JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ֆրունզապատումներ. Մհեր Մկրտչյանն` իր ու մեր բոլորի

Ֆրունզապատումներ. Մհեր Մկրտչյանն` իր ու մեր բոլորի մասին

Ինքնաճանաչողությունը քեզ պետք է նաև որպես քաղաքացի, որպես հայրենասեր: Մարդն իր ազգը, իր ազգի պատմությունը չիմանա…չիմացավ՝ չի էլ կարող ստեղծագործել, որովհետև նա իր արժեքը չգիտի:

***


Անիմաստ ծիծաղեցնելը ոչինչ է: Ես ավելի եմ սրտնեղում, երբ տեսնում եմ անիմաստ բանի վրա ծիծաղողի: Եթե մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն տարօրինակ ու անհետաքրքիր է, երբ առանց պատճառի ծիծաղում է:

***


Ես ահավոր շատ սիրում եմ փորձը, քան թատրոնում խաղալը: Չտեսնված գեղեցիկ բան է փորձը, մանավանդ լավ փորձը, որն, ափսոս, հանդիսատեսը չի տեսնում:

***


Արվեստում չի կարելի պատճենահանել, իսկ կինոյում դա առավել վտանգավոր է: Էկրանը կեղծիք չի ընդունում, բայց և չի կարելի այն հայելի դարձնել:

***


Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։

***


Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

***


Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:

***


Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը:

***


Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

***


Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:
Հիշողություններ Մհեր Մկրտչյանի մասին
Արդեն աշխատում էինք թատրոնում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Ամեն ներկայացման մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Մի օր երկուսով ունեինք ընդամենը մի ռուբլի, հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանքը երկարի: Թատրոնի այգում հեծնեցինք նստարանին՝ թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղ: Հիշո՞ւմ ես ինչից էինք խոսում, Ֆրունզ: Իհարկե հիշում ես՝ թատրոնից, Ստանիսլավկուց, մեր դերասաններից, զրուցում էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված... Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն... Խոսելը մեր արևածաղիկ չրթելը երկարացնում էր, և դա կարծեմ մեր կարծեմ մեր կախարդական օրերից էր...

Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ: Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսո՞ս չես, մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, քո արվեստը կաղապար չունեցող, ինքդ քեզ ինչո՞ւ ես կապանում: Թող ծառա լինի ձիդ, խրխնջա զրնգուն... մրցանակներ շահես ազգիդ համար...Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի, բարձունքներին սովո՛ր մարդ...

Կեսկատակ, կեսլուրջ մի համեմատություն անեմ: Ռուս երեխան կրպակից գնում է լուսանկարդ, ինքնագիր է խնդրում, վրացին քեղ համբուրելու թույլտվություն է խնդրում, ադրբեջանցին և ուզբեկը հեռվից քեզ մատով են ցույց տալիս հարևաններին, հնդիկը նայում է, ինչպես անշունչ առարկայի, առանց թույլտվության ձեռքդ բռնում, նայում է զարմացած: Հայ երեխան չի էլ մոտենում, հեռվից գոռում է. «Ֆրո՜ւնզ»:
(Սոս Սարգսյանի հուշերից)

***


-Եթե դերասան չդառնայիք, ինչո՞վ կզբաղվեիք:
-Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի: Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի: Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի, պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի...

***


Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.
-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հաքից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:

***


Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ու՞ր կերթաս:
-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, -պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.
-Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

***


Նստած ենք մեր ընդնանուր ընկերոջ գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի արվեստանոցում: Գյումրիի մթնոլորտը, ընկերական անկեղծ զրույցը բացում է բոլորիս տրամադրությունը: Խոսում ենք դեսից դենից: Բայց Ֆերդինանդը լուռ խզբզում է: Մի թուղթ նկարելուց հետո պատառոտեց, երկրորդը պատառոտեց, երրորդը ձեռքը վերցրեց և ոչ մի գիծ չքաշած՝ շպրտեց մի կողմ:
- Էդ ի՞նչ ես անում ախպեր, թերթերդ ներքև դիր, խոսենք,— ասում է ընկերոջը Մհերը:
- Քեզ եմ ուզում նկարել ախպեր, բայց ո՛չ ընկերական շարժ է ստացվում, ո՛չ էլ ծաղրանկար:
- Ի, միամիտ մարդ, ծաղրանկարից ծաղրանկար ոչ էլ կստացվի, որ չարչարվում ես,— հումորով նկատեց Մհեր Մկրտչյանը:
(Միշա Մանուկյանի հուշերից)

***


Մհեր Մկրտչյանը՝ տաղանդի մասին
- Ի՞նչ է տաղանդը,— հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին:
- Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:
- Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտանայտվի, չդրսևորվի:
- Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո՝ էդ որ ասում են «տաղանդը պարգև է, բան...», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:


(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)


***


Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
- Ինչին է մարդ սիրանարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան, — ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
- Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնանատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այղպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:
- Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի:
- Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:
(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

Տարածել