FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[NYTimes] Սամանթա Փաուերի հոդվածը ՄԱԿ-ում ՌԴ մահաց

[NYTimes] Սամանթա Փաուերի հոդվածը ՄԱԿ-ում ՌԴ մահացած դեսպանի մասին. «Իմ ընկերը, ռուս դիվանագետը»

ՄԱԿ-ի ԱԽ-ում նրանք ոխերիմ թշնամիներ էին, վերջին 5 տարիներին գրեթե ամեն շաբաթ Փաուերն ու Չուրկինը թեժ բանավիճում էին, ծաղրում միմյանց, վիրավորում, հեգնում, քննադատում ու դատապարտում հատկապես Սիրիայի և Ուկրաինայի վերաբերյալ քննարկումների ժամանակ: Բայց Չուրկինի մահից հետո Սամանթա Փաուերը բացահայտել է իրենց կուլիսային հարաբերությունները, ընդգծել, որ ՌԴ դեսպանն իրականում իր ընկերն էր:
«Երկուշաբթի մահացավ վերջին տասնամյակում ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը` աշխարհի ամենաարդյունավետ դիվանատեգներից մեկը: 2013 թվականից մինչև նախագահ Թրամփի իշխանության գալը ես ԱՄՆ մշտական ներկայացուցիչն էի այդ կառույցում և, հավանաբար, դեսպան Չուրկինի ամենատեսանելի հակառակորդը վերջին մի քանի տարիներին: Նա հավատարմորեն պաշտպանում էր նախագահ Վլադիմիր Պուտինի մահացու գործողությունները Ուկրաինայում և Սիրիայում:  
Միաժամանակ, Վիտալին խոսքի իսկական վարպետ էր և ուներ հումորի էպիկական զգացում: Նա լավ ընկեր էր և ԱՄՆ-ՌԴ համատեղ աշխատանքի լավագույն հույսերից մեկը: Նրա մահով կոտրվեց իմ սիրտը: Ես նաև վշտացած եմ, որ մեր բևեռացված միջավայրում Վիտալիի` դիվանագետի ու մարդու հիշատակի նկատմամբ հարգանքը մեկնաբանվել է որպես ռուսական ագրեսիայի հետ լուռ համաձայնություն: Երբ տեղեկացա Չուրկինի մահվան մասին, Թվիթերում նրան անվանեցի «Դիվանագիտական մաեստրո», ինչի համար ինձ քննադատեցին Ռուսաստանի հանցանքները արդարացնելու համար: Մեկը նույնիսկ թվիթ գրեց. «Հարցրեք սիրիացի և ուկրաինացի երեխաներին»:
Ես հավատում եմ, որ պարոն Պուտինի Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ներկայացնում ամերիկյան շահերի համար, և նախագահ Թրամփի նմանները, որոնք գովաբանում են Պուտինին, կամ սխալմամբ հավասարեցնում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ապակայունացնող դերն աշխարհում, խորապես սխալվում են: Ռուսաստանի կառավարությունը սպանել է իր այլախոհներին, գրավել իր ինքնիշխան հարևանների տարածքները, սպանել քաղաքացիական անձանց Սիրիայում և միջամտել ժողովրդավարական ընտրություններին` այդ թվում Միացյալ Նահանգներում: Բայց ես նաև հավատում եմ, որ անհրաժեշտ է հարաբերություններ կառուցել ռուս անհատների հետ, որոնք մեր պես բարդ ու հակասական մարդիկ են: Մեր անվտանգությունը կախված է ոչ միայն գաղափարական բաժանարարներից այն կողմ միմյանց հասկանալու, այլև խնդիրները միասին լուծելու կարողությունից:

Երբ ես եկա Նյու Յորք, որ փոխարինեմ Սյուզան Ռայսին, նա ինձ ասաց. «Կառուցիր հարաբերություններ Չուրկինի հետ: Նա քեզ կհասցնի խելագարության, բայց դուք կունենաք միմյանց կարիքը»: Այդ պահին Վիտալին ՌԴ դեսպանն էր արդեն 6 տարի և ուներ մոտ չորս տասնամյակի դիվանագիտական փորձ: Քանի որ ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկն է և ունի վետոյի իրավունք /ինչը թույլ է տալիս արգելափակել ցանկացած որոշում/, ինձ պետք էր Վիտալիի աջակցությունը ԱԽ բանաձևեր անցկացնելու, հակամարտող գոտիներ խաղաղապահներ ուղարկելու և որոշ անհատների ու երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելու համար:
Մենք հաճախ թեժ բանավեճ էինք վարում, երբեմն միմյանց ծաղրում ու վիճում բացահայտ փաստերի ու որ երկիմաստ արդարության շուրջ: Ղրիմի գրավման հարցում ռուսական պաշտոնական տեսակետն այնքան հեռու էր իրականությունից, որ ես Չուրկինին հորդորեցի հնարել ավելի լավ բացատրություն, քան Տոլստոյը: Սիրիայի հարցում ես նրան մարտահրավեր նետեցի, պահանջեցի պատասխանել Հալեպում ռուս-իրանական գործողության ժամանակ տեղի ունեցած կոտորածի վերաբերյալ հարցին և նշեցի. «Դուք իսկապես չունեք ամոթի զգացում»: Նա, ի պատասխան, լինելով ուշադրությունը շեղելու իսկական վարպետ, ինձ անվանեց «Մայր Թերեզա» և Ուկրաինայից ու Սիրիայից սահուն անցավ Վիետնամում և Իրաքում ամերիկյան պատերզմներին:
Երբեմն նա զավեշտալի փաստարկներ էր բերում, թե Հալեպում քաղաքացիներն իրենց փոշով են պատում լուսանկարիչների համար զոհ երևալու նպատակով, այդ ժամանակ իմ նողկանքը վնասում էր մեր աշխատանքային հարաբերություններին: Բայց հիմնականում, մենք գիտեինք, որ պետք է աշխատենք միասին և մենք աշխատեցինք Հյուսիային Կորեայի դեմ պատժամիջոցների, Էբոլա վիրուսից տուժածների և ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցերում: Երբեմն ամիսներ տևած և քվեարկությունից րոպեներ առաջ տապալման եզրին գտնվող բանակցություններում մենք չէինք համաձայնվում հիմնարար հարցերի շուրջ, բայց գտնում էինք միմյանց լսելու, միմյանց շահերը հասկանալու ձևը: Երբ մենք երկուսով համաձայնեցնում էինք որևէ ծրագիր, մյուս երկրները հավատում էին, որ եթե մենք կարողացանք, իրենք նույնպես կկարողանան:

Կարծում եմ Վիտալիին ես ավելի շատ ճանաչել եմ, երբ մենք այդպես էլ չէինք համաձայնվում: Սրեբրենիցայում սերբերի կողմից 8 հազար մուսուլմանների կոտորածի 20-րդ տարելիցին Մեծ Բրիտանիան առաջարկեց միասին դատապարտել այդ հանցագործությունը: Բայց շուտով պարզվեց, որ պարոն Պուտինը, որն այդ պահին ամրապնդում էր կապերը Սերբիայի հետ, որոշեց արգելակել Անվտանգության խորհրդի աշխատանքը և թույլ չտալ, որ այդ հանցանքը բանաձևում անվանվի «Ցեղասպանություն»: Վիտալին ու ես տեքստի վրա աշխատում էինք մի քանի օր, որպեսզի գտնեինք այնպիսի ձևակերպումներ, որոնք ընդունելի կլինեին իր նախագահի համար: Քվեարկության առավոտը Վիտալին չկարողացավ թաքցնել իր հիասթափությունը, երբ ինձ նամակ գրեց. «Չստացվեց»: Նա վետո կիրառեց բանաձևի դեմ: Հայտնի է, որ հենց Վիտալի Չուրկինն է, որ 6 անգամ բարձրացրեց իր ձեռքը` արգելափակելով Սիրիայի վերաբերյալ բանաձևերը, բայց քչերը գիտեն, որ հենց Վիտալին էր, որ հուսահատորեն ու ի վերջո` անարդյունք, փորձում էր բավարար փոփոխություններ ներդնել, որ Մոսկվան թույլ տա իրեն կողմ քվեարկել:
Չնայած նա Պուտինի այդքան վնասակար գործողությունների հրապարակային դեմքն էր, նա հավատում էր մեր երկրների միջև հարաբերություններին: Երբ պետքարտուղար Ջոն Քերին ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատում էին Սիրիայում միասնական հակաահաբեկչական ծրագրի վրա, Վիտալին շատ ոգևորված էր: Երբ այդ աշխատանքը տապալվեց, Վիտալին հորդորում էր նորից փորձել: Նա ինձ հաճախ պատմում էր պատմություններ իր անցյալից, երբ թարգմանիչ էր աշխատում Սառը պատերազմի ժամանակ սպառազինությունների կրճատման բանակցություններում` օրինակով ցույց տալով, որ երբ կան անհամաձայնություններ, պետք է գտնել ոլորտներ, որտեղ հնարավոր է հասնել համաձայնության:

Նույնիսկ, երբ մեր դիրքորոշումները հակառակվում էին, մենք պատասխանում էինք միմյանց զանգերին: Երբ ես նրան հորդորեցի հանդիպել կոտորածների ականատեսների հետ, /այդ թվում ռուսական ուժերի իրագործած/, նա հավաստիացրեց, որ անձամբ կգնա հանդիպման, կամ էլ մարդ կուղարկի ռուսական ներկայացուցչությունից: Երբ լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանները անհետացան Սիրիայում, ես խնդրեցի նրան դիմել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանին` ճնշում գործադրել Ասադի կառավարության վրա կորածներին օգնելու համար:
Էական չէ, թե որքան էին վատթարանում մեր երկրների հարաբերությունները, /ինչն, ի դեպ, տեղի էր ունենում հենց մեր աշխատանքի ժամանակ, ու որին մենք միասին էինք հետևում/ մենք շատ ավելի ընդհանրություններ ունեինք որպես անհատներ: Մենք երկուսս էլ սիրում էինք սպորտ, և միակ դեպքը, երբ ես չկարողացա գնալ նրա հետ, դա այն ժամանակ էր, երբ Ռուսաստանը պայքարում էր Օլիմպիական մեդալի համար: Մենք միմյանց հրավիրում էինք խաղեր դիտելու: Նա սիրում էր հոքեյ և թենիս, ես` բեյսբոլ, բայց երբեք չէի կարողանում նրան համոզել, որ բեյսբոլը հետաքրքիր է: Դրա համար մենք կանգ էինք առնում բասկետբոլի վրա:
http://www.youtube.com/watch?v=tBFCRNm-zyY
Նա իր կնոջ` Իրինայի հետ, սիրում էին թատրոն: Երբ ես մի խումբ դեսպանների ծրագրում էի տանել Շեքսպիր դիտելու, նա առաջինն էր, որ վեր թռավ իր աթոռից և աջակցեց այդ գաղափարին: Ու իմ դեմ ոչ մի քայլ չկատարեց, երբ մամուլը գրեց, որ ես ռուս դեսպանին տարել եմ նաև ԼԳՏԲ թեմայով մյուզիքլի: Ես նրան ծանոթացրեցի Սառը պատերազմի «Ամերիկացիները» դրամայի հետ, որը նա ծաղրեց, բայց դիտեց հետաքրքրությամբ:
Ես նրան Իրինայի հետ հրավիրել եմ Երախտագիտության օրվա ընթրիքին: Նա ՄԱԿ-ում աշխատող միակ դեսպանն ու իմ միակ գործընկերն է եղել, ում ես երբևէ թույլ եմ տվել մուտք գործել իմ վայրի իռլանդական ընտանիք: Մեր վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նա շատ ոգևորվեց, երբ ես տեսականորեն ենթադրեցի, որ նրա թոշակի գնալուց հետո մենք երկուսս էլ կարող ենք դասավանդել քոլեջում: Գաղափարը հետևյալն էր. մենք տեղերով կփոխվեինք ու կներկայացնեինք մեկս մյուսի երկրի տեսակետները:  
Վիտալին իր մասնագիտական կյանքն ապրեց իր երկիրը պաշտպանելով: Նա պաշտում էր ռուսական մշակույթն ու ավանդույթները: Չնայած նա երբեք ինձ հետ չի կիսվել իր նախագահի մասին սեփական կարծիքով, ես զգում էի, որ նա գնահատում էր միջազգային հարթակում Ռուսաստանի դերը վերականգնելու Պուտինի ջանքերը, պարզապես կցանկանար, որ դա կատարվեր ավելի խաղաղ մեթոդներով: Նա երբեք չի մտորել հրաժարական տալ` որպես Պուտինի քայլերի դեմ բողոքի նշան, բայց եթե նույնիսկ դա աներ, ապա, ամենայն հանավանականությամբ, նրա փոխարեն կնշանակեին մեկին, ով այդքան էլ ցանկություն չէր ունենա գնալ փոխզիջումների, դրանով իսկ կթուլացներ խաղաղության և անվտանգության ապահովման ՄԱԿ-ի կարողությունը և ավելի կխորացներ  ԱՄՆ-ՌԴ հակասությունները:  
Երբ մենք` բոլոր դիվանագետներս գալիս ու գնում էինք, Նյու Յորքում մնում էր նույն կերպարը` Վիտալի Չուրկինը` ահարկու հակառակորդ, հոգատար ընկեր և իր երկրի պաշտպան: Նա պաշտում էր Ռուսաստանը և պայքարում էր այն հպարտ դարձնելու համար: Եթե մենք ցանկանում ենք ռելսերի վրա վերադարձնել մեր երկրների հարաբերությունները, ինչն անհրաժեշտ է գլոբալ սպառնալիքները լուծելու համար, ապա դա կարող է լինել ոչ թե նրա շնորհիվ, որ ամերիկացիները սարի պես կպաշտպանեն իրենց սկզբունքները, այլ այն դեպքում, երբ մենք, պաշտպանելով մեր սկզբունքները, միաժամանակ չենք կորցնի մեզ հետ կտրականապես անհամամիտների մարդկությունը նկատելու կարողությունը»:

Աղբյուրը

Տարածել