«Սպի». թուրքական մանիպուլյացիա` եվրոպական ոճով
Գերմանաբնակ թուրք ռեժիսորի հերոսները ԱՄՆ նախագահների պես օգտագործում էին ոչ թե «ցեղասպանություն» բառը, այլ ասում էին՝ նրանք մեռան:
2015 թ., հունվարի 30, ուրբաթ երեկո, խցանումներ, Աբովյան փողոց, «Մոսկվա» կինոթատրոն, աֆիշներ: Մեծ-մեծ մուգ արնագույն տառերով գրված է՝ Սպի… Ու հատուկ ընգծված է. «Գերմանաբնա՛կ թուրք ռեժիսորի ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին»: Ցուրտ է: Կազմակերպիչները Նախագահին սպասում են բակում, հեղինակները չկան, դեռ չեն եկել: Արարողակարգի պատասխանատուները լարված են:
Նախագահը հինգ րոպե ուշացումով եկավ, ֆիլմի հեղինակները դեռ չկան: Նա մի քանի րոպե խոսեց երկու կաթողիկոսների հետ: Հեղինակները դեռ չկան: Նախագահն իր տիկնոջ հետ մտավ դահլիճ, լույսերը մի քանի րոպե չեն մարում: Հեղինակներից լուր չկա: Արարողակարգի աշխատողները լարված զանգում են: Երբ բարձրախոսները բեմի վրայից հավաքեցին, պարզ դարձավ՝ մոտ կես ժամ ձգելուց հետո որոշվել է ֆիլմի դիտումը սկսել առանց հեղինակների:
«Սպի»-ն սկզբում շատ նման էր «Ճերմակ անուրջներին»… Հայ արհեստավորներ, որոնք Թուրքիայում երջանիկ ապրում են համայնքային կյանքով, դպրոց են գնում, արագիլներին են նայում աղավնիների փոխարեն… Բայց աշխարհագրություն չեն սիրում, սուտ են խոսում ու մի տեսակ իրար ատում են, ինչին ի պատասխան՝ հայ հոգևորականը սառը անտարբերությամբ շպրտում է` տասն անգամ «Հայր մեր»-ն ասա՛, կթողնվեն մեղքերդ… Հենց նույն գիշեր թուրք զինվորները տգեղ հայուհու գրկից գլխավոր հերոսին տանում են անապատ:
Թվում էր` հիմա կսկսեն ցույց տալ մորթելու կադրերը, բայց էկրանին հայտնվեց 1916 թ. գրությունը: Ըստ սցենարի` գլխավոր հերոսը քարհանքում էր աշխատում: Այդ ընթացքում նրա ընտանիքը, ինչպես հայտնի է, «վերցնում էին»:
Գերմանաբնակ թուրք ռեժիսորի հերոսներն ասում էին` նրանք մեռան: Ոչ ոք չասաց՝ ինչպես և, ամենակարևորը, ինչու: Գուցե որովհետև ֆիլմի սկզբում գրվեց «20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունն արագ կազմաքանդվում էր ու ներգրավվեց Առաջին աշխարհամարտին, ինչից հետո բոլոր փոքրամասնությունները դարձան ներքին թշնամի»: Ովքեր չհասկացան նախաբանը, հարմար տեղավորվեցին բազկաթոռներին, ովքեր տեսան` լռեցին. արդեն ուշ էր:
Բայց վերադառնանք ֆաբուլային: Սրտացավ թուրքն անկեղծորեն խոստովանում է` ես մարդասպան չեմ, ուղղակի… Կարող էր գլխատել, բայց հայի ձայնալարերն է կտրում, տալիս է իր կաշվե կոշիկները, որ կարողանա անապատով վազվզել, իսկ հայը նորմալ շնորհակալություն էլ չի ասում, ավելին, Աստծո վրա քարեր է շպրտում… Հետո, ինչպես ազգագրական բառարանում, հերթով գալիս են բոլոր ազգերը՝ չար եզդիները, որ, ոսկուց բացի, այլ բանի մասին չեն մտածում, խիստ ֆրանսիացիները, զուգարանում ործկացող ու հային մաքրել առաջարկող ռուսները, փսլնքոտ ու հանցավոր ամերիկացիները… Գերմանացիները թեկուզ կոտրտված, բայց հայերեն են խոսում և ճակատագրական դեր ունեն հերոսի կյանքում. փրկում են դուստրերին:
[caption id="attachment_22859" align="aligncenter" width="878"]newmag/շապիկ #57 Ֆաթիհ Աքին. Թուրքերն իրենց մութ անցյալին տեղյակ չեն
Նախագահի, կաթողիկոսների ու հանդիսատեսի դեմքերը մթության մեջ չեն երևում, բայց հոգոցներ լսվում են: Ֆիլմի «happy end»-ից հետո ոչ ոք ծափ չի տալիս: Երբ էկրանին երևում է Գերմանիայում բնակվող թուրք ռեժիսորի անունը, պարզվում է՝ մի քանի քաղաքավարի հայ դահլիճում, այդուամենայնիվ, կա: Երբ լույսերը վերջապես վառվում են, բեմ են բարձրանում վեց հոգի և մի թարգմանիչ: Նրանք ներողություն են խնդրում ուշանալու համար («Չհասցրինք հագուստներս փոխել ժամանակին»): Հետո պատմում են, թե ինչ դժվար էր ֆիլմի համար գումար գտնելը (չնայած երևում էր, որ շատ բարերարներ էին եղել, ոմանք՝ հայեր): Ասում են, որ ռեժիսորը տաղանդավոր է, կարողանում է հայերեն ասել «Բարև» և համարձակ է… Ու երբ լռություն է տիրում, թարգմանիչը փրկում է դրությունը. «Այսքանով՝ վերջ»:
Հետևի շարքից մի հոգևորական ընդգծված բարձր ձայնով ասում է. «Հերթական վատ ֆիլմն այս թեմայով»: Նախագահն այնքան արագ է դուրս գալիս դահլիճից, որ նրա տիկինը մի պահ մնում է մենակ շարքերի արանքում՝ մշակույթի նախարարի հետ: Առանց նայելու բեմից փութկոտ իջնող հեղինակներին և թարգմանչին՝ նախագահը մի քանի վայրկյան կանգնում է դահլիճի դռան մոտ, հայացքով շտապեցնում իր կնոջը և լուռ հեռանում:
Շառլ Ազնավուրի հրապարակում ցուրտ է: Դահլիճից դուրս են գալիս սփյուռքահայեր և հայաստանցի հայեր: Նրանք նյարդայնացած են, ջղաձիգ շարժումներով իրար ինչ-որ բան են բացատրում: Նախագահն արդեն հեռացել է: Կինոգետ Հարություն Խաչատրյանը մտամոլոր ծխում է Հակոբ Հակոբյանի հեղինակած «Հիշողություն» ֆիլմի աֆիշի դիմաց: Զինվորական հագուստով մի երիտասարդ իր ընկերուհու հետ «Անահիտ» մուլտի տոմս է գնում: Կազմակերպիչները դեռ հպարտ են, որ թուրք ռեժիսորը հայերի մասին ֆիլմ է նկարել: «Մոսկվա» կինոթատրոնը կիսամութի մեջ է: Շատ ցուրտ է: Աբովյան փողոցում խցանումներ արդեն չկան: Վաղը շաբաթ է: