Մանդելայի էֆեկտը / S01E06 / Հայոց պատմության ամենահայտնի դավաճանները
06/04/2026
Պատմությունը միայն հաղթանակների ու հերոսամարտերի տարեգրություն չէ։ Այն նաև դասերի շարան է, որոնք հաճախ գրվել են արյունով և ... դավաճանությամբ։ Ասում են՝ թշնամու հարվածը սպասելի է, բայց հարվածը թիկունքից՝ սեփական արյունակցի կողմից, անբուժելի վերք է բացում ազգի մարմնի վրա և դաջվում սերունդների հիշողության վրա:
Իրավական ձևակերպմամբ՝ դավաճանությունը գիտակցված գործողություն է՝ ուղղված սեփական պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ անվտանգության դեմ։ Պետական դավաճանությունը սովորաբար ներառում է լրտեսությունը հօգուտ օտարերկրյա պետության, թշնամու կողմն անցնելը պատերազմական կամ ռազմական գործողությունների ժամանակ, օտարերկրյա պետություններին օգնելը՝ ուղղված երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ արտաքին անվտանգությանը վնասելուն։
Ի տարբերություն պետականի, հանրային ընկալման տիրույթում և սերունդների հիշողության մեջ ազգային դավաճանություն հասկացությունը շատ ավելի լայն է ու հուզական: Ազգային դավաճանությունն ընկալվում է` որպես դավաճանություն ընդհանուր արժեքներին, պատմությանը և ապագային։ Ի դեպ, պատմությունը ցույց է տալիս, որ դավաճանությունը հաճախ ծնվում է ներքին պառակտումից։ Երբ հասարակության ներսում չկա միասնական պատկերացում «կարմիր գծերի» մասին, դավաճանության հավանականությունը մեծանում է:
Պատմությունը սովորաբար գրում են հաղթողները, բայց այն կերտում են նաև նրանք, ովքեր վճռորոշ պահին թիկունքից հարվածում են սեփական ժողովրդին ու հանրությանը։ Հազարամյակների Հայոց պատմության մեջ հերոսական սխրանքների կողքին կարմիր թելով անցնում է մի սև շղթա՝ մատնության և դավաճանության շղթան։ Չէ որ մենք հաճախ ենք լսում, որ մեր պարտությունների պատճառը ոչ թե թշնամու հզորությունն էր, այլ մեր ներքին պառակտումները։
Այս թողարկմանը վերհիշում ենք Հայոց պատմության այն էջերը և անձնավորություններին, որոնց երբեմն ուզում ենք մոռանալ, բայց որոնք պարտավոր ենք հիշել: Պարտավոր ենք հիշել, որովհետև սերունդների ընկալման համար ուսուցողական ու դաստիարակչական տեսանկյունից որքան կարևոր է օրինակ՝ Վարդան Մամիկոնյանի կերպարը, այնքան էլ կարևոր է Վասակ Սյունու կերպարը: Որովհետև Վարդան Մամիկոնյանի վարքաբանական մոդելը սովորեցնում է, թե ինչպիսին պետք է լինել, իսկ Վասակ Սյունու մոդելը սովորեցնում է, թե ինչպիսին չպետք է լինել: