[ newmag x ted ] Ամիրա Հարուդա. Ինչո՞ւ եմ վտանգում կյանքս Գազայի մասին պատմելու համար
Սա իմ առաջին ճամփորդությունն է: Առաջին անգամ եմ Գազայից դուրս գալիս: Երջանիկ եմ, որ այստեղ եմ: Իմ երազանքն էր օդաչու դառնալ, հասնել երկնքին: Բայց այդպես չեղավ:
Ես ապրում եմ Գազայում, որտեղ օդանավակայան չկա: Բոլոր կողմերից սահմանները փակ են: Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ բանտում:
Ամենն, ինչ կարող եմ անել, պարզապես նայելն է վեր՝ երկնքին: Երջանիկ ենք այն օրերին, երբ 4-5 ժամ հոսանք ունենք: Երբ ցուրտ է` խարույկ ենք վառում տան դիմաց կամ կտուրին: Երբեմն նաև ուտելիք ենք պատրաստում դրա վրա:
Իմ գործը Գազա եկող լրագրողների համար ամեն ինչ պայմանավորվելն է: Շատ ժամանակ առավոտյան ստիպված եմ լինում գնալ սահմանային հատված՝ լրագրողներին դիմավորելու: Եթե լրագրողին ինչ-որ բան պատահի կամ նա որոշի լուսաբանել իրադարձություններ, որոնք կառավարությունը չի ուզում, սարսափելի բաներ կարող են պատահել:
Իմ գործը լրագրողներին, նկարահանող խմբերին իմ երկրում կողմնորոշվելու հարցում օգնելն է: Իմ հաջողությունը ոչ միայն լրագրողների ու լրատվական բաժինների հետ կապեր ստեղծելու մեջ է, այլ նաև Գազայի հասարակության տարբեր խմբերի հետ լավ հարաբերություններ ունենալու: Դրանք այն խմբերն են, որոնք չեն ուզում, որ իրենց մասին խոսեն: Ես երբեք նրանց չեմ վերաբերվել որպես հերթական պատմության կամ թվերի. նրանք ինձ պես մարդիկ են:
Ես շատ կապեր եմ ստեղծել 10 տարում: Դա ինձ հնարավորություն է տալիս կապ հաստատել մարդկանց հետ և ունենալ պատմություններ, որոնք փակ են մյուսների համար: Երբեմն զգում եմ, որ կին լինելով՝ ավելի շատ շանսեր ունեմ: Շատ տղամարդ լրագրողներ փորձում են ռեպորտաժ պատրաստել թմրամոլության մասին:
Պաղեստինյան ավանդույթներով տղամարդկանց արգելվում է մտնել ուրիշի տուն: Եվ շատ տղամարդ-լրագրողներ չեն ունենում այն պատմությունները, որոնք ես ունեմ:
Ես հրաշալի ամուսին ունեմ, որն աջակցում է ինձ՝ չնայած իմ հասցեին հնչած քննադատություններին: Նա հիմա տանն է իմ երկու երեխաների հետ, մեկն էլ կրծքիս տակ է այս պահին: Երբ աշխատանքի եմ, երկու ժամը մեկ զանգում եմ ամուսնուս: Եթե ես չեմ զանգում, նա զանգում է լրագրողին, որն այդ պահին ինձ հետ է, նրան, ում ես վստահում եմ:
Մի անգամ, երբ Գազայում առևանգեցին բրիտանացի լրագրող Ալան Ջոնսթոնին, ամերիկյան ամսագրից ինձ խնդրեցին առևանգիչների հետ հանդիպում կազմակերպել, ու ես դա արեցի: Ինձ և լրագրողին հյուրանոցի մոտից տարան սև մեքենայով: Նրանք դիմակներով էին: Մեզ տարան հեռու դաշտերի մեջ ինչ-որ տեղ, մեզնից վերցրին հեռախոսները: Հարցազրույցն արեցինք հենց դաշտի մեջտեղում: Այնքան էի վախեցել: Երբեք չեմ մոռանա այդ օրը:
[ newmagxted ]
- Ինչպե՞ս ապրել խանդավառությամբ նույնիսկ 90 տարեկանում
- Հիշի՛ր՝ ասել շնորհակալություն
- Սիրահարվելը գործի հեշտ մասն է
- Վատ սովորություններից ազատվելու պարզ եղանակ
- Ինչպե՞ս խոսել, որ մարդիկ ցանկանան լսել քեզ
Ինչո՞ւ եմ անում այս ամենը: Անում եմ, որովհետև հավատում եմ, որ եթե չանեմ, Գազայի մասին շատ պատմություններ այդպես էլ կկորչեն: Ես կարող եմ իմ երկրի մասին շատ պատմություններ պատմել , դրանք ոչ բոլորն են վատը: Ես սիրում եմ իմ երկիրը՝ չնայած սարսափելի պայմաններին, որոնցում ապրում ենք՝ շրջափակում, աղքատություն, գործազրկություն: Ինչևէ, կյանքը շարունակվում է: Այնտեղ երազանքներ ունեցող, էներգիայով լեցուն, հիանալի մարդիկ են ապրում: Մենք հրաշալի երաժշտություն ունենք և երաժշտական շատ լավ դպրոց: Մենք ունենք պարկուր պարողներ, որոնք պարապում են իրենց տների ավերակներում:
Գազան միակ տեղն է արաբական աշխարհում, որտեղ մահմեդականներն ու քրիստոնեաներն ապրում են համերաշխ:
Պատերազմի ժամանակ ամենադժվար բանն ինձ համար առավոտյան տնից գնալն է՝ այնտեղ թողնելով երեխաներիս: Ամեն օր լուսանկարում եմ նրանց, քանի որ չգիտեմ՝ նորից կվերադառնա՞մ նրանց մոտ: Գազայում լրագրող լինելն ու լրագրողների հետ աշխատելը բարդ է: Բայց երբ հրետակոծություն ու պայթյուն եմ լսում, վազում եմ այդ ուղղությամբ: Որովհետև ես առաջինն եմ ուզում լինել այնտեղ: Որովհետև կարծում եմ, որ այդ պատմությունները պետք է լուսաբանել:
Երբ երեխաներս փոքր էին, ու պատերազմի ձայներ էինք լսում, ասում էի՝ հրավառություն է: Հիմա նրանք մեծ են ու ամեն ինչ շատ լավ հասկանում են: Գիշերներն ինձ տանջում են մղձավանջները, պատերազմի արհավիրքները հետապնդում են ինձ, հատկապես փոքր երեխաների մարմինները: Մինչև հիմա հիշում եմ Հալա անունով մի փոքրիկ աղջնակի, որը միակ փրկվածն էր իրենց ընտանիքից: Նրա պատկերը միշտ ինձ հետ է:
Ես հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ կանգնած: Հպարտ եմ, որ կարող եմ ձեզ ուրախ և տխուր պատմություններ պատմել աշխարհի իմ փոքրիկ անկյունի՝ Գազայի մասին: Հպարտ եմ, որ լրագրողների հետ աշխատող միակ կինն եմ Գազայում: Եվ գիտե՞ք՝ ինչն է զվարճալի. նրանք ինձ «միսթր Ռեմբո» են կոչում:
Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ մի օր էլ այլ կանանց մասին պատմել: Հուսով եմ, որ մի օր կկարողանամ մյուս կանանց էլ օգնել՝ ինձ պես աշխատել իմ երկրում: Երբեմն ինձ թվում է՝ սա իմ ուժերից վեր է, այլևս չեմ կարող անել այս աշխատանքը: Բայց միշտ հիշում եմ այս խոսքը.
«Մի´ սահմանափակիր քեզ բաժին հասած մարտահրավերները, ձեռնոց նետիր քո իսկ ուժերին: Ուրիշներին թույլ մի´ տուր կոտրել երազանքներդ»:
http://www.ted.com/talks/ameera_harouda_why_i_put_myself_in_danger_to_tell_the_stories_of_gaza