В Питере не только пить. Պետրոսի քաղաքի սիրուն վայրերի և հարմար գների մասին

В Питере не только пить. Պետրոսի քաղաքի սիրուն վայրերի և հարմար գների մասին

newmag-ի սյունակագիր, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի պետերբուրգյան լայֆհաքը. ինչպե՞ս էժան և լիարժեք վայելել Սպիտակ գիշերների քաղաքը` ալկովայրերից մինչև թանգարաններ:

Հետաքրքիր է, որ կան վայրեր, որոնք սիրում ես մինչև այցելելը, իսկ ճանապարհորդության ընթացքում ստեղծվում է դե ժավյուի տպավորություն. անվանումները լսել եմ, պատկերները՝ տեսել սոցցանցերում ու ֆիլմերում։ Ռուսաստանի ամենաեվրոպական քաղաքը՝ Սանկտ Պետերբուրգը, միայն կրիմինալ մայրաքաղաք ու մշակութային օրրան չէ։ Այստեղ են ալկոմշակույթի լավագույն ավանդույթները, զանազան ազգերի համեղ ու էժան խոհանոցները, ժամանցի տարբերակների բազմազանությունից ուզում ես մի պահ կանգ առնել, խորը շունչ քաշել, հետո նոր ընտրել հաջորդ երթուղին։

Երթուղային տրանսպորտ /ցուրտ/. Նախ ասեմ, որ տաքսու փոխարեն, անմիջապես օդանավակայանից կարելի է նստել երևանյան երթուղայինը հիշեցնող մինիբաս, որը 35 ռուբլով (250 դրամ) կհասցնի մետրո «Մոսկովյան», որտեղից էլ առանց վագոնը փոխելու 15 րոպեից կլինեք հենց կենտրոնում՝ Նևսկի պողոտայի վրա։ Ես հենց այդպես էլ արեցի ու «Պուլկովո» օդանավակայանից 500 դրամով հասա կենտրոն։ Մետրոպոլիտենը պոպուլյար փոխադրամիջոց է, բայց Նևսկիի վրա ապրելու դեպքում (իմ դեպքում), կարելի է օգտվել ավտոբուսից կամ քայլել ոտքով. չարժի բաց թողնել ճարտարապետությամբ հիանալու հնարավորությունը։ Պետերբուրգյան -4 աստիճանը շատ ավելի փափուկ եղանակ է, քան հայկականը։ Այո, երբեմն փչում է Ֆիննական ծոցի սառը քամին, և զբոսնելու համար գլխարկն ու շարֆը պարտադիր են, սակայն ձմռանը կարող եք (և ցանկալի է) կրել առանց մորթու, երկարաճիթք կոշիկներ: Նախ` բոլոր հաստատություններում սուպերտաք է, և տաք կոշիկներով հաստատ կշոգեք, և հետո` Պիտերում ցուրտը օկուպացնում է վերևից, ոչ ներքևից, այնպես որ` կարևորը շարֆ-տաք գլխարկ կոմբինացիան է։

Նախաճաշ / լանչ / բրանչ։ Պիտերյան կենտրոնում լանչի գները երևանյան են կամ գրեթե երևանյան, միջինը՝ 2000 դրամ։ Հավելյալ 700 դրամով կարելի է թեյ պատվիրել: Ի տարբերություն մեր սրճարանների, Պիտերում մի հաճախորդին պարտադիր հասնում է մեծ թեյնաման՝ 2-3 բաժակի թեյով։ Եթե չեք ուզում նստել, կարող եք անմիջապես փողոցում կամ որոշ մթերայիններում Ձեր աչքի առաջ պատրաստվող սուրճ/թեյ գնել՝ նույն մարդասիրական գներով, մի բան էլ` հետը կոնֆետ կամ փոքր թխվածքաբլիք կտան։ «Լանչավայր» ընտրելիս ես հայտնվեցի երևանցու համար ոչ տիպիկ վայրում՝ իսրայելական սթրիթ-ֆուդ բարում: «Բեկիցերն» այսօրվա Պիտերի ամենահյուրընկալ հիփստերնոցն է։ Ու հաստատ ամենաոչռուսական, զուսպ մթնոլորտով վայրը։ Նույն ստանդարտ գնով փորձեցի իսրայելական ազգային «պոմիդորով ձվածեղը»՝ շակշուկան։ Ի տարբերություն մեր ուտեստի, շակշուկայի մեջ լցնում են նաև սոխ, չիլի և սովորալան կանաչ պղպեղ, նաև ինչ-որ հրեական համեմունքներ։ Շակշուկայի հետ մատուցվում է նաև հումուսառանձին ափսեով, և ոսպով աղցան։ Կշտացնող, կծու, ախորժելի` must eat.

Տիպիկ պիտերյան ավանդույթ է պիշկիավայելքը: Պիշկին պոնչիկանման դոնաթ է։ Լավագույն պիշեչնին Կոնյուշեննայա փողոցի վրա է, մեկ պիշկին արժի 13 ռուբլի: Կուշտ մարդը որպես դեսերտ կուտեր 5-6 հատ։ Սուրճի հետ Ձեր վրա կնստի 600-700 դրամ։ Իհարկե, Պիտերում կան նաև թանկ, հեղինակային խոհանոցով ռեստորաններ։ Օրինակ, արժի գնալ Սերգեյ Շնուրովի ռեստորան՝ «Կոկոկո»։ Կծախսեք 5000-10000 դրամ, որոշ ուտեստներ կհիացնեն կրեատիվությամբ ու տեսքով, բայց բարձր գնի դեպքում համը ոչ միշտ է ապշեցնում («Մայրիկի սիրած ծաղիկը» խմորողենի դեպքում` հաստատ)։ Բայց գնալ կարելի է։  Մանավանդ երևանյան սրճարաններից հետո: Եվ հանուն նոր և օրիգինալ մենյուի: Նաև հանուն ինստա/ֆբ վառ պոստի կամ սիրած ռոքերի հանդեպ նուրբ զգացումների: Սակայն այնտեղ առանձնապես ուրախ և զվարթ չէ:

 

Եթե ակտիվության կողմնակից եք, մնացեք Ռուբինշտեյնի վրա (նույն «Բեկիցերի» փողոցի)։ Ռուբինշտեյնը պիտերյան Սարյան-Փարպեցին է` իրենց փաբեցին, բայց տասն անգամ ավելի մեծ ընտրությամբ։ Կոկիկ ու դասական wine bar-սրճարանոտ ռեստորան փնտրողները կարող են վստահ գնալ Ռուբինշտեյն, իսկ գարեջրի երկրպագուների համար կան Telegraph-ը, Mollie’s-ը ու Fiddler’s Green-ը։ Նույն փողոցի վրա կա 48 chairs jazz bar-ը, որտեղ միշտ մարդաշատ է, պետք է նախապես ամրագրել տեղերը։ Ռուբինշտեյնը համով-հոտով փողոց է` ոչ թե հարբեցողների, այլ համեղ-սիրուն ուտել-խմողների համար: Նաև կարևոր պունկտ. այստեղ է գտնվում քաղաքի լավագույն` Փոքր թատրոնը՝ Լև Դոդինի անվան։ Այնպես որ փողոցի ինտելեկտուալ դիմագիծը չի խախտվել բազմազան ու տարատեսակ ալկովայրերի պատճառով։

Պարելու տեղերը քիչ են, ձմեռը՝ շատ ավելի քիչ։ Բայց Танцплощадка-ն և իր կողքի տեխնո ակումբները հաստատ արժի այցելել, սակայն կեսգիշերից հետո։ Գնումների համար պարտադիր չէ հատուկ փողոցներ ու մոլեր գնալ. հետաքրքիր ու յուրօրինակ խանութները գրեթե ամեն քայլափոխի են։

Գիրք գնելու համար այցելեք ոչ թե Буквоед, այլ Զինգերի շքեղ շենքում գտնվող Дом книги-ն։ Այստեղ ավելի մեծ է մասնագիտական, գեղարվեստական գրականության ընտրությունը, բաժիններն ավելի համակարգված են, խնամքով շարված, կան նաև բազում ուրիշ, գրքերի հետ կապ չունեցող, օրիգինալ պարագաներ։ Օրինակ՝ խմելու Bounty կամ Snickers, հալած զեֆիր, Չապլինի պատկերով՝ հմուտ մինիմալիստիկ դիզայնով սարքած թեյի բաժակներ, օրիգինալ, ոչ թիթիզ բլոկնոտներ ու հարմար, լայն պայուսակներ` կտորից։

Երթևեկությունն, ի տարբերություն երևանյանի, ավելի հանգիստ է, չնայած կենտրոնում բարդ է փարքինգը (չկան նաև կենցաղային խանութներ)։ Մեծ հաշվով` կենտրոնում կարելի է հանգիստ զբոսնել մինչև գիշեր: Փողոցները լուսավոր են, ոստիկանական «կոճակները»` գրեթե բոլոր շենքերի պատերին։ Մինչև ուշ աշխատում են ՄաքԴոնալդսն ու Բուրգեր Քինգը, Նևսկու Subway-ն ընդհանրապես շուրջօրյա է։ Բուրգեր Քինգում տալիս են Uber-ի զեղչ-քարտեր, որի առաջին ուղևորության ժամանակ հաճախորդը ստանում է 450 ռուբլու զեղչ (3300 դրամ)։ Այնպես որ` Uber չունեցող երևանցիներիս յուբերյան առաջին ուղևորությունը Պիտերում է լինում: Արդյունքը` մի հիանալի զեղչ-լայֆհաք։


Էրմիտաժն ու մյուս կարևոր թանգարաններն ունեն անվճար օրեր, դրանք կարող եք գտնել համացանցում: Խորհուրդ կտամ այցելել առավոտյան ու շաբաթվա առաջին կեսին. անգամ Վան Գոգի ու Պիկասոյի սրահներում հերթ չի լինի։ Անպայման գնացեք գրողների տուն-թանգարաններ ու փող մի՛ խնայեք աուդիո-գիդերի վրա։

Լիտեյնիյ պրոսպեկտի շրջակայքն է շատ տպավորիչ: Այստեղ Նևսկուց պասիվ է, սակայն հետաքրքիր վայրերը շատ են. Ախմատովայի տուն-թանգարանը, Բրոդսկու կաբինետը, Dead Poets բար-սրճարանը` համեղ խոհանոցով ու բրիտանական ինտերիերով, Շնուրովի մյուս «օբյեկտը»՝ Синий Пушкин-ը։ Քաղցրասերները  անպայման պետք է այցելեն Бизе և Север հրուշասրճարանները: Ֆոնտանկա գետի առափնյան ունի հետաքրքիր արտ վայրեր, ցուցասրահներ և նեյմինգների ֆավորիտներ։ Այնպես որ՝ в Питере не только пить.

Գրել կարծիք