BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հետխորհրդային էքսկլյուզիվ. Արցախն ինչպե՞ս կարող է

Հետխորհրդային էքսկլյուզիվ. Արցախն ինչպե՞ս կարող է Ռուսաստանն ու Արևմուտքը մոտեցնել իրար

Սա գործակցության բացառիկ փորձ է` խորացող հակասությունների պայմաններում: Իհարկե Ղարաբաղում գործակցությունը չի կարող ինքնին դադարեցնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում բացասական տենդենցները, բայց գործակցությունը հանուն ընդհանուր, թեկուզ տակտիկական հարցերում անխուսափելիորեն թարմ օդ կբերի:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ եղան: Սպասվում է, որ մինչև 2017-ի վերջ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, կքննարկեն չկարգավորվող կոնֆլիկտի ընթացիկ դինամիկան: Դիվանագետներն այդ հանդիպման մասին զգուշավոր օպտիմիզմով են խոսում, բեկում սպասելու լուրջ հիմքեր չկան:
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է արդեն 2 տասնամյակ: 1994-ի մայիսին ուժի մեջ մտավ կրակի դադարցման պայմանագիրը և դրանից հետո հակամարտ կողմերին առաջարկվել են փակուղուց դուրս գալու ամենատարբեր ծրագրեր` սկսած տարածքների փոխանակումից մինչև ԼՂ և Ադրբեջանի միջև «ընդհանուր պետություն» ստեղծելը: Բաքվում և Երևանում քննարկել են նաև բոլոր վիճելի հարցերը միասին կարգավորելու, խաղաղ գործընթացը որոշ փուլերի բաժանելու, իրավական փաստաթղթերով ուղեկցելու տարբերակները: Եղել եմ նաև էկզոտիկ առաջարկներ, ինչպես «Կովկասյան Բենիլյուքս» ստեղծել կամ Ալանդյան կղզիների մոդելն օգտագործել (Ֆինլանդիայի տարածքն է, որը բնակեցված է շվեդներով):
Փաստացի Բաքվին և Երևանին հաշտեցնելու կրեատիվ գաղափարների պաշարը սպառված է: Եվ սպասել ինչ-որ հրաշագործ որոշման, որը կդրսևորվի հակամարտող պետությունների նախագահների կամ միջնորդ-դիվանագետների իմաստությամբ, պետք չէ:
Բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում է երկու գլխավոր խնդիր: Առաջինը` նախկին ԼՂԻՄ-ի ստատուսն է, որը խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմում էր, բայց դե ֆակտո դուրս էր Ադրբեջանի կազմից նույնիսկ ԽՄ փլուզումից առաջ: Երկրորդ խնդիրն այդ ինքնավարությանը կից 7 շրջանների դեօկուպացիան է` 5-ն ամբողջությամբ և 2-ը մասնակի:
Սրանով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տարբերվում է շատ այլ հետխորհրդային հակամարտություններից, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում և Մերձբալթիկայում դրությունից: Ղարաբաղի դեպքում խոսքը ոչ միայն ինչ-որ չճանաչված հանրապետության հնարավոր առանձնահատկությունների մասին է, այլև այդ կազմավորումը սեփական անվտանգությունն ամրացրել է զբաղեցնելով մոտակա տարածքները (Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ ընդհանուր սահման չի ունեցել): Պետք է նկատել, որ այդ տարածքները զբաղեցրել է ռազմական գործողությունների և թշնամի «մայր պետությունից» վտանգի պայմաններում:
ԼՂ-ն պաշտպանող Հայաստանն օգտագործում է այս գործոնն իր բանակցային դիրքերն ամրացնելու նպատակով: «Կարգավիճակ տարածքների փոխարեն» բանաձևը հայկական դիվանագիտության անկյունաքարային կետն է, երվ Բաքվում նախընտրում են խոսել «ադրբեջանական հողերի օկուպացիայի» և «երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին:  
Միաժամանակ, ի տարբերություն մյուս հետխորհրդային թեժ կետերի, Լեռնային Ղարաբաղում երբեք խաղաղապահ ուժեր չեն եղել, ոչ ռուսական, ոչ միջազգային, իսկ հրադադարի ռեժիմը պահպանվում է Բաքվի և Երևանի ռազմական ուժերի միջոցով:
Ընդհանրապես, չի կարելի ասել, թե այս հակամարտությունը սառեցված է: 2016-ի ռազմական էսկալացիան, որը լրատվամիջոցներում հայտնի է քառօրյա պատերազմ ձևակերպումով, դրա վառ ապացույցն է: Բայց ապրիլյան իրադարձությունները չպետք է շեղեն ուղուց: Հիմա այդ ֆոնին վերջին երկու տասնամյակը սկսում են դիտարկել որպես խաղաղ շրջան, մինչդեռ դա բոլորովին էլ այդպես չէ: Էսկալացիան միայն ավելացրել է ռազմական հակամարտության սրությունը, որը սկսել էր նկատվել դեռ 2008-ի մարտից:
Ղարաբաղյան կոնֆլիկտը հիմա զարգանում է ճոճանակի սկզբունքով: Բանակցությունների փուլերը հրադադարի խախտումներով են` կամ քառօրյայի պես մասշտաբային, կամ պակաս նշանակալի, ինչպես 2017-ի փետրվարին և հուլիսին:
Պետք չէ մոռանալ նաև Ղարաբաղյան հակամարտության 2-րդ ռազմաճակատի մասին` հայ-ադրբեջանական ուժերը բախվում են նաև Ղարաբաղից դուրս` Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, այսինքն` այն տարածքներում, որոնք վիճելի չեն:
Արդյունքում` բանակցությունները բուն խնդրի վերաբերյալ չեն: Ամեն անգամ հերթական ռազմական տագնապից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կամ նախագահները հայտարարում են բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին, իսկ միջնորդները խոսում են այն մասին, թե ինչքան կարևոր է խաղաղ գործընթացը փրկելը: Բայց ամեն նոր փրկությունից հետո տագնապի նոր հաղորդագրություններ են ստացվում և այսպես շարունակ: Կոմպրոմիսի, զիջումների, փոխանակման մասին խոսելուն հերթը պարզապես չի հասնում:
Առաջին հայացքից ստացվում է փակուղային իրավիճակ, որից ելք չկա, բայց եզրակացություններ անելիս պետք չէ շտապել, որովհետև ԼՂ հակամարտությունը և կարգավորման գործընթացը ևս մի կարևոր առանձնահատկություն ունեն:
Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունները այս կամ այն չափով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների դրսևորումն են: Եվ միայն ղարաբաղյան հակամարտությունը երբեք ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի կողմից չի գնահատվել որպես իրենց աշխարհաքաղաքական դիմակայության ֆրագմենտ:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բացի աջակցել են և շարունակում են աջակցել եռակողմ հանդիպումների ձևաչափը, որի ժամանակ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դիրքորոշումներով են փոխանակվում: Այժմ Մինսկի խմբի գրեթե բոլոր հայտարարություններում Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հուլիսին կայացած Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը գնահատվում է որպես խաղաղ բանակցույթունների շարունակականությանը նպաստած կարևոր քայլ: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ղարաբաղյան ուղղությամբ ռուսական ջանքերում հետխորհրդային տարածքներում սահմաններ փոխելու փորձ չեն տեսնում:



Կարդացեք նաև.



Միաժամանակ ի տարբերություն Աբխազիայի, Ղարաբաղում հակամարտող երկու կողմերն էլ հետաքրքրված են ռուսական միջնորդությամբ: Պուտինի, Ալիևի և Սարգսյանի միջև վստահության մակարդակը համեմատել չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այլ երկրների առաջնորդների հետ ունեցած հարաբերությունների հետ: Այս ռեսուրսը նույնիսկ հրապարակային ընդունում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները:
Եվ այդ պատճառով զարմանալի չէ, որ ղարաբաղյան հակամարտության հիմքերը ներկայանում են որպես հինական սկզբունքներ: Իրականում դրանք Երևանի և Բաքվի միջև հնարավոր փոխզիջումների թեզիսներն են, որոնք նաև փոխզիջումներ կլինեն Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև:
Կարելի է խոսել այն մասին, թե այդ սկզբունքները, այսպես ասած, հում են, բայց իրականում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն այնտեղ հրաշալի համադրվում է ԼՂ վերջնական ստատուսի վերաբերյալ իրավականորեն պարտադիր հանրաքվեի հետ (իսկ եթե քվեարկեն տարածքային ամբողջականության դեմ և ընդհանրապես ով է իրավունք ունենալու մասնակցել այդ հանրաքվեին): Հստակ չէ նաև, թե ինչ է նշանակում «ԼՂ ժամանակավոր կարգավիճակ» ձևակերպումը: Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքի մասին դեկլարացիան ևս կարող է բազմաթիվ համաձայնությունների կարիք ունենալ` սկսած դրա լայնությունից մինչև այդ միջանցքի կարգավիճակը:
Բայց վերադառնալով հոդվածի սկզբին` հիմնարար սկզբունքներում նշված է հնարավոր փոխզիջումների և գլխավոր թեմաների շրջանակը: Եվ այստեղ Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են գործել միասին: Սա գործնականում խորացող հակասություններով երկրների գործակցության եզակի փորձ է:
«Երկրներից յուրաքանչյուրն ունի իր ազգային քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը համաձայնեցնում է ԵԱՀԿ հետ»,հայտարարել է Ռիչարդ Հոգլանդը` հեռանալով ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի պաշտոնից: Նման հայտարարություն հնարավոր չէ պատկերացնել Աբխազիայի կամ Դոնբասի պարագայում:
Արևմուտքի և Ռուսաստանի նման գործակցությունը կտրուկ նվազեցնում է ԼՂ հակամարտության ռիսկերը: Նման պայմաններում Բաքուն և Երևանը ստիպված են զերծ մնալ չմտածված քայլերից: Հակառակ դեպքում Մոսկվայի կամ Վաշինգտոնի միջև ընտրության հնարավորություն չեն ունենա և ստիպված կլինեն թշնամանակ երկու երկրների հետ:
Եվ իհարկե, ճիշտ է նաև այն, որ ղարաբաղյան բացառիկության շուրջ իրականում սիստեմատիկ գործակցություն չկա: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լայն շրջանակ ներառող հակասություններով են: Որպես հետևանք` երկրների միջև վստահություն չկա և պրոֆեսիոնալ միջնորդները զրկված են կողմերի վրա միասնաբար ճնշում գործադրելու հնարավորությունից: ԼՂ շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի կոնֆրոնտացիան  Բաքվին և Երևանին տանում է միջնորդների միասնականությունը փորձելու ճանապարհով: Միաժամանակ կոնֆլիկտի էսկալացիան ռիսկային է և Ռուսաստանի, և Արևմուտքի համար: Սրացման դեպքում բացառված չէ, որ ամեն ինչ Ղարաբաղով չի սահմանափակվի և ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել հայկական տարածքներ: Մոսկվայի համար սա մի ամբողջ շարք անցանկալի հարցեր կստեղծի` սկսած Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրացիոն ծրագրերի միասնականություն: ԵԱՏՄ անդամները հազիվ թե միասնական դիրքորոշում հայտնեն, ինչպես չեն հայտնել Աբխազիայի և Ղրիմի դեպքում:
Արևմուտքի համար լայնածավալ ռազմական կոնֆլիկտը ռազմավարական Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մոտակայքում և Իրանի ու Թուրքիայի միջամտության մշուշոտ հեռանկարով լավագույն սցենարը չէ:

Սա նշանակում է, որ ԼՂ հակամարտությունը ՌԴ և Արևմուտքի համար գործակցելու լուրջ խթան է` հակառակ եղած հակասությունների: Ակնհայտ է, որ Ռուսաստանը և Արևմուտքը հակամարտող կողմերից չպետք է շատ բան պահանջեն: Գլխավոր հարցը հիմա ռազմական միջադեպերի և նոր պատերազմի հնարավոր ռիսկերը նվազեցնելն է: Եվ միայն հետո բանակցությունները իմիտացիոն ձևաչափից բովանդակային երկխոսության, փոխզիջումների և փոխանակումների ճանապարհով տանելը:
Հենց սրա վրա է պետք կենտրոնացնել հիմանական ուշադրությունը` հրաշալի հասկանալով, որ արագ բեկումների պետք չէ սպասել: ԼՂ գործընթացը կարող է հաջող մոդել դառնալ, որը հետագայում  կօգտագործվի հետխորհրդային այլ հակամարտություններում, օրինակ, Դոնբասում: Բայց որպեսզի այդ մոդելն աշխատի, անհրաժեշտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում նվազագույն պրագմատիզմ լինի:
ԼՂ կարգավորումը չի կարող ինքնին Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առկա բացասական տենդենցների դադարեցման խթան դառնալ, սակայն հանուն ընդհանուր և թեկուզ տակտիկական շահերի գործակցության որակի բարձրացումը կարող է ավելացնել թարմ օդի չափաբաժինը:

CARNEGIE

Տարածել