Հաիմ Շապիրա. «Եթե մարդ երկու օրից ավելի անընդմեջ երջանիկ է, ուրեմն՝ նրանից ինչ-որ բան են թաքցնում»
«Երջանկության և տառապանքի միջև խոր անդունդ է: Հենց այնտեղ էլ մենք ապրում ենք»,- ասել է մի տխուր հրեա կոմիկ:
Հատված «Սուտ, հարցումներ և երջանկության րոպեներ» գլխից
Գիտությունների կրկնակի դոկտոր, մաթեմատիկոս, հոգեբան, գրականագետ Հաիմ Շապիրան փորձում է գտնել բոլորին հուզող հարցի պատասխանը՝ ինչ է երջանկությունը: «Կարևոր է, որ երջանկությունը չշփոթեք այն պահերի հետ, երբ Ձեզ երջանիկ եք զգում: Երջանկության զգացումը կարող է տևել մի քանի ժամ, օր և նույնիսկ մի ամբողջ տարի, բայց դրա անհետացումն անխուսափելի է»,- գրում է հեղինակը:
Ամենամասշտաբային և կարևոր հարցումներից մեկը, որն արել եմ, կյանքի երջանիկ րոպեների մասին է: Հարցվողները հինգ րոպեում պետք է թղթին հանձնեին իրենց կյանքի ամենաերջանիկ պահը: Այդպիսի հանձնարարության համար հինգ րուպեն մեծ ժամանակ է, հետևաբար ով մեկից ավելի պատասխան ուներ, առաջարկեցինք հնարավորին չափ շատ բան պատմել:
Երջանկության մասին մեր պատկերացումները ժամանակի ընթացքում փոխվում են: Լինում են րոպեներ, երբ մեզ թվում է, թե ահա սա է երջանկությունը, բայց տարիների հետ հասկանում ենք, որ սխալվել ենք: Լինում է նաև հակառակը: Կան պահեր, որոնց հետհայացք գցելիս հասկանում ենք, թե որքան երջանիկ ենք եղել:
Ինձ տխրեցրեց փաստը, որ շատ տարեց մարդիկ թուղթը դատարկ էին վերադարձնում: Մի՞թե նրանք երբևէ երջանիկ չէին եղել: Ուսանողներիս մեջ էլ կային մարդիկ, որոնք ոչ մի երջանիկ րոպե չհիշեցին: Բայց նրանք գոնե երիտասարդ էին ու դեռ ժամանակ ունեին:
Երբ նայում էի դատարկ թղթերը, ինձ մի հարց էր տանջում. «Ո՞վ են այս մարդիկ: Եվ ինչո՞վ են նրանք զբաղվել ամբողջ կյանքում»:
Ես զարմանքով հայտնաբերեցի, որ տղամարդկանց և և կանանց համար երջանկությունը տարբեր է: Նույնիսկ դժվար է հավատալ, որ նրանք նույն մոլորակում են ապրում և նույն օդը շնչում:
Մի ընկերուհի ունեմ՝ մարտնչող ֆեմինիստ, համալսարանում գենդերային հետազոտություն է անցկացնում: Եթե պտտվեք Թել Ավիվի փողոցներով, մի մեքենա կտեսնեք ցուցանակով՝ «Ես մտածում եմ, ուրեմն՝ ամուսնացած չեմ»: Դա իմ ընկերուհու ավտոմեքենան է: Նրա կարծիքով՝ երկու սեռերի միջև միայն մեկ տարբերություն կա. կանայք սիրում են տղամարդկանց, տղամարդիկ՝ կանանց: Ես ապացուցում էի, որ տարբերությունները բազմաթիվ են՝ մեծ և փոքր: Դրանցից ամենագլխավորն այն է, որ կանայք շատ ու տարբեր բաներ են ուզում միևնույն տղամարդուց, իսկ տղամարդիկ նույնը՝ տարբեր կանանցից:
Կարդացեք նաև․
- Երազելը կարևոր դեր է խաղում` օգնելով ուղեղին խնդիրները լուծել ավտոպիլոտ
- Գենետիկ Քրեյգ Վենտեր. «Գիտական գաղափարները լումա էլ չարժեն, այլ բան է, երբ գաղափարն իրականացվում է»
- Գիտելիքի իլյուզիա․ նոր տեխնոլոգիաները կճնշե՞ն ավանդական կրթությանը
Եվ սա սկիզբն է, հետո ամեն ինչ ավելի է խճճվում:
Ի՞նչն է երջանկացնում կնոջը
Ուսանողներիս շրջանում անցկացված հարցման արդյունքն ինձ հիասթափեցրեց: Պատահական ընտրված հարցաթերթիկներում առաջին տեղում էին հետևյալ պատասխանները.
- Թռիչք օդապարիկով՝ գեղեցկուհի հրահանգիչի հետ,
- Կրթություն բուհում,
- Առողջություն՝ կատվին,
- Ինքնաճանաչողություն,
- Արևածագ Պիպի արշիպելագում,
- Ճամփորդություն՝ Հարավային Ամերիկա,
- Ծանոթություն սիրեցյալի հետ,
- Ես հասկացա, որ իմ նախկինը դեռ սիրում է ինձ (Այդպես է գրված բնօրինակում),
- Ճամփորդություն՝ Կոստա-Ռիկա,
- Առաջին համբույր,
- Ճամփորդություն Նոր Զելանդիա,
- Սպայական դասընթացներ,
- Սեքս՝ երեքով,
- Օրը, երբ ինձ առաջարկություն արեցին,
- Ճամփորդություն Հնդկաստան:
Կանանց ավելի բարձր տարիքային խմբում պատասխաններն ավելի հետաքրքիր էին դառնում: Ամենաերջանիկ պահը բոլորի մոտ հիմնականում նույնն էր, կարծում եմ՝ գլխի եք ընկնում: Իհարկե, երեխայի ծնունդը:
Ինչպես հասկացաք, տղամարդիկ, կանանց երջանկություն պարգևողների առաջին շարքում դուք չեք: Ինչպես ասում էր Ֆրիդրիխ Նիցշեն՝ կանանց համար դուք ընդամենը միջոց եք, նպատակը երեխան է: