#58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի

#58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի

ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականի ամենասիրված խաղացողը՝ Խորեն Հովհաննիսյանը, Արտակ Ալեքսանյանի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մի քանի անգամ լսել Վլադիմիր Վիսոցկուն հենց նրա տանը, ճանաչել է Սվո Ռաֆին ու Ալլա Պուգաչովային ու մանրամասներ պատմել նախօրոք «պայմանավորված» խաղերի մասին:

khoren

1970-80-ականների Հայաստանում երկու սիրելի Խորիկ կար` դերասանը` Խորեն Աբրահամյանը, և ֆուտբոլիստը` Խորեն Հովհաննիսյանը: Երկուսն էլ տաղանդավոր, երկուսն էլ համարձակ: Երկուսի կարիերան էլ զիգզագաձև` վերելքներով ու անկումներով: Հե՞շտ է համաժողովրդական կուռքից վերածվել վտարանդու:

Խորեն Հովհաննիսյանի հետ մոտ երեքժամանոց հարցազրույցը տեղավորվեց մի քանի էջի վրա: Նա, իսկապես, քիչ է խոսում: Հետո էլ կատակում է. «Եթե ամեն ինչ ասեմ, Երևանում իրար կխփեն»: Հենց այդ պատճառով նախընտրում է լռել:

Խորեն Հովհաննիսյանի կյանքում Բաքուն ճակատագիր է դարձել: Բաքվի «Նևթչիի» հետ խաղից հետո նրան մեղադրեցին կաշառք վերցնելու, խաղը վաճառելու մեջ: Մի քանի ամիս անց նա հեռացավ Հայաստանից: Այդ ընթացքում խորհրդային մամուլը անխնա քննադատում էր ֆուտբոլիստին, նրան մեղադրում սովետական Երևանում բուրժուայի կյանքով ապրելու համար: Ամենամեծ «մեղքերից» մեկը սեփական «Մերսեդեսն» էր, որով Խորիկը գնում էր մարզումների:

Երկրորդ անգամ՝ արդեն անկախացումից հետո, Խորիկի անունը նորից շրջանառվեց Բաքվի «Նևթչիի» հետ խաղում: Նա այդ ժամանակ «Փյունիկ» ակումբի նախագահն էր: «Փյունիկը» չի պարտվում, ուղղակի հրաժարվում է խաղալ «Նևթչիի» հետ: Հաղթանակը տալիս են Բաքվին: Խաղից մի քանի ամիս անց Խորիկը թողնում է «Փյունիկը» և նորից հեռանում Հայաստանից:

Հիմա արդեն երրորդ անգամ Երևանում էր: Տոնում էր իր 60-ամյակը: Երբեմն ուշ է քնում, ուշ արթնանում, ազատ ժամանակ շատ ունի:

Խորեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցը արել ենք երեքով` ամենահին և հայտնի ֆուտբոլային լրագրող Արմեն Նիկողոսյանի և ամենաերիտասարդ ֆուտբոլային լրագրող Գրիգոր Ավետիսյանի հետ: Երեքով տալիս էինք հարցերը: Տպավորությունը զրույցից. նախ` իսկական ջենտլմեն է: ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականի խաղացողը նույն համեստությամբ և երկու բառով էր պատմում, թե ինչպես է մի քանի անգամ լսել Վլադիմիր Վիսոցկուն հենց նրա տանը, ճանաչել է Սվո Ռաֆին ու Ալլա Պուգաչովային: Նա ԽՍՀՄ բոմոնդից էր և գուցե այդ պատճառով քաղքենի չէ:

Այդպես էլ չասաց. «Գիտե՞ս՝ ում հետ եմ նստել, վեր կացել», այդպես էլ չպատմեց, թե ինչպես սրվեցին իր հարաբերությունները Կարեն Դեմիրճյանի կամ Ռուբեն Հայրապետյանի հետ: Կարեն Դեմիրճյանը Խորիկի երկրպագուն էր, ու մինչև հիմա էլ անհասկանալի է, թե ինչպես կարող էր հենց նրա ժամանակ սկսվել Խորիկի դեմ համապետական թունավորումը: Ռուբեն Հայրապետյանի հետ մի քանի տասնյակ տարիների ընկերներ էին: «Փյունիկ»-«Նևթչի» խաղից հրաժարումը կարո՞ղ էր այդքան բախտորոշ դառնալ:

Խորիկը, անկախ ամեն ինչից ու առաջին հերթին, երևանցի է, հենց երևանցուն հատուկ անմիջականությամբ, բազմաշերտ ընկերներ ունենալու բացառիկ տաղանդով, ամենաարտառոց երևույթները հանգիստ և սովորական ներկայացնելու սովորությամբ:

– Դուք Ձեզ 60 տարեկան զգո՞ւմ եք: Կա այսպես կոչված կենսաբանական ժամացույց, երբ միտքդ ցանկանում է ավելին, մինչդեռ մարմինդ արդեն այն չէ: Առաջ, որ խմում էիք, առավոտը գլխացավ չունեիք, հիմա որ խմում եք, քանի՞ օրում եք վերականգնվում: Ի՞նչն է փոխվել Ձեր մեջ:

– Իմ մեջ համարյա ոչինչ չի փոխվել: Հիմա, երբ ինձ հարցնում են` ինչպե՞ս ես, ասում եմ` նույնը: Ոնց եղել ենք, նույն ձևով շարժվում ենք: Ճիշտ է, վերջերս ազատ ժամանակ մի քիչ շատ եմ ունենում, ռեժիմս խախտվել է:

– Դուք, բացի նրանից, որ պոպուլյար ֆուտբոլիստ էիք, նաև շատ բարետես տղամարդ էիք: Երկիը Ձեզ էր սիրահարված: Անցե՞լ են այդ տարիները: Նախկինում, օրինակ, երբ մտնում էիք ռեստորան, բոլորը Ձեզ էին նայում: Իսկ հիմա՞:

– Երիտասարդ ժամանակ ուրիշ էր: Հիմա մեծացել եմ, ուրիշ ձևով եմ նայում: Ի դեպ, մի ժամանակ հայաստանյան ռեստորաններում մարդիկ սիրում էին նստել ընդհանուր սրահներում, միմյանց հետ շփվել սեղանից սեղան: Հիմա կարծես դա վերացել է, բոլորը նախընտրում են «կուպեները»:

– Դուք Հայաստանի ամենաճանաչված և ամենասիրելի մարդկանցից եք: Շատ երկար ժամանակ, երբ ասում էին՝ Խորիկ, բոլորը դա վերագրում էին երկու հոգու՝ ֆուտբոլիստին ու դերասանին: Բայց այս տարիների ընթացքում Դուք շատ լուռ եք, չեք խոսում իշխանության համար, չեք խոսում նաև իշխանության դեմ: Դուք ընդհանրապես լուռ եք: Չե՞ք կարծում, որ դա մի քիչ անարդար է: Չէ՞ որ Ձեր նկատմամբ ուշադիր են եղել, Ձեզ սեր են խոստովանել, Ձեր խաղերին ներկա են եղել: Ու հիմա` կարևոր պահերին, Դուք ընտրում եք լռությունը:

– Հասկանալով` միշտ էլ լուռ եմ եղել: Կարծիք, իհարկե, ունեմ: Եթե կարծիք չունես, ավելի լավ է՝ չապրես: Բայց ես խոսում եմ միայն այն ժամանակ, երբ գիտեմ, որ այդ հարցը կլուծվի: Եթե գիտես, որ ոչինչ չի լուծվելու, ո՞ւմ է պետք խոսելը: Ես բոլոր կուսակցություններից ընկերներ ունեմ: Բայց ես անկուսակցական եմ:

3

– Ինչո՞ւ: Առաջարկներ չե՞ն եղել:

– Առաջարկները շատ են: Բոլորն էլ առաջարկել են, բայց համարել եմ, որ այսպես ճիշտ է: Դու քեզնով ես: Կուսակցությունն ինչ-որ իմաստով պարտավորեցնող է: Աշխատում եմ քաղաքականության մասին չխոսել: Նախկինում էլ չեմ խոսել:

– Ձեր բջջայինի հեռախոսահամարն ավարտվում է 08-ով, ֆուտբոլ խաղացել եք 08 համարի մարզաշապիկով, Ձեր մեքենայի պետհամարանիշն էլ ավարտվում է 08-ով: Դուք դա միտումնավո՞ր եք ընտրել:

– Իմ առաջին մեքենայի համարն էլ է 08-ով վերջացել: Այն ժամանակ այդպես էր, այդպես էլ շարունակվեց:

 

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ


– Ձեր մայրը գիմնաստ էր, հայրը` ծանր ատլետիկայի մարզիչ, հանրապետությունում հայտնի մարդ: Ֆուտբոլային գենը որտեղի՞ց:

– Փոքր տարիքում հայրիկիս հետ գնում էի մարզադահլիճ: Ուժեղ տղերք կային: Գովում էին ծանրամարտը: Այդ սպորտաձևն իմը չէր, բայց ծանրամարտից շատ ուժեղ էի:

– Դուք համարվում եք տեխնիկապես ամենալավ պատրաստված ֆուտբոլիստը, բայց նաև Ձեզ հիշում են որպես ֆիզիկապես ամենապինդ ֆուտբոլիստի: Բակային ֆուտբոլը օգնե՞լ է Ձեզ:

– Մեծ ֆուտբոլ խաղալու համար, իրոք, շատ մեծ ազդեցություն է ունեցել: Փոքր տարիքում առավոտից երեկո բակում եմ եղել: Շատ փոքր գնդակներով էինք խաղում: Դա իր ազդեցությունը թողել է, քանի որ փոքր գնդակով դժվար էր խաղալը:

– Ձեզ բոլորը սկսեցին ճանաչել «Արարատով»: Ինչպե՞ս դա եղավ:

– Այն ժամանակ բոլորն էլ ցանկանում էին խաղալ «Արարատում», այնտեղ խաղալու ձգտում կար: Այն ժամանակ բոլորի նպատակն էր «Արարատում» խաղալը: Կա՞ զինվոր, որ չի ուզում գեներալ դառնալ: Այդպես էլ ֆուտբոլում էր. ո՞վ չէր ուզում խաղալ «Արարատում»:

– Ձեզ ո՞վ նկատեց:

– Խորհրդային միության պատանիների հավաքականում հայտնվեցի՝ 16 տարեկանների թիմում: Ինձ նկատեց Եվգենի Լյադինը: Զարմացավ, որ «Արարատում» չեմ խաղում: 1972-ի դեկտեմբերին Լյադինը կանչեց, նամակ տվեց, ասաց՝ կտանես ձեր սպորտկոմիտե. եթե հանկարծ քեզ «Արարատ» չընդունեն, միանգամից կգաս Մոսկվա: Նամակը տարա սպորտկոմիտե՝ ֆուտբոլի բաժին: Այդպես հաջորդ օրն ինձ կանչեցին: 1973-ի հունվարից «Արարատում» էի՝  փոխարինողների կազմում: Դա այդ ժամանակ հերոսություն էր: Բոլորը տարիքով մեծ էին, ամենափոքրը ես էի:

– Այն ժամանակ կային հայտնի հակամարտություններ: Օրինակ` «Դինամո» Կիև – «Սպարտակ» Մոսկվա, «Պախտակոր» – «Կայրաթ»: Ո՞ր թիմն եք համարել «Արարատի» հիմնական մրցակիցը:

– Թբիլիսիի «Դինամոն» ու «Նևթչին»: Այդ խաղերին ամենայն լրջությամբ էինք պատրաստվում:

– Սովետական միության հավաքականից ի՞նչ եք հիշում:

– 1976 թվականին դարձանք Եվրոպայի չեմպիոն: Այդ ժամանակ երիտասարդական հավաքականում մինչև 23 տարեկաններն էին. ամենափոքրը ես էի: 1980 թվականին օլիմպիադայում դարձանք բրոնզե մեդալակիր:

– Դուք այն երջանիկ ֆուտբոլիստներից եք, որոնք 1975 թվականին խաղացին «Բավարիայի» դեմ: Ի՞նչ եք հիշում այդ խաղից:

– Երկրորդ խաղակեսն էր, մարզիչն ասաց՝ պատրաստվի՛ր խաղադաշտ դուրս գալուն: Չգիտեի՝ հավատա՞մ, թե՞ ոչ: Մտա դաշտ՝ ամեն ինչ մոռացա ու սկսեցի խաղալ: Խաղից հետո ասացին, որ վատ չէր:

– Ճի՞շտ է, որ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբը Ձեզ առաջարկ է արել:

– Այո՛, 1982 թվականին:

– Որտե՞ղ եք հանդիպել ակումբի ներկայացուցիչների հետ:

– Իսպանիայում: Աշխարհի առաջնության ժամանակ՝ Բելգիայի հետ խաղից հետո:

– Ի՞նչ գումարի մասին էր խոսքը:

– Տարեկան 3 միլիոն դոլար:

– Մերժեցի՞ք:

– Այո՛, ուրիշ ի՞նչ պետք է անեի:

– 27 տարեկան էիք, 3 միլիոն դոլարով կարղ էիք տեղափոխվել ԱՄՆ, լավ ապրել:

– Այն ժամանակ այլ կերպ էինք մտածում: Փողի մասին չէինք մտածում: Դուրս էիք գալիս, բակում կանգնում էինք… Միլիոն արժեր:

– Ոչ մի րոպե չե՞ք մտածել առաջարկի մասին:

– Ոչ մի րոպե: Առաջին հերթին՝ չէին թողնում: Ամերիկացիներն ասացին՝ համաձայնի՛ր, մնացածը մեր գործն է:

– Իսկ եվրոպական թիմերն առաջարկներ արե՞լ են:

– Շատ:

– 1982 թվականին ԽՍՀՄ-ում քիչ էին արտասահմանյան ամսագրերը: Այն ժամանակ «World Soccer» կար: Այդ ամսագրի վարկածով Դուք ճանաչվեցիք ԽՍՀՄ բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպան:

– Այո՛, մեզ բերեցին այդ թերթերը:

– Քանի՞ տարեկանում եք ամուսնացել:

-1982 թվականի դեկտեմբերի 27-ին: 27 տարեկանում:


newmag / շապիկ  #61 Բեռնար Վերբեր. Աստված հրաշալի սցենարիստ է

newmag / շապիկ  #62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով

newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է


– Այդ ժամանակ մի տեսակ անտրամաբանական էր Ձեր ամուսնությունը, որովհետև Դուք անընդհատ մրցումների մեջ էիք, երկրներ էիք տեսնում: Դուք շատ էիք շրջագայում, շատ քաղաքներում էիք լինում, Ռուսաստանում շատ էին գեղեցիկ աղջիկները…

– Դե՛, պետք էր ընտանիք ստեղծել:

– Դուք Ձե՞ր կամքով եք ամուսնացել, թե՞ ծնողներն էին թոռնիկ ուզում:

– Իմ կամքով եմ ամուսնացել:

– Դուք «Արարատում» հանդես եկած առաջին ֆուտբոլիստն էիք, որն անցավ 100 գոլի սահմանը: Հիշո՞ւմ եք Ձեր խփած բոլոր գնդակները:

– Մեծ մասը հիշում եմ:

– Ո՞րն է եղել ամենատպավորիչը:

– 1982 թվականին «Նևթչիի» հետ խաղում: Այդ ժամանակ տարվա կտրվածքով իմ գոլերը միշտ զբաղեցնում էին 1-3 հորիզոնականները: Նույնիսկ կատակում էին, թե այնքան գեղեցիկ գոլ խփեցիր, որ ստիպված էին այդ մրցանակը հանել: 1983 թվականին այն այլևս չկար, սակայն 1985-ին վերականգնեցին այդ մրցանակը:

– Ո՞վ է եղել Ձեր լավագույն խաղընկերն «Արարատում», ԽՍՀՄ հավաքականում:

– Քանի որ խաղում էի կենտրոնում, ինձ ավելի հարմար էր Էդուարդ Մարգարովի հետ խաղալը: Հավաքականից հեշտ էր Օլեգ Բլոխինի հետ խաղալը:

4

– «Աստղային» չե՞ք եղել:

– Դա ի՞նչ բան է: Մինչև հիմա չգիտեմ: Ասում էին՝ «աստղային, աստղային», բայց ես չգիտեմ՝ դա ինչ է:

– Արտոնյալ չե՞ք եղել: Օրինակ` մյուս ֆուտբոլիստները չէին կարող ուշանալ մարզումներից. իրենց նկատողություն անեին, իսկ Ձեզ` ոչ. եղե՞լ է:

– Ես ընդհանրապես չեմ ուշացել: Այդքան ժամանակվա ընթացքում ոչ մի մարզում բաց չեմ թողել: Հիվանդ ժամանակ էլ եմ մարզվել:

– Անդրեասյանի հետ կոնֆլիկտի պատճառը ո՞րն էր:

– Պատճառ էլ չկար: 1982 թվականի մրցաշրջանի առաջին հատվածում «Արարատը» 1-ին հորիզոնականում էր, դրանից հետո 5-րդ հորիզոնականում ավարտեցինք մրցաշրջանը: Հաջորդ տարի Անդրեասյանը դուրս եկավ:

– Ձեր մարզիչների մեջ ո՞վ է եղել լավագույնը:

– Մարզիչներին որակում են արդյունքով:

– Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչը` Վարդան Մինասյանը, լա՞վ մարզիչ է:

– Նորմալ մարզիչ է: Արդյունքը պետք է ցույց տա, պետք է շատ աշխատի:

– Դուք 2 տարի մարզել եք Հայաստանի ազգային հավաքականը: Լա՞վ մարզիչ եք եղել:

– Ախր այնպիսի հարց եք տալիս: Լավ-վատ չկա: Չի կարելի «վատ» բառն օգտագործել:

 

ԲԱՔՈՒՆ, «ՆԵՎԹՉԻՆ» ԵՎ «ՓՅՈՒՆԻԿԸ»


– 1980 թվականի օլիմպիադայի կիսաեզրափակիչում պարտվեցինք: Դուք և Սերգեյ Անդրեևը չխաղացիք: Մեծ աղմուկ եղավ, իբր խաղը վաճառված էր: Այդպե՞ս է:

– Այդպես չէ: Ես ուղեղի ցնցում ունեի, չխաղացի: Շատ խոսեցին դրա մասին, բայց ինչպե՞ս կարող է մարդ չուզել չեմպիոն դառնալ:

– Պարո՛ն Հովհաննիսյան, ընդհանրապես «խաղեր պայմանավորվելու» մասին լեգենդները շատ են: Դուք դա երբևէ տեսե՞լ եք:

– Դե՛, հիմա տարիներ են անցել: Ամեն ինչ էլ լինում է ֆուտբոլում, բայց ոչ հաճախ: Այն ժամանակ լրիվ այլ էր:

– Այն ժամանակ դա քաղաքակա՞ն պայմանավորվածություն էր, թե՞ սպորտային:

– Դժվարանում եմ պատասխանել: Համենայն դեպս, նորմալ էր: Պայմանավորվածություններ համարյա չեն եղել:

– Ձեզ հետ եղե՞լ է: Ֆուտբոլիստները խաղից առաջ գիտեի՞ն, որ պարտավոր էին պարտվել կամ ոչ- ոքի խաղալ: Դա մարզիչների՞ գործն էր, թիմի՞, թե՞ «ընտրյալ» խաղացողների:

– Պրովոկացիոն հարցեր եք տալիս: Այն ժամանակ մեր ղեկավարությունն ասում էր՝ այսպե՛ս պետք է խաղաք:

– Փողի՞ համար:

– Ո՛չ:

– Քաղաքակա՞ն որոշումներ էին:

– Այո՛, բայց դա արդեն անցած էտապ է, վերջացել է: «Արարատը» «Կուբանի» հետ էր խաղում: Ճիշտն ասած՝ ես չգնացի: Մեզ համար այդ խաղը կարևոր նշանակություն չուներ, իսկ «Կուբանը» մրցաշարից դուրս մնալու եզրին էր: Մենք խաղացինք: Բայց դրա փոխարեն «Կուբանից» մեր գյուղատնտեսության համար ահագին բան ուղարկեցին՝ կարծեմ կոմբիկեր:

– Շատ էին խոսակցությունները, որ «պայմանավորված էր» նաև «Արարատ» – «Նևթչի» խաղը, որի ժամանակ Դուք էլ եք խաղացել: Եվ հենց Ձե՛զ էին մեղադրում:

– Այն մարդիկ, որոնք կապ են ունեցել դրանց հետ, այժմ չկան:

– Իսկ իրականում եղե՞լ է այդպիսի բան: Դուք տեղյա՞կ եք:

– Գտե՛ք մարդու, որը կասի, որ այդպիսի բան եղել է: Այն թվերին ո՛չ խոսել էին թողնում, ո՛չ գրել, ո՛չ էլ պատասխանել: Այդ խաղում վերջին րոպեներին գոլ բաց թողեցինք և պարտվեցինք: Իսկ մինչև այդ՝ առաջին խաղակեսի ավարտից հետո, հանդերձարանի զանգի լարերը կտրել էին: Մենք ուշ էինք դուրս եկել դաշտ:

– Ո՞վ էր կտրել: Ադրբեջանցինե՞րը:

– Չգիտեմ: Առաջին խաղակեսում հաշիվը 0-0 էր: Մինչև զանգը չհնչեր, դուրս չէինք գալիս խաղադաշտ: Մենք էլ նստած սպասում էինք զանգին: Խոսակցություններ եղան, որ իմ մոտ փող են գտել, իբր այդ գումարն ինձ տվել են խաղը վաճառելու համար, և մենք ուշացանք, որովհետև փողերն էի հաշվում:

– Մի կողմից`ասում եք, որ դա Ձեզ պետք չէր, մի կողմից էլ` չեք հերքում, որ դա «պայմանավորված» խաղ էր:

– «Պայմանավորված» խաղ չէր:

– Իսկ գուցե Ձե՞ր մակարդակով չէր պայմանավորված խաղը: «Վերևի՞ց էր»: Այդ դեպքում ինչո՞ւ չհնչեց զանգը:

– Չգիտեմ: Գնացե՛ք, իրե՛նց հարցրեք:

– Ինչո՞ւ էին կասկածում հենց Ձեզ, ոչ թե մարզչին:

– Հետաքրքիր հարց եք տալիս:

– Մինչև այսօր Դուք Ձեզ տալի՞ս եք այդ հարցը. ովքե՞ր էին ուզում հարվածել Ձեզ թիկունքից:

– Խումբ էր: 4-5 հոգի: Սպորտկոմիտեի նախագահը, Լևոն Չախմախչյանը…

– Ինչո՞ւ էին Ձեր դեմ տրամադրված: Հակադրությունն անձնակա՞ն բնույթի էր, թե՞ գործնական: Կա՞ր մեկը, որին պիտի Ձեր փոխարեն ընդունեին:

– Ո՛չ: Ես շատ բան գիտեի, ամեն ինչ հասկանում էի:

– Ոչ ցանկալիներին սովորաբար հեռացնում էին Բաքվի խաղաքարտով: Օրինակ` Վիոլետ Գրիգորյանին տարան հյուրախաղերի, որտեղ նա խոսեց Սումգայիթի ցեղասպանության մասին, բայց երբ եկավ Երևան, պարզվեց, որ այսպես ասած` ադրբեջանցիների դուդուկի տակ պարել է և «աններելի բաներ է թույլ տվել իրեն» Բաքվում: Այդ ամենից հետո Վիոլետը հեռացավ Հայաստանից, որովհետև երկու ամիս վախենում էր տնից դուրս գալ: Ստացվում է, որ Դուք է՛լ եք Բաքու գնացել, ու այդ պարտությունը Ձե՛զ է վերագրվել:

– Ես վնասվածք ունեի: Չխաղացի, այդ հանդիպմանն էլ չպետք է խաղայի: Բայց խաղացի ու, ցավոք, պարտվեցինք: Սովորաբար խաղից հետո վերլուծում էինք խաղը: «Նևթչիի» հետ խաղից հետո հասկացա, որ ուզում են Սաշայի (Ալեքսանդր Պոդշիվալով, դարպասապահ – խմբ.) վրա բարդել, իբր ինչպե՜ս կարողացար բաց թողնել գոլը: Տեսաերիզով նայում ենք գոլը, որ տեսնենք, չկրկնենք սխալը: Բոլորը լռում էին, չէին կարողանում խոսել: Ես էլ չէի կարողանում լռել, պետք է խոսեի ու ասացի, որ Հովհաննես Կիրակոսյանն էր մեղավոր, վերջին րոպեին սխալ փոխանցում կատարեց, պաշտպաններից մեկն էլ, չեմ հիշում՝ ով, չկարողացավ լավ պաշտպանվել, մրցակիցն էլ մոտ տարածությունից գնդակն ուղարկեց դարպասը:

1

– Այդ երկու ֆուտբոլիստները միտումնավո՞ր էին վատ խաղացել:

– Ո՛չ, ո՛չ: Այդպիսի բան չի եղել:

– Դուք մինչև այսօր վստահ եք, որ «Նևթչիից» հետո Ձեր դեմ հարձակումները, ասեկոսեները «սարքվեցի՞ն»:

– Այո՛: Սարքվեցին: Հայկական ու ռուսական թերթերն էին գրում:

– Ի՞նչ գրեցին ռուսական թերթերը: Մասնավորապես, ռուսական «Труд»-ը մեղադրական հոդված գրեց Ձեր դեմ:

– Իսկ «Труд»-ը ո՞ւմն էր: Լևոն Չախմախչյանն էր գրել («Труд»-ի թղթակիցը Հայաստանում – խմբ.): Գրեցին, իբր Խորիկը մեծ կապեր ունի, «Մերսեդես» է վարում: Սովետի ժամանակ դրան խեթ էին նայում: Ա՛յ մարդ, ես «Մերսեդես» ունեի, դրանով էի գալիս մարզումներին: Էն մյուսը «Ժիգուլի» ուներ, «Ժիգուլիով» էր գալիս: Ի՞նչ խնդիր կա:

– Երևի Դուք սոցիալիստական աշխատանքի հերոսի իմիջի մեջ չէիք տեղավորվում:

– Երևի, էլի:

– Դուք շատ երկրպագուներ ունեիք: Ձեր խաղերին գալիս էին Կարեն Դեմիրճյանը, Ռուսաստանի առաջին դեմքերը: Այդ ժամանակ ոչ ոք չուզե՞ց օգնել Ձեզ:

– Ես Դեմիրճյանի հետ լավ հարաբերություններ ունեի: Բայց այդ հոդվածներն անհնար կլիներ տպագրել առանց նրա թույլտվության: Այդ հոդվածների հրապարակումից մի քանի ամիս անց օդանավում պատահաբար տեսա Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին: Նա ինձ ասաց՝ այնպիսի՜ բաներ են ներկայացրել:

– Այսինքն` Դեմիրճյանն էլ որոշակի մասնակցություն ունեցել է:

– 1982 թվականին չորրորդ կամ հինգերորդ հորիզոնականը զբաղեցրեցինք: Մի անգամ հանդիպեց մեզ հետ. ես էի ու մեր մարզիչը՝ Արկադի Անդրեասյանը: Ինձ ասաց՝ Խորի՛կ, այս տարի չեմպիո՞ն ենք դառնալու: Ասացի՝ չեմպիոն՝ չէ՛, բայց երեք մեդալներից մեկը կաշխատենք նվաճել: Ասաց՝ ո՛չ, պետք է չեմպիոն դառնաք: Այն ժամանակ ո՞վ կարող էր Դեմիրճյանին հակաճառել:

– Այդ ժամանակ չխաղացիք: Ինչո՞ւ:

– Չէին ուզում, որ խաղայի: Այդ ժամանակ այնպես ստացվեց, որ դեպքերից մեկ ամիս հետո ինձ Մոսկվայից կանչեցին. «Սպարտակն» էր հետաքրքրվում իմ ծառայություններով: Այդ օրը ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովն էր լինելու, որի ժամանակ իմ հարցն էր քննարկվելու:

– Բայց ինչո՞ւ: Որ «Մերսեդես» ունեք, դրա՞ համար: Կոմունի՞ստ էիք:

– Այո՛, կոմունիստ էի:

– Կոմունիստը պետք է «Մերսեդես» չունենա՞ր:

– Չգիտեմ:

– Երբ «Труд»-ի հոդվածը եղավ, և Ձեզ զանգեցին Մոսկվայից, ի՞նչ պատասխանեցիք:

– Դեպքերից մեկ ամիս անց ինձ կանչեցին: Այնպես ստացվեց, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նիստի օրվա առավոտյան «Труд»-ը գրում է այդ հոդվածը՝ «Մարող աստղ» վերնագրով: Հոդվածից հետո ֆեդերացիայում իմ հարցը հանեցին օրակարգից. վիրավորվեցի:

– Այդ ժամանակ տպավորություն չկա՞ր, որ Ձեր գլխին ուղղակի «սարքում են»:

– Եթե մաքուր ես, ոչինչ չես մտածում:

– Դուք չթշնամացա՞ք որևէ մեկի հետ:

– Ո՛չ:

– Բայց դաշտում Դուք հակառակն էիք. չէիք սիրում պարտվել:

– Ոչ միայն դաշտում. մարզումների ժամանակ էլ: Նույնիսկ հիմա՝ նարդի խաղալիս էլ չեմ սիրում պարտվել:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` այդ ամբողջ պատմության մեջ չկա՞ր մեղքի Ձեր բաժինը:

– Ամբողջ հարցն այն է, որ ընդհանրապես հեռատես չեմ եղել: Ինձ միշտ զգուշացնում էին, ասում էին՝ զգո՛ւյշ եղիր, բայց ես հանգիստ էի: Թող թիմից հանեին, ասեին՝ հաջողություն քեզ: Ճիշտն ասած՝ 1984 թվականին ես թիմից դուրս էի եկել: Նախավերջին խաղն էր. խաղացի, ու վերջ: Վերջին խաղում՝ «Սպարտակի» դեմ, հրաժարվեցի խաղալ:

– Հիմա շատ հանգիստ եք խոսում այդ մասին: Այն ժամանակ է՞լ էիք այդպես խոսում:

– Այո՛:

– Քաղաքում Ձեր հանդեպ վերաբերումունքը փոխվե՞ց այդ դեպքերից հետո:

– Բացարձակապես չեմ զգացել: Ավելի հանգիստ էի, ազատ ժամանակ շատ ունեի:

– Կա՞ն մարդիկ, որոնց կորակեիք որպես թշնամու:

– Ես թշնամիներ չեմ ունեցել:

– Դո՞ւք եք այդպես կարծում, թե՞ այդպես եք ուզում ասել:

– Ես թշնամիներ չեմ ունեցել, նույնիսկ ինձ նախանձողներ չեն եղել:

– Իսկ Արկադի Անդրեասյա՞նը: Անդրեասյանը մարզիչն էր, որը չէր թողնում խաղալ:

– Ես ընդհանրապես, որքան մարզիչի հետ աշխատել եմ, երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել:

– «Նևթչիի» հետ երկրորդ հանդիպումն արդեն այն ժամանակ էր, երբ Դուք «Փյունիկ» ակումբի նախագահն էիք: «Փյունիկ»-«Նևթչի» խաղը, որ պլանավորված էր Մոսկվայում, չկայացավ, որովհետև «Փյունիկը» հրաժարվեց խաղալ: Հաղթանակը տվեցին Բաքվին: Այդ խաղի մասին ի՞նչ կասեք:

– Այդ խաղին ներկա չեմ եղել. Հունաստանում էի:

– Ձեր վրա բարդեցին դա: Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարվեցիք «Փյունիկի» նախագահի պաշտոնից:

– Դե՛, հիմա «Փյունիկի» փոխնախագահն ո՞վ է: Կարեն Հարությունյանն է: Գնացե՛ք, իրեն էլ հարցրե՛ք:

5

– Մի բան է` այն ժամանակ տեղյակ չեք եղել «պայմանավորված» խաղի որոշման մասին, մեկ այլ բան է, որ մինչև հիմա չգիտեք դրա մասին: Մի՞թե մինչև հիմա չեք հետաքրքրվել:

– Կարեն Հարությունյանն էր բոլոր հարցերով զբաղվում: Դրանից հետո ֆեդերացիայի նիստ եղավ, նույն հարցը տվեցին, ասացի՝ ես տեղյակ չեմ: Հետո կանչեցին Կարենին, հարցրեցին, ասաց, որ ինքն է որոշել:

– Երբևէ լսե՞լ եք այն տարբերակի մասին, որ «Փյունիկն» այդ հանդիպումը չի խաղացել Քոչարյան-Ալիև հանդիպումը հարվածի տակ չդնելու համար և որպեսզի սահմանին բախումներ չլինեն:

– Չեմ լսել: Այդ ժամանակվանից ես գնացել եմ Հունաստան և 10 տարի այստեղ չեմ եղել:

– Փաստորեն այդ խաղից հետո Ձեր ու Ռուբեն Հայրապետյանի անհամաձայնությունն այնքան մեծ է, որ արդեն երկար ժամանակ չեք շփվում իրար հետ: Անհամաձայնությունը Ձե՞ր կողմից է, թե՞ նրա:

– Չգիտեմ: Իրար չհասկացանք, վերջացավ: Ինչի՞ մասին է խոսքը:

– Իսկ Ձեր ծննդյան օրվան հրավիրե՞լ եք:

– Այո՛, հրավիրել եմ:

– Կգա՞:

– Ես հրավիրել եմ: Կգա, թե ոչ՝ չեմ կարող ասել:

– Կրակն առանց ծուխ չի լինում. Ձեր և Ռուբեն Հայրապետյանի ջրերը մեկ առվով չեն հոսում:

– Ընդհանրապես ամեն մեկն իր կարծիքն ունի: Մենք երկար տարիներ միասին աշխատել ենք, ընկերություն ենք արել: Հետո իրար չհասկացանք ու բաժանվեցինք իրարից:

– Այդքան երկա՞ր. այս դեպքում չհասկանալը չափազանց կոռեկտ բառ է:

– Դե՛, հիմա այդպես է ստացվել:

 

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԻՆ ՖՈՒՏԲՈԼԸ


– Ռուսներն ունեն լավ ֆուտբոլ, աշխարհի առաջնություն են խաղում: Կա՞ օրինաչափություն. ինչո՞ւ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը չունեն լավ ֆուտբոլ, լավ ֆուտբոլիստներ: Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին տարիներին լավ ֆուտբոլ է ցուցադրում, բացառություն է: Ադրբեջանցի լեգեոներներ էլ կան, վրացի լեգեոներներ էլ, բայց, ընդհանուր առմամբ, մեր ֆուտբոլը միջակ որակ ունի:

– Մենք վատ հավաքական չունեինք: Օրինակ՝ այն ժամանակ՝ Ռոման Բերեզովսկին, որը մինչև հիմա խաղում է, պաշտպաններ Սարգիս Հովսեփյանը, Վարդան Խաչատրյանը: Կամ, օրինակ, Համլետ Մխիթարյանը, Արթուր Պետրոսյանը:

– Այդ դեպքում ինչո՞ւ արդյունք չկար: Ինչո՞ւ չէինք մոտենում Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին: Այդ ժամանակ ամենացավալի պարտությունը կրեցինք Վրաստանից. 7-0:

– Դա արդեն պարզ էր: Այդպես էլ պետք է լիներ:

– Ինչո՞ւ:

– Թիմ չունեինք. տարաձայնություններ կային: Ես ասացի՝ պետք է չխաղանք այդ խաղը: Չլսեցին ինձ, ասացին՝ տուգանք կգա: Մեր ֆուտբոլիստները երկու ամիս ո՛չ դաշտ էին դուրս եկել, ո՛չ մարզվել էին: Ասացին՝ մի՛ գնա դու: Պատասխանեցի՝ ինչպե՞ս չգնամ: Ոնց որ կռիվ գնան, հրամանատարը չգնա: Կլինի՞ այդպես:

– Ինչո՞ւ Հարավային Կովկասում չի կայանում ֆուտբոլը: Մի «Արարատ-73» էր, դրանով ենք ապրում արդեն 40 տարի: Ո՞ւր է մեր ֆուտբոլը:

– Ճիշտ եք ասում: Արդյունք պետք է ցույց տանք:

– Ձեր տղան որտե՞ղ է հիմա:

– Տաշքենդում: Հիմա ազատ է: Վնասվածքներ ստացավ:

– Կուզե՞ք մեր հավաքականում տեսնել նրան:

– Եթե վերցնելու լինեին, կվերցնեին հավաքական:

– Հիմա ինչո՞ւ Ձեր որդին չի խաղում մեր հավաքականում: Երբևէ փորձե՞լ է անձամբ դիմել այդ հարցով` թեկուզ հայկական ակումբներում խաղալու համար:

– Մարզիչն է ընտրում ֆուտբոլիստին: Նայում է. եթե կարող է խաղալ հավաքականում, հրավիրում է թիմ:

6

– Փաստորեն Դուք Ձեր որդու կարիերային չեք միջամտում:

– Ոչ մի անգամ չեմ միջամտել:

– Ո՞րն է եղել այն խորհուրդը, որը տվել եք նրան:

– Վերջերս մատների արանքով էր նայում ֆուտբոլին: Ասացի՝ կա՛մ ֆուտբո՛լ խաղա, կա՛մ ուրիշ գործո՛վ զբաղվիր:

– Վիրավորվե՞ց:

– Բա չվիրավորվե՞ր:

– Գուցե չի ուզում Հայաստանում խաղալ, որ ամեն անգամ Ձեզ չհիշեն: Չասեն` Խորիկի տղան է:

– Ո՛չ, այդպիսի բան չկա:

– Ըստ Ձեզ՝ նա լա՞վ ֆուտբոլիստ է:

– Իմ կարծիքը մի՛ հարցրեք, մյուսների՛ն հարցրեք:

– Հայաստանում ֆուտբոլային դպրոց, կրթություն կա՞, թե՞ անցյալի դպրոցն է:

– Չկա: Սովետի դպրոցն է:

– Ձեր կարծիքով՝ ժամանակակից ֆուտբոլը փոխվե՞լ է: Սպորտը միա՞կ բանն է, որը հնարավոր չի կեղծել, տարընթերցում ունենալ, քանի որ դա արվեստի գործ չէ: Սպորտում հստակ բան կա. պետք են արդյունքներ, բայց միաժամանակ սպորտը դարձել է մի ինդուստրիա, որտեղ, օրինակ, ֆուտբոլիստները չեն ուզում իրենց հավաքականում խաղալ, քանի որ ակումբային պարտավորություններ ունեն:

– Այստեղ փողը մեծ դեր է խաղում: Այն ժամանակ մեզ համար կարևոր չէր փողը:

– Ի դեպ, որքա՞ն գումար էիք ստանում այն ժամանակ: 10000 ռուբլի՞:

– Ո՛չ: 350 ռուբլի:

– Բայց մյուս կողմից՝ բոլորն ուզում են դառնալ Հենրիխ Մխիթարյան, որովհետև Հենրիխ Մխիթարյանը միլիոնատեր է: Ձեր կարծիքով` հիմա ֆուտբոլային կարիերա ունենալու համար մոտիվացիան միլիոնատեր դառնա՞լն է:

– Դա շատ դժվար է: Ամեն մի ֆուտբոլիստի բարձր չեն վարձատրի, չէ՞: Լավ ֆուտբոլիստ դառնալը ամեն մարդու խելքի բանը չի:

2

 

ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ


– Գաթան չկերաք, քանի որ ուզում եք ավելի նիհար ու ջահե՞լ երևալ Ձեր 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

– Ո՛չ: Ընդհանրապես քաղցրը քչացրել եմ կերակրացանկիցս: Ամսվա ըթնացքում մի քանի օր դիետա եմ պահում:

– Ի՞նչ նվեր եք ուզում ստանալ Ձեր 60-ամյակին:

– Որ ընկերներս գան, միասին անցկացնենք այդ օրը:

– Ո՞ւմ գաղափարն էր 60-ամյակը այսպիսի շուքով նշելը:

– Ընկերներով նստեցինք ու որոշեցինք:

– Ի՞նչ է մտածում այդ առիթով Ձեր կինը:

– Այդպիսի հարցերով չեմ կիսվում նրա հետ: Ի դեպ, խաղի տոմսերի գները կլինեն 500-1500 դրամ: Ամբողջ հասույթը կտրամադրենք «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ կերպ ներգրավվա՞ծ է այս միջոցառմանը:

– Հրավիրել ենք:

– Իսկ ինչո՞ւ կազմակերպական գործերին չի օգնում:

– Դե՛, մարզադաշտը տրամադրում է:

– Հիմա այստեղ եք: Ինչո՞վ եք զբաղվելու, նոր թի՞մ եք ստեղծելու:

– Ոչ մի բանով չեմ զբաղվում, նոր թիմ էլ չեմ ստեղծելու:

– Ինչպե՞ս եք Ձեզ զգում:

– Նորմալ:

– Առավոտյան քանիսի՞ն եք արթնանում:

– Երբ ուզում եմ:

Գրել կարծիք