JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Մարկ Գրիգորյան. Հենակմախքային սահմանադրություն

Մարկ Գրիգորյան. Հենակմախքային սահմանադրություն

- Դուք լրագրո՞ղ եք,- հարցրեց ինձ տաքսու վարորդը:
- Այո՛:
- Շատ լավ,- ասաց նա` կանգնելով կարմիր լույսի տակ:- Ուրեմն մի հարց ունեմ:
Անկեղծ ասած` զարմացա: Տաքսիստները սովորաբար իմանում են բոլոր հարցերի պատասխանները և վստահ խորհրդածում են քաղաքականության, տնտեսության, արվեստի ու ճարտարապետության մասին:
- Դե՛, ասե՛ք, - շարունակեց նա,- մարդկանց ինչ կտա նոր սահմանադրությունը:
Ես առանձնապես չեմ սիրում տաքսիստների հետ զրուցել քաղաքականության մասին: Ավելի ստույգ` քաղաքական վեճեր չեմ սիրում ընդհանրապես: Բայց այս անգամ այլ ելք չունեի:
- Օրինակ` այս մեքենան,- զգույշ սկսեցի ես,- ինչի՞ վրա է հիմնված: Ի՞նչն է, որ պահում է շարժիչը, թափքը, ներսի մարդկանց:
- «Ռաման»՝ հենակմախքը:
- Ա՛յ, պետության կառուցվածքի համար էլ սահմանադրությունն է «ռամայի»՝ հենակմախքի դերը կատարում: Մեր երկրի հենակմախքը հնացել է, պետք է փոխել:
Տաքսիստը սիգարետ կպցրեց: Ակնհայտորեն փորձում էր հասկանալ, թե ինչ ասացի: Նույնիսկ մազերը պրկվեցին լարումից: Հենակմախքը հավանաբար չէր տեղավորվում նրա քաղաքական պատկերացումներում:
- Սահմանադրությունը լավը կլինի, եթե նոր աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ աշխատեն ու փող ստանան…






Պարզ էր, որ այս տաքսիստը չի վստահում իշխանությանը: Կամ էլ այլ կերպ ասենք: Հայաստանում ստեղծվել է մարդկանց մի զգալի խավ, որը չի վստահում ո´չ իշխող և ո´չ ընդդիմադիր կուսակցություններին ու ո´չ էլ քաղաքականությանն ընդհանրապես: Իմ վարորդը հավանաբար հենց այս խավից էր: Ու թերևս ցանկանում էր, որ ես հաստատեի իր թեզը. «Չարժե որևէ մեկին վստահել»: Մինչդեռ ես ասում էի բաներ, որոնք նրա գիտակցության մեջ չէին տեղավորվում:
- Սահմանադրությունը նոր աշխատատեղեր չի բացում,- հակաճառեցի ես,- այլ միայն պայմաններ է ստեղծում դրա համար: Չէ՞ որ նույն հենակմախքի վրա կարելի է և´ շքեղ մեքենա հավաքել, և´ հասարակ:
- Բայց ես ի՞նչ իմանամ` այդ հենակմախքը լա՞վն է, թե՞ վատը:
- Պետք է նայել, թե այլ մեքենաների վրա ինչպես է ստացվել:
Դադար: Սիգարետը ծխելուց ու կոթուկը պատուհանից դուրս նետելուց հետո նա վստահ վրա բերեց.
- Մեր իշխանավորները դժվար ինքնուրույն գլխի ընկնեն: Պուտինն ասած կլինի կամ Օբաման: Արաբական շեյխերն էլ են դրանց խելք սովորեցնում: Իրենք միայն կատարողներ են:
Ամեն բան իր տեղն ընկավ: Տաքսիստն ունիվերսալ պատասխան ուներ բոլոր հարցերի համար: Ամեն ինչում մեղավոր են Պուտինը, Օբաման, արաբական շեյխերը: Մեղավորներն ուրեմն հայտնի են, իսկ Հայաստանի իշխանությունները պարզապես օտարների կամքը (և, անշուշտ, չար կամքը) կատարողներ են:
Կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցումը լուրջ գործ է իրականում: Հետխորհրդային երկրները քառորդ դարում տարբեր մոդելներ փորձարկեցին:
Ուկրաինան մեկ այս մոդելն է ընտրում, մեկ՝ այն: Վրաստանը մի քանի անգամ փոխել է իր կառավարման համակարգն ու այժմ փորձում է նախագահի լիազորությունների սահմանափակմամբ խորհրդարանական դեմոկրատիան: Ադրբեջանն ու Միջին Ասիայի երկրները, Ղրղզստանից բացի, կայուն նախագահական են:
Պարզվում է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը շատ նման է ղրղզականին, որի մայր օրենքով նախագահն ընտրվում է 6 տարով (մերն առաջարկում է 7 տարի), խորհրդարանի գործառույթներն ընդլայնված են, վարչապետն էլ ներկայացնում է իշխող խորհրդարանական կուսակցությունը կամ կոալիցիան:
Վենետիկի հանձնաժողովը, որի կազմում Եվրոպայի խորհրդի երկրների փորձագետներ են, բարձր է գնահատել ղրղզական սահմանադրությունը: «Գովեստի է արժանի»,- ասված է հանձնաժողովի եզրակացության մեջ, որում հատկապես գնահատված է այն, որ օրենսդիր մարմնի դերն ամրապնդված է, և իշխանության 3 թևերի ու նախագահի լիազորություններն ավելի հստակ են տարանջատված:
Սա նշանակում է, որ մեր պետական մեքենայի «հենակմախքը» պետք է որ արդարացնի իրեն: Բայց Վենետիկի հանձնաժողովը ղրղզականի համար դա գրել է 5 տարի առաջ: Եվ ինչպե՞ս է այդ սահմանադրությունն իրեն դրսևորել այս ընթացքում:
Եվ ես տուն մտնելուց հետո զանգեցի Բիշքեկ: Ուզում էի զրուցել լրագրող, փորձագետ-քաղաքականագետ Այազատբեկ Բեշովի հետ: Նա պառլամենտարիզմի դրական կողմը համարեց որոշումներ կայացնելու մեխանիզմը. «Առաջ որոշումները կայացվում էին կուլիսներում՝ նախագահի շրջապատում: Քչերը գիտեին, թե կարևորագույն որոշումներն ինչպես և ինչու են կայացվում: Այժմ խորհրդարանում միմյանց են բախվում ֆրակցիաները, ամեն բան կատարվում է բաց, ավելի թափանցիկ»:
Օգնում է նաև այն, որ այդ երկրի խորհրդարանում 6 կուսակցություն կա (նույնքան էլ Հայաստանում է), ընդ որում որևէ մեկը չունի բացարձակ մեծամասնություն: Ի տարբերություն Հայաստանի՝ Ղրղզստանում որևէ քաղաքական ուժ չի կարող ունենալ 65 մանդատից ավելի (պատգամավորները 120-ն են): Օրենսդիրներին սա հարկադրում է փոխզիջումներ փնտրել, կոալիցիաներ կազմել, ստեղծել ու քանդել ալյանսներ: Մի խոսքով` քաղաքական ակտիվ կյանք վարել: Ղրղզականում կանայք էլ քվոտաներ ունեն: Պատգամավորների ոչ պակաս, քան մեկ քառորդը պետք է կին լինի: Տեսնես սրան ի՞նչ կասեն մեր տղամարդ օրենսդիրները:
Ղրղզստանում գոհ չեն համամասնական ընտրակարգից և մտածում են փոխել այն ու դարձնել 50:50, այսինքն՝ ինչպես այժմ Հայաստանում է: Ղրղզներն ուզում են, որ պատգամավորների մի կեսն ընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը` մեծամասնական օկրուգներով: Իսկ մենք անցնում ենք համամասնական ընտրակարգի: Այլ զուգահեռներ էլ կան, որոնք շատ հետաքրքիր են:
Բայց խնդիրը ո՛չ նմանությունն է, ո՛չ էլ տարբերությունը: Աշխարհի բոլոր սահմանադրություններն էլ գուցե վատն են: Նկատի ունեմ, որ յուրաքանչյուր սահմանադրության մեջ էլ կա որևէ բացթողում, թերություն:
Խնդիրը, կարծում եմ, միայն դա չէ: Նաև այն, որ մենք պետք է հարգանք տածենք մեր օրենքների հանդեպ, ձգտենք կատարել դրանք: Մինչդեռ ես տպավորություն ունեմ, որ հենց որևէ օրենք ենք ընդունում, անմիջապես սկսում ենք մտածել, թե ինչպես խախտենք այն, ինչպես շրջանցենք ու խաբենք: Իսկ չէ՞ որ ժամանակակից հասարակությունը կառուցվում է ճիշտ հակադիր սկզբունքով, և մենք պետք է վարժվենք ոչ թե ոտնահարել օրենքը, այլ կատարել այն: Կարծում եք` հե՞շտ գործ է: Հարցրե՛ք ցանկացած տաքսիստի:
 

Տարածել