Խորեն Հովհաննիսյանի որդու մարզական վերելքն ու անկումը կամ արդյոք ավտովթարը պատահակա՞ն էր
Տեւական դադարից հետո լրատվական գլխագրերում հայտնվեց հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի որդու`Ժորա Հովհաննիսյանի անունը: Մերսեդեսով նա ավտովթարի էր ենթարկել տաքսի Օպելին: Հետո Շամշյանը հայտնեց, որ խմած է եղել: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո որոշ ժամանակ նա Ղազախստանում էր: Պարզվում է` հիմա Հայաստանում է:
Վերջին անգամ 30-ամյա Ժորա Հովհաննիսյանին կանաչ խոտածածկին տեսել են նրա հոր 60-ամյակին նվիրված ֆուտբոլային երեկոյի ժամանակ: Այդ օրը ԽՍՀՄ նախկին ֆուտբոլիստներից կազմված հավաքականը մրցում էր ֆուտբոլային աշխարհի լեգենդների հավաքականի հետ: Ժորան դստեր հետ էր, փոքր ինչ գեր, կորցրած երբեմնի մարզական կեցվածքը:
Like father like son
2000-ականների սկզբին Ժորա Հովհաննիսյանը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից էր: Խաղային որակներով ու որոշ դետալներով նույնիսկ նման էր հորը: Խորեն Հովհաննիսյանը մեկ առիթով ասել է, որ իր որդին իրենից էլ տաղանդավոր է:
Տաղանդը լիովին ցուցադրելու հնարավորություն Ժորան չունեցավ: Կամ չթույլատրեցին: «Փյունիկի» սանը 19 տարեկանում ոչ միայն թիմի լիդերներից էր, նաեւ երիտասարդական հավաքականի հենասյուներից մեկը: Բնական է, այդ տարիքում ֆուտբոլիստները ձգտում են հագնել ազգայի ՛ն հավաքականի մարզաշապիկը եւ Ժորան դրանցից մեկն էր:
#58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի
Ազգային հավաքական տանող ճանապարհին Հովհաննիսյանը շարունակում էր լավացնել իր որակներ, բայց 2004-ին տհաճ միջադեպ եղավ «Փյունիկում» այն ժամանակ իր խաղընկեր Լեւոն Պաչաջյանի հետ: Կոնֆլիկտի մանրամասները, որոնք լիովին հայտնի չեն, հասան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Մամուլին հասել է միայն այն, որ ՀՖՖ նախագահը նրան հեռացրել է հավաքականից, փակել դռները նաեւ Հայաստանի առաջնությունում:
«Հավաքականում խաղալն այժմ իմ համար երազանք չէ: Եթե հրավիրեն, չեմ մերժի, քանի որ հայ եմ եւ պարտավոր եմ ներկայացնել իմ երկիրը»,- ասել էր Հովհաննիսյան կրտսերը, թեև հրավեր այդպես էլ չեղավ:
Ո՞ւր կորավ Ժորան
Որպես ֆուտբոլիստ նա Հայաստանում այլեւս անելիք չուներ: Մեկնեց Եվրոպա: 6 տարի` 2004-2010 թթ. հանդես եկավ հունական 6 տարբեր ակումբում: Գոլերն ու լավ խաղերը շարունակում էին լինել, բայց նկատվում էր հետընթաց: 2010-ին նա հայտնվեց Մոսկվայի «Սատուրնում»: Ոչ մի խաղ, ոչ մի գոլ: Այնուհետեւ որդուն ձեռք մեկնեց Խորեն Հովհաննիսյանը, որն այդ ժամանակ Տաշքենդի «Լոկոմոտիվի» մարզիչն էր: Այնտեղ մնաց մեկ տարի ու բավականին արդյունավետ մրցաշրջան անցկացրեց: Հետո եւս մեկ տարի Տաշքենդի «Պախտակորում»: Ու վերջ: Ժորան մեխից կախեց խաղակոշիկները: Կարիերան տապալված էր, չկար հաջողություն, արդյունք եւ որ ամենակարեւորն է` խաղալու ցանկություն:
Իսկ ի՞նչ պետք է աներ
Մխիթարյանը, Մեսսին ու Ռոնալդուն սկզբում նույն հնարավորություններն են ունեցել: Հետագայում եղել են այն, ինչ հիմա կան: Այսինքն, նույնիսկ ամենաանփորձ սկսնակն ունի համաշխարհային ֆուտբոլի աստղ դառնալու հնարավորություն: Սակայն այդ ճանապարհին կարեւոր է ունենալ սկզբունքներ, լավ բնավորություն, հստակություն, սեփականը գնահատելու եւ դրանից վեր չթռչելու ունակություն:
Սա բնավ չի նշանակում, որ Ժորա Հովհաննիսյանն այդ ամենը չուներ. գուցե ուներ կամ ոչ ամբողջովին: Ժորա Հովհաննիսյանի նման անհաջողակ ֆուտբոլիստների օրինակները շատ են: Այն էլ կարիերայի սկզբում, երբ հարկավոր է խուսափել կոնֆլիկտներից, քանի որ այսօրվա ֆուտբոլում մեծ դեր են խաղում հեղինակությունն ու փողը: Առավել ևս, որ մեծ է հավանականությունը հայտնվել այնտեղ, որտեղից ժամանակին հեռացրել են:
Ադեկվատ պետք է լինել ոչ միայն խաղադաշտում, այլեւ դրանից դուրս. փողոցում, ընկերների հետ, մեդիայի հետ շփվելիս ու բոլոր վայրերում: Այսօր գնահատում են սպորտային որակները, բայց դա բավարար չէ փառքի հասնելու համար: Մարդկային արժեքներն ու հարաբերություններն ավելի բարձր նշաձողի վրա են եւ սովորաբար, առաջինը հենց դա են հաշվի առնում ու գնահատվում:
Ժորա Հովհաննիսյանը ոչ պակաս Հենրիխ Մխիթարյան էր կարիերայի սկզբում: Դժվար է դատել ու ասել, թե ինչո՞ւ հիմա չէ: Բայց մարզական սխալները, հուսանք, չեն շարունակվի կյանքում ու ալկոհոլով վարելը բացառություն է և ոչ բնավ` օրինաչափություն: