FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Աշխարհի N1 իլյուզիոնիստ. Երբ տեսնում եմ թռչող աճպ

Աշխարհի N1 իլյուզիոնիստ. Երբ տեսնում եմ թռչող աճպարարի, մտածում եմ` գուցե Աստված գոյություն ունի՞

Ջադ Ափաթոու – Վերջապես հասունացավ զրույցի պահը: Ես ապշած եմ կատակերգուների ու աճպարարների նմանությամբ և տարբերությամբ: Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն են նրանք:
Դեյվիդ Կոպերֆիլդ – Ես միշտ էլ կատակերգուներից շատ բան եմ սովորում: Ջոզեֆ Քեյթն առաջինը նկատեց ինձ: Ջո և Ջիլ Քեյթերը եղբայրներ էին: Ջիլը տարիներ շարունակ Օսկարներ էր «արտադրում»: Ջոն կատակերգակների էր բացահայտում, օրինակ՝ Սթիվ Մարթինին: Ինձ էլ նա՛ գտավ, երբ 18 տարեկան էի:  Ասում էր. «Քո մագիան յուրօրինակ փիլիսոփայություն ունի: Այն և՛ կատակերգություն է, և՛ դրամա: Դու պատմությունները փոխանցում ես հրաշապատումներով»:
Ջ.Ա.- Իլյուզիաների աշխարհը շատ է փոխվել: Ինչպիսի՞ն էր աճպարարների համայնքը, երբ նոր էիր մուտք գործում:
Դ.Կ.- Այն այսչափ հյուրընկալ չէր: Նյու Յորքում մի տեղ կար, կոչվում էր «Թենենսի կախարդանքը»: Այն մինչև հիմա էլ կա, բայց այն ժամանակ ֆանտաստիկ մի վայր էր: Մտնում էիր շենք, և վերելակը քեզ 13-րդ հարկ էր տանում, բայց կոճակի վրա 14 էր գրված, անհաջողությունից խուսափելու համար: Վերելակը բացվում էր, ու դու դրախտում էիր: Բոլորն աճպարար էին այնտեղ՝ իրենց հնարքներով: Հիմա դա չկա: Քայլում էիր, ու նրանք երես էին թեքում քեզնից: Երազում էիր, որ քեզ ընդունեն իրենց շարքերը: Մեջդ կրակ էր վառվում, ուզում էիր անպայման հաջողել: Աճպարարության մասին բոլոր հնարավոր գրքերը կարդում էի, սովորում էի ամեն շարժումը: Այդ ժամանակ 12 տարեկան էի: Նրանք, ի վերջո, ինձ իրենց գիրկն առան: Կարծում եմ՝ այդ նախնական դիմադրությունն իսկապես օգնեց ինձ:
Ջ. Ա. – 12 տարեկանո՜ւմ… Նրանք տեսան, թե որքան տարված ես այդ ամենով և որքան լուրջ ես տրամադրված: Դե իհարկե, հո 11 տարեկանի չէի՞ն ընդունելու:
Դ.Կ. – (ծիծաղում է) Ես այլ կերպ էի մտածում: Աճպարարությունը թատրոն պես էի ընկալում, այն պատմություն պատմելու մի ձև էր, աշխատում էի տարբերվել իմ մոտեցմամբ: Ինչպե՞ս կարող ես մարդկանց գերել խաղաթղթերի հնարքով կամ կախարդական մետաղադրամով: Իհարկե, քո պատմությամբ, տքնաջան աշխատանքով, ճիշտ մարդկանց սուրճ հյուրասիրելով, որպեսզի մուտքի տոմս ստանաս:
Ջ.Ա. – Կատակերգուները կարծես մեկ ցեղից լինեն: Աճպարարների՞ աշխարհում ինչպես է: Հավանո՞ւմ եք մյուսների արածը:
Դ.Կ. – Բառացիորեն վերջինը Դեյվիդ Բլեյնին եմ զանգել՝ շնորհավորելու շոուի առթիվ: Էլի անուններ կան: Մենք կարող ենք զանգել իրար և ասել. «Հե՜յ, ես այս դասական հնարքի վրա եմ աշխատում: Ինչ-որ ժամանակ ուզում եմ դա ներկայացնել»: Ու բոլորս կհարգենք այդ որոշումը: Կան մարդիկ, որոնց հետ առանձնապես չենք շփվում, բայց, միևնույն է, հարգանքը կա: Կատակերգուների մեջ էլ կան մարդիկ, որոնք գողանում են ուրիշի քրտնաջան աշխատանքը: Իսկ աճպարարության մեջ դրանք պարզապես բառեր կամ շարժուձև չեն, այլ հստակ գյուտեր են, 3-4 տարվա շախատանք: Եվ մեկը կարող է ուղղակի մեկ օրում իրենով անել այդ աշխատանքը:
Ջ.Ա. – Ամեն շաբաթ շոուներ ես ունենում, ֆիզիկապես չե՞ս հոգնում: Ի՞նչն է քեզ ալիքի վրա պահում ու այդքան մեծ հաջողություն բերում:
Դ.Կ. – Կարո՞ղ եմ նախ մի հարց տալ` հետո կպատասխանել: Ի՞նչն է քեզ ստիպում աշխատել:
Ջ.Ա. – Դե, ամեն կատակ փորձառություն է: Երբ մենակ նստած սցենար ես գրում կամ պարզապես հումոր, գաղափար չունես, հաջողություն կունենա՞ այն, թե՞ ոչ: Կարող ես տարիներով աշխատել ֆիլմի վրա և մինչև ցույց չտաս հանդիսատեսին, չես իմանա` իրենց համար արժե՞ք ունի այն, թե՞ ոչ: Եթե հավանեցին ու ծիծաղեցին, ուրեմն՝ հրաշալի է: Թե չէ` ձախողումը միշտ էլ կա: Արդեն գրանցած հաջողություններն ամենևին էլ հաջորդի  գրավականը չեն: Ոչ ոք չի պատրաստվում հավանել իմ նոր ֆիլմը միայն նրա համար, որ հավանել է նախորդը: Պետք է անընդհատ աշխատես: Ու դա այնքան վախեցնում է: Գրելու ժամանակ ես աշխատում եմ ավելի ու ավելի խորամուխ լինել, ճանաչել ինձ ու բացահայտել ավելին, ու մարդկանց հոգին տանող նոր ճանապարհ գտնել: Ինձ միշտ թվում է, որ ես շատ հեռու եմ իմ ներուժը լիարժեք օգտագործելուց:
Դ.Կ. – Եթե կարողանայիր լսափողից այս կողմ տեսնել, կնկատեիր, որ բերանս մինչև ականջներս բացած ժպտում եմ, որովհետև ես հենց սրա մասին եմ մտածում: Կարծեմ Ռոբերտ Ռեդֆորդն էր ասել. «Դու այնքան լավն ես, որքան համարձակությունդ կների վատը լինել»: Ինձ համար ռիսկ է՝ իրերը նորովի ներկայացնելը: Կապ չունի, թե որքան ես սովորում, երբեք չես կարող ասել. «Ես ամենադժվարն անցել եմ, հիմա պատրաստ եմ: Այսուհետև ամեն ինչ հեշտ է լինելու»: Իհարկե, այդպես չէ: Ամեն անգամ նորն եմ բացահայտում: Հանդիսատեսը չի ուզում կանխատեսելի հնարքներ: Բնականաբար, որքան շատ ես սովորում, այնքան մեծանում է հաջողելու հավանականությունը: Բայց ամեն անգամ նոր բան փորձելիս ռիսկն էլ է մեծ: Ես Փիքսարի ֆիլմերի և Էդ Քաթմուլի սիրահարն եմ: Նա գրում է, թե ինչպես է դրանք ստեղծում, թե ինչպես է 3-4 տարի աշխատում՝ իր ուզածը ստանալու համար: Ես դա օրհնված տանջանք եմ կոչում: Ամեն անգամ ես էլ փորձում եմ ներկայացման նոր ձև գտնել՝ ոչ միայն աճպարարության միջոցով: Ամեն օր նոր բան եմ սովորում: Շաբաթը 15 շոու եմ տալիս ու ամեն անգամ կարծես քննություն հանձնեմ:
Ջ.Ա. – Շատ մարդիկ են հումորն ընտրում չստացված ընտանիքի կամ բարդ մայրերի պատճառով, բայց քո մայրը, ինչպես հասկանում եմ, ոգեշնչման աղբյուր է եղել քեզ համար:
Դ.Կ. – Մայրս իսկապես հրաշալի մարդ էր, սիրող, բայց դժոխային խիստ: Հայրս ուզում էր դերասան դառնալ, երազում էր այդ մասին, բայց հրաժարվեց երազանքից, որովհետև մայրս ու նրա ընտանիքն ասացին. «Դու չպետք է դա անես, այդ ճանապարհը շատ դժվար է»: Երբ ես տարվեցի աճպարարությամբ, երեխա էի, ծնողներս ոչ մի խնդիր չէին տեսնում: 12 տարեկանում մի հնարք էի արել, որի մասին գրեցին մամուլում: Աճպարարությունն իմն էր: Բայց երբ ժամանակը եկավ ասելու՝ մայրի՛կ, ես ուզում եմ լուրջ զբաղվել այդ գործով, դաժան պահ էր: Նա դեմ էր: Բղավոցներ, վեճեր… ամեն ինչ էլ եղավ: Այդպիսի դեպքերում շատերը գուցե ետ կանգնեն, բայց ոմանց այդ դիմադրությունն է առաջ մղում:
Ջ.Ա. – Խորապե՞ս հավատացյալ հրեա ես:
Դ.Կ. – Ոչ: Երջանիկ եմ, որ գիտեմ իմ արմատները: Բայց հավատացյա՞լ եմ արդյոք: Ոչ:
Ջ.Ա. – Հետաքրքիր է, որպես աճպարար՝ կարծո՞ւմ ես, որ աշխարհում, տիեզերքում ավելին է կատարվում, կամ հակառակը, որովհետև գիտես իրերի դասավորությունը:
Դ.Կ. – Այսինքն՝ որքան շատ ես սովորում, այնքան կորցնո՞ւմ ես զարմանալու ունակությունը… Երբ կինոդպրոց ես գնում, որ ֆիլմ նկարել սովորես, հետո գնում ես կինոդիտման , սկսում ես նայել, թե ինչպես են լույսը դրել, մոնտաժն արել: Սկսում ես տեխնիկական կողմից դիտել ու գլուխդ տարուբերել. «Օ՜, այ սա լավ էր արված»: Բայց հանկարծ ինչ-որ բան ապշեցնում է քեզ ու տեղափոխում կախարդական մի վայր: Աճպարարն էլ այդպես է: Հանկարծ նրա մերկ թևերը ծածկվում են  փետուրներով ու ճախրում է օդում: Անհավանական բան է: Մտածում ես՝ իրո՞ք, ինչպե՞ս այդքան արագ եղավ այդ փոխակերպումը: Ու այդ ժամանակ մտածում ես՝ գուցե Աստված գոյություն ունի:

Տարածել