվում է, թե այս ամենը ընդամենը մեկ արձանի մասին է: Սակայն այն հայ ժողովրդին գերազանցապես դժբախտություն բերած մի ամբողջ դարաշրջանի մասին է:

Այս կոնֆլիկտում միահյուսված են ոչ միայն իրավական, քաղաքական ու պատմագիտական նիհիլիզմը, այլև ամբողջատիրական ու ազատ մտածողության, հարմարվողականության ու սկզբունքայնության, պատմության ծխածածկույթով խորհրդային քարոզչության ու անողոք պատմական ճշմարտության բախումները: Աստված չանի, որ հաղթեն նիհիլիզմը, սերնդեսերունդ մատուցված սուտը և հարմարվողականությունը:

Միկոյանը մեղսակից է ոչ միայն բազում հայորդիների, այլև այլազգի մարդկանց` գնդակահարված հազարավոր լեհերի, տեղահանված թաթարների, գերմանացիների, չեչենների ու այլոց ողբերգություններին:

Սեփական վշտի, տառապանքի, կորուստների, ունեզրկման ու հայրենազրկման համար պատմական արդարություն հայցող ազգը իրավունք չունի անտարբեր լինել այլոց ողբերգության ու ցավի հանդեպ, եթե անգամ դա պատճառողներից մեկը հայազգի է: Այդ ազգերն ու ընտանիքները հիշելու են նաև Միկոյանի մահարձանի կանգնեցումը՝ որպես բացահայտ անարգանք իրենց հանդեպ:

Եթե Երևանում պետք է տեղադրվի պատմական այդ շրջանը բնութագրող որևէ արձան (իսկ դա անհրաժեշտություն է), ապա պետք է նվիրվի ստալինյան բռնաճնշումների իրական զոհերին, այլ ոչ թե բռնակալներին ու նրանց կամակատարներին:

Չի կարելի կատակել պատմության հետ: Սա նույնիսկ անփույթ վերաբերմունք չես կոչի: Արձանը ոչ միայն անցյալի հերոսն է, այլև ապագայինը: Պատմության հերոսական թե ողբերգական էջերը մոգական ձգողականություն, կրկնության ու ռևանշի հատկություն ունեն, երբ հանրույթը հստակ չի դիստանցավորվում դրանցից, ինչպես որ Միկոյանը տասնամյակներ շարունակ չընդունեց իր մեղքերը՝ շարունակելով գործել նորերը: Կյանքի վերջին տարիներին նրա մեղայականը Երևանում արձան ունելու անհրաժեշտ ու բավարար պայման չէ: Անաստաս Միկոյանը ոչ միայն այն անձը, այլև քաղաքական այն սուբստանցիան չէ, որին պետք է հավերժացնել ու սերունդների ի պահ տալ` որպես ընդօրինակելի կերպարի:

Թերևս արժե այս ամենն ամփոփել Ջեյմս Բոուելի «Սամյուել Ջոնսոնի կյանքը» հայտնի կենսագրական գրքից մի ուսուցողական պատվիրանով. «Ձեր երեխաներին անընդհատ վարժեցրե´ք հետևյալին. եթե որևէ բան է տեղի ունեցել մի պատուհանի մոտ, ու եթե դրա վերաբերյալ ասում են, թե այն տեղի է ունեցել մեկ այլ պատուհանի մոտ, թույլ մի՛ տվեք` այդպես անցնի-գնա, այլ անհապաղ ուղղե´ք նրանց: Դուք չեք կարող իմանալ, թե որտեղ կավարտվի ճշմարտությունից շեղումը»:

Նիհիլիզմը Հայաստանում պետք է վերջ ունենա: Ճշմարտությունը պետք է ասվի: Առանց ուշացնելու: Սերունդներին պետք է պատմվեն Անաստաս Միկոյանի ոճրագործություններն ու պատմությունը, ոչ թե նրանց ի պահ տրվի բոլշևիկյան դարաշրջանի ոճրագործության մեղսակցի արձանն ու նրա քաղաքական շունչը:

Գրել կարծիք