Կարո՞ղ է Իրանը դառնալ Հայաստանի ռազմական ու ռազմավարական դաշնակիցը
Հայաստանի եւ Իրանի հարաբերություններին հետեւում են ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան՝ վերլուծում փոխադարձ համակրանքը, քաղաքական պայմանավորվածություններն ու ռազմաքաղաքական հայտարարությունները, այլեւ Միացյալ նահանգներն ու Ռուսաստանը: Այդ իմաստով Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները ոչ միայն երկու երկրների, տարածաշրջանի երկրների, այլեւ գերտերությունների ուշադրության կենտրոնում է:
Անկախ այդ ուշադրությունից, հայ-իրանական գործակցությունը դինամիկ զարգացում է ապրում՝ սկսած 1992 թվականի փետրվարի 9-ից, երբ Թեհրանի Էսթեղլար հյուրանոցում ստորագրվեց դիվանագիտական հարաբերություն սկսելու հռչակագիրը: Դրան անմիջապես հաջորդած Հայաստանի էներգետիկ ճգնաժամի տարիներին հենց Իրանն էր, որ ձեռք էր մեկնում Հայաստանի տնտեսությանը: Գուցե նաեւ հենց այդ պատճառով է, որ Իրանի հետ հարաբերությունները սովորական հարաբերություններ չեն՝ այլև նոստալգիկ ու էմոցիոնալ:
Իրականում՝ գրեթե նույնատիպ վերաբերմունք էլ ունի Իրանի քաղաքական ղեկավարությունը Հայաստանի հանդեպ: Եթե 2002-ին Իրանի Պաշտպանական գերատեսչության ղեկավար, ծովակալ Ալի Շամիանին Երեւանում համարեց, որ Հայաստանի հետ ունեն առանձնահատուկ հարաբերություններ, ապա 2004-ին Իրանի նախագահ Խաթամիի ձեւակերպմամբ Իրանը Հայաստանի հետ ունի հատուկ հարաբերություններ: Իսկ այս օրերին Իրանում պաշտոնական այցով գտնվող Վիգեն Սարգսյանի հետ բոլոր հանդիպումներում քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ Հայաստանի հետ ունեն բարեկամական հարաբերություններ: Առանձնահատուկ, հատուկ եւ բարեկամական, թվում է եւս մեկ քայլ ու դիվանագիտական ձեւակերպումներում կարող է հայտնվել ռազմավարական դաշնակից ձևակերպումը: Իսկ ինչո՞ւ ոչ:
Հայաստանի ու Իրանի միջեւ անվտանգության ոլորտում գործակցությունը սկսվեց 90-ականների վերջին եւ դինամիկ զարգացավ երկուհազարականների սկզբին: 2001-ին անվտանգության ոլորտում կնքվեց հուշագիր, որը նախատեսում էր գործակցել սահմանային անվտանգության ոլորտում, միասնական դիրքորոշում հայտնել միջազգային կառույցներում տարածաշրջանի խաղաղության հարցերով: Մեկ տարի անց ծովակալ Ալի Շամիանին Երեւանում հայտարարեց, որ ցանկանում են պաշտպանության ոլորտում զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները և այն ուղղված չէ որեւէ մեկի դեմ: Հայտարարությունից 1 օր անց կնքվեց նոր հուշագիր, որը նախատեսում էր երկկողմ ու բազմակողմ գործակցություն և տեղեկատվության փոխանակում:
2010-ին արդեն քննարկվում էր Թիկունքի ապահովման, հումանիտար ականազերծման, ռազմական բժշկության ու առեւտրաարդյունաբերական բնագավառում գործակցության հարցեր: Հիմա արդեն քննարկվում է ռազմաարդյունաբերական գործակցության հնարավորությունները: Այս փաստաթղթային ու հրապարակային կենսագրությունը կարող է նպաստավոր պայմանների դեպքում վերածվել ռազմավարական դաշինքի:
Հայաստանն ու Իրանը կարող են լինել ռազմավարական դաշնակիցներ, որովհետեւ դա ձեռնտու է Թեհրանին տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով, ինչպես ընդունված է ասել, սեպի նման խրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջտեղում, ինչը թույլ չի տալիս ձեւավորել լիարժեք տարածաշրջանային դաշինք: Իսկ տարածաշրջանային տերությունների մրցավազքում, նա ով տրորում է հակառակորդի կոշտուկները, ամենացանկալի գործընկերն է:
[ Իրականում` ոչ ]
- Հովիկ Աբրահամյանը կդառնա՞ ընդդիմադիր
- Գագիկ Ծառուկյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն
- Սրբազանի կոչը մասնակցությո՞ւն էր քաղաքականությանը
Բացի այդ՝ Հայաստանը Իրանի 14 հարեւաններից միակ քրիստոնյա երկիրն է, իսկ Իրանը միջազգային հանրության աչքում այնքան էլ չի փայլում իր հանդուրժողական հարևանությամբ: Հայաստանի հետ ունենալով դաշնակցային հարաբերությունները, իրանը ամբողջ աշխարհին առնվազն կարող է ապացուցել իր կրոնական հանդուրժողականությունը:
Իրանը անընդհատ ձայնի խնդիրներ ունի միջազգային կառույցներում: Չէ որ միաժամանակ քաղաքական ու դիվանագիտական պայքար է մղում ԱՄՆ-ի, Արաբական լիգայի երկրների ու Իսրայելի դեմ: Դառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերը, Իրանը ՄԱԿ-ում Հայաստանին չի խնդրի իր օգտին քվեարկել, դա գործընկերը կանի առանց ավելորդ սեթեւեթանքի: Փոխարենը Հայաստանը կարող է ունենալ, իրեն սահմանակից, հզոր ռազմավարական դաշնակից:
Բայց Իրանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը
Իրականում` ոչ: Բանն այն է, որ Իրանը հիմա էլ է կարողանում միջազգային կառույցներում Հայաստանից ձայներ վերցնել: Ռազմավարական դաշինք նշանակում է ոչ միայն վերցնել, այլեւ՝ տալ: Օրինակ՝ տալ շփման գծի վրա սավառնող իսրայելական անօդաչուները ոչնչացնող զինտեխնիկա, տալ ադրբեջանական նավթի գումարներով գնվող զինտեխնիկային համարժեք հակազդող զինատեսակներ: Տալ ավելին, քան կպահանջի դաշնակիցդ, իսկ արդյո՞ք միջազգային կառույցներում մեկ ձայնն արժե այդքան, հատկապես, որ հիմա էլ Հայաստանն այդ ձայնը տալիս է առանձնապես սակարկելվւ:
Իրանը չի կարող դառնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որովհետեւ դա ամենից առաջ վտանգավոր է հենց Իրանի համար: Հայաստանի եւ Իրանի միջեւ՝ ամբողջ Իրանի հյուսիսը բնակվում են ազերներով եւ ուղղակի ու բացահայտ գործակցությունը Հայաստանի հետ կարող է ռումբի նման պայթյուն առաջացնել Իրանում: Դրա համար, Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայի: Հետեւաբար Իրանի բացահայտ ու հրապարակային առաջարկը չի կարող ավելին լինել, քան կա:
Իրանն ու Հայաստանը չեն կարող լինել ռազմավարական դաշնակիցներ, որովհետեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն արդեն Ռուսաստանն է: Այսինքն՝ նոր դաշնակցային հարաբերությունների համար, կամ անհրաժեշտ է հին դաշնակցի հետ պայմանավորվել, կամ խզել կապերը: Պայմանավորվել դաշնակցելու հարցում նշանակում է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է դաշնակցեն, իսկ դա անհնար է այդ երկրների պատմական անցյալի պատճառով ու երկու երկրների տարածաշրջանային հավակնությունների հետեւանքով: Հատկապես, որ մինչեւ հիմա Իրանը հոգու խորքում Հայաստանը համարում է իր ազդեցության գոտի, կամ տարածք, որն իրենից խլել է Ռուսաստանը: Մնում է հրաժարվել հին դաշնակցից: Հրաժարվել նշանակում է, հանել ռուսական 102-րդ ռազմաբազան, Թուրքիայի հետ սահմանը սեփական ուժերով պահել, կամ հանձնել իրանցի սահմանապահներին: Իսկ դա խելամի՞տ է:
Հիմա՝ Իրանը կարո՞ղ է դառնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը
Եվս մեկ անգամ՝ ոչ: Բայց հաշվի առնելով Իրանի եւ Հայաստանի փոխադարձ շահերը, կարելի է գործակցել լուռ, առանց աղմուկի, առանց բարձրագոչ հայտարարությունների: Եթե իսրայելական անօդաչուներ են սավառնում սահմանիդ, կարող ես իրանական արտադրության ֆագոտներ հակադրել դրանց, ինչ պարտադիր է, որ այդ մասին հայտարարես:
Իրանը սովորական երկիր չէ՝ բազմաշերտ է, կուտակված բազմաթիվ խնդիրներով, չլուծված հարցերով, իրենց գրականության նման՝ պերճախոս ու երկիմաստ: Քաղաքական համընկնումներից օգտվելու համար ճիշտ հակառակն է պետք լինել՝ լակոնիկ ու պրագմատիկ: