BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վուդի Ալեն. Նկարահանումներ «մկների աշխարհում»

Վուդի Ալեն. Նկարահանումներ «մկների աշխարհում»

Ստուդիայի նոր կատակերգական բլոկբաստերի էկրանավորման նախադիտումը, որը, ըստ ակնկալիքների, պետք է Մանհեթենի երիտասարդության շրջանում մեծ աղմուկ հաներ, այնպիսի մի լռություն առաջացրեց, որն ասոցացվում էր միայն անդրաշխարհի հետ: Երբ հայտարարվեց, որ ֆիլմի վրա ծախսվել է 180 միլիոն դոլար, հանդիսատեսը վեր կացավ ու շարժվեց դեպի ելքը Ֆրից Լանգի «Մետրոպոլիս»-ում դեպի գործարան գնացող միաբան բանվորների պես: Քանի դեռ քննադատները ուշքի էին գալիս Բրոդվեյի սառն օդից, ես դեմ առ դեմ դուրս եկա հենց Նեստոր Գրոսնոսի հետ: Այդ փքված ձանձրալի անձնավորությանը ճանաչում էի Սանսեթ բուլվարի հսկայական ցորենի հատիկների բուժարանն այցելելու տարիներից:

Գրոսնոսը հոլիվուդյան պրոդյուսեր էր, հմտացել էր ամենախոստումնալից նախագծերն անգամ անվճարունակության հասցնելու գործում:

Ոսկե երիտասարդության տարիներին լինելով պակաս զգոն՝ մենք այժմ դիմում էինք Դեյլ Քարնեգիին՝ վերլուծելու համար այն, ինչը տեսնում ենք:
- Այս ամենն էժան աղբ է,- հայհոյեց իմպրեսարիոն:- Զիբիլ է՝ տկարամիտ դեռահասների համար:
Գրպանից հանելով ծալված թղթի մի կտոր՝ ասաց.
- Մի էստե՛ղ նայիր: Ես սա գտել եմ մի անհեթեթ ամսագրում, որի անունն է «The Weekե: Սա մեզ համար հենց «Բացվի՛ր, Սեզա՛մ»-ն է դեպի Ֆորթ Նոքս:
Գրոսնոսի ճարպկության թիրախն էր «Upper Darby»-ն, որը գտնվում է Փենսիլվանիայում, որտեղ ոստիկանությունը պիցցերիայի սեփականատիրոջը տուգանել է այն բանի համար, որ նա իրեն մրցակից պիցցերիաներում մկներ էր բաց թողնում:
«Մենք երբեք այսպիսի դեպք չենք ունեցել,- ասում է ոստիկանը,- որ հանցանքի գործիքը մկները լինեն»:

Գրոսնոսը սպասեց իմ ռեակցիային՝ ժպտալով, ինչպես ժպտում են, երբ վերցնում են կոզրի տուզը:
- Հենց սա տեսա, սկսեցի աշխատել ելույթիս վրա,- ասաց նա:
- Ինչե՞ր ես խոսում,- հարցրեցի ես՝ հասկանալով, որ նրա վերջին ֆիլմը՝ «Արձակուրդ՝ սրիկաների համարը», «Օսկար»-ի ընդամենը երկու նոմինացիայի է մասնակցել, այն էլ ոչ թե Ակադեմիայի որոշումն էր, այլ Բելվյուի նրա ընկերներինը:
Ոչինչ նրան հետ չէր կարող պահել իր սցենարը բոլորի աչքը խոթելուց:
- Սկսում ենք Սքոթլանդ Յարդից,- ասաց նա,- Քննիչ Մայլզ Դաբնին մի տարօրինակ ծեր վետերան է. մաքրում է ծխամորճը՝ մտածելով շաբաթվա վերջի և կարմրախայտի մասին, որոնք միշտ դիմադրում են իր Արքայական ձկնորսին: Դաբնին մեծ համբավ ունի և հայտնի է նրանով, որ մեն-մենակ բացահայտել է արյունռուշտ սպանությունները:
- Սպասի՛ր, սպասի՛ր,- ասացի ես:- Դա մի հարյուր տարի առաջ է տեղի ունեցել:
- Դու Ջեք Արնախումի մասին ես խոսում,- խուսափեց նա,- իսկ ես խոսում եմ Էյբ Մորթողի մասին՝ դերձակի:
- Հասկացա,- ասացի ես,- հիմա ամեն ինչ պարզ է:
- Պատկերացրո՛ւ Դաբնիի շնակերպ դեմքը՝ խոշոր պլանով,- սկսեց Գրոսնոսը,- և գանգուր խոպոպներով լեյտենանտ Գամաժին, որը ներս է մտնում ՝ իր հետ մռայլ լուրեր բերելով: «Քննի՛չ Դաբնի,- ասում է Գամաժը,- ոնց որ թե մկների մի ոհմակ է հարձակվել Բարքլիի բանկի վրա»:
- Մկները բա՞նկ են թալանել,- ընդհատեցի ես զարմացած:
- Ինչո՞ւ ոչ,- ասաց Գրոսնոսը,- փոքրիկ կրծողները հերթական անգամ առիթ են դարձել այն ավանդական իրարանցման, որը միշտ լինում է իրենց պատճառով, ու քանի դեռ կանայք ճչում ու ցատկում են աթոռներին, նրանք օգտագործում են իրենց ատամներն ու թաթերը, որ բանկը մի երկու միլիոն ֆունտով թեթևացնեն:
- Լսի՛ր, Նե՛ստոր:
- Հիմա տե՛ս, թե ինչ է ասում քննիչ Դաբնին. «Ա՛յ քեզ բան, Գամա՛ժ, այս պատմությունը լրիվ համընկնում է Մանսֆութի պատմության հետ: Հիշո՞ւմ ես, թե մկներն ինչպես էին ներթափանցել «Tate» և առևանգել անգին Կոնստաբլը:
«Դրա մասին չեմ լսել,- պատասխանում է Գամաժը,- բայց հաստատ նույն մկները չեն»: «Նրանց արտաքին տվյալները համընկնում են,- ասում է Դաբնին.- փոքրիկ արարածներ են՝ վարդագույն աչքերով, կարճ պոչերով: Կարծում եմ՝ նրանց հրոսակախումբը ներխուժել է թանգարան, բարձրացել պատերով, և ճարպկորեն ճանկելով հովվերգական գլուխգործոցը, մեջքներին դրած, առանց որևէ դժվարության՝ հանել են գլխավոր մուտքից»:
- Բայց ինչպե՞ս,- ասացի ես,- բացի ֆիզիկական ունակություններից, որոնք չկան, խելք էլ է հարկավոր...
- Ահա՛,- բացականչեց Գրոսնոսը,- ես քեզ ընդամենը սկիզբը պատմեցի: Երաժշտություն, արագ անցում դեպի անցյալ: Բլաքփուլում գտնվող մի լաբորատորիա: Այստեղ իրենց գործին նվիրված գիտնականների մի խումբ փորձեր է անցկացնում մկների վրա՝ ճաղատության դեմ դեղամիջոց գտնելու համար:


Վուդի Ալեն. 10 ասույթ-սիրույթ-ցանկույթ





- Ճաղատությա՞ն,- հարցրի ես:
- Մկների: Կրծողների աշխարհում սա շատ մեծ խնդիր է: Դրա մասին շատ չեն գրում: Գլխավոր գիտնականը Չոնսի Էնթվիսլն է՝ գեղեցկադեմ սատանան, ու այս դերի համար երևի թե Բրեդ Փիթին կանչեմ: Նրան դուր է եկել դերը, ու խոստացել է ժամանակ գտնել, հենց կարողանա Միջին Ասիայում խաղաղություն հաստատել: Էնթվիսլի կոլեգան, ի միջի այլոց, մի սեքսուալ շիկահեր կենսաբան է՝ անունը Էյփրիլ Ֆոքսգլավ՝ էվա Քյուրիի նման մի կերպար, միայն թե ավելի գրավիչ կազմվածքով: Նա կրում է լաբորատորիայի նեղ սպիտակ խալաթը, ու երբ մի մուկ դուրս է պրծնում վանդակից, նա սկսում է ճչալ, խալաթի փեշերը վեր քաշել, որն էլ ցուցադրում է նրա երկար ոտքերն ու սև ներքնազգեստը, որը նա նվեր է ստացել իր կոլեգաներից՝ Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակը կազմելու համար: Ավելի ուշ՝ նույն երեկոյան,- շարունակեց Գրոսնոսը,- Վիգինսը՝ ծեր դռնապանը, շրջայցի ժամանակ գլխապտույտ է ունենում կոնծած գարեջրի պատճառով ու պատահաբար սեղմում է այն կոճակը, որի վրա գրված է. «Վտանգ. ռադիացիա»:
- Որն ուղղված է մկների դեմ,- մեջ եմ մտնում ես:
- Անպայման,- ոգևորված ասում է Գրոսնոսը:- Բայց էստե՛ղ նայիր. ոչ բոլոր մկներն են ոչնչացվում, միայն էն ստոր զզվելիները, որոնք խողովակների միջով վազում ու վազում էին, բայց էդպես էլ չէին կարողանում գտնել համեղ «Գաուդա»-ի մոտ տանող ճանապարհը: Միայն չարացած մկներն են կլանում իզոտոպն ու դառնում գերխելացի, սակայն մի քիչ բարդ արարածներ:
- Մարմնովս դող անցավ, երբ պատմեցիր:
- Խնդիրն այն է, որ դեռ վերջը չեմ մտածել,- աղերսանքով ասաց Գրոսնոսը:- Այստեղ դու ես պետք: Դու գրագետ մարդ ես: Մի մի՛տք տուր, ու ես պարտքի տակ չեմ մնա: Իհարկե, ավանսով փող չկա, բայց ես վերջում քեզ կապահովեմ մի կլորիկ գումարով: Ասենք՝ ամբողջ հասույթի 10 տոկոսը:
- Համաձայն եմ, Նե՛ստոր,- ասացի ես՝ հետ հրելով աթոռը:- Բայց ինձ փող պետք չէ: Ի վերջո, իրականում դու ես մտածել առյուծի բաժինը: Իմ ստանալիք ավարն էլ քեզ: Ես դեռ կարողանում եմ ապրել Կավաֆի թարգմանելով ու սերմ վաճառելով:
- Ես գիտեի, որ դու ինձ կօգնես,- նվնվաց նա:- Ուրեմն վերջում ի՞նչ է լինում:
- Վերջում,- սկսեցի ես,- Էնթվիսլը, հասկանալով, որ մկները գերխելացի են դարձել, ավելի դաժան է գտնվում: Հավաքում է դրանց բոլորին ու նրանց համար Կյերկեգոր է կարդում:
Շուտով յուրաքանչյուր մուկ սկսում է ըմբռնել հավատքի ուժն ու ընտրում է Աստծուն: Կարճ ասած՝ լաբորատոր մկներից դառնում են եկեղեցական մկներ:

- Գժվեցի՞ր,- հիասթափությունից սկսեց ողբալ Գրոսնոսը:- Դա չափազանց ինտելեկտուալ է: Միայն ես ու դու գիտենք Կյերկեգորին, բայց քեզ թվում է՝ զանգվածները ծանո՞թ են այդ հույնի հետ, որն ինքն իրեն թունավորեց:
- Դե լավ,- ասացի ես:- Սա՛ փորձենք: Էնթվիսլը նրանց սովորեցնում է սահել սառույցի վրա: Նրանք շատ են վարպետանում այդ գործում և սկսում են շրջագայել Ամերիկայով մեկ՝ իրենց շրջագայությունը կոչելով «MiceCapades»: Վերջում տեսնում եմ սահող կրծողների մի երկար երգչախումբ, որը զարկում է մինի թմբուկներն ու երգում «Waiting for the Robert E. Lee»:
Չգիտեմ՝ Գրոսնոսը հավանե՞ց այս հիմարությունը, թե՞ ոչ, բայց մի բան հարցրեց. եթե պատմությունը փոխենք ու մկների փոխարեն լինեն լիլիպուտներ, կարո՞ղ ենք ավելի մեծ թմբուկներ օգտագործել:
Երբ վերջապես հասա տուն, քնելու ժամը վաղուց անցել էր: Բայց պառկելուց առաջ բոլոր թակարդների վրա թարմ պանրի կտորներ դրեցի:

Անգլերեն բնօրինակն` այստեղ:

Տարածել