FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Հերման Հեսսե. Ցիգլեր ազգանունով մի մարդ

Հերման Հեսսե. Ցիգլեր ազգանունով մի մարդ

Բրաուերգասսե կոչված նրբանցքում ժամանակին ապրում էր Ցիգլեր ազգանունով մի երիտասարդ պարոն: Նա մեկն էր նրանցից, ում մենք ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք փողոցում, և որի դեմքը չենք կարողանում մտապահել, քանի որ նրանք բոլորը նույն դեմքն ունեն` կոլեկտիվ դեմք:
Ցիգլերն ամեն ինչ էր և անում էր այն ամենը, ինչպիսին լինում են այդ մարդիկ և ինչ նրանք մշտապես անում են: Նա անտաղանդ չէր, բայց առանձնապես օժտված էլ չէր, նա սիրում էր փող ու հաճույքներ, կոկիկ էր հագնվում և երկչոտ էր, ինչպես մարդկանց մեծ մասը. Նրա կյանքն ու գործունեությունը կառավարող ուժը ավելի շատ արգելքներն ու պատժվելու մտավախությունն էին, քան ներքին մղումներն ու ձգտումները: Բայցևայնպես նա ուներ հաճելի գծեր և ընդհանուր առմամբ ուրախալիորեն կարգին մարդ էր, ում համար սեփական անձը շատ սիրելի էր ու կարևոր: Ինչպես ցանկասցած մարդ, նա իրեն համարում էր անհատականություն, մինչդեռ ընդամենը մի օրինակ էր, որն իր մեջ, իր ճակատագրի մեջ տեսնում էր աշխարհի կենտրոնը, ինչպես ամեն մի մարդ: Կասկածները նրանից հեռու էին, և երբ փաստերը հակասում էին իր աշխարհընկալմանը, նա թերահավատորեն փակում էր աչքերը:
Որպես ժամանակակից մարդ`նա բացի փողից, նա խորը ակնածանք էր տածում ևս մեկ ուժի հանդեպ`գիտության: Նա թերևս չկարողանար բացատրել, թե ինչ է գիտությունը, այդ առումով նա մտածում էր վիճակագրության մասին, մի քիչ էլ մանրէաբանության, նաև հաստատ գիտեր, թե որքան գումար ու մեծարանք է պետությունը հատկացնում գիտությանը: Առանձնահատուկ ակնածանք ուներ քաղցկեղի հետազոտությամբ զբաղվողների հանդեպ, որովհետև իր հայրը մահացել էր քաղցկեղից, և Ցիգլերը ենթադրում էր, որ այդ ընթացքում բարձր զարգացման հասած գիտությունը թույլ չի տա, որպեսզի նույնը երբևէ պատահի իրեն:
Արտաքուստ Ցիգլերն աչքի էր ընկնում իր հնարավորությունները գերազանցող հագնելաոճով, հաճախ` այդ տարվա նորաձևությանը համահունչ: Իսկ եռամսյակային կամ ամսվա նորաձևությունը, որն ակնհայտորեն կգերազանցեր նրա հնարավորությունները, նա, իհարկե, արհամարհում էր որպես հիմար կապիկություն: Նա հոգ էր տանում նաև իր խառնվածքի համար և չէր վախենում քննադատել ղեկավարությանը և կառավարությանը, եթե գտնվում էր իր նմանների մեջ և ապահով տեղում: Ես, թերևս, շատ հրապուրվեցի նրա նկարագրությամբ, բայց Ցիգլերն, իսկապես, համակրելի երիտասարդ մարդ էր, և նրա հետ մենք շատ բան կորցրինք, քանի որ նրա կյանքը վաղաժամ ու տարօրինակ ավարտ ունեցավ`հակառակ նրա ծրագրերի ու արդարացի հույսերի:
Մեր քաղաք ժամանելուց հետո Ցիգլերը շուտով որոշեց իր համար լավ կիրակնօրյա հանգիստ կազմակերպել: Նա դեռ չէր հարմարվել մեր քաղաքին և անվճռակությունից դեռ կապեր չէր հաստատել: Երևի դա էր նրա դժբախտությունը: Լավ չէ, երբ մարդ մենակ է:
Նա էլ որոշեց ծանոթանալ քաղաքի տեսարժան վայրերի հետ, որոնց մասին նա հարցուփորձով բարեխղճորեն տեղեկացավ: Հարցի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո նա կանգ առավ պատմության թանգարանի ու կենդանաբանական այգու վրա. Թանգարանի մուտքը կիրակի առավոտ ձրի էր, իսկ կենդանաբանական այգու մուտքը կեսօրից հետո` զեղչով:
Զբոսանքի իր սիրելի նոր կոստյումով` կտորով ծածկած կոճակներով, նա կիրակի օրը ուղևորվեց պատմության թանգարան: Նա վերցրեց իր բարակ, նրբակերտ, կարմիր լաքով պատած ձեռնափայտը, որը նրան կեցվածք էր ապահովում և արժանապատիվ տեսք էր տալիս, բայց դռնապանը այն վերցրեց իր ձեռքից` հակառակ իր մեծ դժգոհությանը:
Բարձր առատաղներով ընդարձակ սրահներում նայելու շատ բան կար, և բարեպաշտ այցելուն մտքում դրվատանքով գնահատեց ամենազոր գիտութունը: Այն այստեղ էլ էր ի ցույց դնում իր բազմավաստակ հուսալիությունը, ինպես Ցիգլերը եզրակացրեց ցուցավանդակների վրա եղած մակագրություններից:Այդ ամբողջ հնոտիքը` դարպասի ժանգոտ բանալիներ, կանաչ գույնի վնասված վզնոցներ և այլ բաներ, այդ մակագրությունների շնորհիվ ձեռք էին բերում զարմանալի հետաքրքրություն: Զարմանահրաշ բան է. ինչով ասես չի զբաղվել գիտությունը, ինչպես է ամեն ինչ հասցրել, ամեն ինչի հախից եկել, անշուշտ, շուտով քաղցկեղի հախից էլ կգա, հլա դեռ մահի հախից էլ…
Երկրորդ սրահում նա հայտնաբերեց ապակեպատ մի պահարան, որի դռան վրա այնքան լավ էր երևում իր արտացոլանքը, որ նա մի հարմար պահ գտավ իր կոստյումը, սանրվածքը, օձիքը, շալվարի ծալքերը և փողկապը խնամքով ու գոհունակությամբ ստուգելու: Ուրախ շունչ քաշելով նա շարունակեց իր զննումը ,և նրա ուշադրությանն արժանացան հին վարպետների փայտե փորագրության մի քանի գործեր: Ժրաջան տղերք են, թեպետ բավականին պարզունակ, մտածեց նա ներողամտորեն: Հետո տեսավ նաև հին մի ժամացույց, որի փղոսկրե փոքրիկ արձանիկը ժամը խփելիս մենուետ էր պարում և համբերատար արժեվորեց այդ ամենը: Հետո նա սկսեց այդ ամենից ձանձրանալ, հորանջել և ավելի հաճախ գրպանից հանել ժամացուցը, որը հաճույքով էր ցուցադրում. դա ոսկե մեծ ժամացույց էր, ժառանգություն հորից:
Ափսոսանքով նա համոզվեց, որ մինչև ճաշը դեռ բավականին ժամանակ կա, ուստի անցավ մյուս սրահը, որը կրկին գամեց նրա հետքաքրքրասիրությունը: Այնտեղ կային սնոտիպաշտությանը վերաբերող միջնադարյան իրեր, կախարդական գրքեր, համայիլներ, կախարդողների հանդերձանք, իսկ մի անկյունում ալքիմիայի մի ամբողջ լաբորատորիա`խողովակներ, հավանգ, ցմփոր անոթներ, խոզի չորացած միզափամփուշտներ, մորթիներ, փուքսեր և այլ նման բաներ:Այդ անկյունը անջատված էր պարանով և մի ցուցատախտակով, որը զգուշացնում էր իրերին ձեռք չտալ: Բայց ով է ուշադրություն դարձնում նման հիշեցումներին, համ էլ Ցիգլերը մենակ էր այդ սրահում:
Եվ ահա նա անխոհեմաբար ձեռքը մեկնեց պարանից այն կողմ ու շոշափեց մի քանի զվարճալի իրեր:Միջնադարի և նրա զավեշտալի սնոտիապաշտության մասին նա արդեն լսել ու կարդացել էր. նրա համար անըմբռնելի էր, թե ինչպես են մարդիկ զբաղվել նման մանկական բաներով և ինչու չեն արգելել կախարդանքի /հմայելու/ ամբողջ խաբեբայությունն ու այդ ամբողջ խլամը: Մինչդեռ ալխիմիայի հանդեպ կարելի էր ներողամիտ լինել, ի վերջո նրանից է առաջացել այնքան օգտակար քիմիան:Աստված իմ, հենց մտածում ես, որ առանց ոսկեձուլման սարքն ու կախարդանքի համար նախատեսված այս ամբողջ անպետքությունը իզուր չեն եղել, այլապես այսօր չէին լինի ասպիրինն ու գազային ռումբերը…

Անփութորեն նա վերցրեց մուգ գույնի մի փոքրիկ գնդիկ, թեթև, չորացած, դեղափոշու նման մի բան շուռումուռ տվեց մատներով և ուզում էր կրկին տեղը դնել, երբ ետևում ոտնաձայներ լսեց: Նա շրջվեց. Այցելու էր մտել սրահ: Ցիգլերը նեղվեց, քանի որ իրերին ձեռք չտալու հիշեցումն, իհարկե, կարդացել էր: Դրա համար էլ նա գնդիկը սեղմեց ափի մեջ, խցկեց գրպանն ու դուրս եկավ:
Միայն փողոցում նա կրկին հիշեց այդ դեղափոշու մասին, հանեց գրպանից, որոշեց դեն շպրտել, բայց մինչ մոտեցրեց քթին և հոտոտեց այն: Թույլ խեժահոտի էր նման, ինչը նրան դուր եկավ, և նա կրկին գրպանը դրեց:
Հետո նա ռեստորան գնաց, պատվիրեց կերակուր, թերթեց մի քանի լրագիր, շոշափեց փողկապը, հյուրերին չափեց մասամբ հարգալից, մասամբ մեծամիտ հայացքով` ըստ նրանց հագուկապի: Բայց երբ պատվերն ուշացավ , Ցիգլերը գրպանից հանեց ակամա գողացած ալքիմիայի դեղափոշին ու կրկին հոտոտեց այն:Ապա ցուցամատով քչփորեց ծայրից և միամիտ մանկական բնազդով տարավ բերանը. Այն արագ լուծվեց բերանում` առանց որևէ տհաճ համի, այնպես մնում էր բերանը ողողել մի կում գարեջրով:Հենց այդ պահին էլ բերի կերակուրը:
Ժամը երկուսին երիտասարդ պարոնը ցատկով իջավ տրամվայից, մտավ կենդանաբանական այգու առջևի բակը և գնեց կիրակնօրյա տոմսը:
Սիրալիր ժպտալով նա անցավ կապիկների վանդակի մոտով և տեղ զբաղեցրեց շիմպանզեի դիմաց: Մեծ կապիկը աչքերը թարթեց, սիրալիր գլխով արեց ու խորքային ձայնով հարցրեց. <<Ոնց ես, ախպերս>>:
Անակնկալի եկած, անբացատրելի վախով ու նողկանքով համակված, Ցիգլերն արագ շրջվեց ու գնաց ու իր հետևից լսեց կապիկների հեգնանքը. <<Ինչ էլ գոռոզ է տափակաթաթ հիմարը>>:
Նա արագ բարձրացավ փոքրիկ կապկների մոտ, նրանք անհոգ թռչկոտում էին ու գոռում. <<Շաքար գցիր, բարեկամ>>:Եվ քանի որ նա մոտը շաքար չուներ այդ երեսառածներին տալու, նրանք էլ բարկացան, սկկսեցին նրա տնազն անել, անվանեցին անոթի հայվան ու ի ցուց դրին ատամները: Դա արդեն անտանելի էր, շփոթված ու վարանած նա դուրս վազեց ու քայլերն ուղղեց դեպի եղնիկներն ու քարայծները, որոնցից նա վաելի բարեհաճ վերաբերմունք էր ակնկալում:
Մեծ ու հրաշալի մի որմզդեղն էր կանգնած վանդակաճաղի մոտ և նայում էր այցելուին:Եվ այդտեղ վախը Ցիգլերին համակեց մինչև ուղնուծուծը., քանի որ կախարդական փոշին խմելուց հետո նա հասկանում էր կենդանիների լեզուն: Իսկ որմզդեղնը խոսում էր իր աչքերով, իր երկու մեծ ու շագանակագույն աչքերով:Նրա խաղաղ հայացքը խոսում էր վեհության, անձնվիրության ու տխրության մասին, իսկ այցելուի հանդեպ նա ուներ խիստ արտահայտված արհամարհանք, սարսափելի արհամարհանք:Այդ խաղաղ ու վսեմ հայացքի համար, ինչը արդեն հասկանում էր Ցիգլերը, ինքը ոչինչ ավելին չէր, քան աղբ, ծիծաղելի ու նողկալի անասուն` իր գլխարկով, ձեռնափայտով, ժամացույցով ու կիրակնօրյա կոստյումով հանդերձ:
Որմզդեղնի մոտից Ցիգլերը փախավ քարայծի մոտ, այդտեղից` այծյամի, ուղտայծի, այծքաղի, ապա նաև` վարազների ու արջերի մոտ: Նրանք վիրավորանքներ չտեղացին գլխին, բայց բոլորը արհամարհում էին:Նա լսեց նրանց զրույցները և հակացավ, թե ինչ կարծիքի են նրանք մարդկանց մասին: Եվ դա սարսափելի էր, թե ինչ էին մտածում: Հատկապես զարմանում էին, որ բացառիկ տգեղ , գարշահոտ, արժանապատվությունից զուրկ այդ երկոտանիները իրենց պճմամոլ հագուստներով իրավունք ունեն ազատ վազվզելու իրենց շուրջը:
Նա լսեց կատվառյուծի զրույցն իր ձագի հետ, արժանապատվությամբ ու գործնական իմաստությամբ հագեցած մի զրույց, ինչպիսիք մարդկանց մեջ հազվադեպ ես լսում:Ապա նա լսեց մի գեղեցիկ հովազի մտքերը` հակիրճ ու զուսպ, բարձրաշխարհիկ տոնով նրա դատողությունները կիրակնօրյա այցելուների սրիկայության մասին: Նա նայեց շիկահեր առյուծի աչքերի մեջ ու հասկացավ, որքան ընդարձակ ու զարմանհրաշ է վայրի աշխարհը, որտեղ չկան վանդակներ ու մարդիկ: Նա տեսավ տխուր ու հպարտ հայացքով մի բազեի`քարացած թախիծով նստած մի չոր ճյուղի, տեսավ թե ինչպիսի պատշաճությամբ, տարակուսանքով, նույնիսկ հումորով են ճայերը համակերպվում իրենց բանտարկությունը:
Շփոթված ու կտրված իր սովորական մտքերից, Ցիգլերն իր հուսահատության մեջ կրկին շուռ եկավ դեպի մարդիկ: Նա փնտրում էր մի հայացք, որ հասկանար իր սարսափն ու թշվառությունը, որսում էր զրույցները` որևէ սփոփիչ, խելացի ու հուսադրող միտք լսելու հույսով, նա հետևում էր այցելուների պահվածքին` նրանց մոտ ինչ-որ արժանապատվություն, բնականություն, ազնվականություն, որևէ զուսպ առավելություն գտնելու ակնկալիքով, բայց իզուր…
Նա հիասթափված էր: Նա լսում էր ձայներ ու բառեր, տեսնում էր շարժումներ, դիմախաղ ու հայացքներ, բայց քանի որ այդ ամենը հիմա տեսնում էր կենդանու աչքերով, նա ոչինչ ավելի չգտավ, քան այլասերված, խեղաթյուրված, ստող ու տգեղ, կենդանակերպ մի հասարակություն, որ կարծես բոլոր կենդանիների խեղկատակ մի խառնուրդ լիներ:
Հուսահատ մոլորվել էր Ցիգլերը`անսահման ամաչելով ինքն իրենից:Իր քառանկյուն ձեռնափայտը արդեն վաղուց շպրտել էր թփուտների մեջ, ձեռնոցներն էլ`հետևից: Բայց երբ գլխարկն հանեց, սապոգներն էլ հանեց, պոկեց փողկապը և հեկեկալով փորձում էր խցկվել որմզդեղնի վանդակը, հավաքված շատ մարդկանց ներկայությամբ նրան բռնեցին ու գժանոց տարան;

Տարածել