BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Սեղմագիր] Հրդեհը հանգցնելու ժամանակը. Ի՞նչ ասաց Լ

[Սեղմագիր] Հրդեհը հանգցնելու ժամանակը. Ի՞նչ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը

Բանակցային նախապատմություն


Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք, կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը, այլ այդ կառույցները։ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերացական մի հարթակ չէ, այլ կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը։ Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը ստացել է նաև ՄԱԿ-ի օրհնությունը։
Եղել է 6 պլան մինչև հիմա` 97-ի փաթեթային, փուլային, 98-ի ընդհանուր պետության, հետո եղել է Քի-Ուեսթյան պլանը, որը դուրս է Մինսկի խմբի շրջանակից, դա եղել է զուտ ամերիկյան ծրագիր, հետո եղել է Մադրիդյան պլանը։ Սրանք, ըստ էության, իրարից չեն տարբերվում։ Կան միայն մեթոդաբանական տարբերություններ` մի մասը եղել է փաթեթային, մի մասը փուլային։ Փաթեթայինները մերժվել են։ 97 թվականի փուլայինը մերժել է Ղարաբաղը: 98 թվականի փաթեթայինը, որ Ընդհանուր պետություն էր կոչվում, մերժել է Ադրբեջանը, Ղարաբաղն ու Հայաստանը ընդունել են։ Մադրիդյան սկզբունքները դեռևս ընթացքի մեջ են, վերջնական մերժում չեն ստացել. և Ադրբեջանը, և Հայաստանը սկզբունքային համաձայնություն են հայտնել ընդունել այս պլանը ` որպես բանակցային հիմք։
Սկզբունքների վերաբերյալ այլևս որևէ մեկը վիճաբանություն չունի։ Իսկ սկզբունքները որո՞նք են։ Սկզբունքները հետևյալն են՝ տարածքների վերադարձ, հակամարտող կողմերից ուժի չկիրառման հավաստիացում  և Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանում։ Պլյուս, կան դետալներ, խաղաղապահ ուժերի տեղակայում, դա արդեն անվտանգության համակարգի մանրամասներն են։ Միջազգային հանրության առաջարկած ծրագիրը նորմալ, ըստ էության, բալանսավորված ծրագիր է, և, եթե Հայաստանը վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է հենց այսօր ստորագրել այդ փաստաթուղթը, Ադրբեջանը չի կարող մերժել։ Թող փորձի։ Հայաստանի այդ պատրաստակամությունից հետո թող փորձի մերժել։ Այդ դեպքում, միջազգային ամբողջ ճնշումը ուղղվելու է Ադրբեջանի դեմ։

Հակամարտող կողմերի փոխզիջումների պատրաստակամությունը


Բանակցությունները հենց նրա համար են, որ կողմերը փորձում են, որքան հնարավոր է, ավելի շահեկան դարձնել իրենց համար։ Եվ Հայաստանն է պայքարում դրա համար, և Ադրբեջանն է, բնականաբար, պայքարում, բայց սկզբում այդ տարաձայնությունները հսկայական էին, այսօր արդեն դրանց թիվը հասել է ընդամենը 1-2 հարցի։
Ադրբեջանը, եթե պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես նա չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին։ Երկու կողմն էլ համաձայն են փոխզիջումների, բայց ասում եմ` երկու կողմն էլ փորձում են կորզել, որքան հնարավոր է ավելի շահեկան պայմաններ իրենց համար։ Ի վերջո, գալիս է մի պահ, կողմերը ասում են այո, կամ` ոչ։ Դեռ այդ պահը չի եկել։ Ես չեմ ընդունում, որ Ադրբեջանը մերժել է։ Դա (newmag- Ղարաբաղի անկախության ճանաչելը) որոշում է այդ Միջազգային ատյանը։ Ադրբեջանը չի սահմանելու Ղարաբաղի կարգավիճակը։ Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու է Մինսկի խմբի համանախագահությունը։
Ինչո՞ւ մինչև հիմա չէր լուծվում։ Բացատրեմ։ Չէր լուծվում, որովհետև միջազգային հանրությունը հաշտվել էր այն մտքի հետ, որ, այո, կոնֆլիկտ կա, բայց զինադադարից հետո, ըստ էության, սառեցված կոնֆլիկտ է, մանր-մունր սահմանային ընդհարումներ են տեղի ունենում, և առաջնայնություն չէ իրենց համար, դրա համար լուրջ ջանքեր չեն գործադրել այս հարցը լուծելու համար։ Դա ոչ թե կողմերի կամքից է կախված եղել, այլ իրականում` միջնորդների։ Հիմա նոր հանգամանքներ կան, որոնք ինձ լավատեսություն են ներշնչում այն առումով, որ, անպայման, այդ հարց լուծվելու է առաջիկա ժամանակներում։ Ես չեմ կարող ասել օրեր, շաբաթներ, ամիսներ, բայց դա լուծվելու է։ Վերջնական կարգավորումը թողնված է երկրորդ փուլում։ Մենք դեռ  խոսում ենք առաջին փուլի մասին, որը հրդեհը հանգցնելու փուլն է։ Սա չարյաց փոքրագույնն է, որովհետև, եթե սա էլ չընդունեք, ավելի վատ է լինելու։

ԼՂՀ հարցի կարգավորման բանալին Մոսկվայում է


Ռուսաստանին բացարձակապես ձեռք չի տալիս այս պայթունավտանգ օջախի գոյությունն Անդրկովկասում, երբ ունի ավելի շատ լուրջ խնդիրներ Մերձավոր Արևելքում։ Հիմա արդեն դա ավելի է ընդլայնվում` Թուրքիայի ֆակտորը կա, Իրանի ֆակտորը կա։ Նոր համաձայնություններ են ստեղծվում, նոր համաձայնությունները բերելու են Արևմուտքի հետ նոր կոնֆլիկտների։ Շատ բարդ մի գործընթաց է սկսվում։ Եթե այսօր աշխարհում կա մի գերտերություն, որը մեծապես շահագրգռված է այս հարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Ռուսաստանն է։ Չեմ ասում, մեր շահերից է լինելու, Ադրբեջանի շահերից է լինելու, առաջին հերթին` իր շահերից։ Եվ մի հանգամաքն էլ կա` սա պետք է լավ ֆիքսել, Ռուսաստանն այն երկիրն է, որը թույլ չի տա մի այնպիսի լուծում, որն այս երկրներից մեկին կթշնամացնի իր հետ։

Հրդեհը հանգցնելու ժամանակը


Հիմա հրդեհը հանգցնելու ժամանակն է։ Տեսանք, ապրիլին ինչ եղավ, և ինչեր կարող են լինել։ Ապրիլը խթանեց, այո, աշխարհին մի քիչ սթափեցրեց, որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձնեն այս հարցին։ Եթե այս հարցը չլուծվի, մեզ քանի՞ ապրիլներ են սպասում։ Մեր ժողովուրդը որքա՞ն զոհ պետք է տա։ Եվ այդ զոհերը իմաստավորվա՞ծ պետք է լինեն։ Բացարձակապես։ Ինչու՞։ Որովհետև,  ինչ էլ անեն, այս լուծումից բացի, ուրիշ լուծում չկա: Ես կոնկրետ եմ խոսում, կոնկրետ արդեն մեթոդաբանության հարց չէ, կոնկրետ Մադրդիդյան սկզբունքներով, որոնք դրված են սեղանին համանախագահների կողմից։ Չպետք է դուրս գանք սեղանից, ծրագիրը հայտնի է բոլորին։ Ենթադրենք, մերժեցինք, ի՞նչ ենք ստանում։ Շատերը դա են պահանջում։ Ընդդիմախոսների 100 տոկոսը պահանջում էր չգնալ այս լուծմանը։ Չգնացինք, այդպե՞ս է, թե՞ չէ։ Ճի՞շտ եմ ասում, միայն իշխանությունն է գնում այս ճանապարհով։ Չգնացի՞ն, ի՞նչ ենք ունենում: Ունենում ենք նույն ստատուս քվո՞ն։ Եվ էդ պայմաններում շրջափակման, պատերազմի ամենօրյա վտանգի, սահմաններում ամենօրյա զոհերի վտանգի տակ մենք զարգանու՞մ ենք։ Մենք կարողանո՞ւմ ենք այնքան միջոցներ հայթհայթել, որ մեր բանակը ուժեղացնենք, մենք լավացնո՞ւմ ենք մեր ժողովրդի սոցիալական վիճակը, թոշակնե՞րն են ավելանալու, աշխատավարձե՞րն են բարձրանալու, արտագա՞ղթն է դադարելու։ Ի՞նչ է փոխվելու։ Դա տեսանք, 20 տարի այդ սկզբունքով առաջնորդվեցինք։ Եվ օր օրի Հայաստանը թուլացավ, նվազեց, նվաղեց։ Վերջը, ի՞նչ է։ Մի օր սա պետք է վերջ ունենա՞, թե՞ ոչ։

Արցախը` բանակցությունների մասնակից


 Էսպիսի հարց էլի չկա դրված։ Ես էլի խոսում եմ կոնկրետ պլանի մասին։ Էդ պլանում նման հարց չկա։ Ուղղակի համանախագահները մի քանի բանավոր խոստումներ են տվել, որ կգա մի էտապ, երբ Ղարաբաղը կդառնա մասնակից այդ կարգավորման գործընթացքին։ Ես գիտեմ, թե որն է այդ պահը, բայց հիմա չեմ ասի։ Ես գիտեմ նաև այն պահերը, որոնք մնացել են այսօր, վերջին տարաձայնությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Շատ չեն, ասեմ, հսկայական տարաձայնություններն արդեն հարթվել են։ Ես չեմ կարող հրապարակել, դա իմ իրավասությունը չէ։ Դրա մասին կարող են խոսել միայն իշխանությունները։ Ես կոռեկտ մարդ եմ։ Դա խորհրդապահական պրոցես է։ Իմանալով հանդերձ, ես դա չեմ հրապարակի։

Ամենացավոտ հարցը


Եթե ավելի կոնկրետ վերադառնանք տարածքների հարցին, որովհետև ամենացավոտ հարցը սա է, որովհետև միշտ մարդիկ, այսպես կոչված ժողովրդի կարծիք ձևավորող մարդիկ, էդ քաղաքագետները, վերլուծաբանները, կամ քաղաքական գործիչները, սիրում են պիտակներ փակցնել։ Ով խոսեց տարածքների զիջման կամ վերադարձի մասին, նա դավաճան է, պարտվողական է, թուրք է։ Լավ, ես էի դավաճան, պարտվողական, թուրք։ Ինձնից հետո Ռոբերտ Քոչարյանն էր, Վարդան Օսկանյանը։ Նրանք էլ նույն ծրագրերն էին իրականացնում։ Եթե ուզեք, ավելի վատ ծրագրեր, նույնիսկ` պլաններ։ Բոլոր ծրագրերում էլ տարածքների վերադարձի պայմանը կար, և նրանք ընդունել էին այդ պայմանը։ Նրանցից ժառանգություն ստացած Սերժ Սարգսյանը էլի նույն ծրագիրն է իրականացնում։ Էդ ինչպե՞ս ստացվեց, Հայաստանի բոլոր իշխանությունները դավաճա՞ն են, պարտվողակա՞ն։ Էստեղ իշխանությունն է միայն, որ գիտակցում է, որ ինքը միջազգային ժողովուրդների, պետությունների մեջ ազգային ընտանիքի անդամ է, և պարտավոր է ենթարկվել այդ ընտանիքի սահմանած պայմաններին։
Մենք կարող ենք Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները կոչել պատմական տարածքներ.  էդպե՞ս է, թե՞ չէ: Ասում են, ազատագրված տարածքներ, սրբազան տարածքներ, և այլն։ Այսպիսի կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան ու չեն լինի։ Երբ մենք ընդունվել ենք ՄԱԿ և ԵԱՀԿ, ընդունել ենք բոլոր այն սկզբունքները` սահմանների անփոփոխելիության սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժի կիրառմամբ սահմանների փոփոխելիության անթույլատրելիությունը` սա մենք էլ ենք ընդունել, Ադրբեջանն էլ է ընդունել։ Աշխարհը չի ճանաչում կամ չի ընդունում այս սկզբունքները խախտելու ոչ մի պատրվակ: Սրանք պատրանքներ են, և մեր իշխանությունները երբեք չեն օգտագործել` ոչ իմ ժամանակ, ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի։ Այս տերմինները երբեք չեն օգտագործել միջազգային ատյաններում, եթե օգտագործեին, մեզ «իզգոյ» երկիր կհայտարարեին։ Մենք կարող ենք կոչել ազատագրված, բայց միջազգային հանրությունը դա կոչում է օկուպացիա։ Ուրիշ ոչինչ։
Մենք Ադրբեջանի հետ խնդիր չունենք։ Մենք երկու վիճաբանող կողմեր ենք, որոնք մեր խնդիրը ներկայացրել են միջազգային ատյան` այնտեղ լուծում գտնելու համար։ Ինչ լուծում տվեց այդ ատյանը, և Հայաստանը, և Ադրբեջանը պարտավոր են ենթարկվել։ Դուք ասում եք՝ տարածքներ ենք զիջում։ Մենք տալիս ենք միջազգային հանրությանը, միջազգային ատյանին։ Նա է մեզնից պահանջում։ Ադրբեջանը, ինչքան ուզում է պահանջի, դա մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Մենք պարտավոր ենք ենթարկվել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի պահանջին։

Զիջումներ` կարգավիճակի դիմաց


Առաջին, ես ասացի միջազգային իրավունքը չի ընդունում տարածքների գրավում։ Բայց հաշվի առնելով այլ հանգամանքեր, ինչպես, ասենք, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու, ֆիզիկապես անվտանգ ապրելու իրավունքը։ Սա ֆիքսված է և ընդունված է այս փաստաթղթերում։ Արդեն մի մեծ զիջում է, որովհետև Ադրբեջանը ընդհանրապես չէր ուզում Ղարաբաղի գոյությունը։ Ադրբեջանն առաջինն էր, որ վերացրեց Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը։ Ադրբեջանի սահմանադրության մեջ Ղարաբաղ չկա արդեն, Ղարաբաղի ինքավար մարզ գոյություն չունի։ Ուզում էր ոչնչացնել, դա չստացվեց, միջազգային հանրությունը չընդունեց։ Արդեն հասավ այն աստիճանի, որ որոշում կայացրեց, որ այդ հարցը լուծվելու է հանրաքվեի միջոցով։ Սա մեծագույն հաղթանակ է, մեծագույն նվաճում։ Սրա մասին միայն երազել կարելի էր։
Սրանից ավելի մեծ բա՞ն էիք սպասում։ Սա երկրորդ զիջումը։ Երրորդ զիջումը։ Ասացի` միջազգային հանրությունը չի ընդունում տարածքների վերահսկողությունը Ղարաբաղի կողմից։ Պահանջում է անհապաղ վերադարձնել դրանք։ Բայց Լաչինի միջանցքի հարցում բացառություն է արված, հասկանալով, որ Ղարաբաղի անվտանգությունն անհնար է ապահովել, ոչ միայն անվտանգությունը, այլև նորմալ տնտեսական գործունեությունը, առանց Հայաստանի հետ անմիջական ցամաքային կապի։ Սա էլ է ընդունված, դուք ասում եք` ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Դուք իրենց աչքերով նայեք։ Չորրորդը` Ադրբեջանը, փաստորեն, ընդունում է նաև, որ այս համաձայնագիրը ստորագրող երկրները, որոնք են լինելու` Մինսկի խմբի համանախագահ երկրները, և հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, դառնալու են այս համաձայնագրերի իրականացման երաշխավորը։ Հայաստանը, փաստորեն, լեգիտիմացնում է, մենք հայտարարել էինք միակողմանի, որ մենք երաշխավորում ենք, մենք մեզ հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր։ Հիմա այս փաստը նաև համաձայնագրով լեգիտիմացվում է։ Դրանից հետո, եթե որևէ խախտում լինի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի տարածքի և Լաչինի միջանցքի նկատմամբ, Հայաստանն արդեն օրինական կերպով կարող է միջամտել և թույլ չտալ այդ ոտնձգությունները: Ասում եք ի՞նչ է ստանում Ղարաբաղը, կամ ի՞նչ է ստանում հայկական կողմը։ Դուք եթե 88 թվականի պատկերացումով մոտենաք, տեսեք` սա հրաշք է, եթե տեղի ունենա։

Տարածել